Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնչորսերորդ


Ճանապարհորդություն քաղաքի մեջ

 Ձյունիկն ու Կապտաչիկը Անգետիկի հետ միասին դուրս եկան փողոց, որի երկու կողմերով ձգվում էին ուռենու բարակ շիվերից հյուսած ցանկապատեր, իսկ սրանց հետևում երևում էին կարմիր ու կանաչ կտուրներով գեղեցիկ տներ: Տներից վեր բարձրանում էին հսկայական խնձորենիներ, տանձենիներ և սալորենիներ: Ծառեր կային և՛ բակերում, և՛ փողոցներում: Ողջ քաղաքը ծածկված էր ծառերի կանաչի մեջ, դրա համար էլ կոչվում էր Կանաչ քաղաք:
Անգետիկը հետաքրքրությամբ շուրջն էր նայում: Արտասովոր մաքրություն էր տիրում շուրջը: Բոլոր բակերում աշխատում էին աչոնիկները: Նրանց մի մասը մկրատներով խուզում էին խոտը, որ սահմանված չափից ավելի չբարձրանա, մյուսները, ցախավելներով զինված, փողոցներն էին ավլում, իսկ մնացածները եռանդով թափ էին տալիս երկար ուղեգորգերը: Կանաչ քաղաքում դրանցով ծածկում էին ոչ միայն սենյակների հատակները, այլև փողոցների մայթերը: Ճիշտ է, տանտիրուհիներ կային, որ անհանգստանում էին, թե հանկարծ անցորդները չաղտոտեն իրենց ուղեգորգերը: Դրա համար նրանք կանգնում էին կողքին ու նախազգուշացնում, որ  ուղեգորգերի վրայով չքայլեն, իսկ եթե մեկնումեկը շատ էր ուզում անցնել դրանց վրայով, ապա խնամքով պիտի սրբեր ոտքերը: Շատ բակերում արահետները ևս ծածկված էին ուղեգորգերով, իսկ տների պատերը, նույնիսկ դրսից, ծածկված էին գույնզգույն գեղեցիկ գորգերով:
Կանաչ քաղաքում եղեգնի ցողուններից շինած ջրմուղ կար: Ինչպես հայտնի է, եղեգնի ցողունը փուչ է, և ջուրը կարող է նրա միջով հոսել այնպես, ինչպես խողովակի միջով: Այդ խողովակները ձգվում էին յուրաքանչյուր փողոցի երկարությամբ, բայց դրանք հենց այնպես չէին դրված գետնին, ինչպես կարող են մտածել ոմանք, այլ ամրացված էին որոշ բարձրության վրա, փայտյա սյուներին: Դրա համար էլ խողովակները չէին փտում և կարող էին ծառայել շատ երկար, չնայած որ պահանջում էին մշտական հսկողություն և վերանորոգում՝ ջուր մաղելուց խուսափելու համար: Փողոցում գտնվող խողովակից ճյուղավորումներ էին գնում դեպի յուրաքանչյուր տուն: Դրա համար էլ ամեն մի տան մեջ կար ջրմուղի ջուր, որ, իհարկե, շատ հաճելի բան էր: Բացի այդ, ամեն մի տան առաջ կար շատրվան: Դա շատ գեղեցիկ էր և օգտակար, քանի որ շատրվանից ցայտող ջուրը օգտագործվում էր բանջարանոցները ջրելու համար: Ամեն մի բակում կար բանջարանոց, ուր աճում էին շաղգամ, բողկ, ճակնդեղ, գազար և զանազան բանջարեղեններ:
Բակերից մեկում Անգետիկը տեսավ, թե աչոնիկներն ինչպես են հավաքում բանջարանոցի բերքը: Նրանք շաղգամի կամ գազարի չորս կողմը փորում էին, հետո գագաթից պարան կապում, ապա բռնում պարանն ու ամբողջ ուժով ձիգ տալիս: Շաղգամը կամ գազարն արմատով դուրս էր թռչում հողից, իսկ աչոնիկները ճիչ ու ծիծաղով քարշ էին տալիս տուն:
-Այս ի՞նչ է, ձեզ մոտ միայն աչոնիկներ են ապրում, ոչ մի մանչուկ չկա՞,- զարմացած հարցրեց Անգետիկը:
-Այո, մեր քաղաքում մնացել են միայն աչոնիկներ, որովհետև բոլոր մանչուկները հաստատվել են գետափին: Նրանք ունեն իրենց քաղաքը, որ կոչվում է Ֆռռանաշեն:
-Ինչո՞ւ են գետափին բնակվում,- հարցրեց Անգետիկը:
-Այնտեղ նրանց համար ավելի հարմար է: Մանչուկները սիրում են ամբողջ օրն արև ընդունել և լողանալ, իսկ ձմռանը, երբ գետը ծածկվում է սառույցով՝ սահում են չմուշկներով: Բացի այդ, նրանք սիրում են ապրել գետափին, որովհետև գարնանը գետը վարարում է և հեղեղում ողջ քաղաքը:
-Ի՞նչ մի լավ բան կա դրա մեջ,- զարմացավ Անգետիկը:
-Իմ կարծիքով էլ ոչ մի լավ բան չկա,- ասաց Ձյունիկը,- իսկ,այ, մեր մանչուկներին դա դուր է գալիս: Մակույկներով զբոսնում են այդ հորդացած ջրերի մեջ և իրար փրկում ջրհեղեղից: Նրանք շատ են սիրում արկածներ:
-Ես էլ եմ սիրում արկածներ,- ասաց Անգետիկը: -Չի՞ կարելի արդյոք ծանոթանալ ձեր մանչուկների հետ:
-Ո՛չ,- ասաց Ձյունիկը: -Նախ և առաջ, մի ամբողջ ժամ է հարկավոր Ֆռռանաշեն հասնելու համար, որովհետև գետափը բավական հեռու է, երկրորդը, դուք նրանցից ոչ մի լավ բան չեք սովորի, իսկ երրորդը՝ մենք նրանց հետ կռվել ենք:
-Ինչո՞ւ եք կռվել,- հարցրեց Անգետիկը:
-Գիտե՞ք, թե ինչ էին արել,- ասաց Կապտաչիկը: -Ձմռանը մեզ հրավիրել էին Նոր տարվա տոնածառին: Ասացին, թե երաժշտություն ու պարեր են լինելու իրենց մոտ, իսկ երբ գնացինք, գիտե՞ք ինչ արին…Ձնագնդիների տարափ  տեղացին մեզ վրա:
-Է, ի՞նչ կա որ,- հարցրեց Անգետիկը:
-Դե, մենք էլ ընկերություն չենք անուն նրանց հետ: Դրանից հետո էլ ոչ ոք նրանց մոտ չի գնում:
-Իսկ նրա՞նք:
-Նրանք էլ մեզ մոտ չեն գալիս: Սկզբում մանչուկներից ոմանք գալիս էին, բայց ոչ ոք չէր ուզում նրանց հետ խաղալ: Ու նրանք էլ ձանձրույթից սկսեցին լկստվել. մեկ ապակի էին փշրում, մեկ ցանկապատ ջարդում,- ասաց Ձյունիկը:
-Հետո Բևեռիկ անունով մի մանչուկի ուղարկեցին մեզ մոտ,- ասաց Կապտաչիկը: -Այ, այսպիսի մի դեպք պատահեց…
-Հա՛,- նրա խոսքը խլեց Ձյունիկը: -Այդ Բևեռիկը եկավ մեզ մոտ ու խաբեց, թե իբր ուզում է բարեկամություն անել հետներս, իբր թե մանչուկներին ինքն էլ չի սիրում, որովհետև նրանք կռվարար են: Մենք նրան թույլ տվեցինք մեր քաղաքում ապրել և, ի՞նչ եք կարծում, վերջում ի՞նչ անի, որ լավ լինի: Գիշերը տնից փախավ ու զանազան այլանդակ բաներ արեց: Մի տան դուռը դրսից փայտի կտորով այնպես էր փակել, որ առավոտը ներսից հնարավոր չէր բաց անել. մյուս տան դռնից կոճղ էր կախել, որ ամեն մի ներս մտնողի գլխին դիպչեր, երրորդ տան դռանը պարան էր կապել, որպեսզի բոլորի ոտքերին դիպչեր ու վայր ընկնեին, չորրորդ տան կտուրից ծխնելույզ էր  հանել, հինգերորդի՝ ապակիներն էր ջարդել…
Այդ պատմությունը լսելիս Անգետիկը ծիծաղից խեղդվում էր:
-Դուք ծիծաղում եք,- ասաց Կապտաչիկը,- իսկ քանի˜-քանի աչոնիկների քթեր ջարդվեցին: Աչոնիկներից մեկը բարձրացավ ծխնելույզը վերանորոգելու, կտուրից վայր ընկավ ու քիչ մնաց ոտքը կոտրեր:
-Ես իսկի էլ աչոնիկների վրա չեմ ծիծաղում, այլ այդ Բևեռիկի,- պատասխանեց Անգետիկը:
-Նրա վրա չպիտի ծիծաղել, այլ մի լավ դաս տալ, որ այլևս այդպիսի բաներ չանի,- ասաց Ձյունիկը:
Այդ ժամանակ նրանք անցնում էին փողոցի մեջտեղը բարձրացող խնձորենու կողքով: Խնձորենու բոլոր ճյուղերը ծանրաբեռնված էին հասած, կարմրաթուշ խնձորներով: Ներքևից խնձորենուն դեմ էր տված փայտե մի երկար սանդուղք, որ հասնում էր հսկայական ծառաբնի կեսին միայն: Ավելի վեր կարելի էր բարձրանալ պարանից պատրաստած սանդուղքով, որ կապված էր ծառի ներքևի ճյուղից: Այդ ճյուղին նստած էին երկու աչոնիկ: Նրանցից մեկը եռանդով սղոցում էր խնձորի կոթը, իսկ մյուս աչոնիկը հոգատարությամբ բռնել էր առաջինին, որ նա ցած չգլորվի:
-Այստեղով զգույշ անցեք,- զգուշացրեց Կապտաչիկը Անգետիկին. –ծառից կարող է խնձոր ընկնել և սպանել ձեզ:
-Ինձ չի սպանի,- պարծեցավ Անգետիկը: -Իմ գլուխը պինդ է:
-Մանչուկները երևակայում են, թե հենց մենակ իրենք են քաջ, բայց աչոնիկները իսկի էլ նրանցից վախկոտ չեն: Տեսնո՞ւմ եք, ուր են բարձրացել,- ասաց Ձյունիկը:
-Բա որ մանչուկները օդապարիկով թռչո՞ւմ են, ավտոմեքենաներով ման են գալի՞ս,- պատասխանեց Անգետիկը:
-Պա՛հ, մեծ բա՛ն,- ասաց Ձյունիկը: -Մեր աչոնիկներից շատերն էլ կարող են ավտոմեքենայով զբոսնել:
-Դուք ավտոմեքենա ունե՞ք որ:
-Ունենք: Միայն թե փչացել է: Մենք սարքեցինք, սարքեցինք, չկարողացանք կարգի բերել: Գուցե դուք կօգնե՞ք մեր ավտոմեքենան սարքի գցել:
-Կօգնե՛մ, կօգնե՛մ,- պատասխանեց Անգետիկը: -Քիչ-միչ հասկանում եմ այդ գործից: Երբ Պտուտակիկն ու Ագուցիկը դուրս գրվեն հիվանդանոցից, ես նրանց կբացատրեմ և նրանք կարգի կբերեն:
-Հիանալի˜ կլինի,- ծափ տվեց Ձյունիկը:
Այդ պահին Անգետիկը տեսավ բնության հրաշքը, որպիսին կյանքում երբեք չէր տեսել: Փողոցի մեջտեղը պառկած էին երկհարկ, գուցեև եռահարկ տան մեծության հսկայական կանաչ փուչիկներ:
-Այս ի՞նչ օդապարիկներ են,- զարմացավ Անգետիկը:
Ձյունիկն ու Կապտաչիկը ծիծաղեցին:
-Ձմերուկներ են,- ասացին նրանք: -Դուք ձմերուկ չեք տեսել, ի՞նչ է:
-Երբեք,- խոստովանեց Անգետիկը,- Մեզ մոտ ձմերուկ չկա: Իսկ ինչի՞ համար են դրանք:
Ձյունիկը փռթկաց:
-Մանչուկ է ու չգիտի, թե ինչի համար են ձմերուկները: Գուցե դեռ կհարցնեք, թե ինչի՞ համար են տանձն ու խնձորը:
-Մի՞թե դրանք ուտում են,- զարմացավ Անգետիկը: -Այդ ահագին բլուրը մի տարում էլ չես ուտի:
-Չենք ուտում,- պատասխանեց Կապտաչիկը: -Մենք դրա միջից հանում ենք քաղցրահյութը: Եթե ձմերուկը տակից ծակես, ապա միջից քաղցր հյութը կթափվի: Մի ձմերուկից կարելի է մի քանի տակառ քաղցրահյութ ստանալ:
-Ո՞վ է մտածել ձմերուկ ցանելու մասին,- հարցրեց Անգետիկը:
-Մեզ մոտ մի շատ խելոք աչոնիկ կա, անունը Ծղոտիկ,- պատասխանեց Կապտաչիկը: -Նա շատ է սիրում զանազան բույսեր ցանել ու նոր տեսակներ ստանալ: Առաջ մեզ մոտ ձմերուկ չկար, բայց ինչ-որ մեկը Ծղոտիկին ասել էր, թե անտառում վայրի ձմերուկ է տեսել: Մի անգամ, աշնանը, Ծղոտիկը արշավախումբ կազմեց ու գնաց անտառ և նրան հաջողվեց անտառի բացատում վայրի ձմերուկների թփեր հայտնաբերել: Արշավախումբը վերադարձավ ձմերուկի սերմը հետը, և գարնանը Ծղոտիկը դա ցանեց: Մեծ, բայց թթու ձմերուկներ դուրս եկան: Ծղոտիկն աշխատում էր առանց դադար առնելու և համտես անում բոլոր ձմերուկների հյութը: Նրան հաջողվեց ընտրել մի ձմերուկ, որի հյութն այնքան էլ թթու չէր: Հաջորդ տարին նա ցանեց այդ ձմերուկի կորիզները: Այս անգամ դուրս եկան ոչ այնքան թթու ձմերուկներ: Նրանց մեջ պատահում էր նույնիսկ մի քիչ քաղցրը: Ծղոտիկը ընտրեց ամենաքաղցր ձմերուկը և մյուս տարի ցանեց դրա կորիզները: Այդպես արեց մի քանի տարի իրար վրա և հասավ այն բանին, որ ձմերուկները մեղրի նման քաղցրացան:
-Հիմա արդեն բոլորը գովում են Ծղոտիկին, իսկ առաջ ո˜նց էին փնովում, ո˜նց,- ասաց Ձյունիկը:
-Ինչո՞ւ,- զարմացավ Անգետիկը:
-Դե, ո՞վ կհավատար, թե այդ թթված ձմերուկից բան դուրս կգա: Դրանից բացի, ամեն տեղ սկսեց ձմերուկ աճել, իսկ դա խանգարում էր քայլել: Հաճախ ձմերուկ էր դուրս գալիս որևէ տան պատի մոտ: Քանի դեռ փոքր էր, կարելի է դիմանալ, բայց կամաց-կամաց մեծանում էր, ընկնում պատի վրա և քանդում: Մի տեղ ձմերուկի պատճառով նույնիսկ մի ամբողջ տուն փուլ եկավ: Աչոնիկներից ոմանք ուզում էին նույնիսկ արգելել Ծղոտիկին ձմերուկ ցանել, բայց մյուսները պաշտպանեցին նրան և սկսեցին օգնել:
Այդ ժամանակ մեր ճանապարհորդները գետափ դուրս եկան:
-Իսկ սա Ձմերուկագետն է,- ասաց Ձյունիկը: -Տեսնո՞ւմ եք, ինչքան ձմերուկ է աճում այստեղ:
Գետի վրա գցված էր երկար ուղեգորգի նման մի նեղ կամրջակ, որ գետի մի ափից մյուսն էր ձգվում: Դա ինչ-որ հաստ ու ամուր կտորից էր սարքած:
-Մեր աչոնիկներն են սարքել,- ասաց Կապտաչիկը: -Մի ամբողջ ամիս գործել ենք վուշի ցողունից, իսկ հետո մանչուկներն օգնեցին, որ դա գետի մի ափից մյուսը ձգենք:
-Ա˜խ, ինչ հետաքրքիր էր,- վրա բերեց Ձյունիկը: -Մանչուկներից մեկն ընկավ ջուրն ու քիչ մնաց խեղդվեր, բայց նրան հանեցին ջրից:
Կապտաչիկը ոտքը դրեց կամրջին և քայլեց դեպի հանդիպակաց ափը: Անգետիկը ևս բարձրացավ կամրջին, բայց իսկույն կանգ առավ, որովհետև զգաց, որ կամուրջը ոտքի տակ օրորվում է:
-Այդ ինչո՞ւ կանգ առաք,- հարցրեց Ձյունիկը: -Վախեցա՞ք:
-Իսկի էլ չվախեցա: Պարզապես շատ ծիծաղելի կամուրջ է:
Անգետիկը կռացավ և ձեռքերով կառչեց կամրջից: Այդ անելիս նա քրքջում էր, որ ցույց տա, թե իսկի էլ չի վախենում:
Ձյունիկը բռնեց Անգետիկի մի ձեռքից, Կապտաչիկը՝ մյուսից, և երկուսով նրան կամուրջը անցկացրին: Աչոնիկները տեսնում էին, որ Անգետիկը վախենում է, բայց չէին ծիծաղում նրա վրա, որովհետև գիտեին, որ մանչուկները տանել չեն կարող, երբ իրենց վրա ծիծաղում են: Մյուս ափն անցնելուց հետո մեր ճանապարհորդները գնացին փողոցով և շուտով հայտնվեցին կանաչ կտուրով մի սպիտակ տան առջև:
-Ա՛յ, հենց սա է մեր հիվանդանոցը,- ասաց Կապտաչիկը:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնչորսերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնչորսերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 29, 2019 Rating: 5
Технологии Blogger.