Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանմեկերորդ


Պտուտակիկի և Ագուցիկի վերադարձը

 Դիմանկարը զգուշորեն ձեռքին բռնած, Ալմաստիկը ցած իջավ, և նրան մի ակնթարթում շրջապատեցին աչոնիկները: Բոլորն ասում էին, թե գեղեցկությամբ նրա նկարն ավելի լավն է, քան Կապտաչիկինն ու Ձյունիկինը, բայց նմանությամբ՝ վատ է նրանցինից:
-Հիմարիկնե˜ր,- ասաց նրանց Ալմաստիկը: -Ձեզ համար գեղեցկությո՞ւնն է կարևոր, թե՞ նմանությունը:
-Իհարկե՛ գեղեցկությունը,- պատասխանեցին բոլորը:
Այդ ժամանակ շնչակտուր սենյակ ընկան Ծիծեռնակիկն ու Փիսոնիկը:
-Ա˜խ, ինչ դժբախտություն,- ճչացին նրանք: -Ա˜խ, մենք կուշաթափվենք:
-Ի՞նչ է պատահել,- վախեցան բոլորը:
-Այսօր մենք գնացինք հիվանդանոց…-սկսեց պատմել Ծիծեռնակիկը-…որպեսզի տուն տանենք դուրս գրվող մանչուկներին…-վրա բերեց Փիսոնիկը:
-…Բայց Մեղրածաղիկն ասաց, որ մանչուկներն արդեն դուրս են գրվել,- նրա խոսքը կտրեց Ծիծեռնակիկը:
-…Այդ ժամանակ մենք խնդրեցինք, որ մեզ ուրիշ մանչուկներ տան,- նորից վրա բերեց Փիսոնիկը և արագ-արագ վրա տվեց, որ Ծիծեռնակիկը չկտրի իր խոսքը: -Այդ ժամանակ Մեղրածաղիկը մեզ տվեց Երևիկին ու Հապճեպիկին, մենք նրանց տանում էինք փողոցով, իսկ նրանք փախան մեր մոտից ու ծառը մագլցեցին:
-Նրանք վախենում են, թե մենք կսկսենք դաստիարակել իրենց,- շտապ ավելացրեց Ծիծեռնակիկն ու ծիծաղեց:
-Շա˜տ պետքներս է նրանց դաստիարակել,- արհամարհանքով դեմքը ծամածռեց Փիսոնիկը:
-Հիմա որտե՞ղ են նրանք,- հարցրեց Կապտաչիկը:
-Մնացին ծառի վրա,- ասաց Ծիծեռնակիկը: -Նրանք դեռ խնձոր էլ կքաղեն…
-Հապա, մի գնանք տեսնենք,- առաջարկեց Ձյունիկը:
Երևիկն ու Հապճեպիկը նստել էին խնձորենու ճյուղին և, իրոք որ, փորձում էին խնձոր պոկել: Նրանք պտտում էին խնձորը, ջանալով կոտրել խնձորի պոչը: Հանկարծ փողոցում տեսան մի խումբ աչոնիկների, որոնք հեռվում կանգնած, հետաքրքրությամբ նայում էին նրանց: Աչոնիկների այդ ուշադրությունը նկատելով, Երևիկն ու Հապճեպիկը կրկնակի ուժով սկսեցին հիմա էլ ետ պտտել խնձորը: Երևիկը նույնիսկ փորձեց ատամներով կրծել խնձորի պոչը:
-Պա՛հ, դեռ մի խնձոր էլ չեն պոկել,- լսվեց ներքևից:
Երևիկն ու Հապճեպիկը նայեցին ներքև ու տեսան կապտաչիկ մի աչոնիկի, որ ծիծաղելով նայում էր իրենց:
-Իսկ դու լռի՛ր, կապտաչյա,- փնթփնթաց Երևիկը: -Կարծում ես, հե՞շտ է պոկելը:
-Իսկ եթե սղոց տամ՝ հեշտ կլինի՞:
-Բա˜ն ասաց: Դու մի սղոց տուր…- պատասխանեց Հապճեպիկը:
Կապտաչիկը վազեց հարևանի տուն և Հապճեպիկի համար սղոց բերեց: Մի րոպե անց կոթը սղոցվեց, և խնձորը թռավ ներքև:
-Դե, աչոնիկներ, եկեք խնձորը հավաքենք,- գոչեց Կապտաչիկը: -Մանչուկները որոշել են օգնել մեզ:
Աչոնիկներից մի քանիսը վազեցին գետնին ընկած խնձորի կողմը և, գլորելով տարան մոտակա բակը:
Կանաչ քաղաքում ամեն մի տան տակ մառան կար՝ մրգերը և բանջարեղենը պահելու համար: Աչոնիկները խնձորը գլորեցին հասցրին տան մոտ, բաց արին դուռը, որ գետնին հավասար էր շինված, և ներս հրեցին խնձորը: Դռան հետևը տախտակներից կամրջակներ էին շինված, որոնց վրայով խնձորն իրեն-իրեն գլորվում էր մառանը: Այդ անելուց հետո աչոնիկները ետ վազեցին, իսկ նրանց դեմհանդիման ուրիշ աչոնիկներ գլորում էին մի ուրիշ խնձոր:
Աշխատանքը եռում էր: Վազեվազ եկավ Ճպուռիկը: Նա ինչ-որ տեղից սղոց էր ճարել, շորի փոխարեն անդրավարտիք հագել, որ հագնում էր վոլեյբոլ խաղալիս, և նույնպես ծառը մագլցեց: Սղոցը նրա ձեռքին տեսնելով, Երևիկն ասաց.
-Է˜յ, դու: Դե, մի դեսը տուր սղոցը: Դու չես կարող:
-Հենց մենակ դո˜ւ կարող ես,- տաքացած պատասխանեց Ճպուռիկը:
Նա նստեց ճյուղին և, շրթունքը ատամի տակն առած, սկսեց խնձորի կոթը սղոցել: Երևիկը նախանձով նայում էր նրան, հետո ասաց.
-Արի միասին աշխատենք. առաջ դու սղոցիր՝ ես հանգստանամ, հետո ես կսղոցեմ՝ դու կհանգստանաս:
-Լա՛վ, համաձայնեց Ճպուռիկը:
Այդ ժամանակ վազեցին եկան աչոնիկներն այն տնից, ուր գտնվում էր ավտոտնակը, և իսկույն տարածվեց Պտուտակիկի և Ագուցիկի կորստյան լուրը: Աչոնիկները պատմեցին, որ Պտուտակիկն ու Ագուցիկը առավոտ վաղ գնացել են Ֆռռանաշեն և մինչև հիմա չեն վերադարձել:
 -Ըհը՛, տեսնո՞ւմ եք,- վրա տվեց Ծիծեռնակիկը,- ախր ես ասում էի: Շուտով բոլոր մանչուկները կփախչեն կգնան Ֆռռանաշեն: Նրանք չեն ուզի մեր քաղաքում ապրել:
-Է, թող փախչեն,- ասաց Կապտաչիկը: -Մենք զոռով ոչ ոքի չենք պահի:
Պտուտակիկի և Ագուցիկի խարդավանքի մասին խոսակցությունը բավարարեց մինչև երեկո: Թվում էր, թե Ծիծեռնակիկն ու Փիսոնիկը նույնիսկ ուրախ են, որ նրանք կորել են և չարախնդությամբ ծիծաղում էին:
Երբ Պտուտակիկի և Ագուցիկի վերադարձի հույսը բոլորովին մարել էր, փողոցի ծայրում մի մեքենա երևաց: Նա փնչոցով ու դռռոցով անցավ փողոցով: Աչոնիկները թողեցին աշխատանքն ու սլացան նրա հետևից: Փիսոնիկն ու Ծիծեռնակիկը վազում էին բոլորի առջևից ու գոռում.
- Պտուտակիկն ու Ագուցիկը վերադարձա˜ն: Պտուտակիկն ու Ագուցիկը վերադարձա˜ն: -Հետո նրանք կանգ առան ու ասացին. –Լռությո՛ւն: Ի՞նչ կարիք կա վազել մեքենայի հետևից: Կարող ենք վատ օրինակ ցույց տալ մանչուկներին:
Երբ աչոնիկները մոտեցան ավտոտնակին, տեսան, որ Պտուտակիկից ու Ագուցիկից բացի եկել է նաև Բուբլիկը:
-Իսկ սա ո՞վ է,- վրդովված ասաց Փիսոնիկը: -Սա կարծեմ Ֆռռանաշենցի Բուբլիկն է: Ինչո՞ւ եք եկել, Բուբլիկ: Մենք ձեզ չենք հրավիրել:
-Փա՛հ,- պատասխանեց Բուբլիկը: -Շա˜տ պետքս է ձեր հրավերը:
-Այ քեզ ու «փա˜հ»,- ասաց Ծիծեռնակիկը: -Մենք ձեզ մոտ չենք գալիս, դուք էլ մեզ մոտ մի եկեք:
-Իսկ դուք եկեք: Ի˜նչ կա որ: Մենք հո ձեզ դուրս չենք անում:
-Ո՞նց թե դուրս չեք անում: Ինքներդ հրավիրեցիք տոնածառի, իսկ հետո՝ տուր թե կտաս ձնագնդիներով:
-Դրա մեջ ի˜նչ կա որ: Մենք հենց այնպես, ուզում էինք ձնագնդի խաղալ ձեզ հետ: Դուք էլ մեզ պիտի խփեիք ձնագնդով:
-Դուք պետք է հասկանայիք, որ աչոնիկները չեն սիրում ձեռքերով ձյուն վերցնել:
-Դե, մի քիչ սխալվել ենք,- ուսերը թոթվեց Բուբլիկը: -Չէինք կարծում, թե դուք քթներդ կկախեք ու ընդմիշտ կնեղանաք մեզնից:
-Չէ՛, այդ դուք եք նեղացել ընդմիշտ: Ինչո՞ւ էիք Բևեռիկին մեզ մոտ ուղարկել: Երևի գիտեք, թե նա ինչե˜ր է արել այստեղ:
-Բևեռիկի համար մենք պատասխանատու չենք,- պատասխանեց Բուբլիկը: -Նա մեզ մոտ էլ ինչեր ասես, որ չի անում: Չարչարվում ենք, չարչարվում՝ վերադաստիարակել չենք կարողանում: Նրան մենք չէինք ուղարկել ձեզ մոտ: Նա ձեզ մոտ սեփական նախաձեռնությամբ էր աշխատում:
- «Աշխատո˜ւմ»,- փռթկացրեց Փիսոնիկը: -Նա դա աշխատա˜նք է անվանում: Չէ՛, էլ մենք ձեզ հետ բարեկամություն չենք անում: Ձեր կարիքը չունե˜նք: Հիմա մենք մեր մանչուկներն ունենք:
-Էհ, ես էլ ձեզ հետ ընկերություն չեմ անում: Թքե՛լ եմ ձեզ վրա: Ես ուղղակի Պտուտակիկին ու Ագուցիկին բերի, իսկ հիմա կնստեմ մեքենան ու կվերադառնամ:
Բուբլիկը զայրացավ ու մի կողմ քաշվեց: Բայց չմեկնեց: Նա տեսավ, որ Պտուտակիկն ու Ագուցիկը նորոգում են մեքենան և սկսեց օգնել նրանց: Այդպիսի ընկերական բնավորություն ունեն վարորդները: Եթե վարորդը տեսնի, որ մեկն ու մեկը վերանորոգում է մեքենան, նա անպայման մոտ կգնա և նույնպես կսկսի փորփրել, այս կամ այն մասը տնտղել կամ էլ ուղղակի խորհուրդներ տալ:
Երեքով չարչարվեցին մինչև ուշ գիշեր, բայց չհասցրին մեքենան նորոգել, որովհետև շատ գործ կար անելու:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանմեկերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանմեկերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 21, 2019 Rating: 5
Технологии Blogger.