Ակուտագավա Րյունոսկե | Սարդոստայնը


Մի անգամ Բուդդան միայնակ շրջում էր դրախտային լճակի ափին:
Ողջ լճակը ծածկել էին մարգարտափայլ ճերմակությամբ լոտոսները, նրանց դեղին միջուկները շուրջբոլորն անբացատրելի-անուշ բուրմունք էին սփռում:

Այդժամ դրախտում առավոտ էր:

Բուդդան մտորմունքի մեջ կանգ առավ եւ հանկարծ ջրի հայելում տեսավ լոտոսի լայն տերեւների մեջ առկայծող այն ամենը, ինչ կատարվում էր խորը ներքեւում, Լոտոսի լճակի հատակին:

Դրախտային լճակը հասնում էր ընդհուպ մինչեւ դժոխքի ընդերքը:
Նրա բյուրեղյա ջրերի միջից Ասեղնալեռն ու Սանձու գետն այնքան պարզորոշ էին երեւում, ինչպես մանրադիտակի դիտանցքից: Այնտեղ՝ դժոխքի խորխորատում, վխտում էր մեղավորների ահռելի բազմությունը: Եվ այնպես պատահեց, որ Բուդդայի հայացքն ընկավ Կանդիտա անունով մի մեղավորի վրա:
Այդ Կանդիտան սարսափելի ավազակ էր: Նա բազում չարիքներ էր գործել` սպանում էր, առեւանգում, կրակի տալիս, բայց այդուհանդերձ, նրա արածների մեջ մի բարի գործ գտնվեց:

Մի անգամ նա քայլում էր անտառի թավուտի միջով եւ հանկարծ տեսավ` հենց արահետի մոտ վազում է մի պստլիկ սարդ: Կանդիտան այն է, ոտքը վրա էր բերել, որ տրորի նրան, բայց ահա ինքն իրեն ասաց. «Չէ, նա թեեւ փոքր է, բայց ինչ ուզում ես ասա, կենդանի էակ է: Ափսոս է նրան զուր սպանելը»:
Եվ խղճաց սարդին:
Հայելով դժոխքի պատկերը՝ Բուդդան հիշեց, որ ավազակ Կանդիտան մի անգամ սարդին կյանք է պարգեւել, եւ կամեցավ նա, եթե հնարավոր է, փրկել մեղավորին դժոխքի վիհից` ի հատուցում լոկ այդ բարի գործի: Այդ պահին, երջանիկ պատահմամբ, Բուդդայի աչքն ընկավ դրախտային սարդը: Նա հիասքանչ արծաթյա թել էր կախել, նեֆրիտի պես կանաչ լոտոսի տերեւից:
Բուդդան զգուշորեն ձեռքը վերցրեց նրբին սարդոստայնը եւ նրա ծայրն իջեցրեց մարգարտաճերմակ լոտոսներով պատված ջրի մեջ: Սարդոստայնը սկսեց իջնել ուղիղ ներքեւ, մինչեւ որ հասավ դժոխքի ամենահեռավոր խորքերը:

2

Այնտեղ՝ դժոխքի հատակին, Կանդիտան այլ մեղավորների հետ անողորմ տառապանքներ էր կրում Արյան լճում՝ մեկ վեր լողալով, մեկ խրվելով հորձանուտը:

Ամենուր, ուր աչքդ կտրի, ականակիր խավար էր տիրում: Սոսկ երբեմն խավարում ինչ-որ բան էր աղոտ պեծկլտում. աղոտ փայլկտում էին սարսափելի Ասեղնալեռան ասեղները: Բառեր չկան, որ նկարագրես այդ տեսարանի մռայլ սարսափը: Շուրջբոլորը լուռ էր, ինչպես գերեզմանում: Միայն երբեմն լսվում էին մեղավորների խուլ հոգոցները:

Շատ տարիներ հետո դժոխքի ամենախորունկ տեղերը նետված հանցավոր հոգիները տնքալու եւ լալու ուժ չէին գտնում:

Ահա թե ինչու նույնիսկ մեծ ավազակ Կանդիտան, արնախեղդ լինելով Արյան լճում, լոկ անձայն ջղաձգվում էր, ինչպես սատկոտող գորտ:
Բայց հանկարծ Կանդիտան գլուխը բարձրացրեց եւ սկսեց զննել Արյան լճի վրա կախված մութը: Այդ անապատային մշուշից, հեռու-հեռավոր երկնքից, հենց դեպ իրեն, նրբին շողով ցոլցլալով, սահուն իջնում էր արծաթե սարդոստայնը, ասես երկյուղելով, որ չլինի թե իրեն նկատեն մյուս մեղավորները:
Կանդիտան ուրախությունից ծափ զարկեց: Պետք է միայն կառչել այդ սարդոստայնից եւ մագլցել դրանով՝ ավելի ու ավելի վեր բարձրանալով: Այդժամ հաստատ դժոխքից կսպրդես:
Իսկ եթե բախտդ բանի, ապա, մեկ էլ տեսար, դրախտ էլ ընկնես: Եվ քեզ այլեւս չեն քշի Ասեղնալեռան գագաթը, չեն նետի դարձյալ Արյան լիճը:

Այդ հույսով գոտեպնդված՝ Կանդիտան երկու ձեռքով ամուր կառչեց սարդոստայնից եւ սկսեց ողջ ուժով մագլցել վեր:

Ինքնըստինքյան, փորձառու գողի համար դա սովորական գործ էր:

Սակայն դժոխքից մինչեւ դրախտային կացարանը բյուր-տասնյակ հազար ռի է: Որքան էլ նա ջանում էր, նրա համար հեշտ չէր լեռնային բարձունքներ հաղթահարելը: Մագլցում, մագլցում էր Կանդիտան վեր եւ վերջապես նույնիսկ նրան, այդպիսի ուժեղ մարդուն զգետնեց հոգնությունը: Նա չէր կարող առանց շունչ քաշելու հասնել մինչեւ երկինք:

Ճար չկար, հարկ էր հանգստանալ: Ահա նա կես ճամփին կանգ առավ, կախված է սարդոստայնից, հանգստանում է, եւ հանկարծ ցած նայեց, խորունկ վիհին:

Զուր չէր այդպես համառորեն Կանդիտան մագլցում վեր այդ բարալիկ սարդոստայնով: Արյան լիճը, որտեղ նա հենց նոր դաժան տանջանքներ էր կրում, թաքչել էր ականակիր խավարում: Իսկ սարսափելի Ասեղնալեռան գագաթը, որ աղոտ փայլկտում էր դժոխային խորխորատի խավարում, արդեն իր ոտքերի տակ է: Եթե նա հետագայում էլ այդպես ճարպկորեն մագլցի, դե ինչ, թերեւս, իրոք որ հաջողվի դուրս պրծնել դժոխքից:

Ամուր կռչելով սարդոստայնից, Կանդիտան առաջին անգամ երկար տարիների ընթացքում կրկին մարդկային ձայն ձեռք բերեց եւ քրքջալով գոչեց.

Փրկված եմ, փրկված:

Բայց տեղնուտեղը հանկարծ նկատեց, որ մյուս մեղավորները եւս անթիվ եւ անհամար պատել էին սարդոստայնը եւ, ինչպես մրջյունների տողան, նրա ետքից սողում են վեր ու վեր:

Այդ տեսարանից Կանդիտան վախից եւ զարմանքից որոշ ժամանակ միայն կարողանում էր աչքերը պտտել՝ տխմարավարի բերանը լայն բացած:

Այդ բարալիկ սարդոստայնը հազիվ նրան էր դժվարությամբ պահում, էլ ուր մնաց՝ մարդկանց այդչափ բազմությանը:

Եթե սարդոստայնը պատռվի, ապա նա ինքը եւս, դառն է մտածելը, նա ինքը, արդեն այդքան վեր ելած, գլխիվայր դժոխք կընկնի: Մնաս բարով փրկության հույս:

Մինչ նա ինքն իրեն ասում էր այդ ամենը, մեղավորները ողջ պարսերով սողոսկում էին Արյան լճի մթին խորքերից: Հարյուր, հազարավոր մեղավորներ, ձգված երկար շղթայով, փութկոտ վեր էին սողում, ինչպես նրբին շող ցոլացող սարդոստայնով: Պետք է արագ ինչ-որ բան ձեռնարկել, կամ էլ սարդոստայնն անպայման կպատռվի, եւ նա կգլորվի անդունդը:
Եվ Կանդատան ողջ ձայնով ճչաց.
Էյ դուք, մեղավորներ: Սա իմ սարդոստայնն է: Ո՞վ է ձեզ թույլ տվել մագլցել դրանով: Դե, շուտ իջեք: Վայր իջեք:

Բայց ահա թե հենց նույն պահին ինչ կատարվեց:

Մինչ այդ տեղը տեղին եւ անվնաս սարդոստայնը ճայթելով պատռվեց հենց այն մասում, որտեղից կառչել էր Կանդատան:

Ախ քաշել էլ չհասցրեց, երբ, հոլի պես պտտվելով, սուլոցով քամին հատելով, գլխիվայր թռավ ավելի ու ավելի ներքեւ, ականակիր խավարի ամենախորքը:

Եվ միայն սարդոստայնի մի կարճ կտորն էր շարունակում կախված մնալ, ցոլցլալով, հանց բարալիկ շող, դժոխքի անաստղ, անլուսին երկնքում:

3

Լոտոսի լճակի ափին կանգնած՝ Բուդդան տեսավ այն ամենը, ինչ կատարվեց, սկզբից մինչեւ վերջ: Եվ երբ Կանդիտան, նետած քարի նման, թաղվեց Արյան լճի հենց խորքում, Բուդդան վշտահար դեմքով դարձյալ շարունակեց իր զբոսանքը:

Կանդիտայի սրտում կարեկցանք չկար, նա մտածում էր լոկ այն մասին, թե ինչպես ինքը փրկվի դժոխքից, եւ դրա համար ըստ արժանվույնս պատժվեց` դարձյալ նետված է դժոխքի խորխորատը: Ինչ ամոթալի եւ խղճուկ էր երեւում այդ պատկերը Բուդդայի աչքին:
Սակայն դրախտային Լոտոսի այգու լոտոսներն անհաղորդ էին մնում:
Նրանց մարգարտաճերմակ ծաղկաբաժակները լռիկ օրորվում էին հենց Բուդդայի ոտքերի մոտ:
Եվ նրա ամեն մի քայլափոխին լոտոսների ոսկյա միջուկները շուրջբոլորն անբացատրելի-անուշ բուրմունք էին սփռում:

Դրախտում ժամանակը մոտենում էր կեսօրին:


Ակուտագավա Րյունոսկե | Սարդոստայնը Ակուտագավա Րյունոսկե | Սարդոստայնը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 14, 2020 Rating: 5
Технологии Blogger.