Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսաներկուերորդ


Մեքենայացման հրաշքները

 Հաջորդ օրն առավոտյան Կապտաչիկը գնաց հիվանդանոց և Մեղրածաղիկին ասաց, որ դուրս գրված մանչուկները կռիվ չեն անում դրսում, այլ, ընդհակառակը, օրինակելի են պահում իրենց և նույնիսկ աչոնիկներին օգնում են խնձորը հավաքելիս: Մեղրածաղիկն ասաց.
-Այդ լավ է, որ մանչուկների համար հարմար զբաղմունք եք ճարել: Խնդրում եմ աշխատանք տաք նաև Գուցեմիկին ու Շվարիկին, որոնք այսօր են դուրս գրվելու:
-Չի՞ կարելի մեկն ու մեկին էլ դուրս գրել,- խնդրեց Կապտաչիկը: -Ափսոս է, որ փակված եք պահում մանչուկներին, երբ նրանց համար հետաքրքիր աշխատանք կա:
-Չէ՞ որ երեկ ես հերթից դուրս բաց թողեցի Երևիկին ու Հապճեպիկին,- պատասխանեց Մեղրածաղիկը: -Այդքանը քի՞չ է ձեզ:
-Քիչ է:
-Ինչ կա որ, կարելի է Լռիկմնջիկին էլ դուրս գրել: Նա շատ հանգիստ է և ինձ երբեք չի ձանձրացրել զանազան խնդիրներով:
-Էլ ո՞ւմ:
Մեղրածաղիկը դրեց ակնոցներն ու սկսեց ցուցակը նայել.
-Կարելի է դուրս գրել Պոնչիկին ու Քաղցրահյութիկին: Նրանք էլ են հանգիստ: Չնայած, ճիշտ որ ասենք, Պոնչիկին պետք չէր դուրս գրել, այն պատճառով, որ քաղցր շատ է ուտում: Դեռ ինձ չի հաջողվել նրան այդ հիմար սովորությունից հետ վարժեցնել: Եվ գլխավորը. եթե նա միայն ուտե˜ր: Բայց նա լցնում է իր բոլոր գրպանները քաղցրավենիքով և նույնիսկ բարձի տակ է պահում: Դե լավ, ոչինչ, գուցե թարմ օդում նրա ախորժակը փակվի: Իսկ Քաղցրահյութիկին հարկավոր էր պահել այստեղ և պատժել այն բանի համար, որ չափից դուրս շատ է խմում քաղցր հյութով գազով ջուր: Բայց չէ՛, պետք է դուրս գրել, որովհետև նրանք քաղաքավարի են վարվել ինձ հետ:
Մեղրածաղիկը նորից նայեց ցուցակը:
-Փամփուշտիկին դեռ վաղ է դուրս գրելը,- ասաց նա,- ոտքը դեռ չի առողջացել: Փամփուշտիկն իսկական հիվանդ է:
-Իսկ Փնթփնթիկի՞ն,- հարցրեց Կապտաչիկը:
-Ո՛չ, ո՛չ,- գոչեց Մեղրածաղիկը: -Այդ Փնթփնթիկն այնքան տհաճ անձնավորություն է: Նա անընդհատ փնթփնթում է, միշտ ինչ-որ բանից դժգոհ է: Նա, գիտե՞ք, ազդում է բոլորի ջղերի վրա: Թող նստի այստեղ հենց այն պատճառով, որ այդքան անհասկացողն է, չնայած, խղճով ասած, ես հաճույքով կազատվեի նրանից և այդ անտանելի Հաբիկյանից, որ չգիտես ինչ պատճառով իրեն բժիշկ է համարում և անընդհատ ջանում է ապացուցել ինձ, որ սխալ են իմ բուժման մեթոդները:
-Դե,երկուսին էլ դուրս գրեք, որ էլ չձանձրացնեն ձեզ,- առաջարկեց Կապտաչիկը:
-Ա˜խ, ինչ եք ասում: Ոչ մի դեպքում: Գիտե՞ք, սիրելիս, թե վերջերս ինչ ասաց ինձ այդ գարշելի Հաբիկյանը: Նա ասաց, թե ես հիվանդներին չեմ բուժում, ընդհակառակը, կարող եմ առողջներին հիվանդացնել: Ի˜նչ տգիտություն: Ոչ, ես նրան կպահեմ մինչև որոշված ժամանակը: Դրանից ավելի շուտ նա այստեղից դուրս չի գա: Փնթփնթիկը՝ նույնպես:
Այսպիսով, Կապտաչիկը հասավ այն բանին, որ Գուցեմիկից ու Շվարիկից բացի հիվանդանոցից դուրս գրեցին Լռիկմնջիկին, Պոնչիկին ու Քաղցրահյութիկին: Հիվանդանոցում մնացին Փամփուշտիկը, Փնթփնթիկն ու Հաբիկյանը: Փամփուշտիկն անմռունչ դիմանում էր նման անարդարությանը, քանի որ նրա ոտքը դեռ ցավում էր, բայց Փնթփնթիկն ու Հաբիկյանը պատրաստ էին բարկությունից իրենց գլխի մազերը փետտել և ասում էին, որ եթե երեկոյան դուրս չգրեն, ապա իրենք փախուստի կդիմեն:
Պտուտակիկը, Ագուցիկն ու Բուբլիկը արթնացան մութուլուսին ու նորից անցան մեքենայի վերանորոգման գործին: Արևն արդեն բարձրացել էր, երբ մեքենան վերջապես փնչացրեց, և մոտորն սկսեց աշխատել: Երեք ընկերով վճռեցին փորձնական զբոսանքի դուրս գալ: Տան շուրջը պտտվելուց ու փոշու ամպեր բարձրացնելուց հետո նրանք դուրս եկան դարպասից ու սլացան փողոցով: Շուտով նրանք տեսան աչոնիկներին, որոնք զբաղված էին միրգ հավաքելով: Խնձորենու վրա նստել էին Հապճեպիկը, Շվարիկը, Երևիկն ու Գուցեմիկը միասին: Հենց կողքին, տանձի ծառին աշխատում էին Տավղիկը, Լռիկմնջիկն ու Ճպուռիկը: Աչոնիկները բոլոր ուղղություններով խնձոր էին գլորում:
Անգետիկը վազվզում էր աշխատողների մեջ ու հրամաններ տալիս.
-Հինգ հոգի այնտե՛ղ, հինգը՝ այստե՛ղ: Բռնեցե՛ք այս խնձորը, գլորեցե՛ք: Ե՛տ քաշվեք, գրողի տարածներ, հիմի տանձը կկաթի այստեղ: Իսկ դուք, վերևիններ, զգուշացրեք: Ցրվե˜լ, թե չէ ես պատասխանատու չեմ ինձ համար, կզայրանամ, հա˜:
Այդ բոլորը կարելի էր անել առանց աղմուկի, բայց Անգետիկին թվում էր, որ եթե ինքը դադարի աղմկել, գործն առաջ չի գնա:
Քաղցրահյութիկն ու Պոնչիկն էլ էին աշխատում: Նրանք տանձ էին գլորում, բայց տանձը չէր ուզում այն կողմը գլորվել, ուր պետք է, այլ գլորվում էր այնտեղ, ուր ամենևին պետք չէ, որ գլորվի: Ամեն մեկն էլ գիտե, որ տանձի ձևն ամենևին այնպիսին չէ, ինչպիսին խնձորինը, և եթե գլորեն, ապա կպտտվի նույն տեղում շրջանաձև: Դրանից բացի, տանձը շատ փափուկ էր: Ծառից ընկնելիս ջարդվել էր, իսկ Քաղցրահյութիկն ու Պոնչիկը գլորելիս ամբողջովին ճխլել էին նրա կողերը: Այդ պատճառով, նրանք ոտից գլուխ թաթախվել էին քաղցր հյութի մեջ և անընդհատ լիզում էին ձեռքերը:
-Դուք ի՞նչ եք տանձի հետ ֆռռում նույն տեղում: Ամբողջ տանձը ճխլեցիք,- գոռում էր նրանց վրա Անգետիկը: -Թե՞ վճռել եք քաղցրահյութ հանել դրանից: Ես ձեզ քաղցրահյութ ցույց կտամ:
Պտուտակիկն  ու Ագուցիկը կանգնեցրին մեքենան և սկսեցին նայել այդ տեսարանը:
-Է˜յ, Անգետիկ,- գոռաց Պտուտակիկը: -Իսկ ինչո՞ւ մեքենայացված չի ձեր գործը:
-Է՛հ, դուք էլ, մարդ այսքան խնձորի ձեռից չի իմանում ուր կորչի, ու դեռ մեքենայացում էլ հասցրու…Որտեղի՞ց ճարեմ ձեզ համար էդ մեքենայացումը:
-Ըհը՛, մի մեքենա արդեն կա,- պատասխանեց Բուբլիկը:
-Ինչի՞, մեքենան մեքենայացո՞ւմ է:
-Իհարկե, մեքենայացում է: Խնձորն ու տանձը մեքենայով կկրենք:
-Այդ է որ կա,- բացականչեց Անգետիկը: -Գտա˜: Հապա մի ծառի տակն արի, մենք հիմա խնձորն ուղիղ մեքենայի մեջ կգցենք:
-Կա՛ց, այդպես չի կարելի,- ասաց Պտուտակիկը,- Եթե խնձորը ծառից ուղղակի մեքենայի մեջ գցեք, և՛ խնձորը կվնասեք, և՛ մեքենան կփշրեք:
-Բա ի˜նչ, քո կարծիքով ծառից ձեռքով իջեցնե՞նք խնձորը:
-Ինչո՞ւ ձեռքով: Թոկով ցած կկախենք:
-Այդ է որ կա˜,- ճչաց Անգետիկը: -Դե՛, աչոնիկներ, թոկ բերեք այստեղ:
Աչոնիկներն իսկույն բերին թոկը: Անգետիկը վերցրեց ու սկսեց ֆռռացնել ձեռքի մեջ: Նա չգիտեր ինչ անի թոկը ու վարանած նայում էր դրան: Հետո այնպիսի տեսք ընդունեց, թե իբր ինչ-որ բան է մտածել: Թոկը երկարեց Պտուտակիկին ու ասաց.
-Դե՛, անցիր գործի:
Պտուտակիկը խնձորի ծառի ճյուղին գցեց թոկը և Հապճեպիկին պատվիրեց դրա վերևի ծայրը կապել խնձորի պոչին: Աչոնիկներից մի քանիսին պատվիրեց բռնել մյուս ծայրը:
-Հիմա սղոցիր,- հրամայեց նա Հապճեպիկին:
Մի քանի րոպե անց կոթն արդեն սղոցված էր, և խնձորը կախված էր թոկից: Պտուտակիկը Բուբլիկին պատվիրեց մեքենան քշել կախված խնձորի տակ: Աչոնիկներն սկսեցին կամաց-կամաց բաց թողնել խնձորը: Խնձորն ուղիղ մեքենայի թափքի մեջ իջավ: Թոկը քանդեցին, և մեքենան խնձորը տարավ տուն:
-Հենց հիմա երկրորդ մեքենան կբերենք,- ասաց Բուբլիկը:
Նրանք նստեցին մեքենան ու սլացան դեպի ավտոտնակ, ուր կանգնել էր Բուբլիկի մեքենան: Մի քանի րոպեից վերադարձան երկու մեքենայով: Մի մեքենան սկսեց խնձոր կրել, մյուսը՝ տանձ:
-Տեսա՞ք մեքենայացման գործած հրաշքը,- պարծենալով ասում էր Անգետիկը: -Աչոնիկներ, դուք երազում էլ երևի այդպիսի բան չէիք տեսել:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսաներկուերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսաներկուերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 24, 2019 Rating: 5
Технологии Blogger.