Պարույր Սևակ | Անցողիկ միայնություն

Եվ ինչի՞ց, տեր Աստված, ինչի՞ց է,
Մարդիկ են երբ ծնվում՝ լալիս են,
Ծաղիկներն են բացվում՝ բուրում են:
Եվ ինչի՞ց, տեր Աստված, ինչի՞ց է...
Մենք նաև չենք ծնվել որոշմամբ
Ու ոչ էլ որոշմամբ մեծացել:
Էլ ինչո՞ւ տառապենք որոշմամբ:
Եվ ովքե՞ր, և ո՞վ է որոշում...
Չեմ իշխել-հանդգնել ասելու,
Բայց հիմա հանդգնեմ և ասեմ,
Որ նույնիսկ մեռնելու համար էլ
Նախ ապրել, ապրել է հարկավոր...
Եվ այդ ի՞նչ կստացվի, եթե միշտ
Քաղցի դեմ ես տամ քեզ ինչ-որ դեղ
Եվ առնեմ ձեռքիցդ դրա տեղ
Կարագած ու մեղրած քո հացը...
Եվ թեպետ դժվար է կռահել
Վախճանը լավ գրքի
Ու վերջը վատ կյանքի,
Եվ թեպետ առայժմ լոկ ներկան է ներկա,
Մնացած ամեն ինչ բացակա-բացակա,
Բայց մեկ է,
Շարունակ այսպես չի գնալու,
Սիրելիս, այսպես չի մնալու:
Սիրելիս, հասկացիր վերջապես
Ու տես, որ... հանկարծ ուշ չլինի...

20.III.1964թ.

Դիլիջան


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անցողիկ միայնություն Պարույր Սևակ | Անցողիկ միայնություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 13, 2019 Rating: 5
Технологии Blogger.