Պարույր Սևակ | Նոյան տապանը որոնողներին

Թյուրքիայի մինիստրների խորհուրդը թույլ է տվել
ամերիկյան «արշավախմբին» Արարատ լեռան վրա
որոնել «Նոյան տապանի մնացորդները»:
(Թերթերից)
Նորից «արշավախումբ»,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի...
Սակայն ծանոթ է աշխարհը «տուրիստներին» ամերիկյան.
Այդպես, նրանք առած օդանավեր,
Առած տանկ ու ական, 
Կատարների վրա Ոլիմպոսի
Որոնում են նյութեր հին հունական
«Հովվերգության» մասին,
Որոնում են, սակայն...
              Ահավասիկ
Հունաստանը փեղկված երկու մասի,
Ազատության ոգին, մարտիկները նրա
Ապաստանած Գրամոսի
Քարափներին խորունկ ու ժայռերի վրա...
Իտալիայում նրանք, այդ «տուրիստները» նույն՝
Արձանն են «որոնում»
Առասպելի Ռոմոս-Ռոմուլոսի:
Եվ ինչ,
Տոլիատին է վիրավորվում ծանր և մահացու
Ու ժառանգորդները Կրասոսի,-
Ծանոթ առասպելին ճիշտ հակառակ,-
Գայլի նման երկրի, մարդկանց հյութն է ծծում:
«Անմեղ տուրիստներին» այդ բարբարոս
Որտեղ դու չես ճարի.
Չինաստան ու Չիլի, Վիետնամ ու Բիրմա
Ճամփորդում են նրանք միշտ նույն ուղեգրով՝
«Ալպյան ցուպի» վրա լպիրշ ռեկլամով
Գրած նույն դեվիզը-
         դոլար,
                   բիզնես,
                             ֆիրմա:
...Մի նոր «տուրիստական արշավախումբ» հիմա,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի:
Վերստին մարդկային արյունի մեջ
Լողանալու հարմար այս առիթի համար
Անզուսպ խնդությունից բարբարոսի
Համիդն անշուշտ շիրմում շուռ է եկել հիմա...
 
Բայց ոչ: Ոչ, արյունից,
Պատերազմից չէ, որ մենք ուզում ենք խոսել:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանը ապագայի:
Թող որ արհեստական ներվայնությամբ հոսեն
Իրերն ու պակտերը Ատլանտական,
Բայց հողագունդը մեր, գլոբուսը սակայն,
(Որ պատկերանում է անդրօվկիանոսյան քեռիներին
Իբրև ակցիաներով,
         ակտիվներով,
                   ոսկով լեցուն տակառ),
Զարդարվել է այսօր նոր գույներով,
Եվ աղավին ճերմակ,
Կտցին խաղաղության ընձյուղն ու ծիլը նոր,
Սավառնում է հիմա երկրագնդի բոլոր գոտիներով:
Աղավնին այդ ճերմակ, բայց ոչ ելած
Տապանից այն չեղյալ,
Այլ ափերից Օբի և Վոլգայի:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանը ապագայի:
Սակայն եթե փորձեն...
             Այնժամ- Ստալինգրադը վկա-
Կելնենք ոչ միայն մենք՝ երկրագնդի
Միլիարդավոր բանակը հասարակ մարդկանց.
Կելնեն և ծովերը իրենց խոր անդունդից,
Կելնեն օվկիանները
Եվ կջրհեղեղեն դաժանորեն դաժան...
Եվ չի փրկի այնժամ
Անգամ առասպելի Նոյան տապանը ձեզ,
Չի գտնվի այնժամ աշխարհում ոչ մի լեռ,
Որ ապաստանտա իր կատարին
Խարխլված ու փլուզված ձեր տապանին:
Չի ճարվի աշխարհում և ոչ մի լեռ,
Չհիշելով արդեն Արարատին,
Արարատին տանջված, բայց և տոկուն,
Որ Մոմբլանի, Անդի, Վեզուվի հետ
Պահում է ձեզ համար
Վրեժից կարծրացած իր ընդերքում
Հրաբխի վերջին իր ժայթքումները դեռ...

VIII.1949թ.


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Նոյան տապանը որոնողներին Պարույր Սևակ | Նոյան տապանը որոնողներին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 16, 2019 Rating: 5
Технологии Blogger.