Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնհինգերորդ


Հիվանդանոցում

Ձյունիկը կանգ առավ դռան մոտ և քաշեց զանգակի բռնակը: Զանգը հնչեց.«զը˜նգ-զը˜նգ»: Դուռը բացվեց: Շեմին հայտնվեց դայակը՝ սպիտակ խալաթով և գլխարկով, որի տակից դուրս էին թափվել ոսկեգույն խոպոպները:
-Վա˜յ, տեր աստված,- բացականչեց նա և վախեցած ձեռքերն իրար զարկեց,- մի հիվանդ էլ են բերել: Էլ տեղ չկա պառկեցնելու, ազնիվ խոսք: Եվ որտեղի՞ց էլ գտնում են սրանց: Ամբողջ տարին հիվանդանոցը դատարկ էր, ոչ ոք չէր ուզում բուժվել, իսկ այսօր արդեն տասնհինգերորդ հիվանդն է գալիս:
-Այս մանչուկն իսկի էլ հիվանդ չի,- պատասխանեց Ձյունիկը: -Նա ընկերներին այցելության է եկել:
-Հա˜, դե որ այդպես է, համեցե˜ք:
Աչոնիկներն ու Անգետիկը մտան բժշկի առանձնասենյակը: Մեղրածաղիկը նստել էր սեղանի առաջ և ինչ-որ բան էր գրում: Նրա առջև փռված էին հիվանդանոցային քարտեր, որոնց մեջ գրում են հիվանդությունների մասին: Ձյունիկին ու Կապտաչիկին տեսնելուն պես նա ասաց.
-Երևի եկել եք հիվանդներին տեսնելո՞ւ: Չի կարելի, չէ՛: Դուք մոռանում եք, որ նրանց հանգիստ է պետք: Իսկ դուք, Կապտաչիկ, արդեն սպեղանին ճակատների՞դ եք ման գալիս: Շնորհավորո˜ւմ եմ: Ախր, ես ասում էի, չէ՞: Ինձ հո քաջ հայտնի է, որ բավական է տանը մի մանչուկ հայտնվի, որ կապտուցներ և ուռուցքներ բուսնեն սրա-նրա ճակատին:
-Մենք իսկի էլ չենք ուզում հիվանդներին տեսնել,- պատասխանեց Ձյունիկը: -Հիվանդներին ուզում է այցելել, այ, այս մանչուկը՝ իրենց ընկերը:
-Ես այդ մանչուկին պատվիրել էի պառկել անկողնում, իսկ նա վեր է կացել առանց բժշկի թույլտվության և, ինչպես տեսնում եմ, արդեն սկսել է կռվել: Ես չեմ կարող հիվանդների մոտ թողնել նրան: Հիվանդանոցը կռվի տեղ չի:
-Ես իսկի էլ չեմ կռվի,- պատասխանեց Անգետիկը:
-Ո՛չ, ո՛չ,- խստությամբ պատասխանեց Մեղրածաղիկը և իր փայտե խողովակով թխկթխկացրեց սեղանին: -Մանչուկները միշտ ասում են. «Չե˜մ անի», իսկ հետո՝ կռվում են:
Անգետիկի հետ իր զրույցն ավարտած համարելով, Մեղրածաղիկը շուռ եկավ Կապտաչիկի կողմը.
-Հապա, սիրելիս, ցույց տվեք ձեր ճակատը:
Նա պոկեց սպեղանին և զննեց Կապտաչիկի ճակատը:
-Սպեղանին ձեզ այլևս պետք չէ,- ասաց Մեղրածաղիկը, վերջացնելով զննելը: -Գնանք ինձ հետ, սիրելիս, ձեր ճակատին կապույտ լույս կգցենք, և այլևս ոչ մի հետք չի լինի:
Կապտաչիկի հետ նա դուրս եկավ սենյակից: Անգետիկը կախարանին տեսավ սպիտակ խալաթ և թասակ: Առանց երկար ու բարակ մտածելու, նա հագավ այդ խալաթը, գլուխը խցկեց թասակը, հետո քթին ամրացրեց ակնոցը, որ Մեղրածաղիկը թողել էր սեղանին և, սեղանից վերցնելով փայտե խողովակը, սենյակից դուրս եկավ: Ձյունիկը հիացած նայում էր Անգետիկին, զարմանալով նրա համարձակության և հնարամտության վրա:
Անգետիկը անցավ միջանցքով, դուռը բաց արեց և հայտնվեց հիվանդանոցային պալատում, ուր պառկած էին նրա ճստլիկ ընկերները: Երբ մոտեցավ առաջին մահճակալին, տեսավ, որ այնտեղ պառկած է Փնթփնթիկը: Սրա դեմքը մռայլ էր ու դժգոհ:
-Ինչպե՞ս եք զգում, հիվանդ,- հարցրեց Անգետիկը, ջանալով խոսել ոչ իր ձայնով:
-Հիանալի˜,- պատասխանեց Փնթփնթիկը, և այդ ասելիս նա այնպես ծամածռեց դեմքը, ասես մտադիր էր հինգ րոպե հետո մեռնել:
-Վե՛ր կացեք, հիվանդ,- հրամայեց Անգետիկը:
Փնթփնթիկը դժկամությամբ վեր կացավ և նստեց անկողնում՝ բութ հայացքով առջևը նայելով:
Անգետիկը նրա կրծքին դրեց փայտե խողովակը և ասաց.
-Շնչեցե՛ք:
-Դե, սա ի՞նչ բան է,- փնթփնթաց Փնթփնթիկը: -Մի գլուխ վե՛ր կաց, պառկի՛ր, շնչի՛ր, մի՛ շնչիր:
Անգետիկը խողովակով թխկթխկացրեց նրա գլխին ու ասաց.
-Փնթփնթիկ, դու ամենևին չես փոխվել: Փնթփնթում ես ինչպես միշտ:
Փնթփնթիկը զարմացած նայեց նրան.
-Անգետի˜կ:
-Սո՛ւս,- ֆշշաց Անգետիկը:
-Լսիր, Անգետիկ, ազատիր ինձ այստեղից,- փսփսաց Փնթփնթիկը: -Ես բոլորովին առողջ եմ, ազնի˜վ խոսք: Ծունկս պլոկվել էր, հիմա համարյա թե չի ցավում, բայց պահում են անկողնում, շորերս չեն տալիս: Էլ հալ չկա վրաս: Ես ման գալ եմ ուզում, հասկանո՞ւմ ես:
Փնթփնթիկը կպել էր Անգետիկի թևքից ու չէր ուզում բաց թողնել:
-Լա՛վ,- պատասխանեց Անգետիկը,- մի քիչ դիմացիր, մի բան կմտածեմ: Մենակ թե խոստացիր, որ սրանից հետո ինձ կլսես, իսկ եթե աչոնիկները հարցնեն, թե ո՞վ է հորինել օդապարիկը, կասես՝ Անգետիկը:
-Լա՛վ, լա՛վ,- գլխով արեց Փնթփնթիկը: -Մենակ թե դու մի բան արա:
-Կարող ես չանհանգստանալ,- հուսադրեց նրան Անգետիկը: Հետո մոտեցավ հաջորդ մահճակալին, որին պառկած էր բժիշկ Հաբիկյանը:
-Սիրելիս, փրկի˜ր,- շշնջաց Հաբիկյանը: -Հասկանո՞ւմ ես, ախր ես ո՞նց դիմանամ: Ամբողջ կյանքումս ես եմ ուրիշներին բուժել, իսկ հիմա ինձ են բուժում:
-Դու էլ հիվանդ չես, ի՞նչ է:
-Ի˜նչ հիվանդ, ի˜նչ բան: Մի քերծվածք ուսիս վրա կար, մի ճանկռվածք էլ՝ քթիս տակ: Դրա համար արժե՞ հիվանդանոցում պառկել:
-Բա ինչո՞ւ ես քեզ այստեղ պահում:
-Դե, գիտես ինչ, հիվանդանոցը դատարկ է, մարդ չեն գտնում, որ բուժեն, իսկ սրանք ուզում են որևէ մի հիվանդի խնամեն: Ախր աչոնիկներ են, է˜: Ու ո˜նց են բուժում: Թյո՛ւ: Դրսից մեղրի սպեղանի են դնում, ներսի համար էլ մեղր են խմեցնում: Ախր դա ճիշտ չէ. դրսից հարկավոր է յոդ, իսկ ներսից՝ լուծողական: Ես համաձայն չեմ բուժման այս մեթոդին:
-Ե՛ս էլ համաձայն չեմ,- հարևան մահճակալից հայտարարեց Երևիկը: -Քայլել չի՛ կարելի, վազել չի՛ կարելի, իրար բռնոցի չի՛ կարելի, ջարդոցի՝ նույնպես: Նույնիսկ երգել չի կարելի: Բոլորի շորերը հավաքել են, ձեռները մի-մի թաշկինակ դրել: Պառկիր ու քիթդ մաքրիր՝ ահա քո ամբողջ զվարճությունը:
-Ինչո՞ւ եկաք հիվանդանոց:
-Դե, երեկ, քաղաքից դուրս, մենք թափվեցինք զամբյուղից ու պառկեցինք քնելու: Լուսադեմին աչոնիկներն արթնացրին մեզ ու ասում են. «Որտեղի՞ց եք այստեղ ընկել, մանչուկներ»: «Մենք,- ասում ենք,-օդապարիկով թռչելիս վայր ենք ընկել, ջարդվել»: «Ա˜խ, դուք ջարդվե՞լ եք: Ա˜խ, ձեզ բուժել է պետք: Ա˜խ, գնանք հիվանդանոց»: Մենք էլ եկանք:
-Ուրեմն ոչ ոք հիվանդ չի:,- հարցրեց Անգետիկը:
-Չէ՛, մենակ Փամփուշտիկն է հիվանդ:
Անգետիկը մոտեցավ Փամփուշտիկին.
-Քեզ ի՞նչ է եղել:
-Ոտքս է դուրս ընկել: Բոլորովին քայլել չեմ կարող: Բայց դրա մասին չեմ մտածում: Գիտե՞ս, իմ Քոթոթիկն է կորել: Ընկեր ես, չէ՞, մի բարի գործ արա, փնտրիր Քոթոթիկին: Նա երևի մոտերքում մի տեղ է: Ախր ես տեղիցս շարժվել չեմ կարող:
-Լավ,- ասաց Անգետիկը: -Ես կփնտրեմ Քոթոթիկին, իսկ դու բոլորին ասա, որ օդապարիկը ես եմ հորինել:
Անգետիկը մեկ-մեկ մոտեցավ բոլոր մանչուկներին և նախազգուշացրեց, որ ասեն, թե իբր ինքն է շինել օդապարիկը: Վերջապես նա վերադարձավ բժշկի առանձնասենյակը: Ձյունիկն անհամբերությամբ նրան էր սպասում:
-Դե՛, ինչպե՞ս են զգում հիվանդները,- հարցրեց նա:
-Ի˜նչ հիվանդ, ի˜նչ բան,- ձեռքը թափ տվեց Անգետիկը: -Մենակ Փամփուշտիկն է մի քիչ տկար:
-Ուրեմն, շուտով նրանց դո՞ւրս կգրեն,- ուրախացավ Ձյունիկը: -Գիտե՞ք՝ ինչ մտածեցի: Հիվանդների ոտքի ելնելու առթիվ մենք պարահանդես կկազմակերպենք: Ա˜յ քեզ զվարճություն:
-Չի երևում, թե սրանց դուրս գրելու միտք ունեն,- պատասխանեց Անգետիկը:
Հենց այդ պահին Մեղրածաղիկն ու Կապտաչիկը վերադարձան:
-Ինչո՞ւ եք հագել խալաթը: Սա ի՞նչ ինքնիշխանություն է,- հարձակվեց Մեղրածաղիկը:
-Ոչ մի ինքնիշխանություն չկա,- պատասխանեց Անգետիկը: -Պարզապես գնացել էի քննելու, և ուրիշ ոչինչ:
-Եվ ի՞նչ ցույց տվեց ձեր հետազոտությունը,- ծաղրանքով հարցրեց Մեղրածաղիկը:
-Հետազոտությունը ցույց տվեց, որ բոլոր հիվանդները, բացի մեկից, ողջ-առողջ են, և նրանց արդեն կարելի է դուրս գրել:
-Ո՛չ, ո՛չ,- վախեցած վրա բերեց Մեղրածաղիկը: -Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե միանգամից դուրս գրենք տասնչորս մանչուկի: Նրանք ամբողջ քաղաքը տակնուվրա կանեն: Ոչ մի ապակի չի մնա, բոլորը կապտուցներ և ուռուցքներ կվաստակեն: Կապտուց հիվանդությունից խուսափելու նպատակով մենք մանչուկներին պիտի պահենք հիվանդանոցում:
-Գուցե կարելի է քիչ-քիչ դուրս գրել,- ասաց Կապտաչիկը: -Գոնե՝ օրը մի մանչուկի:  
-Մեկ-մեկ քիչ է, գոնե օրը՝ երկուսին,- ասաց Ձյունիկը: -Մենք ուզում ենք ինչքան հնարավոր է շուտ պարահանդես կազմակերպել նրանց ապաքինման առիթով:
-Դե, լավ,- համաձայնեց Մեղրածաղիկը: -Մենք ցուցակ կկազմենք և վաղվանից մեկական հիվանդ դուրս կգրենք:
Ձյունիկը ծափ տվեց և նետվեց Մեղրածաղիկին գրկելու:
-Չէ՛, երկուսին, ջանիկս, երկուսի˜ն: Ես այնպես եմ ուզում, որ նրանք շուտ դուրս գրվեն: Ախր, դուք էլ եք ուզում պարահանդես գալ: Դուք այնպես սքանչելի եք պարում:
-Դե լավ, երկու-երկու,- փափկեց Մեղրածաղիկը: -Կսկսենք դուրս գրել ամենահանգիստներին: Դուք պետք է օգնեք ինձ,- դիմեց նա Անգետիկին: -Ո՞վ է նրանցից ամենահանգիստը:
-Դե բոլորն էլ հանգիստ են,- բացականչեց Անգետիկը:
-Այ, դրան արդեն բնավ չեմ հավատում: Խաղաղ մանչուկներ չեն լինում: Նրանց համար անպայման հարկավոր է որևէ գործ գտնել, որ զբաղվեն և չարաճճիությունները մոռանան:
-Այդ դեպքում, առաջին հերթին դուրս գրենք վարպետներին՝ Պտուտակիկին և Ագուցիկին: Նրանք կարող են իսկույն զբաղվել մեր մեքենայով,- ասաց Կապտաչիկը:
-Լա˜վ միտք է.- հավանություն տվեց Մեղրածաղիկը: -Այ, մենք էլ կսկսենք այդ Պտուտակիկից և Ագուցիկից:
Եվ նա թղթի վրա գրեց Պտուտակիկի և Ագուցիկի անունները:
-Սրանցից հետո ես կուզեի դուրս գրել Փնթփնթիկին,- ասաց Մեղրածաղիկը: -Այնպես անտանելի է նա: Ոչ մեկին հանգիստ չի տալիս, ամբողջ օրը փնթփնթում է:
-Չէ, հարկավոր չի,- առարկեց Անգետիկը: -Ավելի լավ է Փնթփնթիկին պահեք հիվանդանոցում, որ փնթփնթոցին վերջ տա:
-Այդ դեպքում կարելի է Հաբիկյանին դուրս գրել: Նա դժգոհ է մեր հիվանդանոցից և միշտ քննադատում է բուժման մեր մեթոդները: Ես դեմ չեմ նրանից ազատվելուն:
-Չէ, Հաբիկյանին էլ պետք չէ դուրս գրել,- պատասխանեց Անգետիկը: -Ամբողջ կյանքում նա բուժել է ուրիշներին, հիմա էլ թող ինքը բուժվի: Ավելի լավ է Ներկամոլիկին դուրս գրեք, նա լավ նկարիչ է և իսկույն աշխատանք կճարվի նրա համար: Ներկամոլիկն իմ աշակերտն է: Ես եմ նրան նկարել սովորեցրել:
-Ճիշտ է, ջանիկս,- աղերսեց Ձյունիկը: -Չի՞ կարելի այսօր դուրս գրել Ներկամոլիկին: Ես նրան կխնդրեմ նկարել ինձ:
-Տավղիկին էլ,- վրա բերեց Անգետիկը: -Նա էլ է իմ աշակերտը: Ես եմ նրան սովորեցրել նվագել ֆլեյտայի վրա:
Ձյունիկը նորից նետվեց Մեղրածաղիկին գրկելու:
-Դուրս գրեք Ներկամոլիկին ու Տավղիկին: Խնդրում եմ:
-Դե լավ, դրանց համար բացառություն կանենք,- մեղմացավ Մեղրածաղիկը: -Բայց մնացածներին ըստ հերթի պիտի դուրս գրենք:
Վերջապես ցուցակը կազմվեց: Մեղրածաղիկը կարգադրեց հանդերձարանից տալ Ներկամոլիկի և Տավղիկի հագուստները: Եվ մի քանի րոպե անց, երկուսն էլ, հրճվանքից շողալով, հայտնվեցին առանձնասենյակում:
-Մենք ձեզ դուրս ենք գրում,- ասաց Մեղրածաղիկը: -Աշխատեցեք լավ պահել ձեզ, հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք նորից հիվանդանոց բերել ձեզ:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնհինգերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնհինգերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 04, 2019 Rating: 5
Технологии Blogger.