Եղիշե Չարենց | Մահվան տեսիլ | համառոտ


Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը խտացնում է տասնիններորդ և քսաներորդ դարերի հայոց կյանքի աղետալի դեպքերը:
Պոեմի սկզբում Չարենցը արդեն ոչ առաջին անգամ դիմելով դանտեական ավանդույթին (տես «Դանթեական առասպել» իրեն ուղևար է ընտրում Վերածնության դարաշրջանի իտալացի բանաստեղծ Դանտեին. «Եվ բռնում ես ձեռքս, որ ինձ առաջնորդես մռայլ ուղիներով, Ինչպես Վիրգիլը լուսավոր, որ ցույց տվեց մի օր քեզ երկնային դժոխքը»: Ժամանակին Վերգիլիուսը Դանտեի պոետիկ տեսիլքի մեջ դառնում է մեծ իտալացու ուղևարը՝ առաջնորդելով նրան տիզերական Համայնի երեք ոլորտներում: Այժմ Դանտեի հերթն է առաջնորդելու Չարենցին: Բանաստեղծները նստում են «Մտածումի նավը» և նավարկում «Քերթության ու Խոհի դժվար ճանապարհով»: Նրանք Հայոց պատմության անցյալից անցնում են դեպի ներկա: Այդ շարժումը թույլ է տալիս բանաստեղծին շրջահայել Հայոց պատմությունը: Պոեմը կենտրոնանում է տասնիններորդ դարավերջի և քսաներորդ դարասկզբի դեպքերի վրա: Պատմական կերպարների ցուցասրահում չեն նշվում ներկայացվող ազգային և մշակութային գործիչների անունները:
Պոեմի բնաբանը մեջբերում է Սիամանթոյի «Մահվան տեսիլք» բանաստեղծության «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ» տողը: Բանաստեղծը և նրա ուղևարը մուտք են գործում մի դժոխային անտառ, որտեղից լսվում է լաց, հառաչ, հեկեկանք, իսկ վերևից «Գունատ մի մահիկ» իր լույսով մահ ու սարսափ է տարածում: Խորհրդավոր այդ մահիկն իրականում Օսմանյան պետության զինանշանի սիմվոլն է: «Անտառից նրանց ընդառաջ է գալիս մի այր գլխաբաց», որը նման է մուրացկանի: Սակայն դա եկեղեցու վարդապետ է: Սպիտակ մորուքը հասնում է մինչև սրունքները՝ ծածկելով մերկությունը: Նա դիմում է «Վարպետին», այսինքն՝ Դանտեին, ասելով, որ ապրել է նրա հայրենիքում, ստեղծագործել է այնտեղ, կղզում ապաստան է գտել, երգել է Հայոց փառքը, սակայն իր սիրտը չի բուժվել հայրենյաց ցավից: (Ղևոնդ Ալիշանն է, որն ապրել և աշխատել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում):
Բանաստեղծներին է հանդիպում նաև վիթխարի գլխով մի մարդ, որն ունի ակնոցներ (Րաֆֆին է): Ասում է, որ ինքն է երգել հայոց վրեժը և ճանապարհ դրել զրահավորված Ֆարհատին ու Կարոյին («Կայծեր» վեպի հերոսներին):
Հեղինակը նկարագրում է հանդիպումը մորեխի թռիչքներով շարժվող «մարդ-ուրու-դևին»: Նրա սրտի փոխարեն պողպատյա զսպանակ է: Պատմում է, որ բանակ է հավաքել և Ավետյաց երկիր շարժվել, որտեղ տիրում էր բռնություն ու ոճիր: Սակայն երկիրն արյամբ է ողողում տագնապած Արքան (Սուլթան Համիդը): Ինքը այդ Հրեշ-Արքայի արյունից մի կաթիլ չխմած է հեռացել: Նրա էքստատիկ պարը հանդարտեցնում է սև հագած մի այր, որն ասում է. «Խա՜ն-Բա՜ն-ո՜տ, Խա՜ն-Բա՜ն-ո՜տ, Բա՜ն-ո՜տ»: Այնուհետև հանդիպում են ծերունու, որը ձեռքում պահում է սկիհի նման թիթեղյա մի գանձարան, որի վրա երկգլխանի արծիվ է դրված: Մոտենում է կառքի վրա դրված դագաղը, որի մեջ նստած է մի գաճաճ: Ձեռքերում պահել է մի թերթ կամ դրոշ, որի վրա թագակիր արջ է պատկերված, որը երկաթյա խաչով կոտրում է դեղին մի մահիկ… Այսպես, անսալով շեփորի ձայներին, տեղահան ամբոխները շարժվում են Մահու ու Արյան ծեսի…
Բանստեղծներին է մոտենում նաև նժույգ նստած ահեղ հոլաձև մարդը իր շքախմբով: Իրենք լինելով հաշմանդամ, այդ մարտիկիները ձիերի գավակին կապած ավարներ են տանում՝ մխրճած գանգեր, սրունքներ, մատներ, կոնքերից շինած վահան:
Թափորի միջից գնում է ասես մարմարե արձան, որը, ինչպես երևում է, տեսել է Մահ ու Սարսափ: Ասես ոչ թե ինքն է քայլում, այլ շարժվում է ինչպես մեքենա: Կրկնում է մեռած մի անուն… Նրան ուղեկցում է մոմե մի քերթող: Երգում է հերկերի մասին, դաշտերի ու հողի: Սակայն երգն ընդհատվում է, և նա նզովք է կարդում մոմե շուրթերով:
Նրանց դիմում է Վարպետը (Դանտեն): Նա ասում է, որ կարող էին Քերթության և Մտքի պարտեզում Ոգու խնդություն ճաշակել: Բայց նրանց հանճարը զոհ է դրվել պիղծ սեղանին:
Թափորը հասնում է բլրի գագաթին, որտեղից երկինք է հասնում արնագույն բոցը: Թափորի ծայրը չի երևում: Չարենցը նկարագրում է Եղեռնի զոհ գնացած ամենատարբեր տարիքի սերունդներից բաղկացած «նախիրները»: Բլուրի մեջտեղում վառվում է խարույկ, որն ասես Արքայի շուրջ բոցեղեն պարիսպ լինի: Մերթ թվում է, թե նա ձեռքում բռնել է եռագույն դրոշ, մերթ, խաչ, մերթ գունդ, մերթ նետ: Նրա փոխարեն հայտնվում է դեղին կատու: Նրա շուրջ պարում են մինչ այդ բանաստեղծներին հանդիպած կերպարները՝ գաճաճն ու գուսանը, վարդապետը պարթև… Ամբոխը ոռնում է. «Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն, Հըդահյո՜ւն»: Արքայի գահին է մոտենում նաև մորեխի պես թռչող ճիվաղը և իր կոտրած գլուխը նետում Արքայի ոտքի տակ: Ամբոխը հետևում է նրան: Գանգերի բուրգ է բարձրանում:
Բանաստեղծները, այս տեսարանը թողնելով, փախչում են ուրիշ անտառ, որտեղ նրանց փորձում են բռնել կմախք ձեռքերը: Անտառի եզրին հանդիպում են մի հրե կերպարանքի: Մարդ է, որի ձեռքին է ոսկեզօծ լապտերը: Լապտերի վրա նկարված է աստղ և գրված է պատգամ: Նա դուրս է բերում բանաստեղծներին անտառից: Այստեղ Չարենցը հրաժեշտ է տալիս Դանտեին, ով գիտի միայն դժոխք երգել: Իսկ Չարենցը լապտերի լույսով դառնում է Գալիքի երգիչ:  

Եղիշե Չարենց | Մահվան տեսիլ | համառոտ Եղիշե Չարենց | Մահվան տեսիլ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 13, 2015 Rating: 5
Технологии Blogger.