Վիլհելմ Հաուֆ | Փոքրիկ Մուքը | համառոտ


Իմ հայրենի Նիկե քաղաքում ապրում էր մի մարդ, որին կոչում էին Փոքրիկ Մուք։ Երեխա էի, բայց շատ լավ եմ հիշում նրան, մանավանդ, որ մի անգամ նրա պատճառով հորիցս լավ ծեծ կերա։ Այդ ժամանակ փոքրիկ Մուքը ծեր էր։ Ծիծաղելի տեսք ուներ՝ կարճահասակ, մեծագլուխ։ Ես ու ընկերներս սիրում էինք ծաղրել նրան: Մի օր թզուկը բողոքում է հորս: Եվ հայսր ինձ պատմեց նրա պատմությունը:
Մուքի հայրն ապրում էր Նիկեում և հարգարժան մարդ էր։ Մուքին չէր սիրում ու ոչինչ չէր սովորեցնում, որովհետև սա թզուկ էր։ Երբ հայրը մեռնում է, հոր ազգականները տանից հանում են Մուքին և նա դառնում է թափառական: Հայտնվում է օտար քաղաքում, որտեղ աշխատանքի է անցնում կատուների սիրահար մի պառավի մոտ: Ահավզի խանումը (այդպես էին կոչում պառավին) 6 կատու ուներ։ Ամեն առավոտ Մուքը սանրում էր այդ կատուներին և ապա օծում թանկագին օծանելիքով, ճաշին ուտելիք մատուցում, իսկ երեկոյան քնացնում: Բացի կատուներից կային նաև 4 շներ։ Մուքը նրանց էլ էր խնամում, բայց շներն ավելի քիչ էին չարչարում նրան, քան կատուները։ Սկզբում կյանքը բավական լավ էր ընթանում աշխատանքը քիչ էր, սնունդը՝ լավ։ Բայց հետո կատուները երես առան։ Հենց որ պառավը ոտքը դուրս էր գնում տանից, սկսում էին գժի պես վազվզել սենյակում։ Եղած֊չեղածը թափթփում էին, թանկարժեք ամանները կոտրում։ Պառավը տեսնում էր, որ սենյակը տակնուվրա է արված, սկսում էր գոռգոռալ Մուքի վրա։ Սա վերջ ի վերջո հեռացավ պառավից՝ վերցնելով զույգ մաշիկ և գավազան: Պարզվեց, որ մաշիկները կախարդական են: Երազում նա տեսավ պառավի շնիկներից մեկին, որը բացատրեց նրան մաշիկիների զորությունը: Բավական է մաշիկները հագնելով երեք անգամ կրնկի վրա շուռ գալ և մաշիկները տանում են ուզածդ տեղը։ Կախարդական էր նաև Մուքի վերցրած գավազանը։ Դրանով կարելի էր արծաթ գտնել: Հայտնվելով ուրիշ քաղաքում, Մուքը որոշում է թագավորի մոտ սուրհանդակ ծառայել: Նա արագավազությամբ մրցում է պալատական սուրհանդակի հետ և հաղթում է նրան։ Նշանակվում է գլխավոր սուրհանդակ: Մյուս պալատականները նախանձում են նրան և Մուքը հիշում է իր գավազանի մասին: «Եթե ինձ հաջողվի գանձ գտնել, - մտածում էր նա, - այս գոռոզ մարդիկ երևի կդադարեն ինձ ատել։ Ասում են, թե առաջվա թագավորը, այս թագավորի հայրը, իր այգում մեծ հարստություն է թաղել, երբ թշնամին մոտեցած է եղել քաղաքին։ Եվ կարծեմ նա մեռել է ու ոչ ոքի չի ասել, թե որտեղ է թաղված այդ գանձը»: Իսկապես մի կճուճ ոսկի է գտնում այգում: Ոսկին աջ ու ձախ բաժանում է պալատականներին, իսկ նրանք ավելի են նախանձում նրան։ Բանսարկում են թագավորի մոտ, ասում, որ մուքը հարստություն է դիզել: Հավանաբար գողացել է այն դրամը թագավորի գանձարանից: Թագավորը զարմացած հրամայեց իր մոտ կանչել իր գանձապետ Արխազին և ստրուկների վերակացու Ահմեդին։ Սրանք Կորխուզի ասածը հաստատեցին։ Այն ժամանակ թագավորն իր լրտեսներին հրամայեց գաղտագողի հետևել և իմանալ, թե թզուկը որտեղից է փող վերցնում։ Փոքրիկ Մուքի ձեռքի փողը վերջացել էր, և նա որոշեց գնալ իր գանձարանը։ Բահը վերցրեց, գնաց այգի։ Լրտեսները գնում էին նրա հետևից։ Երբ Փոքրիկ Մուքը մի փեշ լիքը ոսկի էր վերցրել և ուզում էր ետ գնալ, նրանք հարձակվեցին նրա վրա, ձեռքերը կապկպեցին ու տարան թագավորի մոտ։ Թագավորը մեղադրեց Մուքին իր ոսկին գողանալու մեջ։  Մուքին բանտ նետեցին: Նա գիտեր, որ թագավորի փողը գողանալու համար իրեն գլխատելու են, բայց և այնպես չէր ուզում կախարդական գավազանի գաղտնիքն ասել թագավորին։ Առավոտյան դահիճը եկավ զնդան և թզուկին հրամայեց պատրաստվել։ Մուքը հասկացավ, որ հարկավոր է իր գաղտնիքը թագավորին հայտնել։ Չէ՞ որ ավելի լավ է ապրել առանց կախարդական գավազանի և նույնիսկ առանց արագավազ մաշիկների, քան թե գլխատվել։ Ամեն ինչ պատմեց թագավորին։ Թագավորը հասկացավ, որ գանձապետն իրեն խաբել է, և հրամայեց Մուքի փոխարեն նրան գլխատել։ Իսկ Մուքն թագավորին պատմեց իր հրաշք մաշիկների մասին, բայց չասաց ամենագլխավորը, թե ինչպես պիտի կանգնեցնել դրանք։ Թագավորը հագավ, դուրս եկավ այգի և սկսեց վազել։ Շուտով ուզեց կանգ առնել, բայց չկարողացավ։ Զուր էր ծառերից ու թփերից բռնում մաշիկները նրան քաշում էին առաջ։ Իսկ թզուկը կանգնել ու ծիծաղում էր։ Նրա համար շատ հաճելի էր մի փոքր վրեժ առնել թագավորից։ Վերջապես թագավորն ուժասպառ եղավ և ընկավ գետնին։ Ուշքի գալուց հետո նա վռնդում է մուքին իր երկրից: Մուքը հայտնվեց անտառում։ Այստեղ լճակի մոտ մի լավ տեղ գտավ և ծառերի տակ պառկեց հանգստանալու։ Այնքան էր հոգնել, որ իսկույն էլ քնեց։ Երբ արթնացավ, զգաց, որ քաղցած է։ Նրա գլխավերևում ծառերից կախված էին հյութալի թզեր։ Թզուկը բարձրացավ ծառը մի քանի թուզ պոկեց ու կերավ։ Հետո մոտեցավ լճակին, կռացավ, որ ջուր խմի, բայց սարսափից քար կտրեց ջրի միջից նրան էր նայում մի ահագին գլուխ՝ ավանակի ականջներով և շատ երկար քթով։ Երկար ժամանակ ման էր գալիս ծառերի տակ և շարունակ իր ականջներն էր շոշափում։ Վերջապես նորից քաղցածացավ։ Ստիպված էր նորից թուզ ուտել։ Չէ՞ որ ուրիշ բան չկար ուտելու։ Այդ ժամանակ Մուքը մի ուրիշ ծառի տակ էր։ Թուզ քաղելուց և ուտելուց հետո, ըստ սովորության, ձեռքը տարավ դեպի ականջները և ուրախության ճիչ արձակեց երկար ականջների փոխարեն էլի իր սովորական ականջներն էին։ Իսկույն վազեց լճակի մոտ, նայեց ջրի հայելուն։ Քիթն էլ էր փոքրացել, դարձել էր առաջվա քիթը։ Գլխի ընկավ, որ առաջին ծառի թզերն ուտելուց մարդու քիթն ու ականջները երկարում են, իսկ երկրորդի թզերն ուտելուց կարճանում։ Մուքն երկու ծառից էլ թուզ քաղեց  և վերադարձավ դաժան թագավորի երկիրը։ Շորերը փոխեց, որպեսզի ոչ ոք իրեն չճանաչի, առաջին ծառի թզերից մի զամբյուղ թուզ վերցրեց և գնաց թագավորի պալատի շուկա, որտեղ պալատական խոհարարին վաճառեց թզերը: Դեռ նոր էր թզերն սկուտեղի մեջ դասավորել, երբ թագավորը նախաճաշ պահանջեց։ Թզերը ուտելուց հետո իր ականջները շոշափեց և սարսափի ճիչ արձակեց։ Իսկույն մարդ ուղարկեցին բժիշկներ կանչելու։ Բժիշկների մի ամբողջ բազմություն եկավ։ Զանազան դեղեր գրեցին թագավորի համար, բայց ոչինչ չօգնեց։ Մի երկու օր հետո Մուքը մտածեց, որ արդեն գործելու ժամանակն է։ Թզի համար ստացած փողով իր համար մի սև թիկնոց գնեց։ Որպեսզի չճանաչվի, նա մի երկար, սպիտակ մորուք կպցրեց կզակին։ Ապա երկրորդ ծառից քաղած թուզը զամբյուղի մեջ դասավորելով գնաց պալատ ու ասաց, որ ինքը կարող է թագավորին բժշկել։ Եվ ահա բոլոր պալատականները հավաքվեցին հրաշագործ բժշկի գլխին։ Բայց թագավորը բոլորի առաջն ընկավ և Մուքին բուժման դիմաց խոստացավ ողջ գանձարանը: Գանձարանում Մուքը տեսավ իր գավազանն ու իր մաշիկները: Նա սկսեց ետ ու առաջ քայլել, որպես թե թագավորի հարստությունն է դիտում և աննկատ մոտեցավ մաշիկներին։ Մեկ էլ արագ մաշիկները հագավ, գավազանը վերցրեց և երեսի մորուքը պոկեց։ Երեք անգամ պտույտ եկավ կրնկի վրա, և մինչ թագավորը մի խոսք կասեր, նա արդեն հեռացել էր։
Ահա թե ինչ պատմեց ինձ հայրս։ Այս նույնը ես պատմեցի մյուս երեխաներին, և մեզանից ոչ մեկն այլևս չէր ծիծաղում թզուկի վրա։ Ընդհակառակը, մենք շատ էինք հարգում նրան և փողոցում հանդիպելիս այնպես խոնարհ գլուխ էինք տալիս, ասես նա քաղաքապետը լիներ կամ գլխավոր դատավորը։

Տես նաև Ռասպե Բարոն Մյունհաուզենի արկածները, Գրիմ եղբայրներ Քաջ դերձակը և Օսկար Ուայլդ Աստղամանուկը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Վիլհելմ Հաուֆ | Փոքրիկ Մուքը | համառոտ Վիլհելմ Հաուֆ | Փոքրիկ Մուքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 18, 2016 Rating: 5
Технологии Blogger.