Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ յոթերորդ


Ճամփորդական նախապատրաստություն

Հաջորդ օրը վաղ առավոտյան Գիտունիկն արթնացրեց իր ընկերներին: Բոլորը վեր կացան և սկսեցին ճանապարհի պատրաստություն տեսնել: Պտուտակիկն ու Ագուցիկը հագան իրենց կաշվե բաճկոնները: Որսորդ Փամփուշտիկը հագավ իր սիրած երկայնաճիտ կաշվե կոշիկները: Այդ կոշիկների ճտքերը ծնկերից վեր էին քաշվում և կոճկվում ճարմանդներով: Դրանք շատ հարմար էին ճամփորդելու համար: 
Հապճեպիկը հագավ իր «կայծակ» կոստյումը: Այդ կոստյումի մասին հարկավոր է հանգամանորեն պատմել: Հապճեպիկը, որ միշտ շտապում էր և չէր սիրում դատարկ տեղը ժամանակ վատնել, հատուկ մի կոստյում էր հնարել իր համար, որի վրա ոչ մի կոճակ չկար: Հայտնի բան է, որ հագնվելիս ու հանվելիս ամենից շատ ժամանակ կորչում է կոճկվելու և կոճակները արձակելու վրա: Հապճեպիկի կոստյումի վերնաշապիկն ու անդրավարտիքը առանձին չէին. կոմբինեզոնի նման միացած էին իրար: Այդ կոմբինեզոնը վերևից կոճկվում էր մի կոճակով, որ գտնվում էր ծոծրակի վրա: Բավական էր արձակել այդ կոճակը, և ամբողջ կոստյումը, ինչ-որ անհասկանալի ձևով, կայծակնային արագությամբ ընկնում էր ոտքերը:
Հաստլիկ Պոնչիկը հագավ իր ամենալավ կոստյումը: Պոնչիկն ամենից շատ գնահատում էր գրպանները: Ինչքան շատ էին գրպանները, այնքան լավ էր համարվում կոստյումը: Նրա ամենալավ կոստյումը տասնյոթ գրպան ուներ: Բաճկոնը տասը գրպան ուներ. երկուսը՝ կրծքին, երկու թեք գրպան՝ փորի վրա, երկու գրպան՝ կողքերին, երեք գրպան՝ ներսից և մի գաղտնի գրպան՝ մեջքին: Անդրավարտիքի  վրա կար երկու գրպան առջևից, երկուսը՝ հետևից, երկու գրպան էլ ներքևից՝ ծնկի վրա:
Կյանքում տասնյոթ գրպանանի այդպիսի կոստյում կարելի է տեսնել միայն կինոօպերատորների հագին:
Քաղցրահյութիկը հագել էր վանդակավոր կտորից կոստյում: Նա միշտ այդպիսի կտորից կոստյումներ էր հագնում: Ե՛վ անդրավարտիքն էր վանդակավոր, և՛ պիջակը, և՛ գլխարկը: Հեռվից տեսնելիս ճստլիկները միշտ ասում էին. «Տեսեք, տեսեք, հրեն գալիս է շախմատի տախտակը»: Երևիկը հագել էր իր դահուկային կոստյումը, որ շատ հարմար էր համարում ճամփորդելու համար: Գուցեմիկը հագել էր զոլավոր ֆուֆայկան, զոլավոր կիսագուլպաները, վզին էլ փաթաթել էր զոլավոր շարֆը: Այդ կոստյումի մեջ ամբողջովին դառնում էր զոլավոր և հեռվից թվում էր, թե դա իսկի էլ Գուցեմիկը չի, այլ սովորական զոլավոր ներքնակ: Մի խոսքով, բոլորը հագան ինչ կարող էին, միայն Շվարիկը, որ սովորություն ուներ իրերը դեսուդեն շպրտել, ոչ մի կերպ չկարողացավ գտնել իր բաճկոնը: Գլխարկն էլ ինչ-որ տեղ էր խցկել և ինչքան ման էր գալիս, ոչ մի տեղ չէր գտնում: Վերջապես, մահճակալի տակ, գտավ իր ականջակալներով ձմեռային գլխարկը:
Նկարիչ Ներկամոլիկը վճռել էր նկարել այն ամենը, ինչ տեսնելու էր ճանապարհորդության ընթացքում: Նա վերցրեց իր ներկերն ու վրձինը և վաղօրոք դրեց օդապարիկի զամբյուղում: Տավղիկը վճռեց վերցնել իր ֆլեյտան: Բժիշկ Հաբիկյանը վերցրեց ճամփորդական դեղարկղիկը և նույնպես դրեց զամբյուղի մեջ՝ նստարանի տակ: Դա կանխամտածված բան էր, քանի որ ճանապարհորդության ժամանակ մեկն ու մեկը կարող էր հիվանդանալ:
Դեռ առավոտյան վեցը չկար, բայց գրեթե ամբողջ քաղաքն արդեն հավաքվել էր: Շատ ճստլիկներ, որ ուզում էին տեսնել թռիչքը, նստել էին ցանկապատերին ու տների կտուրներին:
Հապճեպիկն առաջինը մտավ զամբյուղը և ընտրեց իր համար ամենահարմար տեղը: Նրա հետևից բարձրացավ Անգետիկը:
-Մի տեսե˜ք,- բղավում էին շուրջը հավաքված հանդիսականները,- արդեն սկսում են նստոտել:
-Ինչո՞ւ է մտել զամբյուղը,- ասաց Գիտունիկը: -Դուրս եկեք, դեռ շուտ է:
-Ինչո՞ւ է շուտ: Արդեն կարելի է թռչել,- պատասխանեց Անգետկը:
-Շա˜տ բան ես հասկանում: Դեռ պիտի փուչիկը տաք օդով լցնել:
-Իսկ ինչո՞ւ տաք օդով,- հարցրեց Հապճեպիկը:
-Որովհետև տաք օդը սառն օդից թեթև է և միշտ վեր է բարձրանում: Երբ մենք փուչիկը լցնենք տաք օդով, տաք օդը կբարձրանա վեր և իր հետևից կքաշի օդապարիկը,- բացատրեց Գիտունիկը:
-Պա˜հ, ուրեմն դեռ տաք օ՞դ էլ է պետք,- ծոր տվեց Անգետիկը և Հապճեպիկի հետ դուրս եկան զամբյուղից:
-Նայեցե˜ք, մի նայեցե˜ք,- հարևան կտուրից գոչեց ինչ-որ մեկը,- դուրս են գալիս: Մտքները փոխեցին, չեն ուզում թռչել:
-Իհարկե, փոխեցին,- պատասխանեցին մյուս կտուրից: -Բա այսպիսի օդապարիկով թռչել կլինի՞: Ուղղակի ժողովրդի աչքին թոզ են փչում:
Այդ ժամանակ Գիտունիկը ճստլիկներին հրամայեց մի քանի պարկ լցնել ավազով և դնել զամբյուղի մեջ: Հապճեպիկը, Լռիկմնջիկը, Երևիկն ու մյուս մանչուկները իսկույնևեթ սկսեցին պարկերը ավազով լցնել ու դնել զամբյուղի մեջ:
-Ի՞նչ են անում,- տարակուսած իրար հարցնում էին հանդիսականները: -Տեսնես, ինչո՞ւ են ավազով լի պարկեր դնում զամբյուղի մեջ:
-Է˜յ, ինչների՞դ է պետք ավազով պարկերը,- բղավեց Տգետիկը, որ հեծյալի նման նստել էր ցանկապատին:
-Այ, կբարձրանանք վեր ու այնտեղից գլխներիդ կգցենք,- պատասխանեց Անգետիկը: Իհարկե, Անգետիկն ինքն էլ չգիտեր, թե ինչի համար են պարկերը: Հենց այնպես հնարեց նա:
-Հլա մի դուք բարձրացե˜ք,-բղավեց Տգետիկը:
Ցանկապատին Տգետիկի կողքին նստած Պստլիկ անունով մանչուկն ասաց.
-Երևի նրանք վախենում են թռչել և ուզում են, որ իրենց փոխարեն ավազով լի պարկերը թռչեն:
Բոլորը ծիծաղեցին:
-Իհարկե, վախենում են: Է՛հ, ինչի՞ց են վախենում: Միևնույն է, օդապարիկը չի թռչելու:
-Բայց գուցե դեռ կթռչի, ի՞նչ իմանաս,- ասաց աչոնիկներից մեկը, որը ևս նայում էր ցանկապատի ճեղքից:
Մինչ շուրջը վիճում էին, Գիտունիկը պատվիրեց բակի մեջտեղը խարույկ վառել, և բոլորը տեսան, թե ինչպես Պտուտակիկն ու Ագուցիկը իրենց արհեստանոցից դուրս բերին պղնձե մի մեծ կաթսա ու դրին խարույկի վրա: Պտուտակիկն ու Ագուցիկը վաղուց էին պատրաստել այդ կաթսան՝ օդը տաքացնելու համար: Կաթսան ամուր փակված էր կափարիչով, որի վրա անցք կար: Կողքից պոմպ էր միացված՝ օդը կաթսայի մեջ մղելու համար: Այդ օդը տաքանում էր կաթսայում և տաքանալուց հետո դուրս էր գալիս կափարիչի վերևի անցքից:
Հանդիսականներից ոչ մեկն, իհարկե, չէր կարող գլխի ընկնել, թե ինչի համար է կաթսան, բայց ամեն մեկն իր համար ենթադրություն էր անում:
-Երևի վճռել են ապուր եփել և նախաճաշել ճամփա ընկնելուց առաջ,- ասաց Երիցուկ անունով մի աչոնիկ:
-Բա ի՞նչ ես կարծում,- պատասխանեց Պստլիկը,- երևի դու էլ կնախաճաշեիր այդքան հեռավոր ճամփորդությունից առաջ:
-Իհարկե,- համաձայնեց Երիցուկը: -Գուցե վերջին անգամն է…
-Ի՞նչն է վերջին անգամը:
-Դե, կուտեն վերջին անգամ, իսկ հետո կթռչեն, օդապարիկը կպայթի, և նրանք ջարդուփշուր կլինեն:
-Չի պայթի, մի վախենա,- ասաց Տգետիկը: -Պայթելու համար հարկավոր է թռչել, իսկ դու տեսնում ես, որ մի ամբողջ շաբաթ ընկած է այստեղ ու ոչ մի տեղ թռչելու միտք չունի:
-Այ, հիմա կթռչի,- պատասխանեց Զատիկը, որը Թիթեռնիկի հետ եկել էր թռիչքը տեսնելու:
Շուտով բոլոր հանդիսականները սկսեցին տաք-տաք վիճել: Եթե մեկն ու մեկն ասում էր, թե օդապարիկը կթռչի, ապա մյուսն իսկույն պատասխանում էր, թե չի թռչի, իսկ եթե որևէ մեկն ասում էր, թե չի թռչի, նրան անմիջապես պատասխանում էին, թե կթռչի: Այնպիսի˜ աղմուկ աղաղակ էր բարձրացել, որ այլևս ոչինչ չէր լսվում: Կտուրներից մեկի վրա երկու մանչուկ այնպես կատաղի էին վիճում, որ սկսեցին կռիվ անել: Նրանց հազիվ բաժանեցին իրարից:
Մինչ այդ, օդը բավականին տաքացավ կաթսայում, և Գիտունիկը վճռեց, որ ժամանակն է անցնել օդը լցնելու գործին: Իսկ դրա համար հարկավոր էր նախ՝ սառն օդը բաց թողնել նրա միջից: Գիտունիկը մոտեցավ օդապարիկին և քանդեց ռետինե խողովակի ծայրին պինդ կապած պարանը: Սառն օդը բարձրաձայն ֆշշոցով սկսեց դուրս գալ փուչիկից: Ճստլիկները, որ վիճում էին ՝ օդապարիկը կթռչի, թե չի թռչի, շուռ եկան ու տեսան, որ օդապարիկն արագորեն փոքրանում է: Նա փափկեց, կնճռոտվեց չորացած տանձի նման և կորավ զամբյուղի հատակին: Այնտեղ, ուր առաջ փայլում էր հսկայական փուչիկը, այժմ կանգնած էր վերևից ցանցով ծածկված զամբյուղը:
Ֆշշոցը դադարեց և իսկույն պայթեց ընդհանուր քրքիջը: Ծիծաղում էին բոլորը. և՛ նրանք, որ ասում էին, թե օդապարիկը կթռչի, և՛ նրանք, որ ասում էին, թե չի թռչի, իսկ Անգետիկի ընկեր Ալարկոտիկն այնպես հռհռաց, որ ցած գլորվեց կտուրից և մի ուռուցք վաստակեց ծոծրակին: Բժիշկ Հաբիկյանն ստիպված էր տեղն ու տեղը բուժել նրան և ուռուցքին յոդ քսել:
-Այ թե թռան, հա˜,- ճչում էին չորս կողմից: -Ա˜յ քեզ Գիտունիկի օդապարիկ: Մի ամբողջ շաբաթ տանջվեցին, չարչարվեցին, իսկ սա վերցրեց ու պայթե˜ց: Ա˜յ քեզ զվարճություն: Կյանքներումս այսքան չէինք ծիծաղել:
Բայց Գիտունիկը բանի տեղ չէր դնում նրանց: Նա մի երկար խողովակով կաթսան միացրեց օդապարիկին և կարգադրեց կաթսային միացած պոմպով օդ մղել: Թարմ օդն սկսեց մտնել կաթսան, իսկ տաքացած օդը խողովակով մտնում էր ուղիղ օդապարիկը: Կամաց-կամաց ցանցի տակ գտնվող օդապարիկն սկսեց մեծանալ և դուրս գալ զամբյուղից:
-Մի նայեցե˜ք,- ուրախացան հանդիսականները,- էլի են փչում: Ա˜յ քեզ խելառներ: Մեկ է, էլի՛ կպայթի:
Ոչ ոք չէր հավատում, թե օդապարիկը կթռչի: Մինչդեռ նա ավելի մեծացավ, դուրս եկավ զամբյուղից ու պառկեց նրա մեջ, ինչպես մեծ ձմերուկը՝ ափսեում: Այստեղ հանկարծ բոլորը տեսան, որ օդապարիկն ինքն իրեն կամաց-կամաց վեր բարձրացավ և ձգեց զամբյուղին կապած ցանցը: Բոլորը զարմանքից ախ քաշեցին: Բոլորն էլ տեսան, որ ոչ ոք օդապարիկը թոկով վեր չհանեց:
-Ուռա˜,- ճչաց Երիցուկը և նույնիսկ ծափ տվեց:
-Մի՛ գոռա,- ճչաց նրա վրա Տգետիկը:
-Բայց ախր թռավ, է˜:
-Դեռ չի թռել: Տեսնում ես, կապած է զամբյուղից: Մի տես կարո՞ղ է զամբյուղը վեր բարձրացնել, դեռ ճստլիկներին էլ հետը:
Այստեղ Տգետիկը տեսավ, որ օդապարիկն ավելի մեծանալով վեր բարձրացավ, և զամբյուղը կտրվեց գետնից: Տգետիկը չդիմացավ և ինչքան ուժ ուներ գոռաց.
-Բռնեցե˜ք, բռնեցե˜ք: Ախր կթռչի˜: Ի՞նչ եք անում:
Բայց օդապարիկը չթռավ, քանի որ զամբյուղը ամուր կապված էր թփից: Նա միայն մի քիչ կտրվեց գետնից:
-Ուռա˜-ա˜,- հնչեց չորս կողմից: -Ուռա˜: Կեցցե՛ս, Գիտունի՛կ: Այ քեզ Գիտունիկի օդապարիկ: Տեսնե՞ս ինչով են ուռեցրել: Երևի գոլորշիով:
Այժմ արդեն բոլորը հավատում էին, որ օդապարիկը կթռչի:

 Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ յոթերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ յոթերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 29, 2019 Rating: 5
Технологии Blogger.