Լև Տոլստոյ | Պատերազմ և խաղաղություն | համառոտ


1805 թ.: Պետերբուրգ: Ֆրոյլինա Շերերի երեկույթին այլ հյուրերի թվում ներկա է Պիեր Բեզուխովը՝ հարուստ ազնվականի ապօրինի որդին, և իշխան Անդրեյ Բոլկոնսկին: Զրուցում են Նապոլեոնի մասին: Ընկերները փորձում են պաշտպանել մեծ մարդուն երեկույթի տիրուհու և մյուս հյուրերի քննադատությունից: Բոլկոնսկին պատրաստվում է ճակատ մեկնել, որովհետև երազում է նապոլեոնյան փառքի մասին, իսկ Պիերը չի որոշել իր զբաղմունքը, մասնակցում է պետերբուրգյան երիտասարդության գինարբուքներին, որոնց հոգին է Ֆյոդոր Դոլոխովը՝ աղքատ, բայց կամային և քաջ սպան: Հերթական հարբած արկածի համար Պիերը արտաքսվում է մայրաքաղաքից, իսկ Դոլոխովը դառնում է սովորական շարքային:
Հեղինակը տեղափոխում է ընթերցողին Մոսկվա, որտեղ կոմս Ռոստովի տանը նշում են կնոջ ծննդյան օրը: Որդին՝ Նիկոլայ Ռոստովը, պատրաստվում է մեկնել ճակատ: Նատաշան, Պետյան, Սոնյան և Վերան ապրում և մեծանում են տանը հաստատված կարգով: Նույն այդ ժամանակ Մոսկվայի մեկ ուրիշ տանը մահանում է կոմս Բեզուխովը: Նրա հեռավոր ազգականներ Կուրագինը և երեք իշխանուհիներ փորձում են գողանալ պայուսակը, որտեղ Բեզուխովի կտակն է: Նրա ունեցվածքն անցնում է Պիերին, որը դառնում է կոմս: Հիմա Կուրագինը փորձում է ամուսնացնել Պիերին իր գեղեցկուհի դստեր՝ Էլենի հետ: Դա նրան հաջողվում է:
Լիսիե Գորի կալվածքում, որը պատկանում է Անդրեյ Բոլկոնսկու հորը՝ Նիկոլայ Անդրեևիչ Բոլկոնսկուն, կյանքն ընթանում է վաղուց հաստատված կարգով: Ծեր իշխանը մշտապես զբաղված է: Գրում է հուշեր, դասեր է տալիս դստերը՝ Մարյային, աշխատում է այգում: Գալիս է իշխան Անդրեյը հղի կնոջ՝ Լիզայի հետ: Կնոջը թողնում է հոր տանը, իսկ ինքը մեկնում է ռազմաճակատ:
1805 թ.: Աշուն: Ռուսական զորքը մասնակցում է Նապոլեոնի դեմ դաշնակից զորքերի արշավանքին Ավստրիայում: Գլխավոր հրամանատար Կուտուզովն ամեն բան անում է, որ խուսափի ռուսների մասնակցությունից մարտական գործողություններին: Ընդհուպ մինչև Աուստերլիցի ճակատամարտ ռուսները նահանջում են: Ֆրանսիացիների հետապնդումը երկարաձգելու նպատակով Կուտուզովը նրանց դեմ է ուղարկում Բագրատիոնի չորս հազարանոց ջոկատը: Կուտուզովին հաջողվում է մարշալ Մյուրատի հետ հրադադար կնքել և ժամանակ շահել:
Յունկեր Նիկոլայ Ռոստովը ծառայում է Պավլոգրադի հուսարական գնդում: Նրա հրամանատարն է ռոտմիստր Վասիլի Դենիսովը: Դենիսովի դրամապանակը կորչում է: Ռոստովը պարզում է, որ այն վերցրել է պորուչիկ Տելյանինը: Տելյանինի այս արարքը ստվեր է նետում ողջ գնդի վրա, և հրամանատարը պահանջում է, որ Ռոստովը ընդունի իր սխալը և ներողություն խնդրի: Սպաները պաշտպանում են հրամանատարին, և Ռոստովը զիջում է: Նա չի խնդրում ներողություն, բայց հրաժարվում է Տելյանինի նկատմամբ մեղադրանքներից: Տելյանինին հեռացնում են գնդից հիվանդության պատրվակով: Շենգրաբենի ճակատամարտում Ռոստովը վիրավորվում է և տեսնելով մոտեցող ֆրանսիացիներին՝ նրանց վրա է նետում ատրճանակն ու փախչում: Ճակատամարտին մասնակցելու համար Ռոստովին պարգևատրում են Գեորգիևյան խաչի շքանշանով. դառնում է կորնետ:
Նիկոլայի մեջ պաշտամունքի զգացում է ծնվում կայսր Ալեկսանդրի նկատմամբ, որը եկել էր տեսնելու ռուսական զորքը: Այդ զգացումը միայն ավելի է ուժեղանում Աուստերլիցի ճակատամարտի ժամանակ, երբ Նիկոլայը տեսնում է պարտությունից հետո միայնակ դաշտում լաց լինող կայսրին:
Մինչև Աուստերլիցի ճակատամարտը իշխան Անդրեյն ապրում է մեծ սխրանքի սպասումով: Նրան հունից հանում է կատակասեր սպա Ժերկովի ծաղրը, երբ սա շնորհավորում է ավստրիացիներին իրենց հերթական պարտության առթիվ: Շենգրաբենի ճակատամարտում նա նկատում է փոքրամարմին կապիտան Տուշինին, որը հրետանու հրամանատարն է: Սրա հաջող գործողություններն էին այդ ճակատամարտի հաջողությունը, սակայն Բագրատիոնին իր գործողությունների մասին զեկուցելիս Տուշինն ուներ անվստահ տեսք: Բագրատիոնը նույնպես ոչինչ չէր հրամայում, այլ համաձայնում էր իրեն արվող առաջարկներին: Այս ամենը զարմացնում է Բոլկոնսկուն: Նրան զարմացնում է նաև Կուտուզովի պասիվ վարքը և այն, որ սա Աուստերլիցի նախօրյակին կարծիք է հայտնում, որ դաշնակիցները պարտվելու են:
Առավոտյան դեռ նոր էր ծագել արևը, Նապոլեոնը հրամայում է սկսել ճակատամարտը: Ռուսները սկսում են փախչել: Իշխան Անդրեյը, դրոշը ձեռքին, փորձում է առաջնորդել զինվորներին: Նրան վիրավորում են: Ընկնելով նա տեսնում է երկինքը և մեծ ամպերը: Նրա նախկին երազանքները նրան թվում են չնչին: Դաշնակիցների զորքը ջարդած Նապոլեոնը, տեսնելով Բոլկոնսկուն, ասում է. «Հրաշալի մահ է»: Համոզվելով, որ Բոլկոնսկին ողջ է, հրամայում է տանել նրան վիրակապելու:
Նիկոլայ Ռոստովը արձակուրդին վերադառնում է տուն: Նրա ընկերը՝ Դենիսովը, գալիս է նրա հետ: Ռոստովին բոլորն ընդունում են որպես հերոսի: Նա մտերմանում է Դոլոխովի հետ: Ռոստովների տան ուրախությունը, սակայն, Նատաշան է: Նա հրաշալի պարում է, երգում: Դենիսովը խնդրում է Նատաշայի ձեռքը, մերժում է ստանում և Նիկոլայ Ռոստովի հետ վերադառնում է ծառայության:
Իշխան Բոլկոնսկին ստանում է նամակ Կուտուզովից, որում ասվում է, որ նրա որդին՝ Անդրեյը, մահացել է հերոսի մահով: Նշվում է, որ զոհվածների թվում Բոլկոնսկին հայտնաբերված չէ: Դա հույս է տալիս, որ նա ողջ է: Նրա կինը՝ Լիզան, ծննդաբերում է: Հենց այդ գիշեր Անդրեյը վերադառնում է տուն: Լիզան ծննդաբերության ժամանակ մեռնում է:
Պիեր Բեզուխովին տանջում է իր կնոջ և Դոլոխովի կապը: Նրան են հասնում ասեկոսեներ և անգամ անանուն նամակ: Բագրատիոնի պատվին կազմակերպված մի երեկույթի ժամանակ նա վիճում է Դոլոխովի հետ, մենամարտի է հրավիրում և առաջին անգամ կյանքում ձեռքը վերցնելով ատճանակը՝ կարողանում է վիրավորել փորձառու զինվորականին: Թողնելով Էլենին իր կալվածքների մեծ մասը՝ Պիերը հեռանում է Պետերբուրգ:
Ճանապարհին ծանոթանում է Օսիպ Բեզդեևի՝ մասոնական օթյակի անդամի հետ, որի միջնորդությամբ ինքն էլ մասոնականություն է ընդունում: Նրա մեջ ոգևորություն է մտնում: Լավ է զգում իրեն այն մտքից, որ պիտի բարիք գործի մերձավորներին: Փորձում է ռեֆորմներ իրականացնել իր գյուղացիների համար, սակայն չունենալով պրակտիկ հոտառություն, խաբվում է իր կառավարիչների կողմից:
Այցելում է ընկերոջը՝ Բոլկոնսկուն: Սա հեռացել է զինվորական գործից և իրեն նվիրել է որդու դաստիարակությանը: Պիերը նկատում է, որ ընկերոջ հայացքում ինչ-որ բան մարել է: Պիերը կիսվում է ընկերոջ հետ իր նոր հայացքներով: Ասում է, որ մարդիկ չեն ապրում հիմա ու այստեղ, այս փրթիկ հողի վրա, այլ ապրել են և կապրեն հավետ, ամեն ինչում: Եվ Բոլկոնսկին Աուստերլիցից հետո առաջին անգամ տեսնում է բարձր երկինքը: Մի պայծառ բան նրա մեջ նորից արթնանում է:
Տիլզիտում տեղի է ունենում Նապոլեոնի և Ալեկսանդրի հանդիպումը: Այստեղ է նաև Նիկոլայ Ռոստովը, որը եկել է զինվորական ընկերոջ համար  խնդրագիր ներկայացնելու: Տեսնում է ֆրանսիացի սպաներին՝ երեկվա թշնամիներին, որոնց հետ շփվում է: Չի հասկանում, ինչի համար էին մարտերը, Տուշինի կտրված ձեռքը, մահերը, եթե կայսրերը հիմա հաճոյախոսություններ են շռայլում իրար: Խնդրագիրը մերժվում է, և Նիկոլայը հիասթափված վերադառնում է զորամաս:
Այն ռեֆորմները, որոնք սկսել և ավարտի չէր հասցրել իր կալվածքներում Պիերը, կատարում է իր կալվածքներում Անդրեյ Բոլկոնսկին: 1809 թ. Բոլկոնսկին մեկնում է Ռյազանի իր կալվածքները և ճանապարհին հիանում է բնությամբ: Ամեն բան կանաչ է: Նա նկատում է, սակայն, որ միայն ծեր կաղնին չի ենթարկվում գարնան հմայքին: Նրան թվում է, որ ինչպես և այս ծուռ կաղնու դեպքում, իր կյանքը վերջացել է:
Բոլկոնսկին գործերով լինում է Ռոստովների մոտ: Գիշերը լսում է Նատաշայի և Սոնյայի զրույցը: Նատաշան հիանում է գիշերվա խորհրդավոր գեղեցկությամբ: Բոլկոնսկու մտքերը սկսում են խառնվել: Արդեն հուլիսին անցնելով նույն անտառուտի միջով՝ նա նորից տեսնում է ծեր կաղնին, որի վրա կանաչ ճյուղեր են հայտնվել: Նա որոշում է, որ 31 տարեկանում կյանքը չի ավարտվել: Իշխանը տեղափոխվում է Պետերբուրգ ակտիվորեն հասարակական կյանքին հաղորդակից դառնալու համար: Պետերբուրգում է մասոնականությունից հիասթափված Պիերը, որը արտաքուստ հաշտվել է կնոջ հետ: Նրա հոգում շարունակվում է ներքին զարգացման դժվար աշխատանքը:
Պետերբուրգում են նաև Ռոստովները: Նոր տարվա դեմ տեղի է ունենում մեծ պարահանդես: Պարահանդեսի ժամանակ Նատաշային պարի է հրավիրում իշխան Անդրեյը և աղջկա հմայքը արբեցնում է նրան: Առաջարկություն է անում Նատաշային: Ամուսնությունը ծեր Բոլկոնսկու պահանջով նշանակվում է մեկ տարի հետո: Անդրեյը մեկնում է արտասահման:
Նիկոլայ Ռոստովը վերադառնում է տուն: Հարազատներով, Նատաշայի հետ գնում են գյուղ: Գայլի որսի են մասնակցում: Նատաշան կարոտում է իշխան Անդրեյին: Նրան տանջում է միտքը, որ իր լավագույն ժամանակն անցնում է: Մոսկվայում՝ թատրոնում, Ռոստովները հանդիպում են Բորիս Դրուբեցկոյին, Դոլոխովին, Էլեն Բեզուխովային և նրա եղբորը՝ Անատոլ Կուրագինին: Նատաշան ծանոթանում է Անատոլի հետ: Սա սկսում է հետամուտ լինել աղջկան: Գաղտնի նամակներ է ուղարկում: Ամուսնացած է եղել, բայց դրա մասին ոչ ոք չգիտի: Ուզում է գողանալ Նատաշային, որը պատրաստ է հեռանալ նրա հետ, բայց նախագիծը չի իրագործվում: Սոնյան մատնում է նրանց: Պիերը ստիպված է լինում բացել Նատաշայի աչքերը և ասել, որ Անատոլն ամուսնացած է: Վերադարձած իշխան Անդրեյն ամեն բան իմանում է: Պիերի միջոցով վերադարձնում է Նատաշայի նամակները: Պիերը տեսնելով Նատաշայի արցունքոտ դեմքը՝ խղճում է նրան և միաժամանակ իր համար անսպասելիորեն ասում է, որ եթե ինքը լիներ ամենալավ մարդն աշխարհում, անպայման առաջարկություն կաներ աղջկան:
1812 թ. սկսվում է պատերազմը Ֆրանսիայի հետ: Իշխան Անդրեյն ուզում է գտնել Անատոլին և մենամարտի կանչել: Ստիպված է գնալ արևմտյան զորամասեր: Կատարում է Կուտուզովի հանձնարարականները: Նախքան ճակատ մեկնելը տեսնվում է հոր հետ:
Ռոստովները Մոսկվայում: Նատաշան դժվարությամբ վերականգնվում է ծանր հոգեկան ճգնաժամից: Կրտսեր եղբայր Պետյան ուզում է գնալ և կռվել Նապոլեոնի դեմ:
Ֆրանսիացիները գրավում են Սմոլենսկը: Իշխան Անդրեյը չարանում է թշնամու դեմ, և այդ ատելությունը ստվերում է անձնական ցավը: Ծեր իշխան Բոլկոնսկին, որ չէր ուզում հեռանալ իր տոհմական կալվածքից, որին մոտեցել էին ֆրանսիացիները, մահանում է սրտի կաթվածից:
Կուտուզովն իր մոտ է կանչում իշխան Անդրեյին: Անդրեյը խնդրում է թույլ տալ իրեն մնալ իր գնդում: Բորոդինոյի ճակատամարտից առաջ Բոլկոնսկին տեսնվում է Պիեր Բեզուխովի հետ, որը եկել է դիտելու ճակատամարտը: Ճակատամարտի ժամանակ Անդրեյը մահացու վիրավորվում է և նրան տեղափոխում են վիրահատարան, որտեղ տեսնում է Անատոլ Կուրագինին, որի ոտքը հենց նոր հեռացրին: Կարեկցանք է զգում:
Պիերը հայտնվում է ռազմի դաշտում: Այստեղ հանդիպում է Դոլոխովին, որը նրանից ներողություն է խնդրում: Պիերը Ռաևսկու հրետանավորների հետ է: Կռվի ժամանակ օգնում է նրանց տեղափոխել ծանր զինամթերքը: Երեկոյան նա քնում է իջևանատանը և տեսնում է երազ: Ձայնը ասում է նրան, որ սեփական հոգում պետք է միավորել ամենայն ինչի նշանակությունը:
Տոլստոյը գնահատում է Նապոլեոնի և Կուտուզովի կերպարները: Նապոլեոնի վերջնական պարտությունը, չնայած որ նա կարողանում է մտնել Մոսկվա, գրողը բացատրում է բարոյական պատճառներով: Ռուսները պաշտպանում են իրենց հողը:
Իսկ հիմա ռուսական զորքը նահանջում է և Նապոլեոնին է հանձնում դատարկ Մոսկվան: Նկարագրվում է, թե ինչպես է Նատաշան խնամում մեռնող Անդրեյին: Պիերը Մոսկվայից չի հեռանում, անգամ երբ գալիս են ֆրանսիացիները: Նրան թվում է, որ իր խնդիրը Նապոլեոնին սպանելն է: Մասոնական հայտնությունն ասում է նրան, որ Նապոլեոնը ապոկալիպտիկ տեքստի գազանն է: Պիերը փրկում է իջևանատուն մտած ֆրանսիացի սպայի, որի վրա կրակում է Բեզդեևի խելագար եղբայրը: Ֆրանսիացին ընկերական ընթրիքի ժամանակ պատմում է իր սիրային արկածների մասին, իսկ Բեզուխովը՝ Նատաշայի հանդեպ իր սիրո: Ցերեկը շրջելով քաղաքում՝ նա կողոպուտից պաշտպանում է հայ ընտանիքին, որին թալանում են ֆրանսիացի զինվորները և նրան կալանավորում են:
Կայսեր ճնշման տակ Կուտուզովը չուզենալով ճակատամարտ է տալիս ֆրանսիացիներին Տարուտինոյի մոտ: Մինչ այդ Նապոլեոնի արած հաշտության բոլոր առաջարկները մերժվում են: Աշնանը Կուտուզովին հայտնում են, որ ֆրանսիացիները հեռացել են Մոսկվայից: Նահանջող ֆրանսիացիների զորքը հալչում է աչքի առաջ:
Կալանավորված Պիերին քննում են: Պիերին հինգ ուրիշ ռուս մարդկանց հետ տանում են գնդակահարելու, սակայն չեն գնդակահարում: Պիերի հոգում տիրում է քաոսը: Ամեն բան անիմաստ է: Խցում նրա հարևանն  է Պլատոն Կարատաևը, որը հանգստացնում է նրան: Նահանջող ֆրանսիացիներն իրենց հետ են տանում Պիերին և Բեզուխովին: Կարատաևը ճանապարհին հիվանդանում է, նրան սպանում են: Այդուհանդերձ, ռուսական ջոկատն ազատում է կալանավորվածներին: Ազատվելուց հետո Պիերն Օրյոլում է: Նա ֆիզիկապես հյուծված է, սակայն հոգեպես՝ զվարթ: Նատաշան Անդրեյի մահից հետո փակվում է իր մեջ: Այդ վիճակից նրան հանում է լուրը եղբոր՝ Պետյայի մահվան մասին:

Անցնում է 7 տարի: 1813 թ.-ից Նատաշան ամուսնացած է Պիերի հետ: Ծեր Ռոստովը մահանում է: Նիկոլայը մոր հետ բնակվում է Մոսկվայում: Նա ամուսնանում է Մարյա Բոլկոնսկայայի հետ: Պիերը նորից ինչ-որ գաղտնի ընկերության անդամ է, խոսում է վերափոխությունների անհրաժեշտության մասին: Անդրեյի որդին, որը լսում է այդ զրույցները, գիշերը երազ է տեսնում, որ իրենք քեռի Պիերի հետ սաղավարտ են դնում և, ինչպես Պլուտարքոսի գրքերում, առաջնորդում են մեծ զորքը: Արթնանում է հոր և ապագա փառքի մասին մտքերով:

Լև Տոլստոյ | Պատերազմ և խաղաղություն | համառոտ Լև Տոլստոյ | Պատերազմ և խաղաղություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 19, 2015 Rating: 5
Технологии Blogger.