Ակսել Բակունց | Կյորես | համառոտ


Քաղաքն ունի երկու անուն՝ Գորիս և Կյորես, որոնցում պարփակվում է մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր՝ երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեն իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անուններն են տարբեր: Մի կողմը «օտարականներն» են կամ ինչպես կյորեսեցիք են ասում՝ ղարիբականները, մյուս կողմը բուն Կյորեսն է և նրա միջնաբերդը՝ Շենը ու նրա՝մի ժամանակվա նշանավոր պարագլուխները՝ Ղաթրինի Աղալոն, որ բեռնած էշը գետնից բարձրացնում էր, Պարան Պարան Ավանեսը, որի ձայնը հասնում էր մինչև Դրնգանի ձորը, Գյուրջի Օբին, որի լեզվից վախենում էր մինչև անգամ քաղաքագլուխ Մատթևոս բեյը: Նրանց ժամանակ վաճառականների մեծ մասը դեռ «ղարիբական» չէր, այլ կյորեսեցի էր, այսինքն ապրում էր Շենում, վարուցանք ուներ: Շենում ասում են, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով, իսկ Կյորեսի լեզուն շենավարի է: Այս նույն քաղաքում ապրում են երկու տարբեր ժողովուրդ և նրանց միջև կրակի նման միշտ վառվում է հին կռիվը Երբ կյորեսեցուն հարցնում ես, թե ինչ ազգից ես, նա տալիս է տոհմի անունը՝ Ավետանց, Շալունց, Բակունց և այլն: Իսկ եթե բացատրես, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, կասի, որ կյորեսեցի է... Զանգեզուրի մարդ է: Ու որ հարցնես՝ մի՞թե հայ չէ, կասի, թե չգիտի ինչ է… հետո էլ կասի, որ եթե Գորիսի մարդիկ էլ են հայ, ինքն իր հայությունից դուրս է գալիս
Անգամ երիտասարդները կռվում են, երբ Գորիսի տղաները լողանում են Կյորեսի լճակներումԿյորեսն ունի ուխտատեղեր: Երբեմն պալտոնավորը, այսինքն Գորիս քաղաքացիք՝ Եփրատ Երեմը, Անիկա տյոտյան, տիկին Օլինկան, Կիզիկով Իսակը հանդերձ ընտանյոք, Սահակ Սերգեյիչը՝ թագավորական ուսումնարանի տեսուչը, Ավագիմով եղբայրները, Ճաղարին Մուղրովը՝ արծաթյա մեդալներով, Կարճիկ Կևեր բեյի աղջիկները, նավթավաճառ Գյորգին, Լալազարանց տունն իրենց նշանավոր աղջիկներով, որոնցից մեկը՝ Հերսելյան, ամենաչքնաղն է քաղաքում և կոչվում է «Թևը կոտրած հրեշտակ», որովհետև Հերսելյան քայլում է ձախ ուսը մի քիչ բարձր, երբեմն այդ ահագին բազմությունը լիքը զամբյուղներով ուխտ է գնում սուրբ Մարտիրոս: Շենը դժգոհում է, կարծես եկողներն այլադավան են: Սակայն հետզհետե ամայանում է Կյորեսը: Անդունդն է սուզվում հողագործների ազգը: «Օտարականները» բնիկներին մղում են օտար երկրներ, և իզուր է Գյուրջի Օբին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկ-մեկ կկախեն «պալտոնավորներին»: Գորիս քաղաքի միջուկը կազմում են վաճառականները և պետական պաշտոնյաները: Առևտրական տները նաև բանկեր են: Նրանց ձեռքում է դրամը. նրանք վաշխ են առնում՝ մանեթին երեսուն, քառասուն և ավելի: Առևտրականների չափ, գուցե և ավելի, Գորիսն ունի բեյեր և պաշտոնյաներ՝ երեք Ներսես բեյ՝ Հաստ, Խուրդա կամ Կարճիկ և Պրիստավի Ներսես բեյ: Կա Ճաղար Կևեր բեյ և Բալասան Կևեր բեյ, երկու Զիլֆուղար բեյ՝ հայ և թուրք: Կան բեյեր, որոնք մի հատ են, ինչպես Գորիսում մի հատ է տիկին Օլինկան, Փոշտի Անտոնը, Եփրատ Երեմը, նավթավաճառ Գյորգին և ուրիշները… Բեյերից ոմանք շառավիղն են ազնվական հին տոհմերի և ունեն կալվածքներ, որոնց հասույթով անկարոտ ապրում են: Բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ են, որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին ներկայացրել են ինչ-որ թղթեր իրենց ծագման մասին՝ Տաթևի վանքից, խանի ժամանակներից, և նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել է բեյի կոչում ստանալ և վերադարձել է իբրև Խուդաբախշի բեյ:
Ապա հեղինակը սկսում է հին ջրաղացներից, անցնում նավթի պահեստի մոտով, որտեղից սկսվում է քաղաքը, նկարագրում է հին շուկան՝ Գորիսի շուկայի արհամարհված ծայրը, որտեղ առևտուր անելը հավասար է կոտր ընկնելունԱյնտեղ են ներկարարները, կանացի չմուշկ կարող վարպետները, հին դարբինները, շատ հին մանրավաճառներ: Կյորեսի հին շուկան խեղճ է ու խարխուլ: Հետո հեղինակը պատմում է իսկական շուկայի՝ Գորիսի շուկայի մասին, որը Գորիսի թագն է, իսկ թագի գոհարը՝ Պասաժը, գոհարեղենի և ակնեղենի խանութներով, Եփրատ Երեմի կոլոնիալ մագազիններով՝ Կուր դը բեժա, Դրուժբա, Նադեժդա և նույնիսկ Սասուն անունով, որ մյուս անունների մեջ օտարոտի է, ինչպես Հայաստանցի Ավետիսը բեյերի և վաճառականների փողոցում: Վերջում նորից է անդրադառնում Գորիս քաղաքի երկսեռ հասարակությանը: Հետաքրքրող հարցն այն է, թե ի՞նչ մարդիկ են Գորիսի բնակիչները՝ նկատի ունենալով ոչ թե նրանց արտաքինը, այլ հոգևոր շահերը, թե ի՞նչ ազգի մարդիկ են, ի՞նչ լեզվով են խոսում: Սակայն նրանք հոգևոր շահեր չունեն. նույնիսկ քաղաքի ավագ քահանա տեր Զավենը, լուսավորչական հավատի գավազանը երկու Զիլֆուղար բեյերի տները կօրհներ, եթե թուրք Զիլֆուղար բեյը նրան աջահամբույր տար: Իսկ բեյերը հոգի չունեն, որ հոգևոր շահ ունենան: Միայն Պավլի բեյն է, Օրբելյանների վերջին շառավիղը, որ առանձնության մեջ ակնկալում է Սյունյաց նախարարության վերադարձը: Առհասարակ չի կարելի ասել, թե ինչ լեզվով են խոսում Գորիսի բեյերը, որոնց տները տարին երկու անգամ օրհնում է քաղաքի ավագ քահանան և տնեցիները կռանում և համբուրում են հայ լուսավորչական խաչը: Զիլֆուղար բեյը վարժ խոսում է թուրքերեն և ռուսերեն, Ասատուր բեյը ոչ մի լեզվով չի խոսում, այլ արձակում է ձայներ բը՜ռռ…, որ նշանակում է, թե նա ճաշից դժգոհ է: Ոմանք դա բացատրում են նրանով, որ 40 տարի եղել է գավառային արխիվարիուս՝ խոսելով միայն մեռած թղթերի հետ: Ավագ գրագիր Նազար բեյը ոչ մի լեզվով չի խոսում, այլ աղվեսահաչ է տալիս, վաճառականների երիտասարդ սերունդը խոսում է չալ հայերեն, այսինքն՝ ռուսախառն հայերեն, Ավագիմովների ավագ եղբայրը ամեն խոսքից հետո ասում է՝ վեց աբասի, վեց աբասի
Ուրիշ է Կյորեսի լեզուն, որով խոսում են Հին ճանապարհի բնակիչները, Շենի բոլոր թաղերում՝ Ցաքուտ, Նորու, Ձորեկ գյուղերում, այն լեզուն, որը տիկին Օլինկան կոչում է շենավարի լեզու՝ ստորադասելով իրենց քաղաքավարի և բլաղարոդնի լեզվին: Ինչ չքնաղ լեզու է կյորեսերենըԳորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէ, ինչպես Հին ճանապարհի վրա: Այդ լեզու չէ, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում է կաքավը, և մթնում կարկաչում է Ցուրտ աղբյուրը:  

Ակսել Բակունց | Կյորես | համառոտ Ակսել Բակունց | Կյորես | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 26, 2015 Rating: 5
Технологии Blogger.