Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ առաջին


Ծաղկառատ քաղաքի ճստլիկները

Հեքիաթային մի քաղաքում ապրում էին ճստլիկները: ճստլիկ էին կոչվում, որովհետև նրանք շատ պստիկ էին՝ ամեն մեկը մի մատ վարունգի չափ: Նրանց քաղաքը շատ սիրուն էր: Տների շուրջը աճում էին անթառամ ծաղիկներ, երիցուկներ, խատուտիկներ: 
Փողոցներն անգամ ծաղիկների անունով էին կոչվում՝ Զանգակածաղկի փողոց, Երիցուկների ծառուղի, Կապույտ Տերեփուկի զբոսայգի: Իսկ քաղաքն ինքը կոչվում էր Ծաղկառատ և փռված էր առվակի ափին: Ճստլիկներն այդ առվակը Վարունգի գետակ էին անվանում, որովհետև ափին վարունգներ էին աճում:
Գետի մյուս ափին անտառ կար: Ճստլիկները կեչու կեղևից նավակներ էին շինում, անցնում գետը ու գնում անտառ՝ հատապտուղներ, սունկ և տխիլ հավաքելու: Հատապտուղներ հավաքելը դժվար գործ էր, որովհետև ճստլիկները շատ պստիկ էին, իսկ տխիլի համար արդեն ստիպված էին բարձր թփի վրա մագլցել ու դեռ սղոցն էլ հետները քարշ տալ: Ճստլիկներից ոչ մեկը ձեռքով չէր կարող տխիլ պոկել, սղոցով էին կտրում: Սունկերն էլ էին սղոցով կտրում: Արմատից սղոցում էին, հետո կտոր-կտոր անում ու մաս-մաս տուն տանում:
Ճստլիկները բոլորը միանման չէին: Նրանցից ոմանք կոչվում էին մանչուկներ, իսկ ոմանք՝ աչոնիկներ: Մանչուկները միշտ հագնում էին երկար տաբատ կամ էլ՝ ուսակապերով կարճ տաբատ, իսկ աչոնիկները սիրում էին ծաղկավոր, վառ գույնի զգեստներ հագնել: Մանչուկները չէին սիրում երկար ու բարակ զբաղվել իրենց մազերով, դրա համար էլ նրանց մազերը միշտ կարճ էին կտրած, իսկ աչոնիկներինը՝ երկար էին: Նրանք շատ էին սիրում ամեն տեսակի սիրուն սանրվածքներ. երկար հյուսեր էին անում, մազերի հետ ժապավեններ հյուսում, գլխներին էլ բանթ կապում: Շատ մանչուկներ պարծենում էին, որ իրենք մանչուկ են և գրեթե բնավ ընկերություն չէին անում աչոնիկների հետ: Իսկ աչոնիկներն էլ պարծենում էին, որ իրենք աչոնիկ են և նույնպես բնավ ընկերություն չէին անում մանչուկների հետ: Եթե աչոնիկներից մեկը փողոցում հանդիպում էր մի մանչուկի, ապա հեռվից նկատելուն պես, անմիջապես անցնում էր փողոցի մյուս կողմը: Եվ լավ էլ անում էր, որովհետև մանչուկների մեջ կային այնպիսիները, որոնք հանգիստ չէին կարողանում անցնել աչոնիկի կողքով և անպայման վիրավորական մի բան էին ասում, նույնիսկ հրում էին կամ էլ, որ ամենավատն էր, հյուսիցն էին քաշում: Իհարկե, բոլոր մանչուկները չէ, որ այդպես էին, բայց դա հո նրանց ճակատին գրած չէր: Դրա համար էլ աչոնիկները գտնում էին, որ ավելի լավ է հենց սկզբից անցնել փողոցի մյուս կողմը և չհանդիպել նրանց: Այդ պատճառով էլ մանչուկներից շատերը նրանց լոպազ էին ասում, համա թե բառ էին հնարել, իսկ աչոնիկներից շատերը մանչուկներին «կռվարար» և ուրիշ վիրավորական մականուններ էին տալիս:
Ընթերցողներից ոմանք իսկույն կասեն, թե երևի այս բոլորը փչոցներ են և որ կյանքում այդ տեսակ մանչուկներ չեն լինում: Բայց դե ո՞վ է ասում, թե այդպիսիները լինում են կյանքում: Կյանքում լինելը մի բան է, իսկ հեքիաթային քաղաքում լինելը՝ բոլորովին այլ բան: Հեքիաթային քաղաքում ամեն ինչ էլ կարող է լինել:
Զանգակածաղկի փողոցի տնակներից մեկում ապրում էին տասնվեց ճստլիկ մանչուկներ: Նրանցից ամենագլխավորը մի ճստլիկ մանչուկ էր՝ Գիտունիկ անունով: Գիտունիկ էին ասում, որովհետև շատ բան գիտեր նա: Իսկ շատ գիտեր, որովհետև զանազան գրքեր էր կարդում: Այդ գրքերը և՛ նրա սեղանին էին, և՛ սեղանի տակ, և՛ մահճակալին, և՛ մահճակալի տակ: Նրա սենյակում չկար մի տեղ, որ գրքեր դրված չլինեին: Գրքեր կարդալով Գիտունիկը շատ էր խելոքացել: Դրա համար բոլորը նրան լսում ու շատ սիրում էին: Նա միշտ սև կոստյում էր հագնում, իսկ երբ սեղան էր նստում, քթին ակնոց էր դնում և սկսում որևէ գիրք կարդալ. դրանով նմանվում էր իսկական պրոֆեսորի:
Նույն այդ տնակում էր ապրում նաև հայտնի բժիշկ Հաբիկյանը, որ բուժում էր ճստլիկների բոլոր հիվանդությունները: Նա ման էր գալիս սպիտակ խալաթով, գլխին էլ ծոպավոր սպիտակ թասակ դնում: Այստեղ էր ապրում նաև հռչակավոր մեխանիկ Պտուտակիկը՝ իր օգնական Ագուցիկի հետ, այստեղ էր նաև Օշարակ Օշարակովիչ Քաղցրահյութիկը՝ հռչակված նրանով, որ շատ էր սիրում գազով քաղցրաջուր խմել: Նա շատ քաղաքավարի էր: Նրան շատ էր դուր գալիս, երբ իրեն անուն-հայրանունով էին կոչում, և չէր սիրում, երբ մեկն ու մեկը ուղղակի Քաղցրահյութիկ էր ասում: Այդ տանն էր բնակվում նաև որսորդ Փամփուշտիկը, որը Քոթոթիկ անունով մի շուն ուներ և մեկ էլ՝ խցաններով  կրակող հրացան: Այդ տանն էին ապրում նաև նկարիչ Ներկամոլիկը, երաժիշտ Տավղիկը և մյուս մանչուկներ՝ Հապճեպիկը, Փնթփնթիկը, Լռիկմնջիկը, Պոնչիկը, Շվարիկը և Երևիկ ու Գուցեմիկ եղբայրները: Բայց նրանց մեջ ամենահայտնին Անգետիկ անունով մանչուկն էր: Անգետիկ էին ասում, որովհետև նա ոչինչ չգիտեր:
Այդ Անգետիկը վառ երկնագույն գլխարկ էր դնում, հագնում էր դեղին, դեղձանիկի գույնի տաբատ ու կանաչ փողկապով նարնջագույն վերնաշապիկ: Առհասարակ նրա խելքը գնում էր վառվռուն գույների համար: Այսպես, թութակի նման պճնվելով, Անգետիկն ամբողջ օրը պարապ-սարապ թրև էր գալիս քաղաքում, սուտ ու մուտ բաներ հորինում ու պատմում բոլորին: Բացի այդ, նա միշտ նեղացնում էր աչոնիկներին: Դրա համար էլ աչոնիկները հենց որ հեռվից տեսնում էին նրա նարնջագույն վերնաշապիկը, իսկույն ծռում էին իրենց ճանապարհն ու թաքնվում տների հետևում: Անգետիկը Ալարկոտիկ անունով մի ընկեր ուներ, որ ապրում էր Անթառամների փողոցում: Անգետիկն այդ Ալարկոտիկի հետ կարող էր ժամերով շաղակրատել: Նրանք օրը քսան անգամ կռվում էին, քսան անգամ հաշտվում:
Հատկապես մի դեպքից հետո հռչակվեց Անգետիկը:
Մի անգամ, քաղաքում զբոսնելուց հետո, նա դաշտ դուրս եկավ: Շուրջը ոչ ոք չկար: Այդ պահին թռչում էր մայիսյան բզեզը: Նա չնկատեց Անգետիկին և թռչելիս դիպավ նրա ծոծրակին: Անգետիկը գլուխկոնծի տվեց գետնին: Բզեզը նույն պահին թռավ ու անհետացավ հեռվում: Անգետիկը վեր թռավ ու սկսեց դեսուդեն նայել, թե ով էր խփողը: Բայց շուրջը ոչ ոք չկար:
«Էս ո՞վ խփեց ինձ,- միտք էր անում Անգետիկը: -Գուցե վերևի՞ց բան ընկավ:»
Նա գլուխը բարձրացրեց ու վեր նայեց, բայց այնտեղ էլ ոչինչ չկար: Միայն արևն էր փայլում Անգետիկի գլխավերևում:
«Կա-չկա, արևից ինչ-որ բան ընկավ ինձ վրա,- վճռեց Անգետիկը: -Երևի արևից մի կտոր պոկվեց ու գլխիս ընկավ»:
Տուն գնալիս նա հանդիպեց մի ծանոթի, որին Ոսպնյակիկ էին կոչում:
Այդ Ոսպնյակիկը հռչակավոր աստղագետ էր: Նա ջարդված շշի կտորտանքից կարողանում էր խոշորացույցներ շինել: Երբ այդ խոշորացնող ապակիների միջով նայում էր զանազան առարկաների, դրանք մեծ էին թվում: Այդպիսի մի քանի խոշորացնող ապակիներից Ոսպնյակիկը մի մեծ դիտափող էր շինել, որով կարելի էր նայել լուսնին ու աստղերին: Այսպիսով, նա դարձել էր աստղագետ:
-Լսի՛ր, Ոսպնյակիկ,- ասաց նրան Անգետիկը,- Գիտե՞ս ինչ պատահեց. արևից մի կտոր պոկվեց ու գլխիս ընկավ:
-Ի˜նչ ես ասում, Անգետիկ,- ծիծաղեց Ոսպնյակիկը: -Արևից մի կտոր որ պոկվեր, քեզ կճխլեր, լավաշ կշիներ: Ախր, արևը շա˜տ մեծ է: Նա մեր երկրից էլ մեծ է:
-Չի՛ կարող պատահել,- պատասխանեց Անգետիկը: -Իմ կարծիքով արևը ափսեի չափ է:
-Դա մեզ թվում է միայն, որովհետև արևը մեզնից շատ հեռու է: Արևը մի հսկայական շիկացած գունդ է: Ես իմ դիտափողով եմ տեսել: Եթե արևից թեկուզ ամենափոքրիկ կտորն էլ պոկվեր, մեր ողջ քաղաքը կավերեր:
-Մի տես, է˜,- պատասխանեց Անգետիկը: -Իսկ ես չգիտեի, թե արևն այդքան մեծ է: Գնամ մերոնց պատմեմ, նրանք երևի չեն էլ լսել այդ մասին: Իսկ դու, համենայն դեպս, նայիր արևին քո դիտափողով, գուցե իրոք վրան քերծվածք նկատես:
Անգետիկը գնաց տուն և ճանապարհին ում պատահեց պատմեց.
-Եղբայրնե˜ր, դուք գիտե՞ք, թե արևն ինչքան է: Նա մեր երկրից էլ մեծ է, այ թե ինչ: Եվ ահա, եղբայրներ, արևից մի կտոր պոկվել ու թռած մեր կողմն է գալիս: Շուտով նա վայր կընկնի ու մեզ բոլորիս կճխլի: Սոսկալի բան կլինի: Այ, գնացեք Ոսպնյակիկին հարցրեք:
Ովքեր լսում, ծիծաղում էին, որովհետև գիտեին, որ Անգետիկը շաղակրատի մեկն է: Իսկ Անգետիկը թռած տուն վազեց ու գոռաց.
-Եղբայրնե˜ր, գլխներիդ ճարը տեսեք: Մի կտոր թռած գալիս է:
-Ի՞նչ կտոր,- հարցրին նրան:
-Կտոր, ախպերս: Արևից մի կտոր է պոկվել: Շուտով մեզ վրա կշրմփա ու վերջներս կտա: Գիտե՞ք արևն ինչքան է: Նա մեր երկրից էլ մեծ է:
-Ինչե˜ր ես հնարում:
-Ոչ մի բան էլ չեմ հնարում: Ոսպնյակիկն է ասել: Նա իր դիտափողով է տեսել: Բոլորը դուրս վազեցին ու սկսեցին արևին նայել: Նայեցին, նայեցին, այնքան նայեցին, որ աչքերից արցունք եկավ: Բոլորին սկսեց թվալ, թե իրոք արևը քերծված է:
Իսկ Անգետիկը դողում էր.
-Ով կարող է, թող գլուխն ազատի: Փորձա˜նք է:
Բոլորն իրենց իրերին վազեցին: Ներկամոլիկը հափշտակեց իր ներկերն ու վրձինը, Տավղիկը՝ իր երաժշտական գործիքները. և՛ ջութակը, և՛ բալալայկան, և՛ շեփորը: Բժիշկ Հաբիկյանը պատեպատ էր դիպչում ու փնտրում էր ճամփորդական դեղարկղը, որ չգիտես ուր էր անհետացել: Պոնչիկը խլեց իր կրկնակոշիկներն ու հովանոցը և դարպասից դուրս թռավ, բայց այդ պահին լսվեց Գիտունիկի ձայնը.
-Հանգստացե՛ք, եղբայրներ: Ի՞նչ եք իրար անցել: Սարսափելի ոչինչ չկա: Դուք չգիտե՞ք, որ Անգետիկը շաղակրատի մեկն է: Այդ բոլորը նրա հնարածն է:
-Հնարել եմ, հա՞,- ծղրտաց Անգետիկը: -Այ, գնացեք ու Ոսպնյակիկին հարցրեք:
Բոլորը վազեցին Ոսպնյակիկի մոտ և պարզվեց, որ իրոք Անգետիկն այդ բոլորը հնարել է: Այ թե ծիծաղեցին, հա˜: Բոլորը ծիծաղում էին Անգետիկի վրա ու ասում.
-Զարմանում ենք, թե ո՞նց եղավ, որ հավատացինք քեզ:
-Բա ես չե՞մ զարմանում: Ախր, ես էլ էի հավատում:
Այ թե ինչ ծիծաղելին էր այդ Անգետիկը:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ առաջին  Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ առաջին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 01, 2019 Rating: 5
Технологии Blogger.