Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ չորրորդ


Թե ինչպես էր Անգետիկը ոտանավորներ հորինում

Երբ Անգետիկից նկարիչ էլ դուրս չեկավ, նա վճռեց բանաստեղծ դառնալ և ոտանավորներ հորինել: Նա մի ծանոթ բանաստեղծ ուներ, որ ապրում էր Խատուտիկների փողոցում: Այդ բանաստեղծի իսկական անունը Պուդիկ էր, բայց, ինչպես հայտնի է, բոլոր բանաստեղծները շատ են սիրում գեղեցիկ անուններ: Դրա համար էլ, երբ Պուդիկն սկսեց ոտանավորներ գրել, իր համար ուրիշ անուն ընտրեց և սկսեց կոչվել Ծաղկանունի: 
Մի անգամ Անգետիկը գնաց Ծաղկանունու մոտ և ասաց.
-Լսիր, Ծաղկանունի, ինձ ոտանավոր հորինել սովորեցրու: Ես էլ եմ ուզում բանաստեղծ դառնալ:
-Իսկ շնորհք ունե՞ս,- հարցրեց Ծաղկանունին:
-Իհարկե, ունեմ: Ես շա˜տ շնորհալի եմ,- պատասխանեց Անգետիկը:
-Դա դեռ պիտի ստուգել,- ասաց Ծաղկանունին: -Դու գիտե՞ս, թե ինչ բան է հանգը:
-Հա՞նգը: Չէ՛, չգիտեմ:
-Հանգն այն է, երբ երկու բառ նման վերջավորություն ունեն,- բացատրեց Ծաղկանունին: -Օրինակ՝ բադ-մատ, ողկույզ-ընկույզ: Հասկացա՞ր:
-Հասկացա՛:
-Դե, «փայտիկ» բառի հանգով ուրիշ բառ ասա:
-Ծածանիկ,- պատասխանեց Անգետիկը:
-Դա ի՞նչ հանգ է՝ փայտիկ-ծածանիկ: Դրանց հանգերն իսկի էլ չեն բռնում:
-Ինչո՞ւ չեն բռնում: Դրանք միանման վերջավորություն ունեն:
-Դա քիչ է,- ասաց Ծաղկանունին: -Հարկավոր է, որ բառերն իրար նման լինեն ու ներդաշնակ հնչեն: Այ, լսիր. փայտիկ-քողտիկ, վառարան-բառարան, գրիչ-բրիչ:
-Հասկացա՛, հասկացա՛,- ճչաց Անգետիկը: -Փայտիկ-քողտիկ, վառարան-բառարան, գրիչ-բրիչ: Այ թե լավ է, հա˜: Հա՛-հա՛-հա՛:
-Դե գտիր բամբակ բառի հանգը,-ասաց Ծաղկանունին:
-Մամբակ,- պատասխանեց Անգետիկը:
-Ի՞նչ մամբակ,- զարմացավ Ծաղկանունին: -Այդպիսի բառ կա՞ որ:
-Բա չկա՞:
-Իհարկե, չկա:
-Դե այդ դեպքում՝ անբակ:
-Անբակն ի՞նչ բան է,- կրկին զարմացավ Ծաղկանունին:
-Դե որ բակ չեն ունենում, ստացվում է անբակ, էլի,- բացատրեց Անգետիկը:
-Մի գլուխ փչում ես,- ասաց Ծաղկանունին,- այդպիսի բառ չի լինում: Հարկավոր է ընտրել եղածներից, այլ ոչ թե հնարել:
-Իսկ եթե ես ուրիշ բառ չե՞մ կարողանում գտնել:
-Ուրեմն բանաստեղծի շնորհք չունես:
-Դե այդ դեպքում դու գտիր հանգը,- պատասխանեց Անգետիկը:
-Իսկույն,- համաձայնեց Ծաղկանունին:
Նա կանգնեց սենյակի մեջտեղը, ձեռքերը ծալեց կրծքին, գլուխը թեքեց ու սկսեց մտածել: Հետո գլուխը բարձրացրեց ու, առաստաղին նայելով, սկսեց միտք անել: Ապա ձեռքերով բռնեց սեփական ծնոտն ու հատակին նայելով սկսեց մտածել: Այդ բոլորն անելուց հետո նա ետ ու առաջ արեց սենյակում և ինքն իրեն կամացուկ փնթփնթաց.
-Բամբակ, մամբակ, չամբակ, ծամբակ…-նա երկար այդպես փնթփնթաց, հետո ասաց,-թյո՛ւ: Սա ի՞նչ բառ է: Սա ինչ-որ անհանգ բառ է:
-Դե, ըհը՛,- ուրախացավ Անգետիկը: -Ինքդ ես այնպիսի բառեր առաջարկում, որ հանգ չունեն, ու դեռ ասում ես՝ անշնորհք եմ:
-Լավ, լավ, շնորհքով ես, շնորհքով, մենակ թե ձեռ քաշիր ինձնից,- պատասխանեց Ծաղկանունին: -Գլուխս ցավեց: Հորինիր այնպես, որ միտք լինի ու հանգ՝ ահա քեզ և ոտանավոր:
-Մի՞թե դա այդքան հեշտ բան է,- զարմացավ Անգետիկը:
-Իհարկե, հեշտ է: Գլխավորը շնորհքն է:
Անգետիկը գնաց տուն և իսկույն անցավ ոտանավոր հորինելու գործին: Ամբողջ օրը նա գնաց-եկավ սենյակում՝ մերթ հատակին, մերթ առաստաղին նայելով, ձեռքերով ծնոտը բռնած և ինչ-որ բան փնթփնթալով քթի տակ: Վերջապես ոտանավորը պատրաստ էր, և նա ասաց.
-Լսեցե՛ք, եղբայրներ, թե ինչ ոտանավոր եմ հորինել ես:
-Մի ասա՛, ասա՛ տեսնենք, թե դա ինչ ոտանավոր է,- հետաքրքրվեցին բոլորը:
-Ձեր մասին եմ հորինել,- խոստովանեց Անգետիկը: -Նախ և առաջ ոտանավոր Գիտունիկի մասին.
Գիտունիկը գետափ հասավ,
Գառնուկի վրայից թռավ:
-Ի՞նչ,- ճչաց Գիտունիկը: -Ես ե՞րբ եմ գառնուկի վրայից թռել:
-Դե ոտանավորում է այդպես ասվում՝ հանգի համար է,- բացատրեց Անգետիկը:
-Ուրեմն հանգի համար ամեն տեսակ սուտ պիտի հնարե՞ս,- տաքացավ Գիտունիկը:
-Իհարկե,- պատասխանեց Անգետիկը: -Ինչի՞ս է պետք ճիշտը հորինել: Ճշմարտությունը հորինել պետք չէ, նա առանց այն էլ կա:
-Դե մեկ էլ փորձիր, էն ժամանակ կիմանա˜ս,- սպառնաց Գիտունիկը: - Հը՛, ուրիշների համար ի՞նչ ես հորինել:
-Ահա՛, լսեցեք Հապճեպիկի մասին,- ասաց Անգետիկը.
Շատ քաղցած էր Հապճեպիկը,
Կուլ տվեց սառն արդուկիկը:
-Եղբայրնե˜ր,- ճչաց Հապճեպիկը: -Էս ինչե՞ր է իմ մասին հորինում: Ես ոչ մի սառը արդուկ էլ կուլ չեմ տվել:
-Դե դու մի գոռա,- պատասխանեց Անգետիկը: -Ես պարզապես հանգի համար եմ ասում, թե արդուկը սառն էր:
-Ախր ես արդուկ կուլ չեմ տվել, ո՛չ սառը, ո՛չ տաք,- աղաղակեց Հապճեպիկը:
-Դե ես չեմ ասում, թե դու տաք ես կուլ տվել, այնպես որ հանդարտվիր,- պատասխանեց Անգետիկը: -Ահա լսեցեք մի ոտանավոր Երևիկի մասին.
Երևիկի բարձի տակ
Կա մի համեղ կարկանդակ:
Երևիկը մոտեցավ իր մահճակալին, նայեց բարձի տակ ու ասաց.
-Փչո˜ց է: Այստեղ ոչ մի կարկանդակ էլ չկա:
-Դու պոեզիայից ոչինչ չես հասկանում,- պատասխանեց Անգետիկը: -Դա հանգի համար է ասվում, իսկ իրականում՝ չկա: Այ, ես Հաբիկյանի մասին էլ եմ հորինել:
-Եղբայրնե˜ր,- գոչեց բժիշկ Հաբիկյանը,- հարկավոր է վերջ տալ այս ծաղրուծանակին: Մի՞թե մենք հանգիստ պիտի լսենք, թե սա ի՞նչ ստեր է փչում բոլորի մասին:
-Հերի՛ք է,- գոռացին բոլորը: -Էլ չենք ուզում լսել: Դրանք ոտանավորներ չեն, այլ ինչ-որ զրպարտություններ:
Միայն Գիտունիկը, Հապճեպիկն ու Երևիկն էին գոռում.
-Թող կարդա՛: Մեր մասին որ կարդաց, թող մյուսների մասին էլ կարդա:
-Պետք չի: Մենք չե՛նք ուզում,- գոռում էին մյուսները:
-Դե որ չեք ուզում, ես էլ կգնամ հարևանների համար կկարդամ,- ասաց Անգետիկը:
-Ի˜-ի˜նչ,- ճչացին բոլորը: -Դեռ ուզում ես հարևանների մոտ մեզ խայտառակ անե՞լ: Հլա փորձի˜ր: Կարող ես էլ տուն չվերադառնալ:
-Դե լավ, եղբայրներ, չեմ կարդա,- համաձայնեց Անգետիկը: -Միայն թե մի բարկացեք ինձ վրա:
Այդ օրվանից Անգետիկը վճռեց այլևս ոտանավոր չհորինել:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ չորրորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ չորրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 06, 2019 Rating: 5
Технологии Blogger.