Ակուտագավա Րյունոսկե | Երեք ինչու


Ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային:
Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի եւ բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու եւ Ադամի ու Եվայի մասին:
Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին եւ հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը:
Ենթարկվելով ինչ-որ բարեպաշտական զգացողության, Ֆաուստը կյանքում գեթ մեկ անգամ խնձոր չէր համտեսել: Բայց մի գիշեր, երբ դրսում մոլեգնում էր փոթորիկը, նա հանկարծ սովածացավ, խնձոր խորովեց եւ կերավ այն: Այդ պահից ի վեր խնձորը նրա գիտակցության մեջ միաձուլվեց նաեւ սնունդ հասկացությանը: Այժմ խնձոր տեսնելիս նա հիշում էր Մովսեսի տասը պատվիրանները, խորհրդածում էր գույների ներդաշնակության մասին եւ միաժամանակ փորի մեջ ղռղռոց էր զգում:
Վերջապես, մի ցրտաշունչ առավոտ, նայելով խնձորին, Ֆաուստը հանկարծ մտածեց, որ առեւտրականի համար խնձորը ոչ այլ ինչ է, քան սովորական ապրանք: Որոշ քանակություն վաճառելով` վաճառականը արծաթադրամ է ստանում: Այդ ժամանակվանից ի վեր խնձոր հասկացությունը Ֆաուստի համար միաձուլվեց փող հասկացությանը:
Մի ամպամած օր Ֆաուստը միայնակ նստած էր իր առանձնասենյակում, չգիտես ինչպես, մի վտիտ շուն հայտնվեց: Ողջ մարմնով դողալով, շունն ակնթարթորեն կերպափոխվեց ասպետի եւ Ֆաուստին հարգալից գլուխ տվեց:
Ուրեմն ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային: Դա հարկ է որ հասկանալի լինի վերն ասվածից: Սակայն հանդիպումը սատանայի հետ դեռեւս չի նշանակում Ֆաուստի ողբերգության վերջին` հինգերորդ գործողությունը:
Մի անգամ երեկոյան, ուժեղ սառնամանիքին, Ֆաուստը եւ սատանան, որ ասպետի կերպարանք էր առել, զբոսնում էին մարդաշատ փողոցով, զրուցելով խնձորի մասին: Հանկարծ նրանք տեսան մի նիհար արտասվաթոր մանչուկի: Նա քաշում էր իր չքավոր մոր ձեռքն ու մուրում. «ինձ խնձոր առ»:
Սատանան կանգ առավ ու մանչուկին մատնացույց անելով՝ ասաց.
– Նայեք այս խնձորին: Մի՞թե այն տանջանքի գործիք չէ:
Ահա թե երբ է բարձրանում վարագույրը, եւ սկսվում է Ֆաուստի ողբերգության հինգերորդ գործողությունը:
Ինչո՞ւ Սողոմոնը միայն մեկ անգամ տեսավ Սաբայի թագուհուն
Սողոմոնը տեսել է Սաբայի թագուհուն միայն մեկ անգամ: Եվ բանն այն չէ, որ նրա թագավորությունը չափազանց հեռու էր: Թարսիսի նավը բերում էր ոսկի եւ արծաթ, փղոսկր եւ կապիկներ ու սիրամարգներ: Բայց ուղտերը Սողոմոնի բանբերներով ոչ մի անգամ չանցան Երուսաղեմը շրջափակող բլուրներն ու անապատները, որոնցից անդին տարածվում էր Սաբայի թագավորությունը:
Սողոմոնը միայնակ նստած էր իր պալատում: Սիրտը նրա թախծից տրտմել էր: Նույնիսկ բազմաթիվ հարճերը, որոնց մեջ կային եւ մոավիուհիներ, ամոնուհիներ եւ իդոմենուհիներ եւ սիդոնուհիներ եւ խեթուհիներ, անկարող էին նրան մխիթարել: Նա մտածում էր Սաբայի թագուհու մասին, ում տեսել էր գեթ մեկ անգամ:
Սաբայի թագուհին գեղեցկուհի չէր, դե, նաեւ տարիքով էր գերազանցում Սողոմոնին: Բայց այդ կինն օժտված էր բացառիկ իմաստությամբ: Նրա հետ զրուցելիս Սողոմոնը զգում էր, թե ինչպես հիացմունքից սիրտը թրթռում է: Այդպիսի հրճվանք նա չէր ապրել նույնիսկ հմայատեսների եւ աստղաբաշխների հետ` նրանց գաղտնիքների մասին խորհրդածելիս: Այդպիսի զարմանալի կնոջ հետ, ինչպիսին Սաբայի թագուհին էր, Սողոմոնը պատրաստ էր խոսել եւ երկու անգամ, եւ երեք, եւ, ինչի մասին է խոսքը` ողջ կյանքում:
Սակայն միաժամանակ Սաբայի թագուհին Սողոմոնին ահ էր ներշնչում: Նրա կողքին նա կարծես թե կորցնում էր իր իմաստնությունը: Համենայն դեպս, իր համար դժվար էր որոշել, թե ում իմաստնությամբ է նա առավել հպարտանում` իր սեփակա՞ն, թե՞ Սաբայի թագուհու: Սողոմոնն ուներ բազմաթիվ կանայք եւ հարճեր` մոավուհիներ, ամոնուհիներ, իդոմեուհիներ, սիդոնուհիներ, խեթուհիներ, բայց նրանք ամենքն իր հոգեւոր ստրկուհիներն էին: Նույնիսկ նրանց շոյելիս, ի խորոց սրտի, նրանց հանդեպ քամահրանք էր զգում: Սաբայի թագուհուն երբեմն հաջողվում էր Սողոմոնին իր ստրուկը դարձնել:
Սողոմոնը վախենում էր նրա ստրուկը դառնալուց, բայց մյուս կողմից` դա երանելի զգացողություն էր: Նման հակասությունը Սողոմոնին անասելի տառապանք էր պատճառում: Բազմած իր փղոսկրյա գահին, որը զարդարված էր մաքուր ոսկուց ձուլված առյուծներով, նա ժամանակ առ ժամանակ ծանր հոգոցներ էր հանում, որոնցից բանաստեղծություններ էին ծնվում.
Հանց խնձորենի ծառերի մեջ անտառային,

Այդպես է սիրեցյալն իմ ընդմեջ պարմանիների:
Դրոշը նրա իմ գլխավերեւում` սերն է:
Կազդուրեք ինձ գինով, թարմացրեք ինձ խնձորներով,
Քանզի ես տառապում եմ սիրուց:

Մի անգամ մայրամուտին Սողոմոնը ելավ իր ապարանքի պատշգամբն ու հայացքը հառեց հեռու, դեպի արեւմուտք: Բնականաբար, նա այնտեղից չէր կարող տեսնել Սաբայի թագավորությունը, բայց նա համակվեց հանգստությանը մոտ մի զգացողությամբ, որը միաժամանակ նման էր տրտմության:
Հանկարծ մայր մտնող արեգակի շողերի ներքո հայտնվեց անհայտ գազանի տեսքով մի ուրվական, որը երկգլխանի թեւավոր առյուծ էր հիշեցնում: Գլուխներից մեկը Սաբայի թագուհունն էր, իսկ մյուսը` Սողոմոնինը: Երկուսի բերաններն էլ բաց էին, իսկ աչքերից, չգիտես ինչու, արցունքներ էին գլորվում: Որոշ ժամանակ ուրվականը ճախրում էր օդում, իսկ հետո քամու ոռնոց լսվեց, եւ նա չքացավ երկնից բարձունքում` թռցնելով իր ետեւից երկնակամարով մեկ ձգվող ամպերի արծաթավուն շղթան:
Սողոմոնը առաջվա պես անշարժ կանգնած էր պատշգամբում: Տեսիլքի իմաստը, գուցե թե այլոց համար առեղծվածային, իր համար հասկանալի էր:
Երբ Երուսաղեմի վրա իջավ գիշերը, Սողոմոնը` նա դեռ երիտասարդ էր, սկսեց իր կանանց, հարճերի եւ ծառաների հետ գինի խմել: Ուտելու եւ խմելու նրա բոլոր ամանները մաքուր ոսկուց էին: Բայց Սողոմոնը սովորականի պես տրտում էր ու լռակյաց:
Նրան տոգորել էր մինչ այժմ անհայտ եւ ուժգին մի զգացողություն, որը շնչելը դժվարացնում էր.
Մի կշտամբիր քրքումին այն բանի համար, որ ալ է,

Մի կշտամբիր դափնուն այն բանի համար, որ բուրավետ է.
Եվ սակայն ինչ տխուր է,
Որ քրքումը չափազանց այլ է,
Իսկ դափնին այդքան սուր է բուրում:

Այդպես էր երգում Սողոմոնը, մատները դիպցնելով տավղին, եւ այտն ի վար գլորվում էին արցունքները, երգի բառերը ձուլվում էին մեղմորեն, որ անսովոր կրքով էին լեցուն: Հարճերն ու ծառաները տարակուսած միմյանց էին նայում, բայց նրանցից ոչ ոք չէր համարձակվում Սողոմոնին հարցնել, թե ինչ է նշանակում այդ երգը: Երգելով մինչեւ վերջ, նա թագակիր գլուխը հակեց կրծքին եւ որոշ ժամանակ փակ աչքերով նստած էր: Իսկ հետո Սողոմոնն անսպասելի բարձրացրեց պայծառ դեմքը եւ, ինչպես անցյալում, սկսեց խոսել իր կանանց, հարճերի եւ ծառաների հետ:
Թարսիսի նավը եւ Քիրամի նավը երեք տարին մեկ բերում էին ոսկի եւ արծաթ եւ կապիկներ ու սիրամարգներ: Բայց ուղտերը, Սողոմոնի բանբերներով ուղտերը, ոչ մի անգամ չանցան Երուսաղեմը շրջափակող բլուրներն ու անապատները, որոնցից անդին փռված էր Սաբայի թագավորությունը:
Ինչո՞ւ Ռոբինզոնը ընտելացրեց կապիկին
Քանզի ուզում էր իր առաջ տեսնել ինքն իր ծաղրանկարը: Դա ինձ ստուգապես հայտնի է: Երբ Ռոբինզոնը հրացանն առած, ծնկների մոտ պատռված անդրավարտիքով նայում էր կապիկին, որն իր գորշ կերպարանքով հայացքը հառել էր երկնքին, նրա դեմքին ժպիտ էր ծաղկում:

Տես նաև Ակուտագավա Րյունոսկե Պատմվածքներ
Ակուտագավա Րյունոսկե | Երեք ինչու Ակուտագավա Րյունոսկե | Երեք ինչու Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 15, 2020 Rating: 5
Технологии Blogger.