Արփիար Արփիարյան | Քանիներ տեսա


Խասգյուղի մուրացիկ վարժապետը օրվան խոսակցության նյութ մըն է: Ոմանք կը գթան, ուրիշներ կը զայրանան այն մարդու վրա, որ իբր կրպակի նշանակ մը վզեն կախած է իր նախկին արհեստին անունը: Ոմանց համար անպիտան ծույլ մըն է – եթե խաբեբա մը չէ. և ոմանց համար ալ զայրացած թշվառ մը, որ կորսնցուցած է պաղարյունով մտածելու կարողությունը: Ես ալ կը շվարիմ, թե որո՞նց համակարծիք ըլլամ: Մեկ բան մի միայն գիտեմ. ամեն ատեն, որ թշվառություն մը կը ներկայանա մեր առջև, սրտե բխած կարեկցության ձայնը կը լռեցնե մտքի ազդարարությունը: Կարեկցությունը ներողամիտ է մինչև իսկ անիրավության համար: Առանց փոխադարձ ներողամտության կրնա՞ր գոյություն ունենալ մարդկային ընկերությունը:
Ու երբ կու գան նկարագրել ինծի այդ թշվառը իբր թշվառականը մը, կը վարանիմ հավատալու: Հիշողությունս զիս թերահավատ կընե. քանինե՜ր տեսա անոթի: Այդ սոված վարժապետները թերևս ունեին հոգեկան ավելի զորություն, բայց մի՞թե իրավունք ունինք պահանջելու, որ ամենքն ալ զորավոր ըլլան: Եվ անոթիներու հոգեկան տկարությունը կարտահայտե ընկերության անիրավությունը, որու շնորհիվ ծերերն ու աշխատելու անկարողները կը մնան անոթի:
***
Մինչև իսկ հիմա,- թեև անցած են շատ տարիներ,- կը տխրիմ, երբ մտքիս առջև կը բերեմ դեմքերն այն վարժապետներու, որոնց մուրացկանությունը տեսած եմ, կամ մուրալու վիճակի մոտեցած ըլլալնին:
Օրթագյուղ հունաց եկեղեցին քով Բարսեղյանի խանութը կա. Իրիկունները, երբ դպրոցեն կելլեինք-քսանյոթ տարի առաջ-շատ անգամ հոն կերթայինք թուղթ, գրիչ գնելու: Խանութին առջև կը գտնվեր միշտ հինցած, աղտոտած զգեստներով ծերունի մը, նիհար դեմքով, մորուքը եկած: Հայտնի էր, թե խեղճ մըն էր, բայց հիմա հիշելով այդ դեմքը, խրոխտություն կը նշմարիմ վրան: Ամեն ատեն ձեռքը գիրք մը ուներ, այրված կանաչ գույնով, տպագրությունը կարծես շատ մաքուր: Միշտ կը ջանար այդ գիրքեն օրինակ մը ծախել խանութը եկողներուն. Հացու փարա պիտի ըներ: Կը բանայի, կը կարդայի գիրքը. նամակներ էին գրաբար գրված: Խանութպանը օր մը ըսավ, թե այդ գիրքը շինողը նույնս իսկ այդ մարդն է: «Հիմա ասանկ եղեր է»: Սկասա արտակարգ պատկառանքով նայիլ այդ կես մուրացկին վրա, վասնզի գիրք մը գրած էր և այն ալ գրաբա՜ր:
Գրաբարի վարժապետ մը եղած էր գրաբարի գրքի մը այդ խեղճ հեղինակը, որուն անունը չեմ հիշեր, բայց մականունը կարծեմ Ալեքսանյան էր:
Ի՞նչ եղավ ետքը. Չեմ գիտեր. այսօր միայն միտքս կը բերեմ զինքը. հավանորեն տեղ մը ինկավ մեռավ անոթի. և ավելի գեշը, անծանո՜թ:
Ինչ որ արգելք չէ մեզ հայտարարել, թե գրաբարը մեր կրոնքին հիմն է, ու գրաբարի աշխատողները՝ մեր բարերարները:
***
Օրթագյուղ Թարգմանչաց վարժարանին մեջ կար վարժապետ մը, որուն պաշտոնը թեև մեծ չէր, բայց կարևոր էր. փոքրիկ տղոց կարդալ կը սորվեցներ: Մատղաշ մտքերու վրա աշխատողը ավելի կը հոգնի, քան թե մեծերուն դասախոսողը: Ամեն օր իրեն առջև կերթայի Նարեկս կարդալու. հանդարտ նստած էր անթոռի մը մեջ անժպիտ, բայց առանց բարկանալու մտիկ կըներ. կը շտկեր սխալները, նորեն կարդացնել կու տար: Պապա մարդ մըն էր, անուշ, հանդարտ և հավանորեն բարեսիրտ. օր մը չնեղացավ և ոչ ալ ծեծեց զիս:
Տարիներրթագյուղ քարակոփներու խանութի մը առջև տեսա հին վարժապետս. տղոց միտքը բարկացնողը՝ հիմա քարերը կը տաշեր, կը բարակցներ. ամչցա, լռիկ անցա, չտեսնելու զարնելով:
Հետո դարձյալ տարիներ անցան. առավոտները շատ անգամ Օրթագյուղեն քալելով կերթայի Ղալաթիա. առտու մը Ֆընտըգլըի կողմերը հանդիպեցա քարակոփ-վարժապետին, որ առջևես կերթար գլուխը կախ: Մոտեցա իրեն ու բարևեցի.
- Նշան աղա, զիս ճանչցա՞ր,- ըսի:
- Ինչպե՞ս չեմ ճանչնար. Շատ մեծցեր ես, բայց քեզի Նարեկ կարդացնելս գիտեմ:
Ասդիեն անդիեն խոսեցանք ու բաժնվեցանք: Քիչ մը ատեն անցավ. շաբաթ իրակուն մը տեսա, որ Խավեար խանը գալով՝ մեր գրասենյակին դռնեն ներս կը նայեր. Ելա հրամցուցի սենյակ մը. սուրճ մը խմցուցի: Կերպով մը հասկցուց, թե ինչո՞ւ համար եկած է:
Այ այնուհետև սկսավ ավելի ստեպ գալ. երբեք չդժգոհեցա. Իր ցաված, խորհրդավոր, հեզուկ դեմքին վրա այնպիսի տխրություն մը կար, որ ինծի շատ մտածել կու տար:
Իրիկուն մը, շատ ուշ ատեն, դարձյալ Ֆընտըգըլըի ճամփուն վրա տեսա զինքը, կերթար առջևեն. կռնակը պարկ մը կար. մեջը հաց լեցուցած էր:
Կուր գար ամեն տեղ զիս կը գտներ. ա՛լ ատեն մը չեղավ. փնտրեցի հետքը, չգտա: Չեմ գիտեր, ո՛ւր նետած էին վարժապետին դիակը:
***
Ուրիշ մը ալ կա, որուն մարմինն ալ չեմ գիտեր տեղ մը նետվա՞ծ է, ողջ կամ մեռած:
Ան ալ վարժապետ մըն էր, ու ծանր վարժապետ մը, դարձյալ Օրթագյուղեն: Դպրոցին կառավարիչն էր: Առտվնե մինչև իրիկուն դատախազի, դատավորի և գործադիր իշխանության պաշտոն մը կը վարեր: Կամբաստաներ աշակերտները, վճիռը կարձակեր, պատիժը կտնօրիներ ու կը գործադրեր: Այն ատենի աշակերտները անշուշտ մինչև հիմա ինծի պես զգալու են, թե որպիսի սարսուռ կընթանար մեր ոսկորներուն մեջ, երբ պարոն Պողոս բերանը բանալով՝ կարձակեր սոսկալի վճիռը, ամեն ցերեկ, ճաշի ժամուն. «Երկու սահաթ ծունկի վրա, երկու սահաթ ոտքի վրա, սահաթ մը ետքն ալ՝ տիլիմ մը չոր հաց»: Ամենքս ալ շաբաթը մեկ երկու անգամ կենթարկվեինք այդ պատժին. րոպե մը իսկ չէր զեղչեր: Հանցանքները շատ ոչինչ էին. էն մեծ հանցանքնիս այն էր, որ երբ սանդուղեն վար կիջնեինք, աղմուկ մը կհանեինք:
Եվ սակայն չէինք ատեր պարոն Պողոսը, չեմ գիտեր ինչո՞ւ: Քանի մը տարի առաջ տեսա զինքը նիհարցած, թոշնած, տկար խեղճ: Հին օրերեն գորով մնացած էր սրտիս մեջ, այնքան հիշատակներ կարթնցներ իս. սիրով սղմեցի ձեռքը. նստեցուցի. պաշտոն մը կուզեր. ի՞նչ ընեի. լրագրին մեջ ազդ գրեցի. Հարցնող, փնտրող չեղավ: Ալ ինքն ալ երևան չելավ. Չեմ գիտեր ի՛նչ եղավ խեղճ մարդը: Բայց անպաշտոն, անհույս, լքյալ վարժապետի կսկծոտ դեմքը չաներևութանար աչքես:
***
Եթե մուրացիկ մը չեղավ, բայց մուրացկանության վիճակին մոտեցավ այն ծերունին, որ մեր մեջ ծանոթ է իր ժամանակակից տոհմային տարեգրությամբ:
Ալ բավական ծերացած էր այդ պատվելին,- Ավետիս Պերպերյան,- երբ սկսավ մեզ դասախոսել: Չեմ կրկնար երբեք մոռնալ այդ սրտոտ վարժապետին մեր վրա թողած տպավորությունը: Ժամ մը, երկու ժամ, մինչև երեք ժամ ալ կը խոսեր. մենք տղաքներս առանց ձանձրանալու մտիկ կընեինք. և ինչ որ կըսեր, կը դրոշմվեր մեր մտքին և սրտին մեջ և անկից չջնջվեցավ երբեք: Զինքը կը սիրեինք ամենքս ալ: Չեմ գիտեր վարժապետական ի՞նչ սկզբունքի համար հանեցին պատվելին, որ գնաց Ռոտոսթո, թափառեցավ հոս ու հոն ու եկավ մեռնիլ Օրթագյուղ:
Ձմռան օր մը, սաստիկ ձյուն կը տեղար բքախառն, երկու-երեք հոգի տարին թաղել այդ բազմավաստակ, սրտի տեր վարժապետը: Գուցե գերեզմանն ալ անհետացած է: Հարմար ժամանակին կը մեռներ. Գրքերն ալ ծախած էր ու գիտեինք, թե գիրքը սիրողին համար՝ զայն ծախելը, մուրալու չափ դառն է: Չէր գիտեր ի՞նչ պիտի ըներ քանի մը օրեն, մահը զինքը փրկեց այդ հոգեն և ձեռք երկնցնելու ամոթեն:
***
Վենետիկեն ընթացավարտ ելած Պոլիս վերադառնալու վրա էի. Հ. Իգնատիոս վ. Կյուրեղյան, հիմա Մխիթարյանց աբբահայրը, օր մը խոսակցության մեջ ըսավ ինծի, թե ի՞նչ պիտի ընեմ Պոլիս և ավելցուց.
- Չըլլայ թե վարժապետություն ընես. Պեշիկթաշլյանեն ավելի աղեկ վարժապետ պիտի չըլլաս. անոթի մեռավ:
Հ. Իգնատիոսի այս խրատը «ականջիս օղ» եղավ: Եթե քիչ մը փորձություն ունեի, վարժապետության մեջ մտնելու, բոլորովին սթափեցավ:
Օրթագյուղ մեռավ Պեշիկթաշլյան: Մյութեվելլի փողոցի քովեն, բլրակին ստորոտը կը գտնվի Սեդրակին տունը, զոր կը հովանավորե նռնենի մը: Ամեն անգամ որ կանցնիմ լռակյաց ամայի փողոցեն, աչքս կը վերցնեմ այդ խրճիթին վրա, ուր աղքատ մեռավ ամենամեծ տաղանդ մը և կըսեմ, թե հարմար ատենին մեռավ: Եթե քիչ մըն ալ ապրեր, հոգնությունն ու ծերությունը վրա հասնելով՝ օրվան հացին կարոտը պիտի քաշեր:
Թղթե այն քարտեզը, զոր հայ վարժապետ մը վիզն անցուցած կը պատի Խասգեղի փողոցներուն մեջ, մի՞թե կախված չէր նաև Ավետիս Պերպերյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի բնակարաններուն դռան վրա:   

Տես նաև Գրիգոր Զոհրապ Կարծեմ թե 
Արփիար Արփիարյան | Քանիներ տեսա Արփիար Արփիարյան | Քանիներ տեսա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 31, 2016 Rating: 5
Технологии Blogger.