Ակուտագավա Րյունոսկե | Ապուշի կյանքը


Թողնում եմ, որ դու որոշես, այս ձեռագիրը հրապարակվելու է թե ոչ, կամ երբ և որտեղ է տպագրվելու:
Դու այս ձեռագրի  համարյա բոլոր անձանց թերևս գիտես: Սակայն եթե հրատարակելու լինես, ուզում եմ, որ անունների ցանկ չկցես:
Ես հիմա անասանելի դժբախտ երջանկության մեջ եմ ապրում: Բայց զարմանալիորեն ոչնչի համար չեմ զղջում: Միայն կարեկցում եմ այն մարդկանց, որ իմ նման վատ ամուսին, վատ երեխա, վատ հայր են ունեցել: Դե ինչ, մնաս բարով: Գոնե այս ձեռագրում ես գիտակցաբար ինձ չեմ արդարացրել:
Ավելացնեմ, որ ձեռագիրը քեզ եմ թողնում, քանզի դու բոլորից լավ ես ինձ ճանաչում: Աշխատիր այս ձեռագրի միջի իմ տխմարության վրա գոնե մի փոքր ծիծաղել:

1927 թ. հունիսի 20
Ակուտագավա Րյունոսկեից՝ Կումե Մասաոյին [1]

1 Դարաշրջան
Դա մի գրադարանի երկրորդ հարկում էր: Նա, քսան տարեկան, բարձրացել էր եվրոպական տիպի սանդուղքը և նոր գրքեր էր փնտրում: Մոպասան, Բոդլեր, Ստրինդբերգ, Իբսեն, Շոու, Տոլստոյ
Այդ ընթացքում արևը սկսեց մայր մտնել: Բայց նա տարված շարունակում էր գրքերի կռնակները կարդալ: Այստեղ շարված էին ոչ այնքան գրքեր, այլ հենց «դարի վերջը»: Նիցշե, Վեռլեն, Գոնկուր եղբայրներ, Դոստոևսկի, Հաուպտման, Ֆլոբեր
Նա, մթության դեմ կռվելով՝ նրանց անուններն էր հաշվում: Բայց ինքնըստինքյան գրքերը սկսեցին մխրճվել խոժոռ խավարի մեջ: Ի վերջո նրա եռանդը սպառվեց և նա փորձեց իջնել սանդուղքով: Այդ պահին նրա գլխի վերևում անլուսամփոփ էլեկտրական մի լամպ հանկարծ վառվեց: Նա, սանդուխքին կանգնած, վերևից նայեց գրքերի շարքերի միջով անցնող աշխատողներին ու գնորդներին: Նրանք մի տեսակ փոքր էին: Ավելին, իրավ ողորմելի տեսք ունեին:
«Կյանքը Բոդլերի մի տող էլ չարժի»:
Որոշ ժամանակ նա սանդուղքի վերևից նրանց էր նայում:

2 Մայր
Խելագարները բոլորը նույնանման մկնագույն կիմոնոներ էին հագել: Դրանից ընդարձակ սենյակն ավելի թախծոտ էր երևում: Նրանցից մեկը երգեհոնի վրա խանդավառությամբ օրհներգ էր նվագում: Միևնույն ժամանակ նրանցից մյուսը, սենյակի հենց կենտրոնում կանգնած, պարում էր, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ցատկում:
Նա դեմքի լավ գույն ունեցող բժշկի հետ այս տեսարանն էր նայում: Նրա մայրն էլ տաս տարի առաջ սրանցից բոլորովին չէր տարբերվում: Բոլորովին: Նա այս մարդկանց հոտից զգում էր սեփական մոր հոտը:
-Դե ինչ, գնա՞նք:
Բժիշկը, նրա դիմացից քայլելով, միջանցքով մտավ մի սենյակ: Այդ սենյակի մի անկյունում սպիրտով լցված ապակե բանկայի մեջ մի քանի ուղեղներ էին պահված: Բժիշկը ուղեղներից մեկի վրա ինչ-որ սպիտակ բան նկատեց: Դա ձվի սպիտակուցի մի կաթիլի էր նման: Նա, բժշկի հետ խոսելով, կրկին հիշեց մորը:
Այս ուղեղի տեր տղամարդը այսինչ-այսինչ էներգետիկ ֆիրմայի ինժեներ էր: Կարծում էր, թե ինքը սև լույս արձակող մեծ ադամանդ է:
Նա բժշկի հայացքից խուսափելու համար պատուհանից դուրս նայեց: Այնտեղ ջարդած շշերով ծածկված աղյուսե պատից բացի ոչինչ չկար: Բայց դրանք նոսր մամուռի վրա աղոտ լույս էին արձակում:

3 Տուն
Նա արվարձաններից մեկի երկրորդ հարկում գտնվող բնակարանում էր քնում-արթնանում: Հիմքը խարխուլ լինելու պատճառով մի քիչ թեք երկրորդ հարկ էր:
Նա այդ երկրորդ հարկում հաճախ էր մորաքրոջ հետ կռվում: Այնպես, որ մեկ-մեկ նրան որդեգրած ծնողներն էին միջամտում: Բայց նա այդ մորաքրոջը բոլորից շատ էր սիրում: Երբ նա քսան տարեկան էր, ամբողջ կյանքում չամուսնացած մորաքույրը վաթսունի մոտ էր:
Նա այդ երկրորդ հարկում քանի՜ անգամ էր մտածել, որ երբ մարդիկ իրար սիրում են, իրար ցավ են պատճառում: Այդ ընթացքում զգալով երկրորդ հարկի չարագուշակ թեքությունը:

4 Տոկիո
Սումիդա գետի վրա ծանր ամպեր էին կախված: Նա ընթացող շոգենավի պատուհանից Մուկոջիմայի սակուրաներին էր նայում: Ծաղկած բալենիները նրա աչքին քրչերի նման թշվառ էին երևում: Սակայն նա Էդոյի ժամանակաշրջանից Մուկոջիմայում ծաղկող բալենիների մեջ ինքն իրեն էր տեսնում:

5 Ես
Նա, ավագ ընկերոջ հետ մի սրճարանի սեղանի շուրջ նստած, անվերջ ծխախոտ էր ծխում: Նա համարյա չէր խոսում: Բայց ուշադիր լսում էր ավագ ընկերոջ խոսքերը:
-Այսօր կես օր մեքենա եմ քշել:
-Ինչ-որ բա՞ն էր եղել:
Ընկերը, կզակը ձեռքերի մեջ առած, անհոգ պատասխանեց:
-Չէ, պարզապես ուզում էր քշել:
Այս բառերը ազատագրեցին նրան, տարան նրան անծանոթ մի աշխարհ՝ աստվածներին մոտ «եսի» աշխարհը: Նա մի տեսակ ցավ զգաց: Միևնույն ժամանակ ուրախություն զգաց:
Սրճարանը փոքր էր: Պան աստծո նկարի տակ կարմիր ծաղկամանի մեջ տնված կաուչուկի ծառի հաստլիկ տերևներ էին անփույթ կախված:

6 Հիվանդություն
Նա անդադար փչող ծովի քամու մեջ բացել էր անգլերենի բառարանը և մատներով բառեր էր փնտրում:
Talaria -թևերով կոշիկ, սանդալ
Tale- պատմություն
Talipot-Արևելյան Հնդկաստանում աճող արմավենի: Բնի բարձրությունը հիսունից հարյուր ֆուտ է, իսկ տերևներն օգտագործվում են որպես անձրևանոց, հովհար կամ գլխարկ: Ծաղկում է յոթանասուն տարին մեկ անգամ
Նրա երևակայությունը հստակ պատկերեց այդ արմավենու ծաղիկները: Այդ պահին կոկորդում մինչև հիմա չիմացած քոր զգաց և անգիտակցաբար թուք բաց թողեց բառարանի վրա: Թո՞ւք: Բայց դա թուք չէր: Նա մտածեց իր կարճ կյանքի մասին ու ևս մեկ անգամ պատկերացրեց արմավենու ծաղիկները: Հեռու ծովերից այն կողմ վեր խոյացող արմավենու ծաղիկները:

7 Նկար
Նա հանկարծակի, դա իսկապես հանկարծակի էր, մի գրախանութի դիմաց կանգնած Վան Գոգի նկարների հավաքածուն էր նայում, երբ հանկարծ հասկացավ, թե ինչ է կերպարվեստը: Իհարկե, Վան Գոգի նկարների այդ հավաքածուն լուսանկարների հավաքածու էր: Սակայն նույնիսկ լուսանկարների մեջ նա զգաց բնության թարմությունը:
Այդ նկարների հանդեպ զգացած խանդավառությունը նորացրեց նրա աշխարհայացքը: Նա մի օր սկսեց անսահման ուշադրություն դարձնել ծառի ճյուղերի գալարներին և կանանց այտերի կորությանը:
Մի անձրևոտ աշնանային երեկո նա արվարձաններից մեկի հեծանվային կամրջի տակով էր անցնում: Կամուրջի մյուս կողմում մի բեռնատար վագոն էր կանգնած: Նա, այդտեղով անցնելով, այնպիսի զգացողություն ունեցավ, որ ուրիշ մեկը նույնպես անցել է այդ ճանապարհով: Ո՞վ։ Հիմա ինքն իրեն այդ հարցը տալու կարիք չկար։ Քսաներեք տարեկան նրա սրտում ականջը կտրած մի հոլանդացի, ծխամորճը բերանում, սուր հայացքով այդ մռայլ տեսարանն էր նայում։

8 Կայծ
Նա, անձրևից թրջված, քայլում էր ասֆալտի վրայով։ Անձրևը բավականին ուժգին էր։ Նա անձրևափոշու ամենատարած սփռվածության միջից ռեզինի վերարկուի հոտ զգաց։
Այդ ժամանակ նրա աչքի առաջ մի էլեկտրալար մանուշակագույն կայծ արձակեց։ Մի տեսակ հուզվեց։ Նրա բաճկոնի գրպանում թաքնված էր ընկերների հետ հրատարակող հանդեսի համար գրած ձեռագիրը։ Նա, անձրևի միջով քայլելով, մեկ անգամ ևս վեր նայեց էլեկտրալարին։ Լարը դեռ սուր կայծեր էր արձակում։ Իր կյանքի ընթացքում նա առանձնապես ոչինչ չէր ուզել։ Միայն այս մանուշակագույն կայծը՝ երկնքում փայլող այս հիասքանչ կայծը, նույնիսկ կյանքի հետ փոխելու գնով ուզում էր որսալ։

9 Դիակ
Բոլոր դիակների բութ մատներից պիտակներ էին կախված։ Պիտակների վրա գրված էին նրանց անունները, տարիքը և այլն։ Նրա ընկերը, մեջքը թեքած, հմուտ շարժելով վիրահատական դանակը, դիակներից մեկի դեմքի կաշին էր անջատում։ Կաշվի տակ գեղեցիկ, դեղին ճարպ էր։
Նա նայում էր այդ դիակին։ Դա նրան պետք էր մի պատմվածք՝ հին ժամանակների թեմայով մի պատմվածք գրելու համար։ Սակայն փտած ծիրանի հոտ ունեցող դիակի գարշահոտը տհաճ էր։ Նրա ընկերը, հոնքերը խոժոռած, լուռ դանակն էր շարժում։
-Այս օրերին դիակներն էլ չեն հերիքում։ Այսպես ասաց ընկերը։ Մինչև գլխի ընկներ, նրա մոտ արդեն պատրաստի պատասխան կար։ «Եթե ինձ դիակները չհերիքեին, ես առանց խղճի խայթի մարդ կսպանեի»։ Բայց, իհարկե, այդ պատասխանը միայն նրա մտքում հնչեց։

10 Ուսուցիչ
Նա մի մեծ կաղնու տակ ուսուցչի [2] գիրքն էր կարդում։ Աշնանային արևի շողերի մեջ կաղնու ծառի նույնիսկ մի տերև էլ չէր շարժվում։ Ինչ-որ տեղ հեռու երկնքում մի կշեռք դրա վրա դրված ապակե ափսեները հավասարակշռության մեջ էր պահում։ Ուսուցչի գրքերը կարդալիս նա միշտ այս տեսարանն էր պատկերացնում։

11 Լուսաբաց
Գիշերը քիչ-քիչ բացվում էր։ Նա մի օր մի քաղաքի անկյունի ընդարձակ շուկան էր դիտում։ Շուկայում խմբված մարդիկ ու մեքենաները վարդագույն էին ներկված։
Նա ծխախոտ վառեց ու լուռ առաջ քայլեց շուկայի միջով։ Մի նիհար, սև շուն հանկարծ նրա վրա հաչաց։ Բայց նա չվախեցավ։ Դեռ ավելին, նույնիսկ սիրեց այդ շանը։
Շուկայի մեջտեղում մի սոսի էր ճյուղերը չորս կողմ փռել։ Նա կանգնեց արմատների մոտ ու ճյուղերի միջով վեր նայեց երկինք։ Երկնքում՝ հենց նրա գլխավերևում, մի աստղ էր փայլում։ Դա նրա կյանքի քսանհինգերորդ տարին էր և ուսուցչի հետ ծանոթանալու երրորդ ամիսը։

12 Ռազմական նավահանգիստ
Սուզանավի ներսում կիսախավար էր։ Նա, չորս կողմից մեխանիզմներով շրջապատված, մեջքը կորացրել էր ու փոքրիկ ակնապակիներին էր նայում։ Դրանց մեջ արտացոլվում էր ռազմանավահանգստի տեսարանը։
-Այնտեղ երևի «Կոնգոն» [3] էլ է երևում։ Մի ռազմածովային սպա սկսեց նրա հետ խոսել։
Նա, քառակուսի ոսպնյակով ռազմանավերը նայելով, չգիտես ինչու հոլանդական մաղադանոսը հիշեց։ Այն մաղադանոսը, որ մի բաժինը երեսուն սեն արժեցող սթեյքի վրա աղոտ բույր է արձակում։

13 Ուսուցչի մահը
Նա անձրևից հետո փչող քամու միջով քայլում էր մի նոր կայանի կառամատույցով։ Երկինքը դեռ մռայլ էր։ Կառամատույցի մյուս կողմում երեք-չորս երկաթուղու բանվորներ, միասին քլունգները վեր ու վար անելով, բարձրաձայն երգում էին։ Քամին բանվորների երգն ու զգացմունքները կտոր-կտոր էր անում։ Նա նույնիսկ ծխախոտը չվառեց և ուրախությանը մոտ տառապանք զգաց։ «Ուսուցիչը մահամերձ է»,- ասող հեռագիրը վերարկուի գրպանը խոթած։
Մացույամա լեռան կողմից առավոտվա 6-ին Տոկիո մեկնող գնացքը, գունատ ծուխ արձակելով, գալարվելով սկսեց մոտենալ։

14 Ամուսնություն
Նա ամուսնության հաջորդ օրը կնոջը նախատեց,- Ինչ եկել ես, անիմաստ ծախսեր ես անում։ Սակայն սա ոչ թե իր հանդիմանանքն էր, այլ մորաքրոջ, որ պնդում էր,- Ասա՛։ Կինը նրանից էլ, մորաքրոջից էլ ներողություն խնդրեց։ Նրանց համար գնած նարգիզների ծաղկամանը ձեռքը բռնած։

15 Նրանք
Նրանք խաղաղ ապրում էին։ Բանանի ծառի մեծ տերևի ստվերում։ Քանի որ նրանց տունը Տոկիոյից գնացքով մեկ ժամից ավել տևող ծովափնյա քաղաքում էր։

16 Բարձ
Նա վարդի բույր ունեցող հոռետեսությունը բարձ էր սարքել ու Անատոլ Ֆրանս էր կարդում։ Այդպես էլ չնկատեց, որ բարձի մեջ կենտավրոս կար։

17 Թիթեռ
Ջրիմուռների հոտով լցված քամու մեջ մի թիթեռ էր թռվռում։ Նա ընդամենը մի վայրկյան իր չորացած շուրթերի վրա զգաց թիթեռի թևերի հպումը։ Բայց նրա շուրթերին դրոշմված թևերի փոշին մի քանի տարի հետո դեռ փայլելու էր։

18 Լուսին
Նա մի հյուրանոցի աստիճանների մեջտեղում հանկարծ այդ կնոջը տեսավ։ Ցերեկ էր, բայց կնոջ դեմքն ասես լուսնի լույսի մեջ լիներ։ Նա, կնոջը նայելով (նրանք առաջին անգամ էին իրար տեսնում), մինչև հիմա չապրած տխրություն զգաց

19 Արհեստական թևեր
Նա Անատոլ Ֆրանսից անցավ տասնութերորդ դարի փիլիսոփաներին։ Բայց Ռուսոյին մոտ չգնաց։ Երևի նրա համար, որ նրա էության մի կողմը, այն որ հեշտ տրվում է կրքերին, Ռուսոյին մոտ էր։ Նրա էության մյուս կողմը, այն որ սառն է ու բանական, ընտրեց «Կանդիդի» հեղինակին։
Քսանինը տարեկանում նրա կյանքը նույնիսկ մի փոքր էլ պայծառ չէր։ Բայց Վոլտերը նրան արհեստական թևեր տվեց։
Նա արհեստական թևերը բացեց ու հեշտությամբ վեր ճախրեց երկինք։ Նույն ժամանակ բանականության լույսով լցված կյանքի ուրախություններն ու տխրությունները ետևում թողեց։ Նա, թշվառ քաղաքների վրա հեգնանք ու ծիծաղ նետելով, անխոչնդոտ ուղիղ դեպի արևը բարձրացավ։ Արհեստական թևերը արևի լույսից վառված ու ծովի հատակը ընկած-մեռած հին հույնի մասին ասես մոռանալով։

20 Շղթաներ
Նրանք ամուսիններով նրա խորթ ծնողների հետ նույն տանը սկսեցին ապրել։ Որոհետև նա մի թերթի խմբագրություն էր աշխատանքի ընդունվել։ Նա ապավինել էր դեղին թղթի վրա գրված պայմանագրին։ Սակայն հետո հասկացավ, որ պայմանագրով խմբագրությունը ոչ մի պարտականություն չուներ, միայն ինքն էր պարտականություններ շալակել։

21 Խելագարի դուստրը
Ամպամած եղանակին երկու ռիկշաներ վազում էին գյուղի անմարդ ճանապարհով։ Այն, որ ճանապարհը դեպի ծով էր տանում, պարզ էր միայն նրանից, որ ծովի քամի էր փչում։ Նա, նստած հետևի ռիկշային և ենթադրելով, որ այս ռանդևուն հետաքրքիր չի լինելու, մտածում էր, թե ինչն է իրեն այստեղ բերել։ Դա հաստատ սերը չէր։ Եթե սերը չէրպատասխանից խուսափելու համար նա պետք է մտածեր,-«Ինչևէ, մենք հավասար ենք»։
Առջևի ռիկշայում նստածը խելագարի աղջիկն էր։ Դեռ ավելին, նրա փոքր քույրը խանդից ինքնասպան էր եղել։
«Էլ ոչինչ չես կարող անել»։
Նա խելագարի դստեր ՝միայն ուժեղ կենդանական բնազդներ ունեցող դստեր հանդեպ ինչ-որ ատելություն էր զգում։
Այդ ընթացքում երկու ռիկշաները ծովի հոտ ունեցող գերեզմանի մոտով էին անցնում։ Խեցապատ ցանկապատի ներսում մի քանի սևացած շիրմաքարեր էին երևում։ Նա, նայելով շիրմաքարերից այն կողմ աղոտ փայլող ծովին, հանկարծ սկսեց արհամարհել նրա ամուսնուն՝ այդ կնոջ սիրտը գրավել չկարողացած ամուսնուն։

22 Մի նկարիչ
Դա մի ամսագրի պատկերազարդում էր։ Բայց տուշով նկարված աքլորի պատկերը վառ անհատականություն ուներ։ Նա ընկերներից մեկին հարցրեց դրա նկարչի մասին։
Մեկ շաբաթ անց այդ նկարիչը նրան այցելեց։ Դա նրա կյանքի ամենանշանակալից իրադարձություններից էր։ Նա այդ նկարների մեջ բոլորին աննկատ պոեզիա հայտնաբերեց։ Ավելին, իր իսկ համար անհայտ իր հոգին հայտնաբերեց։
Աշնանային մի ցուրտ երեկո, մի եգիպտացորեն տեսնելով, նա նկարչին հիշեց։ Երկար ցողունով եգիպտացորենը, անհարթ տերևներով զրահապատված, ամբարտակի վրա ի ցույց էր դրել նյարդերի պես բարակ արմատները։ Իհարկե, դա նաև նրա՝ այդքան հեշտ խոցելի նրա ինքնապատկերն էր։ Բայց այս բացահայտումը նրան միայն ավելի տխրեցրեց։
«Արդեն ուշ է։ Բայց մեկ էլ տեսար…»

23 Նա
Հրապարակը մթնում էր։ Նա, մի փոքր հուզված, քայլում էր հրապարակով։ Մեծ շենքերը փոքր-ինչ արծաթագույն ներկված երկնքում փայլեցնում էին լուսավորած պատուհանները։ Նա ճանապարհի եզրին կանգնեց և նրան սպասեց։ Մոտ հինգ րոպե անց նա, ուժասպառ տեսքով, մոտեցավ նրան։ Բայց նրան տեսնելով, ասաց,- Հոգնած եմ,- ու ժպտաց։ Նրանք ուս ուսի տված քայլեցին կիսախավար հրապարակով։ Դա նրանց մոտ առաջին անգամ էր։ Նրա հետ լինելու համար նա ամեն ինչ պատրաստ էր թողնել։
Երբ նրանք մեքենա նստեցին, այդ կինը նայեց նրան և ասաց,- Դու չե՞ս փոշմանի։ Նա անկեղծորեն պատասխանեց,- Չեմ փոշմանի։ Կինը նրա ձեռքը սեղմեց ու ասաց։-Ես էլ չեմ փոշմանի, բայց։ Նրա դեմքն այդ պահին էլ ասես լուսնի լույսի մեջ լիներ։

24 Ծննդաբերություն
Նա, շարժական դռան մոտ կանգնած, նայում էր, թե ինչպես է սպիտակ խալաթ հագած մանկաբարձը լողացնում երեխային։ Ամեն անգամ, երբ օճառն աչքերն էր ընկնում, երեխան սրտառուչ խոժոռում էր դեմքը։ Ու բարձր ձայնով շարունակ լաց էր լինում։ Նա, մկան ձագի հոտ հիշեցնող երեխայի հոտը զգալով, ակամայից մտածում էր,-«Տեսնես ինչու՞ է նա ծնվել։ Այս տառապանքներով լի աշխարհ։ Ինչո՞ւ է ինձ նման հայր ունենալու ճակատագրին արժանացել»։
Դա նրա առաջին որդին էր, որին ծնել էր կինը։

25 Ստրինդբերգ
Նա, դռան մոտ կանգնած, ծաղկած նռնենիների ու լուսնի լույսի միջով նայում էր, թե ինչպես են մի քանի թափթփված տեսքով չինացիներ մաջոնգ խաղում։ Վերադառնալով սենյակ՝ կարճլիկ լամպի ներքո սկսեց «Խենթի խոստովանությունը» կարդալ։ Բայց երկու էջ էլ չկարդացած, դառը ժպտած։ Ստրինդբերգն էլ սիրելիին՝ կոմսուհուն ուղղված նամակում ստեր էր գրում, ճիշտ իր իսկ ստերի նման։

26 Հին աշխարհ
Գունաթափ Բուդդաները, երկնաբնակները, ձիերը, լոտոսի ծաղիկները նրան ճնշում էին։ Նա, դրանց նայելով, ամեն ինչ մոռացել էր։ Խելագարի աղջկա ձեռքից իրեն ազատած բարի բախտը նույնիսկ։

27 Սպարտական դաստիարակություն
Նա ընկերոջ հետ մի նրբանցքով քայլում էր։ Ուղիղ դիմացից ամպհովանի ունեցող մի ռիկշա մոտեցավ։ Անսպասելիորեն, դրա վրա նստած էր երեկվա այն կինը։ Կինը ընկերոջ մոտ նրան բնականաբար չողջունեց։
-Գեղեցկուհի է, չէ՞։ Այսպես ասաց նրա ընկերը։
Նա, փողոցի ծայրի գարնանային լեռներին նայելով, առանց վարանելու պատասխանեց,- Իսկապես գեղեցկուհի է։

28 Սպանություն
Գյուղի՝ արևով լցված ճանապարհից կովի կղկղանքի հոտ էր գալիս։ Նա, քրտինքը սրբելով, զառիվեր ճանապարհն էր բարձրանում։ Ճանապարհի երկու կողմերում հասունացած գարին հաճելի բույր էր արձակում։
Սպանի՛ր, սպանի՛ր։
Նրա շուրթերը շարունակ կրկնում էին այս բառերը։ Բայց ո՞ւմ։ Կարծես թե պարզ. նա հիշեց խղճուկ, մազերը կարճ կտրած տղամարդուն։
Դեղնած գարու ետևում երևաց կաթոլիկ եկեղեցու տաճարի գմբեթը։

29 Ձև
Մի մետաղյա սափոր էր։ Թելանման նախշերով այդ սափորից նա սովորեց գնահատել «ձևի» գեղեցկությունը։

30 Անձրև
Նա մեծ մահճակալի վրա նրա հետ տարբեր բաներից էր խոսում։ Ննջասենյակի պատուհանից այն կողմ անձրև էր գալիս։ Շուշանները անձրևից սկսել էին փտել։ Կնոջ դեմքը առաջվա պես ասես լուսնի լույսի մեջ լիներ։ Բայց նրա հետ խոսելիս նա ձանձրանում էր։ Լուռ ծխախոտ վառելով՝ նա հիշեց, որ արդեն յոթ տարի է, որ այս կնոջ հետ հանդիպում է։
«Ես արդյոք սիրո՞ւմ եմ այս կնոջը»։ Նա ինքն իրեն հարցրեց։ Նույնիսկ իր՝ ինքն իրեն ուշադիր զննող իր համար պատասխանն անսպասելի էր։
«Ես դեռ սիրում եմ»։

31 Մեծ երկրաշարժ [5]
Որոշ առումով հասած ծիրանի հոտի էր նման։ Հրդեհի թողած ավերակների վրայով քայլելով՝ նա այդ հոտը զգաց ու մտածեց, որ կիզող արևի տակ փտած դիակների հոտն այնքան էլ վատը չէր։ Բայց երբ տեսավ լճակի դիմաց կուտակված դիակները, հասկացավ, որ «սարսափ» բառը զգացմունքային տեսակետից ամենևին էլ չափազանցություն չէր։ Նրան հատկապես հուզեց տասներկու-տասներեք տարեկան երեխայի դիակը։ Նա, այդ դիակին նայելով, նախանձին մոտ մի բան զգաց։ «Նրանք, ում աստվածները սիրում են, շուտ են մահանում»,- նա հիշեց այս բառերը։ Նրա քրոջ ու խորթ եղբոր տները վառվել էին։ Սակայն քրոջ ամուսնու՝ սուտ վկայություն տալու համար պատիժը հետաձգել էին։
«Երանի բոլորը մեռնեին»։ Նա, կանգնած ավերակների մեջ, չէր կարողանում չմտածել այդ մասին։

32 Կռիվ
Նա խորթ եղբոր հետ կռիվ էր անում։ Կասկած չկար, որ նրա պատճառով եղբորը հաճախ էին ճնշում։ Միևնույն ժամանակ կասկած չկար, որ եղբոր պատճառով նա իր ազատությունն էր կորցնում։ Ազգականները շարունակ ասում էին եղբորը,- Նրանից օրինակ վերցրու։ Բայց դա նրա համար ոտքն ու ձեռքը կապելու պես մի բան էր։ Կռվելով՝ նրանք գլորվեցին մինչև պատշգամբի ծայրը։ Պատշգամբից այն կողմ՝ այգում, հնդկական եղրևանու մի ծառ կար, նա մինչև հիմա հիշում է։ Անձրևոտ երկնքի տակ դրա կրակ արձակող ծաղիկներն էին ծաղկել։

33 Հերոս
Նա մի օր Վոլտերի տան պատուհանից բարձր սարին էր նայում։ Ձնածածկ սարի վրա անգամ բազեի շողք չկար։ Բայց մի կարճահասակ ռուս համառորեն փորձում էր սարը բարձրանալ։
Երբ Վոլտերի տանն էլ գիշեր եկավ, նա լամպի լույսի տակ այս բանաստեղծությունը գրեց։ Լեռնային ճանապարհը բարձրացած ռուսին հիշելով։

Դու, որ ամենից շատ ես պահել տասը պատվիրանները
Ամենից շատ ես և դրանք խախտել։
Դու, որ ամենից շատ ես ժողովրդին սիրել,
Ամենից շատ ես և նրան արհամարհել։
Դու, որ ամենից շատ էիր ձգտում կատարելության,
Բոլորից էլ լավ գիտեիր իրականությունը։
Դու մեր արևելքում ծնված
Ծաղիկների բույր ունեցող էլեկրաքարշն ես։

34 Գույներ
Նա, երեսուն տարեկան, չգիտես երբվանից սիրում էր մի անբնակ տարածք։ Այնտեղ միայն մամուռ էր աճում, որի վրա աղյուսներ ու կղմինդրի կոտրվածքներ էին թափված։ Բայց դա նրա համար Սեզանի բնանկարներից չէր տարբերվում։
Նա հիշեց յոթ-ութ տարի առաջվա իր կիրքը։ Միևնույն ժամանակ բացահայտեց, որ յոթ-ութ տարի առաջ նա չգիտեր, թե ինչեր են գույները։

35 Խամաճիկ
Նա ուզում էր բուռն կյանքով ապրել, որպեսզի երբ էլ մեռնի, ափսոսանք չունենա։ Սակայն առաջվա պես իրեն որդեգրած ծնողների և մորաքրոջ հետ զուսպ կյանք էր վարում։ Դա նրա կյանքի վրա և լույս էր գցում, և ստվեր։ Նա մի հագուստի խանութում խամաճիկ տեսավ և մտածեց, թե ինչքան է ինքը նման այս տիկնիկին։ Բայց նրա գիտակցությունից դուրս գտնվող եսը, այսպես ասած, նրա երկրորդ եսը, արդեն սկսել էր այդ տրամադրությունը մի պատմվածքի մեջ ընդգրկել։

36 Հոգնածություն
Նա մի ուսանողի հետ քայլում էր խոտի դաշտով։
-Դուք երևի դեռ ապրելու ուժեղ ցանկություն ունեք, չէ՞։
-Այո, բայց երևի դուք էլ
-Ես դա չունեմ։ Միայն ստեղծագործելու ցանկություն ունեմ։
Նա իրականում այդպես էր զգում։ Նա իր իսկ համար աննկատ հետաքրքրությունը կորցրել էր կյանքի նկատմամբ։
-Ստեղծագործելու ցանկությունն էլ է ապրելու ցանկություն։
Նա ոչինչ չպատասխանեց։ Խոտերի կարմիր գլխիկների վերևում հրաբուխն էր երևում։ Նա այդ հրաբխի նկատմամբ նախանձի նման մի բան զգաց։ Սակայն ինքն էլ չհասկացավ, թե ինչու։

37 Կոշիբիտո
Նա հանդիպեց մի կնոջ, որը տաղանդով կարող էր իր հետ մրցել։ Բայց նա գրեց «Կոշիբիտոն» (Մարդը Հոկուրիկուից) ու այլ բանաստեղծություններ և կարողացավ ճգնաժամից խուսափել։ Սակայն դա բերեց մի տրտմություն, ասես ծառի բնին սառած-կպած ձյունը պոկեին։

Քամու մեջ պարում է եղեգի գլխարկը
Չի ուզում ընկնել այն գետնին
Իմ անվան համար ի՞նչ ափսոսամ
Ափսոսում եմ միայն քեզ համար։

38 Վրեժ
Դա պղպեղածառերի մեջ գտնվող մի հյուրանոցի պատշգամբում էր։ Նա այնտեղ, նկարելով, մի տղայի հետ էր խաղում։ Յոթ տարի առաջ կապերը խզած խելագարի դստեր որդին էր։ Խելագարի դուստրը ծխախոտ էր վառել ու նրանց էր նայում։ Նա ծանր սրտով գնացքներ ու ինքնաթիռներ էր նկարում։ Տղան, բարեբախտաբար, նրա որդին չէր։ Բայց նրա համար տանջալից էր լսել, թե ինչպես է իրեն «քեռի» կոչում։
Երբ տղան ինչ-որ տեղ գնաց, խելագարի դուստրը, ծխախոտ ծխելով, հաճոյախոսելու պես ասաց։
-Երեխան քեզ նման է, չէ՞։
-Նման չի, նախ և առաջ։
-Բայց ասում են, չէ՞, նախածննդյան շրջանի ազդեցության մասին։
Նա լուռ հայացքը թեքեց։ Բայց հոգու խորքում այդ կնոջը խեղդելով սպանելու դաժան ցանկություն ունեցավ։

39 Հայելիներ
Նա սրճարանի մի անկյունում ընկերոջ հետ զրուցում էր։ Նրա ընկերը խորոված խնձոր էր ուտում ու ցրտերի մասին էր խոսում։ Նա այդ խոսակցության մեջ մի հակասություն տեսավ։
-Դու դեռ ամուրի ես, չէ՞։
-Չէ, մյուս ամիս ամուսնանալու եմ։
Նա ակամա լռեց։ Սրճարանի պատի հայելիները նրա բազմաթիվ կերպարանքներն էին արտացոլում։ Սառնորեն, կարծես սպառնալով

40 Երկխոսություն
-Ինչո՞ւ ես դու ներկայիս հասարակական կառուցվածքի վրա հարձակվում։
-Որովհետև տեսնում եմ կապիտալիզմի ծնած չարիքները։
-Չարիքնե՞րը։ Ես էլ կարծում էի, դու չարիքի ու բարիքի տարբերությունները չես ընդունում։ Իսկ ի՞նչ կասես քո կյանքի մասին։
Նա այսպես հրեշտակի հետ երկխոսություն ունեցավ։ Այն հրեշտակի, որ անթերի մետաքսե գլխարկ էր կրում։

41 Հիվանդություն
Նրան վրա էր տվել անքնությունը։ Ֆիզիկապես նույնպես տկարացել էր։ Մի քանի բժիշկներ նրա հիվանդությանը ամեն մեկը մի քանի ախտորոշում տվեցին։ Ստամոքսի բարձր թթվայնություն, ստամոքսի ատոնիա, չոր պլևրիտ, նյարդային պոռթկում, քրոնիկ շաղկապենաբորբ, ուղեղի հոգնածություն
Սակայն նա ինքը գիտեր իր հիվանդությունը։ Դա իր հանդեպ տածած ամոթն էր ու նրանց հանդեպ զգացած վախը։ Իր իսկ արհամարհած հասարակության հանդեպ
Մի մռայլ, ձյան ամպերով լի կեսօր նա, վառած ծխախոտը բերանին, սրճարանի անկյունում լսում էր պատեֆոնից հնչող երաժշտությունը։ Նրա տրամադրության հետ խոսող երաժշտություն էր։ Նա սպասեց, որ մեղեդին վերջանա, մոտեցավ պատեֆոնին և նայեց սկավառակի պիտակին։
Magic Flute – Mozart
Նա անմիջապես հասկացավ։ Տաս պատվիրանները խախտած Մոցարտն էլ է հաստատ տառապել։ Բայց դժվար թե իր նման։ Նա գլուխը կախ, լուռ վերադարձավ իր սեղանին։

42 Աստվածների ծիծաղը
Նա, երեսունհինգ տարեկան, քայլում էր սոճու արևոտ անտառում։ Հիշելով երկու-երեք տարի առաջ իր իսկ գրած ՝«Աստվածները, դժբախտաբար, մեզ պես չեն կարող ինքնասպան լինել» բառերը։

43 Գիշեր
Գիշերը նորից վրա եկավ։ Փոթորկած ծովը աղջամուղջի մեջ անընդհատ ծովի փրփուր էր ափ շպրտում։ Նա այս երկնքի տակ իր կնոջ հետ երկրորդ անգամ ամուսնացավ։ Դա նրանց ուրախություն պատճառեց։ Բայց միևնույն ժամանակ տառապանք բերեց։ Երեք երեխաները նրանց հետ ծովի խորքի կայծակին էին նայում։ Կինը երեխաներից մեկին գրկել էր ու արցունքներն էր զսպում։
-Այնտեղ մի նավ է երևում, չէ՞։
-Հա։
-Կայմը երկու կես եղած նավ։

44 Մահ
Նա, օգտվելով նրանից, որ մենակ էր քնած, փորձեց գոտին կապել պատուհանի ճաղավանդակից ու կախվել։ Բայց երբ վիզը մտցրեց գոտու մեջ, հանկարծ մահից վախեցավ։ Բայց ոչ նրա համար, որ վախեցավ մահից առաջ տանջվելուց։ Նա վերցրեց գրպանի ժամացույցը ու երկրորդ անգամ փորձեց կախվել։ Մի քիչ ցավ զգալուց հետո ամեն ինչ սկսեց աղոտ երևալ։ Եթե կարողանա այստեղով անցնել, անկասկած կմահանա։ Նայեց ժամացույցի սլաքներին, տեսավ, որ իր տառապանքը տևել էր 1 րոպե 20 վայրկյան։ Պատուհանի ճաղերից այն կողմ մթություն էր։ Սակայն խավարի մեջ լսվում էր աքլորի կատաղի ճիչը։

45 Divan
Divan-ը ևս մեկ անգամ փորձեց նրա հոգուն նոր ուժ հաղորդել։ Դա նրա չիմացած «արևելքի Գյոթեն» էր։ Նա տեսավ բարիքի ու չարիքի հակառակ ափին հանգիստ կանգնած Գյոթեին ու հուսահատությանը մոտ նախանձ զգաց։ Բանաստեղծ Գյոթեն նրա համար բանաստեղծ Քրիստոսից էլ մեծ էր։ Այս բանաստեղծի հոգում ոչ միայն Պերսեպոլիսն ու Գողգոթան էին, այլև Արաբիայի վարդերն էին ծաղկում։ Եթե մի քիչ ուժ ունենար, որ գնար այս պոետի հետքերովՆա մինչև վերջ կարդաց «Դիվանը» և ուժեղ հուզմունքը հանդարտվելուց հետո չկարողացավ չարհամարհել ինքն իրեն, որ ծնվել էր որպես կյանքի ներքինի։

46 Սուտ
Նրա քրոջ ամուսնու ինքնասպանությունը հանկարծ նրան մեծ հարված հասցրեց։ Հիմա նա պետք է քրոջ ընտանիքի մասին էլ հոգ տաներ։ Համենայն դեպս իր իսկ համար, նրա ապագան մթնշաղի պես աղոտ էր։ Նա, իր հոգեկան սնանկության վրա սառը քմծիծաղելով (նա շատ լավ գիտեր իր իսկ արատներն ու թուլությունները), շարունակում էր տարբեր գրքեր կարդալ։ Բայց նույնիսկ Ռուսոյի «Խոստովանություն» էր լի հերոսական ստերով։ Իսկ ինչ վերաբերվում է «Վերածննդին»[6] … Նա «Վերածննդի» հերոսի նման խորամանկ կեղծավորի դեռ չէր հանդիպել։ Միայն Ֆրանսուա Վիյոնը նրա սիրտը նվաճեց։ Նա մի քանի բանաստեղծությունների մեջ հայտնաբերեց «Գեղեցիկ ցուլը»։
Կախաղանի սպասող Վիյոնի կերպարը նույնիսկ նրա երազներում սկսեց հայտնվել։ Նա մի քանի անգամ փորձեց Վիյոնի նման ընկնել կյանքի անդունդը։ Սակայն շրջապատը և ֆիզիկական էներգիան դա թույլ չտվեցին։ Նա քիչ-քիչ նվաղում էր։ Ճիշտ Սվիֆթի տեսած գագաթից չորացող ծառի նման։

47 Կրակի հետ խաղ
Կնոջ դեմքը փայլում էր։ Ասես ծագող արևի ճառագայթները բարակ սառույցին դիպչելիս լինեին։ Նա այդ կնոջ հանդեպ համակրանք էր տածում։ Սակայն նրան չէր սիրում։ Ավելին, նրա մարմին մատով անգամ չէր դիպչել։
-Ուզո՞ւմ եք մահանալ։
-Այնքան չեմ ուզում մահանալ, ինչքան ձանձրացել եմ ապրելուց։
Նրանք այս երկխոսությունից հետո որոշեցին միասին մեռնել։
-Պլատոնիկ ինքնասպանություն։
-Պլատոնիկ կրկնակի ինքնասպանություն։
Նա չէր կարող չզարմանալ, թե ինչքան հանգիստ է։

48 Մահ
Նրանք չմահացան։ Բայց նա միայն մի տեսակ գոհ էր նրանից, որ կնոջ մարմնին դեռ մատով չէր դիպել։ Կինը, ասես ոչինչ չէր եղել, նրա հետ ինչ-որ բաներից էր խոսում։ Ավելին, նրան կալիումի ցիանիդի մի շիշ տվեց ու ասաց,- Սա որ ունենանք, ուժեղ կլինենք։
Դա անկասկած նրա հոգուն ուժ տվեց։ Նա, հյուսած աթոռին նստած, հաճարենու երիտասարդ տերևներին նայելով՝ չէր կարողանում չմտածել այն հանգստության մասին, որ նրան բերելու էր մահը։

49 Կարապի խրտվիլակ
Նա վերջին ուժերը հավաքեց ու փորձեց ինքնակենսագրություն գրել։ Սակայն նույնիսկ ինքն իրեն համար անսպասելիորեն այն դժվար էր առաջ գնում։ Դա նրանից էր, որ նրա մոտ դեռ ինքնասիրություն, կասկածամտություն ու հաշվենկատություն էր մնացել։ Նա այսպիսի ինքն իրեն չէր կարող չարհամարհել։ Բայց նրա երկրորդ «եսը» մտածում էր,- «Ում կաշին էլ կլպենք, տակը նույն բանն է»։ «Պոեզիան ու ճշմարտությունը» կոչվող գիրքը ասես բոլոր ինքնակենսագրությունների վերնագիրը լիներ։ Նա հստակ գիտեր, որ գեղարվեստական ստեղծագործությունները ոչ բոլորին են հուզում։ Նրա աշխատանքը կարող էր հուզել միայն իրեն մոտ մարդկանց, ովքեր իր նման կյանք են ապրել։ Նրան այսպես էր թվում։ Դրա համար նա որոշեց համառոտ գրել իր «Պոեզիան ու ճշմարտությունը»։
«Ապուշի կյանքը» գրելուց հետո նա մի օգտագործված ապրանքների խանութում պատահաբար կարապի խրտվիլակ տեսավ։ Դրա գլուխը բարձր էր, բայց ցեցերը կերել էին դեղնած թևերը։ Նա մտածեց իր կյանքի մասին ու զգաց՝ ինչպես են վրա տալիս արցունքներն ու հեգնական ժպիտը։ Նրան առջևում սպասում էր միայն խելագարություն կամ ինքնասպանություն։ Նա, մթնշաղի միջով միայնակ քայլելով, որոշեց սպասել ճակատագրին, որ կգար նրան կործանելու։

50 Գերի
Նրա ընկերներից մեկը խելագարվեց։ Նա այդ ընկերոջ հանդեպ միշտ ինչ-որ կապվածություն էր զգացել։ Դա նրանից էր, որ նա ընկերոջ միայնությունը, ուրախ դիմակի տակ թաքնված միայնությունը, բոլորից լավ էր իմացել։ Այդ ընկերոջ խելագարվելուց հետո նա երկու-երեք անգամ նրան այցելեց։
-Մեզ չարքերն են տիրել, դարավերջի չարքեր կոչվածները։ Ընկերը, ձայնը ցածրացնելով, նրան այսպիսի բաներ էր ասում, իսկ երկու-երեք օր հետո, ասում են, տաք աղբյուրներ գնալու ճանապարհին վարդի թերթեր էր ուտում։ Երբ այս ընկերն ընկավ հիվանդանոց, նա հիշեց, որ նախկինում նրան տերակոտայից կիսանդրի էր նվիրել։ Դա ընկերոջ սիրելի «Ռևիզորի» հեղինակի կիսանդրին էր։ Նա հիշեց, որ Գոգոլն էլ է խելագար մեռել ու զգաց, որ ինչ-որ ուժ է նրանց տիրել։
Նա, ուժասպառ եղած, Ռադիգեի վերջին բառերը կարդաց ու նորից լսեց աստվածների ծիծաղը։ Այդ բառերն էին,- «Աստծո զինվորները գալիս են ինձ բռնելու»։ Նա փորձեց պայքարել իր սնահավատության ու սենտիմենտալիզմի դեմ։ Բայց ամեն տեսակ պայքար նրա համար ֆիզիկապես անհնարին էր։ «Դարավերջի չարքերը» նրան անկասկած բզկտում էին։ Նա նախանձեց միջնադարի մարդկանց, որոնք աստծո վրա հույս էին դնում։ Բայց աստծուն հավատալ, աստծո սիրուն հավատալ, նա ոչ մի կերպ չէր կարող։ Այն աստծուն, որին նույնիսկ Կոկտոն էր հավատացել։
51 Պարտություն
Գրիչը բռնած նրա ձեռքը սկսեց դողալ։ Նույնիսկ թուքը թափվեց։ Բացի ուժեղ դոզայի վերոնալ ընդունելուց հետո արթնանալիս, նրա գլուխը երբեք հստակ չէր լինում։ Ավելին, այն հստակ էր լինում ընդամենը կես ժամ կամ մի ժամ։ Նա կիսախավարի մեջ իր գոյությունն էր քարշ տալիս։ Սայրը կոտրված բարակ թուրը ձեռնափայտ դարձրած։

[1] Կումե Մասաո (1891-1952) ՝ ճապոնացի գրող, դրամատուրգ, Ակուտագավայի ամենամտերիմ ընկերներից մեկը:
[2]  Խոսքը Նացումե Սոսեկիի (1867-1916) ՝ճապոնական նոր շրջանի գրականության խոշորագույն վարպետներից մեկի մասին է։ Սոսեկին առաջիններից է գնահատել Ակուտագավայի գրական տաղանդը և մեծապես նպաստել է որպես գրող նրա կայացման գործին։
[3] Ռազմանավի անուն։
[4] Նկարիչը Օանա Րյուիչին է (1894-1966), Ակուտագավայի մտերիմ ընկերներից մեկը։
[5] Խոսքը 1923 թ. սեպտեմպերի 1-ի Կանտոյի մեծ երկրաշարժի և հրդեհի մասին է, որը խլել է 100 հազարից ավել մարդու կյանք։
[6] Ճապոնացի գրող Շիմազակի Տոսոնի (1872-1943) ստեղծագործությունը։

Թարգմանությունը ճապոներենից՝ Աստղիկ Հովհաննիսյան

Աղբյուր՝ granish.org

Ակուտագավա Րյունոսկե | Ապուշի կյանքը Ակուտագավա Րյունոսկե | Ապուշի կյանքը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:17:00 Rating: 5
Технологии Blogger.