Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ | Առակներ


Եզոպոսն ու էշը
- Երբ իմ մասին նոր առակ հորինես, արա այնպես, որ այնտեղ որևէ իմաստուն բան ասեմ,- դիմեց մի անգամ էշը Եզոպոսին:
-  Իմաստո՞ւն,- զարմացավ Եզոպոսը,- իսկ ի՞նչ կասեն ինձ մարդիկ: Չե՞ն ասի՝ էշն իմաստուն է, իսկ ինքը՝ էշ:
Համստերն ու մրջյունը
- Ո՜վ թշվառ մրջյուններ,- ասաց մի օր համստերը,- ողջ ամառն օրնիբուն աշխատում եք և ի՞նչ եք հավաքում… մի բուռ պաշար: Եթե միայն տեսնեի՜ք իմ ունեցվածքը:
- Լսիր,- ասաց նրան մի մրջյուն,-եթե քո ունեցվածքը ավելին է, քան դու կարիք ունես, ուրեմն ճիշտ են վարվում մարդիկ, երբ քանդում են բույնդ ու մառաններդ դատարկում, իսկ քեզ ստիպում են քո կյանքով մեղքդ քավել:

Գայլն ու հովիվը
- Հանկարծահաս համաճարակը կոտորեց հովվի ողջ հոտը: Իմանալով դա՝ գայլը եկավ հովվի մոտ մխիթարելու նրան:
- Մի՞թե դա ճիշտ է,- հարցրեց նա հովվին,- աստված իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրուն, թմբլիկ ոչխարներ էին…
Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել:
- Շնորհակալ եմ, եղբայր Իզեգրիմ,- հառաչեց հովիվը,- տեսնում եմ, բարի ես ու սրտացավ:
- Ճիշտ որ, սրտացավ,- նկատեց Հիլաքս շունը,- փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցավում:

Կապիկն ու աղվեսը
Պարծեցավ կապիկն աղվեսի մոտ.
-Կարող ես ինձ ցույց տալ մի կենդանի, որին չկարողանամ նմանվել, ինչքան էլ որ նա ճարպիկ լինի:
-Ո՜վ անմիտ, իսկ դու կարո՞ղ ես ցույց տալ այն կենդանուն, որին խելքին փչի նմանվել քեզ,- պատասխանեց աղվեսը:

Նժույգն ու ցուլը
Կրակոտ նժույգին հեծած՝ հպարտ-հպարտ անցնում էր մի տղա: Նրանց հանդիպեց կատաղի ցուլը և ասաց.
- Ի՜նչ խայտառակություն… Մի՞թե ես թույլ կտայի, որ ինձ հեծներ այս երեխան:
-Իսկ ես հանդուրժում եմ,- պատասխանեց նժույգը,- քանզի ինձ վայել չէ երեխային ցած նետել:

Սագը
Սագին մի օր թվաց, թե իր փետուրները ճերմակին են տալիս ճիշտ այնպես, ինչպես նորեկ ձյունը: Եվ դրանով հպարտ, հավատացնում էր ինքն իրեն, թե ծնվել է ավելի շուտ կարապ լինելու համար, քան թե սագ: Եվ խորշելով իր նմաններից՝ փքուն տեսքով ու միայնակ լողում էր լճի ջրերում: Նա մեկ ձգում, երկարացնում էր իր դավաճանորեն կարճ վիզը, մեկ ուզում էր նրան տալ այն հանդիսավոր կորությունը, որ այնքան սազում է Ապոլոնի սիրելի կարապներին:
Բայց զուր: Նրա պարանոցը կոպիտ էր, հաստ և ուղիղ: Ու չնայած չարչարանքին, նա այդպես էլ կարապ չդարձավ, այլ մնաց ծիծաղելի սագ:

Գայլն ու էշը
Եղավ մի անգամ, որ էշը հանդիպեց քաղցած գայլին ու, քանի որ փախչել չէր կարող, հիվանդ ձևացավ:
- Խղճա ինձ և օգնիր,-ասաց նա,- ոտքս փուշ է մտել:
- Հենց հիմա, եղբայր,- ասաց պատրաստակամ գայլը և հարձակվելով էշի վրա՝ պատառ-պատառ արեց:

Ագռավը
Տեսավ մի անգամ աղվեսը ագռավին զոհասեղաններից միս գողանալիս ու մտքերի մեջ ընկավ:
-Կուզենայի իմանալ,- ասաց նա ինքն իրեն,- ագռավն այնտեղ իր բաժինն ունի, քանի որ իմաստուն թռչո՞ւն է, թե՞ նրան իմաստուն թռչուն են համարում, որովհետև աստվածների հետ զոհերը կիսելու համար բավականաչափ անամոթ է:



Տես նաև Մխիթար Գոշ Առակներ, Վարդան Այգեկցի Աղվեսագիրք, Ժան Լաֆոնտեն Առակներ և Խնկո Ապեր Առակներ 

Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ | Առակներ Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.