Ջոն Սթայնբեք | Օձը


Մթնել էր արդեն, երբ երիտասարդ կենսաբան Ֆիլիպսը պարկը ուսը գցեց և հեռացավ լճակից։ Ցատկոտելով բարձրացավ քարքարոտ ափով և ռետինե կոշիկներով քայլեց փողոցով։ Այն պահին, երբ նա ուղղվում էր դեպի Մոնթրի փողոցի պահածոների գործարանի մոտ գտնվող փոքրիկ լաբորատորիան, փողոցի լույսերը վառվեցին։ Դա փոքրիկ, մեկուսի մի շինություն էր, որ մի մասով կանգնած էր ծովախորշում, հենասյուների վրա, մյուսով՝ ցամաքի։ Լաբորատորիայի երկու կողմերում սարդինաձկան մեծ պահածոյատուփեր էին կուտակված։
Ֆիլիփսը բարձրացավ փայտե աստիճաններով և բացեց դուռը։ Սպիտակ մկները վերուվար ցատկոտեցին վանդակներում, իսկ կատուները մլավեցին փայտե փակոցներում․ կաթ էին ուզում։ Ֆիլիփսը վառեց փորձասեղանին հակված լուսամփոփը, հետո ուսապարկը դրեց հատակին։ Նա մոտեցավ պատուհանի մոտ դրված ապակե վանդակներին, որոնց մեջ բոժոժավոր օձերն էին, կռացավ, նայեց։
Օձերն իրար փաթաթված՝ պառկել էին վանդակների անկյուններում, բայց նրանց գլուխներն ազատ էին։ Թվում էր, նրանց մանրիկ աչքերը ոչինչ չէին տեսնում, բայց երբ երիտասարդը կռացավ վանդակին, օձերը կախ ընկած, սև ծայրերով, իսկ հիմքի մոտ վարդագույն լեզուները թրթռացնելով, դուրս եկան և դանդաղորեն ալիքվեցին՝ վերուվար։
Ֆիլիպսը հանեց կաշվե վերարկուն, վառեց թիթեղյա վառարանը, փոքրիկ պղինձը դրեց վրան ու ապակե տուփով լոբին ջրի մեջ ընկղմեց։ Հետո աչքերը հառեց հատակին գցած ուսապարկին։ Նա նիհար երիտասարդ էր՝ խաղաղ, քննախույզ աչքերով, նման այն մարդկանց աչքերին, ովքեր չափազանց շատ են զննում մանրադիտակով։ Կենսաբանը կարճ, շեկ մորուք ուներ։ Վառարանից անմիջապես ջերմություն տարածվեց սենյակում։ Շինության տակ ջրի կոհակները մեղմ ճողփյունով քսվում էին հենասյուներին։ Սենյակի երկայնքով, խեցեղեն ամաններում շարք առ շարք դասավորված էին ծովային կենդանիների նմուշներ։
Ֆիլիփսը բացեց կողքի դուռը և մտավ գրքերից տնքացող փոքրիկ ննջասենյակը։ Այնտեղ զինվորական մահճակալ, սեղանի լապտեր ու փայտե աթոռ կար։ Նա հանեց ռետինե կոշիկները, հագավ ոչխարի մորթուց հողաթափերը։ Երբ կենսաբանը նորից փորձասենյակ մտավ, պղնձի մեջ ջուրն արդեն սկսել էր քլթքլթալ։
Նա ուսապարկը վերցրեց հատակից, դրեց սեղանին՝ սպիտակ լույսի տակ, այնտեղից մոտ քսան հատ ծովաստղ թափեց սեղանին ու կողք֊կողքի շարեց։ Հետո իր մտազբաղ աչքերը ուղղեց մետաղալարե վանդակներում խռնված մկների կողմը։ Մի բուռ ցորեն վերցնելով թղթե տոպրակից, Ֆիլիփսը շաղ տվեց վանդակի կուրերին։ Ապակե դարակի՝ փոքրիկ ութոտանի ծովահրեշի ու մեդուզայի արանքում մի շիշ կաթ էր դրված։ Նա շիշը վերցրեց, մոտեցավ կատվի վանդակին, բայց նախքան փոքրիկ ամանների մեջ լցնելը, վանդակից քնքշորեն հանեց մեծ, թավամազ մռլտանին։ Ֆիլիփսը մի պահ շոյեց կատվին, հետո նրան գցելով փոքրիկ, սև արկղի մեջ, կափարիչի նիգը փակեց ու բացեց ծորանը, որից գազ էր մղվում

Թարգմանությունը՝ Վ. Ավետիսյան

Ջոն Սթայնբեք | Օձը Ջոն Սթայնբեք | Օձը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 02, 2019 Rating: 5
Технологии Blogger.