Ստեփան Զորյան | Մանուկներ


Վաղուց Ոսկերչյան եղբայրների վաճառատան կողքին ընկած էր շաքարի մի տակառ։ Ընկած էր երկու տան արանքում, նեղ մի փակուղում, ուր ոչ ոք չէր մտնում։ Ընկած էր նա փայտե կապերը մեջքին, բերանը միշտ բաց, և մեջը խուրձից ավելի տրորած ծղոտ, որ մնացել էր վաճառված շաքարից։ Ու այդպես՝ մարդկանց աչքից հեռու, արևի ու անձրևի տակ, կողքը հեռագրաթելի սյանը դեմ տված ու, իր վիճակից կարծես դժգոհ, տրտում նայում էր երկու տան արանքով երևող երկնքի շերտին... Մոտիկ, հենց մի քանի քայլի վրա, մեծ փողոցով անցնում էին շատ մարդիկ, բայց մեկը չէր նայում նրան, բոլորը, անգամ տերերը, ասես չէին տեսնում նրա գոյությունը։ Երբեմն միայն նրան մոտենում էին փողոցաշրջիկ շներ և հոտոտելով՝ անցնում դունչները ցցած։ Ըստ երևույթին տակառը նրանց ևս դուր չէր գալիս։ Ու մնում էր մոռացված, երեսի վրա ընկած։ Եվ այդպես երկա՜ր ժամանակ...
Բայց մի օր — անսպասելի — նրա մեջ երևացին բնակիչներ։ Հայտնի չէ ինչպես, նրանում բնակություն էին հաստատվել ինչ-որ մանուկներ, մեկը դրանցից, ամենամեծը՝ աղջիկ էր, մոտ ութ տարեկան՝ խճճած, փոշոտ մազերով. փոքրը նույնպես աղջիկ էր՝ հազիվ չորս-հինգ տարեկան, նրա մազերը հասած հաճարի գույն ունեին և աչքերը մուգ կապույտ էին, մանուշակի նման, իսկ միջնեկը՝ տղա էր՝ կաշվե գոտին մեջքին։ Երեքն էլ բոբիկ էին և բաց, գանգուր գլուխներով։ Վերջին հանգամանքը ցույց էր տալիս, որ մի ընտանիքից են, բայց թե ովքե՞ր էին, որտեղի՞ց էին եկել և ո՞ւր էին գնալու՝ հայտնի չէր։ Երևում էր միայն, որ մեծն ակներև հովանավորում էր փոքրերին և նրանք ակնածու լսում էին նրան։ Երբ անցորդներից մեկը, պատահաբար, նայում էր նրանց կողմը կամ մոտենում էր մի շուն՝ փոքրերը երկյուղով նայում էին քրոջը՝ վտանգավոր չե՞ն արդյոք մեկը կամ մյուսը։ Իր նայվածքներով մեծը միշտ հանգստացնում էր փոքրերին և փաղաքուշ ձայնով սիրտ տալիս նրանց։ Այսպես անում էր մանավանդ այն ժամանակ, երբ պատրաստվում էր նրանց մենակ թողնելու։ Իսկ նա փոքրերին մենակ թողնում էր շատ հաճախ։ Ամեն օր վաղ առավոտից այդ բոբիկ, գանգուր մազերով աղջիկը գնում էր շուկա, աչքերը գետնին ինչ-որ որոնում էր մրգավաճառների խանութների առջև ու կանաչեղենի սայլերի արանքում։ Որոնվում էր ուշադիր, մանրազնին, զարմանքով նայում էր կախված մսերին, սալակների մեջ դարսված մրգերին ու կանաչեղենին։ Նայում էր երկար ու նորից անցնում շուկայի հրապարակը, ուր լինում էին միշտ սեխի, ձմերուկի կլեպներ, կանաչեղենի թափթփուկ, փչացած բողկ, ճլորած սոխ, կոտեմ, պամիդոր... Մի երկու ժամվա պտույտից հետո նա՝ գոգը լիքը վերադառնում էր տակառ՝ գոհ ու ժպտուն։ Նրան տեսնելով երեխաներն իսկույն գլուխները հանում էին տակառից և ձեռները պարզած՝ ճչում խնդալից, ինչպես մորը տեսնող թռչունի ձագեր։
— Եկա՛վ, Ատ՛ան եկա՜վ...
Այսպես էին կանչում նրանք մեծ քրոջը, և Ատան գոհ ժպտում էր ու դեռ հեռվից ցույց տալիս գոգի բարիքները։ Ապա, երբ գլուխն իջեցնելով մտնում էր տակառ, չորս փոքրիկ ձեռներ անմիջապես նրան էին պարզվում ագահ, դողդոջ շարժումներով։ Ատան կարգի էր հրավիրում նրանց «կամա՛ց, ա՛յ կամաց», և ուտելիք բաժանում։ Փոքրերն ախտրժակով ուտում էին սեխի, ձմերուկի կլեպները, երբեմն իրար ձեռքից կտորներ խլելով։ Ատան նորից կարգի էր հրավիրում նոր կտորներ տալով կամ չտալու սպառնալիքով։ Երեխաները հանդարտում էին և շարունակում կրծել կեղևները, միաժամանակ ագահ նայվածքներ ուղղելով միմյանց ուտելիքի վրա... Երբ նախաճաշը վերջանում էր, Ատան փոքրիկների գլուխը դնում էր իր ծնկներին ու քորելով՝ քնեցնում նրանց։ Ճաշից առաջ ու հետո կրկնվում էր նույնը։ Ատան երեխաների գլուխն իր ծնկներին պահում էր այնքան ժամանակ, մինչև որ քնում էին։
Այս լինում էր առանձնապես երեկոները։
Բայց միշտ այսպես խաղաղ չէր անցնում կյանքը տակառում։ Երբեմն փոքրիկները հիշում էին մորը և սկսում լալ։ Այդ ժամանակ Ատայի համար սկսվում էր մի ծանր աշխատանք. հանգստացնում էր փոքրերին մեղմ, սիրող խոսքերով. շոյում, գուրգուրում էր նրանց և օրորում ծնկան։— Մայրի՞կը... օ՜, մայրիկը վերև է,— ասում էր նա երկինքը ցույց տալով.— նա կգա, եթե նրանք քնեն։ Իսկ եթե լաց լինեն,– եթե շարունակեն այսպես լաց լինել — նա չի գա. այո՛, չի գա։ Կխռովի ու չի գա։ Հասկանո՞ւմ եք... Եվ փոքրերը, մորը չվշտացնելու համար, լռում էին ամեն անգամ ու աչքները գցում երկինք, որտեղից մայրիկը պիտի գար։
— Բա ո՞ւլ ա, ինցո՞ւ ցի գալի,— ասում էր երբեմն փոքրիկը, քրոջը չհավատալով։
— Կգա, կգա ... դու որ խելոք կենաս՝ նա կգա,— պատասխանում էր Ատան։— Մայրիկը չի սիրում, որ լաց են լինում։ Հասկանո՞ւմ ես...
Փոքրիկը լռում էր ու նայում երկինք, նրա հետ երկինք էին նայում և քույրն ու եղբայրը։ Ու երկար, երեքը միասին, գլուխները տակառից հանած, նայում էին երկնքին, աստղերին, որ փայլում, շողշողում էին բոցավառ աչքերի նման։ Ուրեմն մայրիկն այնտեղ է՝ աստղերի մոտ, մտածում էին նրանք, և թվում էր, որ այն բոլոր մայրիկները, որ տնից գնացել են հեռու, հիմա աստղեր դարձած՝ վերևից նայում են և սպասում, որ ամեն ինչ խաղաղվի, որ երկնքի սանդուղը ձգվի, որպեսզի գան իրենց երեխաներին համբուրեն... Այսպես էր ասում Ատան, և փոքրիկներն սպասում էին մայրիկին։ Բայց, տեսնես, այդ պսպղուն աստղերից ո՞րն է մայրիկը։
— Բա ո՞ւլ ա, ո՞ւլ ա մայլիկը,— շարունակում էր փոքրիկը աչքը դարձյալ աստղերին։
Ատան լուռ, երկար նայում էր երկնքին, շողազարդ աստղերին և մատը մեկնում մի աստղախմբի։
— Հրե՛, էն կողմը մեր գեղի աստղերն են,— ասում է նա,— էնտեղ է մայրիկի աստղը։
Փոքր աղջիկը, նրա հետ և փոքր տղան, վիզները ձգում են ավելի և նայում քրոջ ցույց տված աստղախմբին։ Շողում են աստղերը, շողշողում խմբով և թարթում իրենց ոսկե թարթիչները... Ու կամաց-կամաց փոխվում են նրանք աչքերի և աչքով անում մանուկներին։ Թվում է՝ ժպտում են, ժպտում սիրով և ջերմություն ծորում ցած...
Ու քիչ հետո, աստղերի արանքում հետզհետե երևում են նրանց կանացի ծանոթ դեմքեր՝ շողշողուն աչքերով։ Երևում են շատ-շատ մայրիկների դեմքեր... Ու այդ բոլորի մեջ ամենից պայծառ, ամենից ժպտուն տեսնում են իրենց մայրիկի դեմքը, որ ժպտում, ծիծաղում է ու, կարծես, կանչում, կանչում վերևից...
Աղմկոտ քաղաքը նիրհում է կամաց-կամաց, ձայները մարում են, մեռնում, լույսերը հանգչում մեկ-մեկ, բայց երեխաներր շարունակում են դեռ լուռ, շնչազուսպ նայել աստղերին, որ միալար թարթում, ժպտում և աչքով են անում նրանց...
Մի օր էլ փոքրիկ Աչին, ինչպես կանչում էին նրան, հիվանդացավ հանկարծ։ Ծղոտի վրա պառկած՝ նա շարունակ երկինք էր նայում, և երբ աստղերն ելնում էին կամարում, նայվածքն ուղղում էր այն աստղախմբին, որ Ատան էր ցույց տվել։ Նայում էր, նայում անթարթ—անընդհատ և շուտ-շուտ ժպտում ինքն իրեն։ Մի անգամ էլ, երբ նայում էր այդպես, նրան երևաց մայրը, որ աստղերը ճակատին, շորերն աստղազարդ, աստղանման աչքերով իջնում էր ցած, իջնում էր երկնքից և ժպտում ու կանչում ձեռները պարզած։
Աչին խնդաց հանկարծ, և նիհար թաթիկները մեկնեց դեպի վեր, դեպի աստղերը ու մնաց այդպես, մինչև որ մայրը մոտեցավ կամաց-կամաց ու գրկեց նրան...

Ստեփան Զորյան | Մանուկներ Ստեփան Զորյան | Մանուկներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 19, 2020 Rating: 5
Технологии Blogger.