Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ ութերորդ


Ճանապարհ են ընկնում

Վերջապես, օդապարիկը տաք օդով լցնելու գործն էլ ավարտվեց: Գիտունիկը կարգադրեց հեռացնել կաթսան և իր իսկ ձեռքով թոկով կապեց ռետինե խողովակը, որպեսզի տաք օդը դուրս չգար օդապարիկից: Դրանից հետո նա բոլորին հրամայեց նստել զամբյուղի մեջ: Առաջինը բարձրացավ Հապճեպիկը, նրանից հետո՝ Պոնչիկը, ու քիչ մնաց ընկներ մնացած ճստլիկների գլխին: Նա հաստլիկ էր, բոլոր գրպանները լիքն էին զանազան բաներով. մեկում շաքար էր, մյուսում՝ թխվածք: Բացի այդ, նա հագել էր կրկնակոշիկներ, իսկ ձեռքին բռնել էր հովանոցը: Ընդհանուր ուժերով Պոնչիկին նստեցրին զամբյուղի մեջ, իսկ նրանից հետո մագլցեցին մնացած ճստլիկները: Օշարակ Օշարակովից Քաղցրահյութիկը պտույտ էր գալիս զամբյուղի շուրջը ու բոլորին տեղավորում:
-Նստեցեք, խնդրեմ,-ասում էր նա,- հարմար տեղավորվեցեք: Օդապարիկում բոլորին էլ տեղ կլինի:
-Դու էլ նստիր,- առաջարկում էին նրան:
-Ես կհասցնեմ,- պատասխանում էր Քաղցրահյութիկը: -Գլխավորն այն է, որ դուք նստեք:
Նա ամենայն սիրով բռնում էր բոլորի թևից, վերև հրում:
Վերջապես բոլորը մտան զամբյուղի մեջ: Միայն Քաղցրահյութիկը մնաց ներքևում:
-Ինչո՞ւ չես նստում,- հարցնում էին նրան:
-Գուցե լավ կլինի չնստե՞մ,- պատասխանում էր Քաղցրահյութիկը: -Ես շատ եմ հաստ: Առանց ինձ էլ այդտեղ շատ նեղվածք է: Վախենում եմ ծանրաբեռնեմ ձեզ:
-Մի վախենա, ոչինչ էլ չի լինի:
-Չէ, եղբայրներ, առանց ինձ թռեք: Ես այստեղ կսպասեմ: Ինչո՞ւ նեղություն տամ ձեզ:
-Ոչ մեկին էլ նեղություն չես տա,- պատասխանում էր Գիտունիկը: -Նստիր: Որ որոշել ենք թռչել, ուրեմն միասին պիտի թռչենք:
Քաղցրահյութիկը ակամա մտավ զամբյուղը և, հանկարծ, չնախատեսված մի բան պատահեց. զամբյուղը օդապարիկի հետ միասին իսկույն նստեց գետնին:
-Այ թե թռան, հա˜,- ցանկապատի վրայից ծիծաղում է Պստլիկը:
-Դու ի՞նչ ես ծիծաղում,- գոռում է նրա վրա Տգետիկը: -Այստեղ մարդիկ փորձանքի են եկել, իսկ սա ծիծաղում է:
-Ոչ մի փորձանք էլ չկա,- պատասխանում է Ոսպնյակիկը,- նախատեսված է տասնհինգ մանչուկի համար: Տասնվեցը չի կարող բարձրացնել:
-Ուրեմն չե՞ն թռչի,- հարցրեց Տգետիկը:
-Ստիպված կլինեն մեկնումեկին թողնել, այդ ժամանակ կթռչեն,- ասաց Ոսպնյակիկը:
-Երևի Անգետիկին կթողնեն,- ասաց Թիթեռնիկը:
Քաղցրահյութիկը, որ վախենում էր թռչել օդապարիկով, ուրախացավ և ասաց.
-Ըհը˜, ախր ես ասում էի, որ կծանրացնեմ: Ավելի լավ է դուրս գամ:
Նա, հենց այն է, ոտքը բարձրացրել էր, որ  դուրս գար, այդ պահին Գիտունիկը վերցրեց ավազով լի մի պարկ ու դուրս նետեց զամբյուղից: Օդապարիկն իսկույն թեթևացավ ու նորից վեր բարձրացավ: Նոր միայն բոլորը հասկացան, թե ինչու էր Գիտունիկը պատվիրել զամբյուղի մեջ ավազով պարկեր դնել: Բոլորը ծափ տվին, իսկ Գիտունիկը ձեռքը վեր բարձրացրեց և ճառով դիմեց ճստլիկներին:
-Ցտեսությո՛ւն, եղբայրներ,- գոչեց նա: -Մենք թռչում ենք հեռու երկրներ: Մի շաբաթից կվերադառնանք: Ցտեսությո˜ւն:
-Ցտեսությո˜ւն, ցտեսությո˜ւն: Բարի ճանապա˜րհ,- գոչեցին ճստլիկները՝ ձեռքերն ու գլխարկները թափահարելով:
Գիտունիկը գրպանից հանեց գրչահատն ու կտրեց այն թոկը, որով զամբյուղը կապված էր թփից: Օդապարիկը սահուն թռիչքով վեր բարձրացավ, մի պահ կառչեց թփի ճյուղից, բայց և իսկույն արձակվեց և արագորեն վեր սլացավ:
-Ուռա˜,- գոչեցին ճստլիկները: -Կեցցե˜ն Գիտունիկն ու նրա ընկերները: -Ուռա˜-ա˜:
Բոլորը ծափ զարկեցին ու գլխարկները վեր թռցրին: Աչոնիկները հրճվանքից գրկախառնվում էին: Թիթեռնիկն ու Զատիկը համբուրվեցին, Անթառամիկը լաց եղավ:
Իսկ օդապարիկը վեր ու վեր էր բարձրանում: Քամին նրան մի կողմ էր քշում: Շուտով նա մի փոքրիկ կետ դարձավ, որ հազիվ էր երևում կապույտ երկնակամարում: Ոսպնյակիկը բարձրացավ տան կտուրը և սկսեց այդ կետին նայել իր խողովակով: Նրա կողքին, հենց կտուրի եզրին, կանգնել էր բանաստեղծ Ծաղկանունին: Ձեռքերը կրծքին ծալած, նա նայում էր ընդհանուր ցնծությանը և մտածում ինչ-որ բանի մասին: Հանկարծ նա լայն տարածեց ձեռքերը և ամբողջ ձայով գոչեց.
-Ոտանավո՛ր: Ոտանավո՛ր լսեցեք:
Շուրջը իսկույն լռություն տիրեց: Բոլորը գլուխները վեր բարձրացրին ու նայեցին Ծաղկանունուն:
-Ոտանավո˜ր,- շշնջում էին ճստլիկները: -Հիմա ոտանավոր կասի:
Ծաղկանունին էլի սպասեց, որ բացարձակ լռություն տիրի: Ապա ձեռքը երկարեց դեպի օդապարիկը, թեթևակի հազաց ու նորից ասաց.
-Բանաստեղծությո՛ւն:
Եվ սկսեց կարդալ հենց նոր հորինած ոտանավորը.
Հսկա գունդը օդով լցված
Երկինք ելավ մեկ էլ հանկարծ:
Մեր ճստլիկն է, ոչ թե թռչուն,
Բայց մի նայիր ոնց է թռչում:
Հասկանում ենք, էխ-ջա˜ն,
Հիմա արդեն ամեն բան:
Այ թե աղմուկ բարձրացավ, հա˜: Բոլորը կրկին ծափ զարկեցին: Մանչուկները Ծաղկանունուն ցած բերին կտուրից ու ձեռքերի վրա տուն տարան, իսկ աչոնիկները պոկում էին ծաղկաթերթիկներն ու թափում Ծաղկանունու վրա: Այդ օրը Ծաղկանունին այնպես հռչակվեց, կարծես թե ինքն էր հնարել օդապարիկը ու նրանով երկինք թռել:
Այդ օրը դեռ երկար ժամանակ այստեղ ու այնտեղ կարելի էր լսել.
Հասկանում ենք, էխ ջա˜ն,
Հիմա արդեն ամեն բան:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ ութերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ ութերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 31, 2019 Rating: 5
Технологии Blogger.