Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնյոթերորդ


Պտուտակիկի և Ագուցիկի արշավանքը դեպի Ֆռռանաշեն

 Դուրս եկեք դուք շարք-շարքի
Ու պատրաստվեք մարզանքի,
Օրդ լիցքով սկսիր,
Ծուլությունը քո վանիր:

Լիցքի մասին պոետ Ծաղկանունու հորինած այս երգն էին երգում Պտուտակիկն ու Ագուցիկը:
Վաղ առավոտ էր, և Կանաչ քաղաքում դեռ բոլորը քնած էին, իսկ Պտուտակիկն ու Ագուցիկն արդեն փողոցով քայլում էին՝ երգելով ու ընթացքում մարզանք անելով: Դեռ երեկվանից իմանալով, որ առավոտյան իրենց դուրս են գրելու հիվանդանոցից՝ մեքենան նորոգելու համար, նրանք արթնացան մութուլուսին և պահանջեցին, որ անմիջապես դուրս գրեն իրենց: Մեղրածաղիկը, որ աշխարհում ամենից շատ աղմուկից էր վախենում, կարգադրեց շուտ տալ նրանց հագուստները:
Դեռ հեռվից երգի հնչյունները լսելով, շատ աչոնիկներ արթնացան և լուսամուտից դուրս նայեցին, ոմանք նույնիսկ փողոց դուրս եկան:
-Է˜յ, աչոնիկներ, ո՞րն է ձեր ավտոտնակը,- բղավեց Պտուտակիկը:
-Գնանք, ես ձեզ ցույց կտամ,- իր ծառայությունն առաջարկեց կարմիր գլխարկով և սև, փափկափետուր թրթուրե օձիք ունեցող կապույտ վերակուով մի աչոնիկ:
-Դե՛, ցույց տուր, ա՞ջ գնանք, թե՞ ձախ,- ասաց Պտուտակիկը:
-Աջ,- պատասխանեց աչոնիկը, հետաքրքրությամբ զննելով նրանց բաճկոնները:
-Դեպի աջ, քայլո˜վ մա՛րշ,- հրաման տվեց Պտուտակիկը և շուռ գալով քայլեց փողոցով: -Մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ:
Ագուցիկը համաչափ քայլում էր նրա հետևից: Աչոնիկը հազիվ էր հասնում և ցատկոտելով վազում էր նրանց հետևից:
Քայլվածքի թափից Պտուտակիկն ու Ագուցիկը անցան ավտոտնակի դարպասի մոտով:
-Կանգնեցե˜ք, կա˜նգ առեք,- ճչաց աչոնիկը: -Ավտոտնակն անցաք:
-Ե˜տ դա՛րձ,- հրամայեց Պտուտակիկը:
Երկուսն էլ ետ դարձան ու վերադարձան դարպասի մոտ: Աչոնիկը բաց արեց դռնակը: Երեքով ներս մտան բակ, ուր տնից ոչ հեռու, կղմինդրածածկ մի ցախանոց կար:
-Այ թե ավտոտնակ է, հա˜: Սա ցախանոց է, ոչ թե ավտոտնակ,- քրթմնջաց Ագուցիկը, բաց անելով լայն երկփեղկանի դուռը:
Պտուտակիկը ներս նայեց ու տեսավ մեքենան:
Ավտոտնակին մոտեցան մի քանի աչոնիկ ևս:
-Այստեղ մութ է,- ասաց Պտուտակիկը: -Հապա եկեք մի դուրս քշենք մեքենան:
-Ախր սա փչացած է, չի շարժվում,- ասացին աչոնիկները:
-Ոչի˜նչ, մենք կհրենք: Դե՛, մի բոթեցեք հետևից: Դե, հը՛, հուպ տվեք, մե՛կ էլ, հո˜պ:
Մեքենան ճռճռաց, խզխզոցով ու ճռռոցով դուրս եկավ ավտոտնակից:
Պտուտակիկն ու Ագուցիկը վայրկենաբար մեքենայի տակ սողացին:
Աչոնիկները կանգնել էին շուրջը ու շվարած նայում էին անիվների տակ:
-Պա՛հ,- երբեմն-երբեմն լսվում էր մեքենայի տակից,- բաքը փչացել է: Պահո˜, պնդօղակ չկա: Էհե˜, քաղցրահյութ փոխանցող խողովակը պայթել է, պահո˜…
Վերջապես, նրանք դուրս եկան անիվների տակից:
Հապա, մի այստեղ բերեք պնդօղակների բանալին, տափակբերան աքցանը, մուրճն ու զոդիչը,- ասաց Պտուտակիկը աչոնիկներին:
-Մենք դրանցից ոչ մեկն էլ չունենք:
-Ո՞նց թե չունեք: Բա դուք ի՞նչ ունեք:
-Սղոց ունենք ու մեկ էլ կացին:
-Ա˜խ, դուք: Կացնով մեքենա կվերանորոգվի՞: Այստեղ մոտերքում մանչուկներ կա՞ն:
-Մանչուկներ միայն Ֆռռանաշենում կան:
-Հեռո՞ւ է:
-Ոտքով մի ժամվա ճանապարհ է:
-Այդ ձեզ համար մի ժամվա, իսկ մենք շուտ կհասնենք: Ասացեք, թե ոնց գնանք:
-Ահա, փողոցով դեպի աջ գնացեք, հետո՝ միշտ ուղիղ: Հետո ճանապարհը դաշտով է գնում, ուղիղ գնացեք այդ ճանապարհով և Ֆռռանաշեն կընկնեք:
-Հասկանալի է,- պատասխանեց Պտուտակիկը: -Դե՛, քայլով մա՛րշ…Թողնե˜լ,- հանկարծ հրաման տվեց նա: -Աչոնիկներ, դուք փալաս-փուլուս ճարեք ու մինչև մեր գալը մի լավ սրբեք մեքենան: Մեքենան, եղբայրս, խնամք է սիրում:
-Լավ,- համաձայնեցին աչոնիկները:
-Դե, հիմա՝ քայլով մա՛րշ:
Երկուսն էլ դեպի փողոց քայլեցին: Աջ թեքվելով, Պտուտակիկը հրաման տվեց.
-Երգե˜լ:
Եվ մեր բարեկամները զիլ ու զրնգուն ձայնով երգեցին.
Գնում էի լեռով, ձորով
Եվ հիանում ծաղիկներով,
Անցնում բլրակ ու արահետ՝
Իմ սիրելի ընկերոջ հետ:

Կանաչ գորտին հանկարծ տեսանք,
Շտապ-շտապ մենք տեղ հասանք,
Ներս վազեցինք դեպի տուն,
Ասացինք՝ վա˜յ, օգնություն:
Երբ այդ երգը վերջացավ, նրանք մի ուրիշն սկսեցին, հետո՝ էլի ու էլի:
Շուտով նրանք քաղաքից դուրս եկան ու քայլեցին ճանապարհով: Մի ժամ էլ չէր անցել, երբ հեռվում երևաց Ֆռռանաշեն քաղաքը: Հենց այդ ժամանակ Պտուտակիկն ու Ագուցիկը ճանապարհի մեջտեղը մի ավտոմեքենա տեսան: Մոտիկ գնալով նրանք մեքենայի տակ տեսան մի մանչուկ: Նրա գլուխն ու կուրծքը ամբողջովին ծածկված էր թափքի տակ, դրսից երևում էին յուղոտ, սև ոտքերը միայն:
-Է˜յ, եղբայր, արև ես ընդունո՞ւմ,- ձայն տվեց նրան Ագուցիկը:
Մանչուկը մեքենայի տակից հանեց իր թուխ, գանգրահեր գլուխը:
-Հա՛, ինչպես տեսնում ես, ստիպված եմ արև ընդունել մեքենայի տակ:
-Ի՞նչ է պատահել, որ:
-Տեղից չի շարժվում էս անիծածը: Չես հասկանում՝ քաղցրահյո՞ւթը չի փոխանցում, թե՞ գազի չափն է խախտվել: Ոչ մի կերպ չեմ գտնում:
Մանչուկը դուրս եկավ ու անվին ուժեղ աքացի տվեց:
Նա հագել էր մի սև բաճկոն, որը տաբատի նման այնպես անտանելի յուղոտ էր, որ թվում էր թե կաշվից է կարած: Ըստ երևույթին այդ վայ-վարորդն այնքան մեքենայի վրա չէր լինում, որքան պառկում էր նրա տակ, փնտրելով ու կարգի բերելով զանազան տեսակի խափանումներ, որ, ի միջի այլոց, հաճախ է պատահում գազով աշխատող մեքենաների շատ տերերի հետ:
Պտուտակիկը պտույտ եկավ մեքենայի շուրջը, զննեց մեխանիզմը և, պատճառը չգտնելով, սուզվեց մեքենայի տակ: Մեքենայի տակ փորփրելուց հետո նա դուրս սողաց և կանգնեց՝ մտախոհ քորելով ծոծրակը: Հետո մեքենայի տակ սողաց Ագուցիկը, հետո՝ դարձյալ մեքենայի տերը: Այսպես նրանք հերթով մերթ տակն էին մտնում, մերթ էլ կանգնում ու ծոծրակները քորելով տարակուսած նայում մեքենային:
Վերջապես, Պտուտակիկին հաջողվեց գտնել մոտորի խափանման պատճառը: Մեքենան աշխատեց: Վարորդն ուրախացել էր և երախտագիտությամբ սեղմում էր Պտուտակիկի ու Ագուցիկի ձեռքերը:
-Շնորհակալ եմ, եղբայրներ: Առանց ձեզ ես մինչև երեկո արևի տակ պիտի խանձվեի: Ո՞ւր եք գնում: Նստեցեք տանեմ:
Պտուտակիկն ու Ագուցիկը ասացին, թե որն է իրենց ուղևորության նպատակը:
-Պնդօղակների բանալի, տափակբերան աքցան ու մուրճ ունեմ ես, կարող եմ տալ: Միայն զոդիչ չունեմ,- ասաց վարորդը:
-Իսկ ձեր քաղաքում մեկն ու մեկից չի՞ կարելի ճարել:
-Ինչո՞ւ չի կարելի: Շատ էլ լավ կարելի է: Մեր մեխանիկ Շուրուպիկն ունի զոդիչ: Գնանք նրա մոտ:
Երեքով նստեցին մեքենան և մի քանի րոպե անց արդեն գտնվում էին Ֆռռանաշենի գլխավոր փողոցում:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնյոթերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնյոթերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 00:50:00 Rating: 5
Технологии Blogger.