Մովսես Խորենացի | Հայոց պատմություն | համառոտ


Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկը հեղինակի վկայությամբ պատվիրել է Սահակ Բագրատունին:
Հայտնի է, որ քրիստոնեության հաստատումով Հայաստանում խզվեցին հեթանոսական շրջանից ձգվող մշակութային ավանդները և կորստյան մատնվեց կուտակված մշակութային արժեքների մի ստվար մասը։ Օտար հեղինակների երկերին ծանոթանալով, Խորենացին թեպետ շատ բան չի գտել Հայաստանի մասին, սակայն փոխարենը լայն պատկերացում է ստացել համաշխարհային պատմության մասին, ինչը թույլ է տվել նրան դիտելու հայոց պատմությունը լայն պատմական համատեքստում։
Խորենացին իր աղբյուրների թվում հիշատակում է երեք մատյաններ, որոնք չեն կարող դասվել օտար մատենագրության շարքը, քանի որ ստեղծվել են Հայաստանի հողի վրա, թեև ոչ հայերեն։ Դրանք են՝ Մար Աբաս Կատինայի մատյանը, չորս «հագներգություններից» կազմված «Պիտոյից հյուսման պատմությունը» և «Մեհենական պատմություններ» մատյանները։
Կան նաև բանավոր աղբյուրներ։ Խոսքը ժողովրդական բանահյուսության այն ստեղծագործությունների մասին է, որոնք Խորենացին փոխառել է ժողովրդական բանասացներից և երգիչներից։ Դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ առասպելական, դիցաբանական (Վահագնի ծննդյան երգը) և պատմական-ավանդական՝ «վիպասանների երգեր», «թվելյաց երգեր», Արտաշեսի ու Սաթենիկի և Արտաշեսի ու Արտավազդի մասին երգերը։
Բանավոր աղբյուրների տարատեսակ են տոհմական ասքերը՝ նախարարական տներում սերնդե-սերունդ հաղորդվող ու հետզհետե ձևափոխվող ու գունազարդվող ավանդությունները, որոնք պատմում են տոհմի ծագման ու առավել աչքի ընկնող ներկայացուցիչների շուրջը հյուսված պատմություններ (Մամիկոնյան տոհմի գալստյան մասին ավանդությունը)։
Որոշակի դեր են խաղացել «Հայոց պատմության» կերտման մեջ վավերագրական աղբյուրները։ Առաջին հերթին պետք է նշել Արշակունի թագավորների կողմից պարբերաբար կազմվող «Գահնամակը»՝ նախարարական տների ցանկը, որտեղ թվարկվում են նախարարական տները՝ ըստ իրենց հզորության և ազդեցության աստիճանի։
Վավերագրերի մի այլ տեսակ՝ վիմական արձանագրությունները, միշտ եղել են պատմահոր ուշադրության կենտրոնում թե՛ այն դեպքերում, երբ դրանք նրա համար անընթեռնելի էին, օրինակ, ուրարտական սեպագիր արձանագրությունները, որոնք նա հիշատակում ու նկարագրում է, վերագրելով Շամիրամին, և թե մանավանդ այն պարագաներում, երբ նրանց բովանդակությունը նրան մատչելի էր, օրինակ, Գառնիում Տրդատ թագավորի թողած հունարեն արձանագրությունը։
«Հայոց պատմությունը» ներկայիս տեսքով բաղկացած է 3 գրքերից։ Առաջին գիրքը կազմված է 32 գլխից և ունի «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը: Այն փառաբանում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին և Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին։
Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը և երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն հաստատվելը։
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը բաղկացած է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակ Պարթևի (439թ.) և Մեսրոպ Մաշտոցի (440թ.) մահը։
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունը» ավարտվում է նշանավոր «Ողբով»։ Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Բյուզանդիայի Զենոն կայսեր ժամանակը (474-475թթ., ապա՝ 475-491թթ.), այսինքն՝ երկն ունեցել է նաև չորրորդ մաս։ «Հայոց պատմության» չորրորդ գրքի գոյության հարցը հայագիտության վիճելի խնդիրներից է։
Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսում է Արարչագործությունից և հայոց նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմից և Խոշապի ճակատամարտից (Ք. ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունն է պահպանում Հայկյան ցեղը, այլև ազատագրվում է բռնակալ Բելի կողմից ստրկացված ողջ մարդկությունը։ Գրքի բովանդակության էական գիծը հայրենասիրությունն է, որը ներկայացվում է որպես պետականության ձգտման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափար։ Պատմահոր նպատակն է ժամանակակիցների մեջ արթնացնել ազգային, հայրենասիրական ոգի, մղել նրանց ազատագրական սխրանքի։ Խորենացին հայ ժողովրդի ծագումը կապում է աստվածաշնչյան «արդար և կատարյալ» մարդու՝ Նոյ նահապետի սերնդի հետ:
Պատմահայրը հայոց անցյալից ընտրում և ներկայացնում է հատկապես քաջ ու կորովի առաջնորդների։ «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ-Արամ-Տիգրան, - ասում է հեղինակը, - քանզի քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես կամենում է՝ թող կոչի։»
Խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրիստոնյա եպիսկոպոս Խորենացու իդեալականացրած հայ առաջնորդներից ու թագավորներից (Հայկ, Արամ, Տիգրան) ոչ մեկը քրիստոնյա չէ։ Ավելին, Պատմահայրը նշում է, որ այս երեքը արյունով հայ էին։ Այս ամենը խոսում է Խորենացու ազգային ուժեղ զգացումների, վերկրոնական և համազգային դիրքորոշման, ինչպես նաև՝ հայ քաղաքական մտքի մեջ Խորենացու՝ որպես ազգայնականության հիմնադրի, բացառիկ դերի մասին։
Խորենացին բացառիկ նշանակություն է տալիս պատմագրական երկերի ստեղծմանը։ Այդպիսի գրվածքների ընթերցմամբ «աշխարհում կարգերի գիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր սովորում», ասում է Խորենացին։ Հայոց անցյալի մասին երկեր ստեղծելու անհրաժեշտությունը Խորենացին հիմնավորում է նաև իր հայտնի բացատրությամբ. «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել՝ գրի ու հիշատակության արժանի...»։
Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ են պահպանվել մի շարք նմուշներ հայ հնագույն հոգևոր մշակույթից՝ հեթանոսական կրոնից և ժողովրդական բանահյուսությունից։ Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ, Տորք, Աստղիկ անունները և նրանց հետ կապված առասպելները հայերի հեթանոսական կրոնի և հավատալիքների հնագույն շերտից եկող նմուշներ են, որոնք ցույց են տալիս, որ դեռևս Արամազդի, Վահագնի, Անահիտի, Միհրի և մյուս իրանական աստվածանուններ կրող աստվածներից կազմված հայկական պանթեոնից առաջ հայերն ունեցել են մի նախնական, առավել հին պանթեոն, որն արգասիքն է նրանց հնագույն ինքնատիպ մշակույթի։ Հազարամյակների խորքից Խորենացին փրկել ու մեզ է հասցրել Վահագն աստծու ծննդյան երգը։
Սրանից ոչ պակաս կարևոր են Խորենացու պահպանած հնագույն ժողովրդական բանահյուսության նմուշները, որոնք վկայում են, որ «Սասնա ծռերից» առաջ հայերը ունեցել են ավելի հին էպոս և էպիկական երգեր։ Խորենացին ներկայացնում է դրանք հենց այն տեսքով, ինչպես որ լսել է ժողովրդական երգիչներից՝ գուսաններից։ «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» և այլ էպիկական երգերի նրա մեզ հասցրած հատվածները ոչ միայն բանահյուսության, այլև 5-րդ դարից շատ ավելի վաղ հայոց լեզվի վիճակն արտացոլող նմուշներ են։

Տես նաև Եղիշե 

Մովսես Խորենացի | Հայոց պատմություն | համառոտ Մովսես Խորենացի | Հայոց պատմություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 07, 2015 Rating: 5
Технологии Blogger.