Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանյոթերորդ


Անսպասելի հանդիպում

  Պարահանդեսի նախապատրաստական աշխատանքը եռում էր: Նվագախմբի տաղավարը և պարի հրապարակի շուրջը գտնվող վրանները կառուցված էին: Ներկամոլիկը տաղավարը նկարազարդել էր ամենազվարճալի նախշերով, իսկ մնացած մանչուկները վրանները ներկել էին ծիածանի բոլոր գույներով:
Աչոնիկները հրապարակը զարդարել էին ծաղիկներով, գույնզգույն լապտերներով ու դրոշակներով: Անգետիկը դեսուդեն էր նետվում ու ինչքան ուժը պատում էր, կարգադրություն էր անում: Նրան թվում էր, թե գործը շատ դանդաղ է առաջ գնում: Նա գոռգոռում էր, ոտ ու ձեռ ընկնում, բայց միայն խանգարում էր: Բարեբախտաբար ամեն ոք առանց նրան էլ գիտեր իր անելիքը:
Ինչ-որ մեկը ուզեց նստարաններ շարել հրապարակի շուրջը, բայց տախտակ չկար: Անգետիկը քիչ էր մնում զայրույթից մազերը փետի:
-Ա˜խ,- գոռում էր նա,- կարծես չէի՞ն կարող ավելորդ տախտակներ բերել, իսկ հիմա բոլոր մեքենաները գնացել են Ֆռռանաշեն: Դե, վրաններից մեկը շուտ արեք քանդեք: Դրա տախտակներից նստարաններ կշինենք:
-Ճիշտ է,- գոչեց Երևիկը և կացինը ձեռքին նետվեց ամենամոտիկ վրանի կողմը:
-Ի˜նչ ես անում,- ասաց Ներկամոլիկը: -Շինեցինք-շինեցինք, ներկեցինք-ներկեցինք, որ հիմա քանդե՞նք:
-Քո գործը չի,- ճչաց Երևիկը: -Նստարաններ էլ են պետք:
-Բայց հո չի կարելի մեկը շինել, մյուսը քանդել:
-Իսկ դու ի՞նչ ես հրամաններ արձակում,- մեջ ընկավ Անգետիկը: -Ո՞վ է գլխավորը, ե՞ս, թե՞ դու: Ասված է՝ քանդել, ուրեմն քանդել:
Անհայտ է, թե ուր կհասներ այդ վեճը, բայց այդ պահին հեռվում մեքենա երևաց:
-Բուբլիկը վերադարձա˜վ,- ուրախացած գոչեցին բոլորը: -Հիմա կարելի է տախտակներ բերել, էլ պետք չի վրանը քանդել:
Մեքենան մոտեցավ: Խցիկից դուրս եկավ Բուբլիկը: Նրա հետևից հայտնվեց ևս մի ճստլիկ: Բոլորը զարմացած նրան էին նայում:
-Տե˜ր աստված, ախր սա մեր Գիտունիկն է,- աղաղակեց բժիշկ Հաբիկյանը:
-Գիտունիկը եկա˜վ,- ծղրտաց Շվարիկը:
Մանչուկներն անմիջապես շրջապատեցին Գիտունիկին և սկսեցին գրկել ու համբուրել նրան:
-Վերջապե˜ս գտանք քեզ,- ասում էին նրանք:
-Ինչպես թե՝ գտաք ինձ,- զարմացավ Գիտունիկը: -Իմ կարծիքով, ես ձեզ գտա:
-Հա՛, հա՛, ճիշտ է: Դու մեզ գտար, բայց մենք կարծում էինք, թե դու բոլորովին լքել ես մեզ:
-Ե՞ս եմ ձեզ լքել,- նորից զարմացավ Գիտունիկը: -Իմ կարծիքով, այդ դո՛ւք եք ինձ լքել:
-Ախր դու պարաշյուտով թռար, իսկ մենք մնացինք,- պատասխանեց Պոնչիկը:
-Իսկ ինչո՞ւ դուք մնացիք: Չէ՞ որ ես հրաման տվի, որ բոլորդ էլ թռչեք: Հարկավոր էր թռչել իմ հետևից, որովհետև միևնույն է, օդապարիկն այլևս երկար թռչել չէր կարող, իսկ դուք երևի սիրտ չարիք, վախեցաք:
-Հա˜, հա˜, սիրտ չարինք…- գլխով արին բոլորը:
-Իհարկե սիրտ չարին,- ասաց Անգետիկը: -Վախեցա˜ն թռչել: Հետաքրքիր է պարզել, թե ով առաջինը վախեցավ:
-Ո՞վ,- հարցրեց Գուցեմիկը: -Հենց դո՛ւ, ինքդ առաջինը վախեցար:
-Ե՞ս,- զարմացավ Անգետիկը:
-Իհարկե, դո՛ւ,- այս անգամ արդեն գոչեցին բոլորը: -Ո՞վ ասաց, թե պետք չի թռչել: Դու չէի՞ր:
-Ասենք թե ես էի,- հանձն առավ Անգետիկը: -Դուք ինչո՞ւ ինձ լսեցիք:
-Ճիշտ է,- քմծիծաղ տվեց Գիտունիկը: -Մա˜րդ եք ճարել լսելու: Կարծես չգիտեք, որ Անգետիկն ավանակ է:
-Դե, ըհը˜,- զարմանքով ձեռքերը տարածեց Անգետիկը,- հիմի դուրս է գալիս, որ ես եմ ավանակը:
-Ու վախկոտ,- ավելացրեց Քաղցրահյութիկը:
-Միևնույն ժամանակ և սուտլի՛կ,- վրա բերեց Պոնչիկը:
-Ախր ես ե՞րբ եմ սուտ ասել,- զարմացավ Անգետիկը:
-Իսկ ո՞վ էր ասում, թե օդապարիկը դու ես հնարել,- հարցրեց Պոնչիկը:
-Ի˜նչ ես ասում, ի˜նչ ես ասում,- ձեռքերը թափահարեց Անգետիկը: -Ոչ մի օդապարիկ էլ ես չեմ հնարել: Ո՞վ չգիտի, որ դա Գիտունիկն է հնարել:
-Իսկ ո՞վ էր ասում, թե դու ես մեր գլխավորը,- նեղում էր Անգետիկին Քաղցրահյութիկը:
-Դե ես ի˜նչ գլխավոր եմ, որ: Ես հենց այնպես…Դե, հենց այնպես, պարզապես ոչինչ էլ չեմ,- արդարանում էր Անգետիկը:
-Իսկ հիմա մենք քեզ վրա ուղղակի՝ թյո՛ւ: Հիմի մեր գլխավորը Գիտունիկն է,- շարունակում էր ճչալ Քաղցրահյութիկը:
Աչոնիկները, որ լսում էին այդ ամբողջ խոսակցությունը, սկսեցին քահ-քահ ծիծաղել: Նրանք տեսան, որ Անգետիկը սովորական պարծենկոտի մեկն է:
Ճնճղուկիկն ու Թմբլիկը իսկույն վազեցին բոլորին պատմելու, որ Անգետիկը սուտլիկ է, և որ օդապարիկը հնարել է ոչ թե նա, այլ Գիտունիկը:
Կապտաչիկը մոտեցավ Անգետիկին ու արհամարհանքով ասաց.
-Դուք ինչո՞ւ էիք մեզ խաբում: Մենք ձեզ հավատում էինք և կարծում, թե իսկապես խելոք եք, ազնիվ ու քաջ, այնինչ ողորմելի խաբեբա և անարգ վախկոտի մեկն եք:
Նա հպարտ-հպարտ երեսը շուռ տվեց Անգետիկից և մոտեցավ Գիտունիկին, որի շուրջն արդեն հավաքվել էր աչոնիկների ամբոխը: Բոլորը հետաքրքրվում, ուզում էին նայել ու լսել նրա պատմածները:
-Ասացեք, իսկ ճի՞շտ է, որ երբ թռչում ես օդապարիկով, ապա երկիրը ներքևում թվում է կարկանդակի չափ,- հարցրեց Սկյուռիկը Գիտունիկին:
-Ո՛չ, ճիշտ չէ,- պատասխանեց Գիտունիկը: -Երկիրը շատ մեծ է ու ինչքան վեր ես բարձրանում օդապարիկով, այնքան ավելի մեծ է երևում, քանի որ վերևից ավելի լայն տեսարան է բացվում:
-Ասացեք, խնդրեմ, ճի՞շտ է, որ ամպերը շատ ամուր են և թռիչքի ժամանակ ստիպված եք եղել կացնով ջարդել,- հարցրեց Կապտաչիկը:
-Նույնպես ճիշտ չէ,- պատասխանեց Գիտունիկը: -Ամպերը օդի պես փափուկ են, որովհետև բաղկացած են մշուշից, և այնտեղ կացնով ջարդելու բան չկա:
Աչոնիկներն սկսեցին Գիտունիկին հարցուփորձ անել, թե արդյոք ճի՞շտ է, որ օդապարիկը լցնում են շոգիով, ճի՞շտ է, որ օդապարիկը կարող է թռչել գլխիվայր, ճի՞շտ է արդյոք, որ երբ նրանք թռչում էին՝ հազար և մեկ տասնորդական աստիճան սառնամանիք էր: Գիտունիկն ասաց, որ այդ բոլորը փչոց է, և հարցրեց.
-Ո՞վ է այդպիսի հիմար բաներ ասել ձեզ:
-Անգետիկը,- պատասխանեց Խլշիկը ու ծիծաղեց: Բոլորը շուռ եկան Անգետիկի կողմն ու բարձրաձայն քրքջացին: Անգետիկը կարմրեց ամոթից. նա պատրաստ էր գետնի տակն անցնել: Մեկ էլ հանկարծ նա պուկ տվեց ու թաքնվեց խատուտիկի թփերի մեջ:
«Կնստեմ խատուտիկների մեջ, հետո նրանք կմոռանան այդ պատմությունը, ու ես դուրս կգամ»,- վճռեց Անգետիկը:
Գիտունիկը շատ էր ուզում տեսնել Կանաչ քաղաքը: Կապտաչիկը, Ձյունիկն ու մյուս աչոնիկները գնացին նրա հետ, որ ցույց տան իրենց տեսարժան վայրերը: Գիտունիկը ուշադիր զննեց գետի վրայով ձգվող կամուրջը, հետո սկսեց ուշի-ուշով զննել եղեգնյա ջրմուղը: Նրան շատ հետաքրքրեց ջրմուղի և շատրվանների կառուցվածքը: Աչոնիկները մանրամասնորեն պատմեցին, թե ինչպես է կառուցված ջրմուղը և ինչպես է հարկավոր շինել շատրվանները, որ ջուրը վեր խփի և ոչ թե վայր: Գիտունիկին դուր եկավ, որ աչոնիկների մոտ ամենուրեք օրինակելի կարգ ու կանոն և բացարձակ մաքրություն է տիրում: Նա նրանց դրվատեց՝ փողոցի մայթերին անգամ ուղեգորգեր փռելու համար: Աչոնիկներն ուրախացան ու Գիտունիկին հրավիրեցին իրենց տները, որ նա տեսնի ներքին կարգ ու սարքը: Ներսը նույնպես լավ էր ու մաքուր, ինչպես դուրսը: Տներից մեկում Գիտունիկը տեսավ մի գրապահարան և ասաց, որ երբ տուն վերադառնա, ինքն էլ գրապահարան կշինի:
-Մի՞թե դուք գրապահարան չունեք,- հարցրին աչոնիկները:
-Ո՛չ,- խոստովանեց Գիտունիկը:
-Հապա որտե՞ղ եք ձեր գրքերը պահում:
Գիտունիկը միայն ձեռքը թափ տվեց: Նա ամաչեց խոստովանել, որ իր գրքերը դրված են ուղղակի սեղանին, երբեմն էլ սեղանի և նույնիսկ մահճակալի տակ:
Գիտունիկին, իհարկե, հետաքրքրեցին նաև ձմերուկները: Աչոնիկները նրան պատմեցին Ծղոտիկի մասին, և Գիտունիկը ցանկություն հայտնեց ծանոթանալ նրա հետ: Աչոնիկները փնտրեցին գտան Ծղոտիկին և ծանոթացրին Գիտունիկի հետ: Գիտունիկը հարցուփորձ արեց այն բոլորի մասին, ինչ իրեն հետաքրքրում էր:
Ծղոտիկը պատմեց զանազան մրգեր ու բանջարեղեն աճեցնելու իր փորձի մասին: Գիտունիկը շատ ուշադիր լսում և նույնիսկ որոշ բաներ գրի էր առնում իր ծոցատետրում:
-Այ, սա խելոք մանչուկ է,- ասում էին աչոնիկները: -Իսկույն երևում է, որ սիրում է բան սովորել:
Իսկ Անգետիկի համբերությունը, իհարկե, չտարավ, որ սուսուփուս նստի խատուտիկի թփերում: Ժամանակ առ ժամանակ նա դուրս էր գալիս, բայց այստեղ էր, որ գործը լավ չէր գնում: Աչոնիկներն ամենևին ուշադրություն չէին դարձնում նրա վրա, ասես իսկի գոյություն էլ չուներ, բայց դրա փոխարեն մանչուկները օր չէին տալիս նրան:
-Սուտլիկ Անգետի˜կ,- ճչում էին նրանք: -Պարծենկոտ Անգետի˜կ: Վախկոտ Անգետի˜կ:
«Չէ՛, երևում է՝ դեռ չեն մոռացել»,- վրդովված մտածում էր Անգետիկն ու նորից նետվում խատուտիկի թփերի մեջ:
Որոշ ժամանակ անց նա նորից դուրս եկավ, և նորից կրկնվեց նույնը: Վերջապես նա ասաց.
-Էլ դուրս չեմ գա: Պիտի կամք ունենալ: Էստեղ պինդ կնստեմ, թեկուզև մինչև վաղը: Դուրս կգամ, երբ պարահանդեսն սկսվի:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանյոթերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանյոթերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 07:05:00 Rating: 5
Технологии Blogger.