Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնութերորդ


Ֆռռանաշենում

 Ֆռռանաշեն քաղաքը փռված էր գետափին: Այստեղ ծառեր չկային, դրա համար էլ փողոցներն այնքան գեղեցիկ չէին, որքան Կանաչ քաղաքի փողոցները: Դրա փոխարեն ամենուրեք շատ ծաղիկներ կային, ինչպես Ծաղկառատ քաղաքում: Տներն այստեղ շատ գեղեցիկ էին: Տանիքներից ամեն մեկի վրա բարձրանում էր մի ձող, որի ծայրը զարդարված էր կամ փայտե աքաղաղով, որ, նայած քամու ուղղությանը, այս ու այն կողմ էր շուռ գալիս կամ էլ անընդհատ պտտվող խաղալիք քամաղացով: Այդ քամաղացներից շատերին ամրացած էին փայտե ճռիկներ, որոնք անընդհատ ճռճռում էին: Քաղաքի վրա, այս ու այնտեղ, թղթից շինած ֆռռաններ էին ճախրում, դրանից էլ քաղաքն ստացել էր իր անունը՝ Ֆռռանաշեն: Բնակիչներն այդ ֆռռանները սարքել էին հատուկ շչակների նման: Այդպիսի շչակը շատ պարզ կառուցվածք ունի: Դա սարքվում է թելի վրա ձգված սովորական թղթի շերտից: Քամու տակ այդ թղթի շերտը տատանվում է՝ արձակելով բավական տհաճ դռռացող կամ շչացող ձայն:
Ֆռռանների բազմաձայն շաչյունը խառնվում էր հողմաղացների ճռճռոցին, որի շնորհիվ քաղաքում անընդհատ բվվոց էր տիրում:
Տների լուսամուտները ապահովված էին հատուկ ցանցապատ խլափեղկերով: Երբ քաղաքի փողոցներում սկսվում էր ֆուտբոլի խաղը, որով ևս շատ էին հրապուրվում քաղաքի բնակիչները, տների խլափեղկերը փակվում էին: Նման կատարելագործված ցանցապատ խլափեղկերը բավականին լույս էին ներս թողնում և միևնույն ժամանակ հիանալի պաշտպանում էին ապակիները ֆուտբոլի գնդակից, որ անբացատրելի պատճառներով, չգիտես ինչու, միշտ թռչում էր ոչ այնտեղ, ուր պետք է, այլ անպայման դեպի լուսամուտը:
Անցնելով գլխավոր փողոցով, մեքենան շուռ եկավ դեպի նրբանցքը և կանգ առավ դռնակ ունեցող տախտակաշեն դարպասի առաջ: Դարպասի գլխին բարձրանում էր փայտե ձողը, որի ծայրը զարդարված էր փայլուն ապակե գնդով. սրա մեջ, հայելու պես, գլխիվայր արտացոլվում էր ողջ փողոցը՝ տներով, ցանկապատերով և դարպասին մոտեցող մեքենայով:
Վարորդը, որին, ի միջի այլոց, Բուբլիկ էին ասում, դուրս եկավ մեքենայից և, մոտենալով դռնակին, սեղմեց պատի մեջ խրված կոճակը: Դռնակը անաղմուկ բացվեց:
-Մտե՛ք,- Պտուտակիկին ու Ագուցիկին ներս հրավիրեց Բուբլիկը: -Ես ձեզ կծանոթացնեմ Շուրուպիկի հետ: Շատ հետաքրքիր անձնավորություն է: Այ, կտեսնեք:
Երեք ընկերները մտան բակ, թեքվելով ձախ՝ քայլեցին դեպի տուն: Քարե փոքր սանդուղքով նրանք վեր բարձրացան: Բուբլիկը փնտրեց գտավ կոճակն ու սեղմեց: Դուռն անմիջապես անաղմուկ բացվեց և մեր բարեկամները հայտնվեցին սենյակում:
Սենյակը բոլորովին դատարկ էր, առանց կահույքի, եթե չհաշվենք պատին կախված ճոճացանցը, որի մեջ, ոտքերն իրեն քաշած և ձեռքերը գրպանները խրած, պառկել էր երկնագույն կոմբինեզոնով մի ճստլիկ:
-Դու մինչև հիմա քնա՞ծ ես, Շուրուպիկ,- ողջունեց նրան Բուբլիկը: -Վաղուց արդեն առավոտ է:
-Իսկի էլ քնած չեմ, ես մտածում եմ,- պատասխանեց Շուրուպիկը, գլուխը հյուրերի կողմը դարձնելով:
-Ահա ծանոթացի՛ր, սրանք վարպետներ Պտուտակիկն ու Ագուցիկն են: Սրանց զոդիչ է հարկավոր:
-Բարև ձեզ: Նստեցեք, խնդրեմ,- պատասխանեց Շուրուպիկը:
Պտուտակիկն ու Ագուցիկը շփոթված շուրջները նայեցին. սենյակում չկար մի բան, որի վրա կարելի լիներ նստել, բայց Շուրուպիկը ձեռքը մեկնեց և սեղմեց պատի վրայի կոճակը: Իսկույն ևեթ դիմացի պատի մոտ երեք աթոռ բացվեց, որոնք շինված էին թատրոնի բացովի աթոռների օրինակով:
Պտուտակիկն ու Ագուցիկը նստեցին:
-Դուք նկատեցի՞ք, որ ինձ մոտ ամեն ինչ կոճակներով է,- հարցրեց Շուրուպիկը: -Մի կոճակը սեղմես՝ դուռը կբացվի, մյուսը սեղմես՝ աթոռը կբացվի, իսկ եթե ձեզ սեղան է հարկավոր, խնդրե˜մ…
Շուրուպիկը սեղմեց մյուս կոճակը: Պատից դուրս ընկավ սեղանի երեսը ու քիչ մնաց աթոռին նստած Պտուտակիկի գլխին դիպչեր:
-Շատ հարմար է, չէ՞,- հարցրեց Շուրուպիկը:
-Սքանչելի է,- հաստատեց Պտուտակիկը և վախվորած շուրջը նայեց, որ հանկարծ մի բան էլ գլխին չդիպչի:
-Ֆանտաստիկայի սահմանին հասած տեխնիկա,- պարծենալով ասաց Շուրուպիկը:
-Միակ անհարմարությունն այն է, որ նստել կարելի է միայն պատի մոտ:
-Այ, ես հենց նոր մտածում էի, թե ինչպես անեմ, որ աթոռները կարելի լինի շարժել,- պատասխանեց գյուտարարը:
-Գուցե ուղղակի սովորական աթոռնե՞ր շինեք,- ասաց Ագուցիկը:
-Հա˜, դա լավ միտք է: Հարկավոր է հորինել ամենահասարակ, սովորական աթոռ,- ուրախացավ Շուրուպիկը: -Ախր ամեն մի հանճարեղ բան պարզ է լինում: Ինչպես երևում է, դու էլ ես մեխանիկ, եղբայր ջան:
-Մեխանիկ եմ,- պատասխանեց Ագուցիկը: -Երկուսս էլ մեխանիկ ենք:
-Ուրեմն ձեզ զոդի՞չ է հարկավոր:
Շուրուպիկը մի կոճակ էլ սեղմեց և, ի զարմանս հանդիսականների, ճոճացանցն սկսեց դանդաղորեն վայր իջնել: Նա իջավ այնքան, մինչև որ մեջը պառկած Շուրուպիկը ձգվեց հատակին:
-Սովորական ճոճացանցից դուրս գալիս ձեր ոտքը կարող է պարանին առնել, և դուք կընկնեք ու կջարդեք ձեր քիթը,- ասաց Շուրուպիկը, վեր կենալով հատակից: -Իմ մեքենայացված ճոճացանցում այդ վտանգն, ինչպես տեսնում եք, միանգամայն վերացված է: Դուք հանգիստ իջնում եք հատակին, որից հետո վեր եք կենում: Նույն այդ ձևով, եթե ուզում եք պառկել քնելու, դուք պառկում եք հատակին, սեղմում կոճակը, և ճոճացանցն ինքը ձեզ բարձրացնում է համապատասխան բարձրության վրա:
Շուրուպիկն սկսեց գնալ-գալ սենյակում և սեղմել զանազան կոճակներ, որի հետևանքով բացվում էին նոր սեղաններ, աթոռներ ու թարեքներ, բացվում էին զանազան պահարանների ու պահեստների դռներ: Վերջապես, նա սեղմեց և՛ս մի կոճակ ու ընկավ հատակի տակ:
-Այստե˜ղ եկեք,- մի րոպե անց բակից լսվեց նրա ձայնը:
Ընկերները բակ դուրս եկան:
-Այստեղ իմ ավտոտնակն է,- ասաց Շուրուպիկը, Պտուտակիկին ու Ագուցիկին առաջնորդելով դեպի երկաթե լայն դուռ ունեցող քարե շինությունը:
Նա սեղմեց կոճակը, և դուռը թատրոնի վարագույրի նման վեր բարձրացավ: Դռան հետևում հայտնվեց բազմանիվ զարմանահրաշ մի մեքենա:
-Սա ութանիվ շոգեավտոմեքենա է, արախիսի սառուցիչով,- բացատրեց Շուրուպիկը: -Չորս անիվը ներքևն են, չորսն էլ՝ վերևը: Սովորաբար մեքենան շարժվում է ներքևի անիվների վրա. վերևի անիվներն արված են այն դեպքի համար, եթե մեքենան շուռ գա: Ութ անիվն էլ դրված են անկյան տակ, այսինքն՝ թեք, որի շնորհիվ մեքենան կարող է շարժվել ոչ միայն այնպես, ինչպես բոլոր մեքենաները, այլ կողքի և նույնիսկ մեջքի վրա, այսինքն գլխիվայր: Այսպիսով կանխվում են բոլոր տեսակի վթարները:
Շուրուպիկը մտավ մեքենայի մեջ, ցուցադրեց նրա ընթացքը բոլոր չորս դիրքերով, որից հետո շարունակեց իր բացատրությունները:
-Սովորական բաքի փոխարեն,- ասաց նա,- մեքենան ունի կաթսա՝ գազախառն ջուր տաքացնելու համար: Տաքացած ջրից անջատվող գոլորշին ավելացնում է ճնշումը մխոցի վրա, որի շնորհիվ անիվներն ավելի արագ են պտտվում: Կաթսայի հետևում կա մի բանկա՝ արախիսով պաղպաղակ պատրաստելու համար, որն անհրաժեշտ է գլանը սառեցնելիս: Ջերմությունից հալված պաղպաղակը խողովակով մտնում է կաթսան և ծառայում շարժիչը յուղելու համար: Մեքենան չորս արագություն ունի. առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ, ինչպես նաև ետ և կողքի շարժվելու հնարավորություն: Մեքենայի հետևի մասում կա սպիտակեղեն լվալու հարմարանք: Լվացքը կարելի է անել շարժման ժամանակ՝ ուզածդ արագության պահին: Հանգիստ վիճակում, այսինքն՝ կանգառներում, մեքենան փայտ է կոտորում, կավ է հունցում ու կղմինդրներ շինում, ինչպես և կարտոֆիլ մաքրում:
Այդ արտասովոր մեքենայով զարմանալուց հետո բարեկամները անցան Շուրուպիկի արհեստանոցը, որ լիքն էր հին ու մին բաներով: Այնտեղ կային հին, ջարդված հեծանիվներ, հեծանվի մասեր, ինքնաշարժեր և բազմաթիվ փայտե ֆռռիկներ ու պտտանիվներ: Շուրուպիկը երկար դես ու դեն ընկավ արհեստանոցում, փնտրելով զոդիչը, բայց ոչ մի տեղ չկար ու չկար: Թափթփուկի ողջ կույտը քրքրելուց հետո նա ձեռքի ափով խփեց ճակատին ու ասաց.
-Համա թե փնթին եմ, հա˜: Ախր ես զոդիչը Կռահիկի մոտ եմ թողել: Ստիպված պիտի լինեք գնալ Կռահիկի մոտ՝ զոդիչը բերելու:
-Դե ոչինչ, մեքենայով շուտ կհասնենք,- ասաց Բուբլիկը:
-Իսկ ո՞վ է այդ Կռահիկը,- հարցրեց Պտուտակիկը, երբ Շուրուպիկին հրաժեշտ տալուց հետո մեր բարեկամները դուրս եկան դարպասից:
-Կռահիկը գրող է,- պատասխանեց Բուբլիկը:
-Մի՞թե,- բացականչեց Ագուցիկը: -Շատ հետաքրքիր է նրա հետ ծանոթանալ: Ես դեռ ոչ մի անգամ կենդանի գրողի հետ չեմ խոսել:
-Դե ահա, կծանոթանաք նրա հետ: Նա էլ իր տեսակի մեջ հետաքրքիր անձնավորություն է,- պատասխանեց Բուբլիկը՝ մեքենան նստելով:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնութերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնութերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:52:00 Rating: 5
Технологии Blogger.