Օսկար Ուայլդ | Արքայադստեր ծննդյան օրը

Օսկար Ուալդ
Արքայադստեր ծննդյան տոնն էր։ Լրացել էր նրա ճիշտ տասներկու տարին, և արևը պայծառ շողում էր արքունական պարտեզներում։
Ու չնայած աղջիկն անտարակույս արքայածին էր և Իսպանիայի Արքայադուստրը՝ նրա ծննդյան տոնը ևս տարին ընդամենը մեկ անգամ էր լինում, ինչպես աղքատ երեխաներինը, այնպես որ ամբողջ երկրի համար հույժ կարևոր էր ու միանգամայն բնական, որ այդ առթիվ եղանակը պիտի պայծառ լիներ։ Եվ եղանակն իսկապես որ պայծառ էր։
Բարձրուղեշ շերտավոր վարդակակաչները ձիգ կանգնած էին ցողունների վրա, կարծես զինվորների երկար շարքեր լինեին, և խոտերի գլխավերևով գոռոզաբար նայելով վարդերին, ասում էին.
- Տեսեք, այժմ մենք նույնքան պերճաշուք ենք, որքան դուք։
Բոսորագույն թիթեռնիկները, ոսկեփոշին թևերին, հերթով այցելում էին բոլոր ծաղիկներին։ Փոքրիկ մողեսները դուրս էին սողում պատերի ճեղքերից ու պառկում էին տաքանալու վառ արևի շողերի ներքո։ Իսկ նռները շոգից երկու կես էին լինում, մերկացնելով իրենց արյունոտ սիրտը։
Նույնիսկ անհամար բաց դեղնավուն կիտրոնները, որ կախված էին կիսավեր վանդակներից ու մռայլ կամարներից, կարծես ավելի հարուստ երանգներ էին ստացել բորբ արևից, իսկ մագնոլիաները բացել էին իրենց խոշոր ծաղկագնդիկները և օդը հագեցրել թանձր ու անուշ բուրմունքով։
Դեռատի Արքայադուստրն ընկեր-ընկերուհիների հետ վեր ու վար էր ճեմում սանդղափուլով, և տափկնոցի խաղում քարե սկահակների ու հինավուրց մամռապատ արձանների շուրջը։ Սովորական օրերին նրան թույլ էին տալիս խաղալ միայն իրեն հավասար դիրք գրավող երեխաների հետ, այնպես որ նա ստիպված էր միշտ մենակ խաղալ։ Բայց Արքայադստեր ծննդյան տոնը բացառություն էր, այդ օրը Արքան նրան թույլ էր տվել հրավիրել իր ընկերներից ում կամենար և խաղալ ում հետ ուզեր։
Ինչ-որ վեհասքանչ նրբագեղություն կար իսպանացի այդ բարեկազմ երեխաների մեջ, որ անշշուկ սահում էին պարտեզում, պատանյակները՝ հսկայական փետրավոր գլխարկներով ու տարուբերվող կարճ թիկնոցներով, իսկ աղջնակները՝ վեր պահելով երկարափեշ դիպակե զգեստները, և արևից պատսպարվելով արծաթասև մեծաշուք հովհարներով։
Սակայն ամենից գեղեցիկ ու շքեղ հագնվածը Արքայադուստրն էր, թեև այն օրերի տարազը փոքր-ինչ անհարմար ու կաշկանդող էր։ Նրա զգեստը կարված էր մոխրագույն կերպասից, շրջազգեստն ու լայն թևքերը շքեղորեն ասեղնագործված էին արծաթով, իսկ ձիգ սեղմիրանը հրաշալի մարգարտե շարքեր ուներ։ Երբ նա քայլում էր, վարդագույն խոշոր կապերով երկու պստիկ կիսակոշիկներ էին երևում շրջազգեստի տակից։ Նրա ձեռքի լայնաստվեր շղարշե հովհարը վարդագույն էր ու մարգարտաշար, իսկ գունատ դեմքը բոլորող ամպաշող ոսկե լուսապսակի պես վարսերի մեջ գեղեցիկ ճերմակ վարդ էր խրված։
Պալատի պատուհանից նրանց հետևում էր տխուր-տրտում, մելամաղձոտ Արքան։
Արքայի ետևում կանգնած էր նրա ատելի եղբայրը՝ Դոն Պեդրո Արագոնցին, իսկ կողքին նստած էր խոստովանահայրը՝ Գրանադայի Գլխավոր Հավատաքննիչը։ Արքան սովորականից ավելի տխուր էր, քանի ոք նայելով, թե ինչպես է Արքայադուստրը մանկական լրջությամբ պատասխանում պալատականների խոնարհումներին, կամ թե, հովհարով դեմքը ծածկելով, ծիծաղում Ալբուքերքի մռայլ դքսուհու վրա, որը մշտապես ուղեկցում էր նրան, հիշում էր Թագուհուն, այդ աղջկա մորը, որը կարծես այնքան էլ վաղուց չէր, ինչ ժամանել էր ուրախ Ֆրանսիայից ու թոշնել իսպանական պալատի մռայլ ճոխության մեջ։ Թագուհին մեռավ Արքայադստեր ծննդից ուղիղ կես տարի անց ու չհասցրեց տեսնել, թե ինչպես է այգում ծաղկում նշենին, իսկ ամռանը՝ պոկել ծեր թզենու պտուղները, որ կանգնած էր պալատի այժմ արդեն խոտով պատված բակի մեջտեղում։
Արքայի սերն այնքան մեծ էր, որ նա նույնիսկ թույլ չտվեց, գերեզմանը թաքցնի Թագուհուն։ Նա մավրիտանացի մի բժշկի հրամայեց զմռսել դիակը և դրա դիմաց կյանք պարգևեց նրան, քանի որ բժշկին մեղադրում էին հերետիկոս ու կախարդ լինելու մեջ և դատապարտել էին մահապատժի: Պալատի սև մարմարե մատուռում, գորգապատ մահճի վրա, այժմ էլ Թագուհին պառկած էր այնպես, ինչպես նրան այստեղ էին բերել վանականները տասներկու տարի առաջ, մարտ ամսի մի քամոտ օր։ Ամեն ամիս Արքան, սև թիկնոցի մեջ պարուրված ու փոքրիկ լապտերը ձեռքին, մտնում էր մատուռ, ծնկի գալիս ու շշնջում. «Իմ թագուհի՜։ Իմ թագուհի՜»։ Իսկ երբեմն էլ, մոռանալով վարվեցողության կանոնները, որոնք Իսպանիայում ղեկավարում են մարդու ամեն մի շարժում և սահման են դնում նույնիսկ արքայական վշտին, նա, կսկիծը սրտում, ամուր սեղմում էր Թագուհու գունատ, թանկարժեք մատանիներով զարդարված ձեռքերը և փորձում կրքոտ համբույրներով կենդանություն պարգևել նրան։
Այսօր Արքային թվում էր, թե նորից է տեսնում Թագուհուն այնպես, ինչպես առաջին անգամ տեսել էր Ֆոնտենեբլո ամրոցում, երբ ինքը տասնհինգ տարեկան էր, իսկ նա՝ ավելի փոքր։ Այդ օրը պապի Նվիրակը նրանց պաշտոնապես նշանել էր ֆրանսիական արքայի ու ամբողջ պալատի ներկայությամբ, և Արքայազնը վերադարձել էր էսկուրիալ, իր հետ տանելով ոսկեգույն վարսերի մի գանգուր, և ձեռքը համբուրող մանկական շուրթերի հպման հիշողությունը։
Որոշ ժամանակ անց նրանց փութով ամուսնացրին Բուրգոսում, երկու երկրների սահմանագլխին գտնվող մի փոքրիկ քաղաքում, և նրանք հանդիսավոր երթով մուտք գործեցին Մադրիդ, որտեղ, համաձայն ընդունված կարգի, La Atocha եկեղեցում մեծաշուք պատարագ տվեցին և կազմակերպեցին արտասովոր փառահեղ auto-da-fe, (1) որի ժամանակ, ի թիվս բազմաթիվ անգլիացիների, աշխարհիկ իշխանություններին հանձնեցին մոտ երեք հարյուր հերետիկոսի` խարույկ բարձրացնելու համար։
Արքան, անշուշտ, խելագարի պես սիրում էր կնոջը և, շատերի կարծիքով, իր երկրի համար կործանարար պայքար էր մղում Անգլիայի հետ, Նոր Աշխարհին (2) տիրելու համար։ Նա հազվադեպ էր Թագուհուն մենակ թողնում, և հանուն նրա, թվում էր, պատրաստ է մոռանալ պետական ամենակարևոր գործերն անգամ: Կրքից կուրացած, չէր նկատում, որ իր հանդիսավոր քաղաքավարությամբ, որով նա կամենում էր հաճոյանալ Թագուհուն, ավելի էր խորացնում նրա տարօրինակ հիվանդությունը։ Իսկ երբ Թագուհին մեռավ, նա առժամանակ կարծես զրկվեց բանականությունից։ Իհարկե, Արքան պատրաստ էր նույնիսկ հրաժարվել գահից ու գնալ Գրանադայի մեծ տրապիստական եկեղեցին, որի տիտղոսակիր վանահայրն էր հանդիսանում վաղուց ի վեր, եթե միայն չվախենար թողնել փոքրիկ Արքայադստերն իր եղբոր հույսին, որի դաժանությունն անգամ Իսպանիայում հոռի համբավ ուներ։ Նրան կասկածում էին Թագուհու սպանության մեջ մի զույգ թունավոր ձեռնոցների միջոցով, որ նա նվիրել էր, երբ Արքան և Թագուհին այցելել էին նրա ամրոցն Արագոնում։ Համընդհանուր սգո եռամյա տարելիցը լրանալուց հետո էլ, որ արքայական հրովարտակով տարածվում էր իսպանական բոլոր տիրույթների վրա, Արքան իր է նախարարներին արգելեց խոսք անգամ բանալ նոր ամուսնության մասին։ Իսկ երբ ինքը՝ Կայսրը, խնամախոսներ ուղարկեց և առաջարկեց իր չքնաղ ազգականուհու՝ Բոհեմիայի էրցհերցոգուհու ձեռքը, նա դեսպաններին խնդրեց հաղորդել իրենց տիրոջը, որ Իսպանիայի Արքան արդեն ամուսնացած է Վշտի հետ ու թեև նա ամուլ, բայց և այնպես ավելի սիրելի է, քան Գեղեցկությունը։ Այս պատասխանի հետևանքով իսպանական թագը կորցրեց իր հարուստ նիդեռլանդական նահանգները, որոնք շուտով, Կայսեր դրդմամբ, բողոքական եկեղեցու մի քանի մոլեռանդ առաջնորդների ղեկավարությամբ ապստամբություն բարձրացրին։
Նրա ողջ ամուսնական կյանքի մոլեգին, կրքոտ հրճվանքները և անլուր տառապանքը, որ ընդհատվեցին այդպես հանկարծահաս, կարծես կրկին վերադարձել էին այսօր, երբ նա նայում էր խաղացող Արքայադստերը։ Նա Թագուհու անհամբեր շարժուձևն ուներ և գլխի նույն քմահաճ շարժումը, գեղեցիկ բերանի միևնույն հպարտ աղեղն ու նույն հմայիչ ժպիտը՝ vrai sourire de France, (3) երբ ժամանակ առ ժամանակ պատուհանի կողմն էր նայում կամ փոքրիկ ձեռքը երկարում մի որևէ բարեկազմ իսպանացու համբույրի համար։ Սակայն երեխաների բարձր ծիծաղը սղոցում էր նրա ականջը, իսկ անգթորեն պայծառ արևը կարծես ծաղրում էր նրա վիշտը, ու վաղորդյան թարմ օդը ասես ներծծված էր այն դեղորայքի հոտով, որ օգտագործում են գմռսելիս։ Արքան դեմքն ափերի մեջ առավ, ու երբ Արքայադուստրը կրկին վեր նայեց, տեսավ, որ վարագույրներն իջեցված են ու Արքան անհետացել է։
Արքայադուստրը հիասթափությունից ծամածռեց դեմքն ու թոթվեց ուսերը՝ գոնե ծննդյան օրը կարող էր իրեն մենակ չթողնել։ Եվ ո՞ւմ են հարկավոր այդ տխմար պետական գործերը։ Իսկ գուցե նա նորից գնացել է այն մռայլ մատո՞ւռը, որտեղ մշտապես մոմեր են վառվում և ուր իրեն արգելում են մտնել։ Ինչ անմտություն է այդպես վարվել, երբ բոլորն ուրախ են և արևը շողում է պայծառ։ Բացի այդ, նա հիմա չի տեսնի զվարճալի ցլամարտը, որի սկիզբը շեփորներն արդեն ազդարարում են, ինչպես նաև տիկնիկները և ուրիշ շատ հրաշալի բաներ։ Նրա հորեղբայրն ու Գլխավոր Հավատաքննիչը շատ ավելի խոհեմ էին։ Նրանք իջան պարտեզ և գեղեցիկ հաճոյախոսություններ արին։
Աղջիկը թափահարեց իր սիրունիկ գլուխն ու, թևանցուկ անելով Դոն Պեդրոյին, դանդաղորեն սկսեց իջնել աստիճաններով դեպի երկար բոսորագույն մետաքսե տաղավարը, որ կանգնած էր պարտեզի հեռավոր ծայրում, իսկ մյուս երեխաները հետևեցին նրանց խիստ հաջորդականությամբ, ըստ տոհմի ազնվականության։ Նրանք, ում անուններն ամենից երկարն էին, գնում էին առջևից։

 * * *

Արքայադստերը դիմավորելու ելավ ազնվազարմ տղաների շքերթը, տորեադորների հեքիաթային զգեստներ հագած և Թիերա-Նուեվայի պատանի կոմսը, չնաշխարհիկ գեղեցկության տեր տասնչորսամյա մի պատանյակ, որն իսկական հիդալգոյի և իսպանական գրանդի նրբագեղությամբ՝ գլխաբաց, հանդիսավոր, առաջնորդեց նրան դեպի փոքրիկ ոսկեհուռ փղոսկրե աթոռը, դրված կրկեսի հրապարակից փոքր-ինչ բարձր մի պատվանդանի վրա։ Երեխաները շրջապատեցին Արքայադստերը, միմյանց միջև քչփչալով ու իրենց հովհարելով, իսկ Դոն Պեդրոն և Գլխավոր Հավատաքննիչը ծիծաղելով կանգնած մնացին շքամուտքում։ Նույնիսկ դքսուհին՝ ավագ Սենեկապետուհին, ինչպես կոչում էին նրան՝ դեղին բոլորածալ օձիքով բարակ ու խիստ մի կին, թվում էր, սովորականի պես բարկացած չէր, ու սառը ժպիտի նման մի բան սահեց նրա կնճռոտ դեմքով և ծամածռեց նեղ անարյուն շրթունքները։

Ցլամարտն, անշուշտ, հոյակապ էր, շատ ավելի լավը, Արքայադստեր կարծիքով, քան իրականը, որ նա տեսել էր Սևիլյայում, երբ նրա հորն այցի էր եկել Պարմի կոմսը։ Մի քանի տղաներ շքեղ փայտե ձիեր հեծած արշավում էին ու ճոճում երկար, գունավառ, ուրախ ժապավեններով զարդարուն նիզակները. մյուսները վազվզում էին՝ իրենց բոսորագույն թիկնոցներով ցուլին կատաղեցնելով, իսկ հետո թեթևորեն ցատկում արգելապատի հակառակ կողմը, երբ կատաղած ցուլը հարձակվում էր նրանց վրա։ Ինչ վերաբերում է ցուլին, ապա նա կարծես կենդանի լիներ, չնայած պատրաստված էր վրան կաշի քաշած ուռենու ճյուղերից, իսկ երբեմն էլ գերադասում էր կրկեսի հրապարակով վազել ետևի ոտքերի վրա, մի բան, որ, իհարկե, իսկական ցուլի մտքովն իսկ չէր կարող անցնել։ Նա հիանալի էր կռվում, ու երեխաներն այնքան հուզվեցին, որ ելան նստարանների վրա, թափահարեցին իրենց ասեղնագործ թաշկինակներն ու գոչեցին՝ «Բռա՜վո, տորո, բռա՜վո տորո»՝ ճիշտ մեծահասակների պես։

Ի վերջո, երկար պայքարից հետո, երբ ցուլն արդեն բազում փայտե ձիեր էր խոցել ու ցած տապալել նրանց հեծյալներին, Թիերա-Նուեվայի պատանի կոմսը ստիպեց նրան ծնկի իջնել և, coup de grace հարվածի Արքայադստեր թույլտվությունը ստանալով, այնպիսի ուժով խրեց իր փայտե սուրը կենդանու վիզը, որ բոլորը տեսան Մադրիդում ֆրանսիական դեսպանի որդու՝ մսյե դը Լորենի, ծիծաղկոտ դեմքը։

Ծափերը դեռ չէին լռել, բայց ասպարեզն արդեն մաքրված էր, և երկու մավրիտանացի մանկլավիկներ, դեղին ու սև շքազգեստներ հագած, զոհված ձիերին քարշ տալով հանդիսավորապես դուրս տարան, իսկ կարճատև նախերգանքից հետո, որի ժամանակ ֆրանսիացի մի մարզիկ իտալական տիկնիկներով ելույթ էր ունենում ձգված պարանի վրա, հատկապես այդ առթիվ կառուցված փոքրիկ թատերաբեմում, ներկայացվեց «Սոֆոնիսբա» կիսադասական ողբերգությունը։ Նրանք այնքան լավ էին խաղում և նրանց շարժումներն այնքան բնական էին, որ ներկայացման վերջում Արքայադստեր աչքերը շաղվեցին արցունքներից։ Երեխաներից մի քանիսը բարձրաձայն լալիս էին, և նրանց հարկավոր էր սփոփել քաղցրավենիքով։ Նույնիսկ ինքը՝ Գլխավոր Հավատաքննիչն, այնքան հուզված էր, որ չդիմացավ ու ասաց Դոն Պեդրոյին, որ անկարող է անտարբեր նայել հասարակ փայտից ու մոմից սարքված, լարերով շարժվող տիկնիկների դժբախտությանն ու սոսկալի տառապանքներին։

Հաջորդը մի աֆրիկացի աճպարար էր։ Նա հետը բերեց կարմիր կտորով ծածկված մեծ ու տափակ մի զամբյուղ ու դրեց հրապարակի մեջտեղում, հետո չալմայի միջից հանեց տարօրինակ եղեգե մի շվի ու փչեց։ Մի քանի վայրկյան անց կտորը սկսեց շարժվել, իսկ երբ հնչյունները դարձան ավելի ու ավելի ականջ ծակող, նրա տակից իրենց արտասովոր սեպաձև գլուխները դուրս ցցեցին երկու կանաչաոսկեգույն օձեր և երաժշտությանը համաքայլ դանդաղորեն ճոճվեցին, ինչպես բույսերը ծովի հատակում։ Մանուկներն, այնուամենայնիվ, վախեցել էին այդ պտավոր կծիկներից ու նրանց արագ ներսուդուրս անող լեզուներից, և շատ ուրախացան, երբ իրենց աչքի առաջ, աճպարարի կամքով, ավազի միջից նարնջենի հայտնվեց, որը քիչ անց պատվեց գեղեցիկ սպիտակ ծաղիկներով ու իսկական պտուղներ տվեց։ Իսկ երբ ձեռնածուն վերցրեց մարկիզուհի դե Լաս-Թորեզի փոքրիկ դստեր հովհարն ու կապույտ թռչունի վերածեց, որը թռչում էր տաղավարով մեկ և երգում, մանուկների հրճվանքն ու զարմանքն անցան ամեն չափ ու սահման։

Նուեստրա Սենյորա Դել Պիլար եկեղեցու երկու պարող տղաների հանդիսավոր մենուետը նույնպես հափշտակիչ էր։ Արքայադուստրը մինչ այդ երբևէ չէր տեսել հրաշալի ծեսը, որ ամեն տարվա մայիսին տեղի էր ունենում սուրբ Աստվածածնի պատվին նրա զոհասեղանի առաջ, քանի որ Իսպանիայի արքայական տան և ոչ մի անդամ ոտք չէր դրել Սարագոսայի մայր եկեղեցու շեմն այն ժամանակից ի վեր, ինչ Աստուրիալի արքայազնին մի խելագար վանական փորձել էր թունավոր նշխարով հաղորդություն տալ և կաշառված էր եղել, ինչպես ենթադրում էին, Ելիզավետա Անգլուհու կողմից։ Արքայադուստրը միայն լսել էր «Աստվածածնի պարի» մասին, և այժմ, իհարկե, հիացած էր։ Պարող տղաները սպիտակ թավշե հնաոճ պալատական զգեստներ էին հագել, և նրանց արտասովոր եռանկյուն գլխարկներն արծաթե եզրակարեր ունեին ու զարդարված էին ջայլամի խոշոր փետուրներով։ Նրանց թուխ դեմքերն ու երկար սև մազերն ավելի էին ընգդծում զգեստների կուրացուցիչ ճերմակությունը։ Ամենքը գերված էին տղաների լրջախոհ արժանապատվությամբ, նրանց խրթին պարաքայլերով, անշտապ շարժումների նրբագեղությամբ և վսեմաշուք խոնարհումներով, ու վերջում, երբ տղաները հանեցին իրենց փետրազարդ գլխարկները և խոնարհվեցին Արքայադստեր առաջ, նա շատ սիրալիր պատասխանեց նրանց ու մտքում երդվեց մի մեծ մոմ վառել սուրբ կույս Դել Պիլարի զոհասեղանի առաջ ի նշան երախտագիտության։

     Այնուհետև ասպարեզ ելավ գեղեցկադեմ եգիպտացիների մի խումբ, այն օրերում այդպես էին կոչում գնչուներին. ոտքերը խաչած ու շրջան կազմած՝ նրանք նստեցին և սկսեցին մեղմորեն նվազել իրենց կիթառներն ու հազիվ լսելի երգեցին ինչ-որ երազկոտ մեղեդի, միաժամանակ մարմինները եղանակին համաչափ ճոճելով։ Երբ գնչուները նկատեցին Դոն Պեդրոյին, նրանք մռայլվեցին ու մի քանիսի դեմքին սարսափ երևաց, քանի որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Սևիլյայի շուկայի հրապարակում նա հրամայել էր կախել իրենց ցեղակից երկու հոգու, որոնց մեղադրում էին կախարդության մեջ։ Սակայն գեղանի Արքայադուստրը, որ բազկաթոռի թիկնակին հենված ունկնդրում էր ու երազկոտ կապույտ աչքերով նայում հովհարի վրայից, ամբողջովին գերեց, գնչուներին, և նրանք հասկացան, որ նման չքնաղ էակը անկարող է դաժան լինել, ու շարունակեցին անչափ մեղմորեն նվազել, հազիվ դիպչելով կիթառների լարերին իրենց երկար եղունգներով և գլուխներն օրորելով, կարծես նիրհում էին։ Հանկարծ եգիպտացիներն այնպիսի սուր ճիչ արձակեցին, որ երեխաները ցնցվեցին, իսկ Դոն Պեդրոյի ձեռքը սեղմեց ագաթե երախակալով դաշույնը, հետո ոտքի թռան ու մոլեգին պար բռնեցին հրապարակի շուրջը, դափ զարկելով ու ինչ-որ վայրի սիրային երգ երգելով իրենց տարօրինակ կոկորդային լեզվով։ Ապա մի ուրիշ ազդանշանով նրանք նորից մեկեն գետին նետվեցին, ու այժմ արդեն միայն կիթառների հնչյուններն էին խախտում լռությունը։ Երիցս այս ամենը կրկնելուց հետո, նրանք մի անկնթարթ անհետացան ու վերադարձան շղթայակապ ծուռթաթ գորշ արջի հետ։ Նրանց ուսերին նստած էին մի քանի փոքրիկ բարբարական կապիկներ։ Արջն ամենայն լրջությամբ գլխիվայր կանգնեց, իսկ կապիկներն ամեն տեսակ զվարճալի խաղեր արեցին երկու գնչու տղայի հետ, որոնք, հավանաբար, նրանց տերերն էին։ Կապիկները կռվում էին փոքրիկ սուսերներով, հրացան արձակում, իսկ հետո շարք կանգնեցին ու սկսեցին իսկական զինավարժություններ կատարել, ճիշտ և ճիշտ արքայական թիկնապահների պես։ Գնչուները երեխաներին շատ դուր եկան։
     Սակայն ամենազվարճալին այդ առավոտ, անշուշտ, փոքրիկ Գաճաճի պարերն էին։ Երբ նա իր ծուռտիկ կարճ ոտքերը քարշ տալով և խոշոր, տձև գլուխը տարուբերելով ներս ընկավ ասպարեզ, երեխաները հրճվանքի ճիչ արձակեցին։ նույնիսկ Արքայադուստրն այնպես էր ծիծաղում, որ Սենեկապետուհին ստիպված էր հիշեցնել նրան, որ չնայած Իսպանիայում եղել են դեպքեր, երբ արքայադուստրերը լաց են եղել հավասարների ներկայությամբ, սակայն չի եղել արքայական արյուն ունեցող այնպիսի մեկը, որն իրեն թույլ տար այդչափ զվարճանալ ավելի ստոր ծագում ունեցողների աչքի առաջ։
     Սակայն Գաճաճն իսկապես անկասելի էր, և նույնիսկ իսպանական արքունիքում, որը միշտ հայտնի է եղել իր սիրով դեպի ամեն տեսակ սարսափները, նման աներևակայելի փոքրիկ հրեշավոր արարած չէին տեսել։ Սա Գաճաճի անդրանիկ ելույթն էր։ Նախորդ օրը երկու ազնվական նրան բռնել էին քաղաքի շուրջը փռված խցանածառի անտառի խորքերում, որտեղ որս էին անում։ Գաճաճին նրանք տեսել էին, երբ նա գլխապատառ փախչելիս էր եղել, բռնել էին ու պալատ բերել՝ Արքայադստերը հաճելի անակնկալ մատուցելու համար։ Իսկ նրա հայրը՝ մի աղքատ ածխահատ, ուրախացել էր, որ կազատվի այլանդակ ու անօգուտ երեխայից։ Գաճաճի ամենազվարճալի կողմը, հավանաբար, այն էր, որ նա բոլորովին չէր գիտակցում սեփական այլակերպությունը։ Հակառակը, նա շատ ուրախ ու երջանիկ էր։ Երբ երեխաները քրքջում էին, նա նույնպես ի սրտե խնդում էր, իսկ յուրաքանչյուր պարից հետո ամեն մեկի առաջ ծիծաղաշարժ խոնարհումներ էր անում՝ ժպտալով ու գլխով անելով այնպես, կարծես ինքն էլ նրանցից մեկը լիներ և ոչ թե մի փոքրիկ այլանդակ, որին բնությունը ուրախ տրամադրության պահին ստեղծել էր ուրիշներին զվարճացնելու համար։ Ինչ վերաբերում է Արքայադստերը, ապա Գաճաճը անսահմանորեն հմայվել էր նրանով, աչքը չէր կարողանում կտրել և պարում էր ասես հենց միայն նրա համար։ Ու երբ ներկայացումն ավարտվելու վրա էր, Արքայադուստրը հիշեց, թե ինչպես էին պալատական երևելի տիկնայք ծաղկեփնջեր նետում իտալական նշանավոր դիսկանտ Կաֆարելիին, որին Պապը Մադրիդ էր ուղարկել իր անձնական եկեղեցուց, հուսալով, թե նրա հրաշալի ձայնը կբուժի Արքայի մելամաղձոտությունը, և մազերի միջից հանելով գեղեցիկ սպիտակ վարդը, կատակով ու նաև Սենեկապետուհուն բարկացնելու համար, ասպարեզ նետեց և ժպտաց իր ամենաքաղցր ժպիտով։ Գաճաճն ամենայն լրջությամբ ընդունեց ծաղիկը, զզվելի ու հաստ շուրթերը հպեց վարդին, ձեռքը սրտին դրեց և ծնկի իջավ, ժպտալով մինչև ականջների ծայրը, իսկ նրա փոքրիկ պայծառ աչքերը հաճույքից փայլում էին։

Դրանից հետո Արքայադստեր լրջությունից հետք անգամ չմնաց ու Գաճաճի հեռանալուց հետո էլ նա դեռ երկար ծիծաղում էր, և խնդրեց հորեղբորը, որ պարն անմիջապես կրկնեն։ Սենեկապետուհին, սակայն, շոգից գանգատվելով, որոշեց, որ նորին մեծության համար ավելի լավ կլիներ իսկույն պալատ վերադառնալ, ուր արդեն հիանալի խնջույք էր պատրաստված, ինչպես նաև իսկական ծննդյան տորթ՝ նրա անվան սկզբնատառերով, գրված գունավոր շաքարով և կատարին փողփողացող գեղեցիկ արծաթե դրոշակով։
     Արքայադուստրը մեծ արժանապատվությամբ ելավ բազկաթոռից, հրամայեց, որ կեսօրյա հանգստից հետո փոքրիկ Գաճաճը նորից պարի իր առջև և, շնորհակալություն հայտնելով պատանի կոմս Թիերա-Նուեվային հրաշալի ընդունելության համար, վերադարձավ իր հարկաբաժինը։ Նրան հետևեցին երեխաները նույն կարգով, ինչպես եկել էին։

* * *

Երբ Գաճաճն իմացավ, որ Արքայադստեր հատուկ հրամանով երկրորդ անգամ պիտի պարի նրա առաջ, այնքան ուրախացավ, որ պարտեզ վազեց, անմիտ հրճվանքից արբեցած համբուրելով սպիտակ վարդը և ամենաանճարակ ու վայրի շարժումներով արտահայտելով իր երջանկությունը։

Ծաղիկներին խիստ վրդովեց Գաճաճի ներխուժումն իրենց չքնաղ օթևանը, իսկ երբ նրանք տեսան, թե նա ինչպես է վերուվար վազելով ցատկոտում ծառուղիներում, չհամբերեցին.

- Նա այնքան այլանդակ է, որ նրան պետք է, որ նրան պետք է արգելել խաղալ այնտեղ, ուր մենք ենք գտնվում, - բացականչեցին Վարդակակաչները։

- Նրան հարկավոր է խաշխաշի հյութ խմեցնել, որպեսզի հազար տարով քուն մտնի, - ասացին խոշոր վառման Կակաչները և բարկությունից կարմրեցին էլ առավել։

- Նա ուղղակի սարսափելի է, - ճչաց Կակտուսը, - կարճլիկ է ու ծռմռված, իսկ գլուխը չափից դուրս խոշոր է ոտքերի համեմատ։ Նրան նայելիս փշերս ցցվում են, և եթե մոտենա ինձ կծակծկեմ նրան։

     - Բացի այդ նրա ձեռքին է իմ լավագույն ծաղիկներից մեկը, - բացականչեց Սպիտակ Վարդենին, - որ այսօր առավոտյան ես  նվիրել էի Արքայադստերը ծննդյան օրվա առթիվ։ Իսկ նա գողացել է այդ վարդը։ - Եվ Վարդենին գոռաց որքան ուժ ուներ, - գո'ղ, գո'ղ, գո'ղ։
     Նույնիսկ Խորդենիները, որ սովորաբար աչքի չէին ընկնում գոռոզությամբ, քանի որ բազում աղքատ ազգականներ ունեին, զզվանքից կուչ եկան, իսկ երբ Մանուշակները համեստորեն ակնարկեցին, թե նա մեղավոր չէ որ այդքան տգեղ է, Խորդենիներն առարկեցին, ասելով, որ վատն էլ հենց այն է, որ Գաճաճի այլանդակությունն անբուժելի է, ու միայն այդ պատճառով նրանով հիանալն անմտություն է։ Եվ նրանք մեծապես իրավացի էին։ Իսկապես, Մանուշակներից ոմանք էլ զգացին, որ Գաճաճի տգեղության մեջ որոշ ցուցադրական բան կա, և շատ ավելի ճաշակով կլիներ, եթե ուրախ-զվարթ թռչկոտելու և անհեթեթ ու անճոռնի կեցվածքներ ընդունելու փոխարեն, նա տրտմալի կամ գոնե մտահոգ տեսք ունենար։
     Իսկ ինչ վերաբերում է ծեր Արևի ժամացույցին, որ արտակարգ նշանավոր անձնավորություն էր, և ժամանակը ցույց էր տվել, ոչ ավերի ոչ պակաս, քան անձամբ Կառլոս Հինգերորդ Կայսրին, ապա նա Գաճաճին տեսնելով այնպես ապշեց, որ ամբողջ երկու րոպե մոռացավ ժամանակը ցույց տալ իր երկար ստվերոտ մատով։ Նա չդիմացավ ու ճաղաշարքին կանգնած արևկող անոդ խոշոր կաթնասպիտակ Սիրամարգին ասաց, թե ամենքին էլ հայտնի է, որ արքայական երեխաները արքայական են լինում, իսկ հանքափորի երեխաները մնում են հանքափորի երեխաներ, ու ոչ մի կարիք չկա ձևանալու, թե դա այդպես չէ։ Այս մտքի հետ Սիրամարգը լիովին համաձայնեց ու իսկույն ճչաց. «Հարկա՜վ, հարկա՜վ»։ Նա այնքան բարձր ծղրտաց, որ շատրվանող ջրավազանում ապրող ոսկե ձկնիկները գլուխները դուրս ցրեցին և հսկայական քարե տրիտոններին հարցրին, թե ինչ է պատահել։
     Բայց ահա թռչուններին Գաճաճը դուր եկավ։ Նրանք անտառում հաճախ էին տեսել նրան բարի թզուկի նման պար բռնելիս ու քամու բերանն ընկած տերևների ետևից վազելիս, կամ էլ որևէ կաղնու փչակում կուչ եկած, իր կաղինները սկյուռների հետ կիսելիս։ Թռչունները չէին էլ նկատում նրա այլակերպությունը։ Չէ՞ որ նույնիսկ Սոխակը, որ երեկոյան կողմ քաղցրալուր երգում է նարնջենու պուրակներում՝ այնքան ախորժալուր, որ երբեմն անգամ Լուսինն է կռանում նրան լսելու, գեղեցկությամբ առանձնապես չի փայլում։ Բացի այդ, տղան միշտ էլ բարի էր եղել նրանց հանդեպ և ձմռան դաժան սառնամանիքին, երբ ծառերի վրա հատապտուղներ չէին լինում ու գետինն էլ երկաթի նման կարծր էր դառնում, իսկ գայլերը կեր հայթայթելու համար ընդհուպ մոտենում էին քաղաքային դարպասներին, նա երբեք չէր մոռանում թռչուններին, և որքան էլ որ աղքատիկ լիներ նախաճաշը, կիսում էր ու սև հացի փշրանքներ տալիս նրանց։
     Թռչունները ճախրում էին Գաճաճի շուրջը, թևերով քսվում նրա այտերին և ճռվողում իրար հետ, իսկ փոքրիկ Գաճաճն այնքան երջանիկ էր, որ չդիմացավ ու պարծեցավ գեղեցիկ ճերմակ վարդով, ու ասաց, որ այդ վարդն Արքայադուստրն է նվիրել, քանի որ սիրում է իրեն։
     Թռչունները ոչ մի բառ չհասկացան նրա ասածից, բայց դա կարևոր էլ չէր, քանի որ նրանք գլուխները թեքեցին ու իմաստուն տեսք ընդունեցին, իսկ դա նույնքան լավ է, որքան և հասկանալը, ու շատ ավելի դյուրին։
     Մողեսներն էլ շատ հավանեցին Գաճաճին, ու երբ նա հոգնեց վազվզելուց և նետվեց խոտերի վրա հանգիստ առնելու, նրանք սկսեցին խաղալ ու բարձրացան Գաճաճի վրա,, աշխատելով հնարավորին չափ զվարճացնել նրան։
     - Անիմաստ է պահանջել, - գոչեցին նրանք, - որ ամնքը մողեսների պես գեղեցիկ լինեն։ Ու չնայած մեր ասածը կարող է անհեթեթ թվալ, բայց աչքերը փակելու և նրան չնայելու դեպքում Գաճաճն այնքան էլ տգեղ չի լինի։
   Մողեսներն ի բնե մեծ փիլիսոփաներ են, հաճախ նրանք կարող են ժամերով նստել իրար կողքի ու խորհել, եթե, իհարկե, ուրիշ ոչինչ չունեն անելու կամ էլ դրսում անձրևոտ եղանակ է։
     Ինչևէ, ծաղիկներին դուր չեկավ ինչպես մողեսների, այնպես էլ թռչունների վերաբերմունքը։
     - Դա միայն ապացուցում է, - ասացին նրանք, - թե ինչպիսի գռեհկացնող ազդեցություն է գործում անընդհատ վազքն ու թռիչքը։ Լավ դաստիարակված մարդիկ, ինչպես օրինակ մենք, երբեք իրենց տեղը չեն փոխում։ Ոչ ոք մեզ երբևէ ծառուղիներում ցատկոտելիս կամ էլ խելագարի պես ճպուռի ետևից վազելիս չի տեսել։ Երբ մենք ցանկանում ենք օդափոխվել, կանչում ենք պարտիզպանին, ու նա մեր հողը փոխում է։ Դա և վայելուչ է, և օրինավոր, բայց թռչուններն ու մողեսները գաղափար անգամ չունեն, թե ինչ ասել է հանգիստ, իսկ թռչունները նույնիսկ մշտական հասցե չունեն։ Նրանք, ինչպես և գնչուները, պարզապես թափառաշրջիկներ են ու նրանց հետ պետք է վարվել համապատասխան ձևով։
     Ծաղիկները քթները վեր տնկեցին, ինքնագոհ կերպարանք առան ու շատ ուրախացան, երբ քիչ հետո տեսան, որ Գաճաճը վեր կացավ խոտերի վրայից ու բռնեց պալատ տանող ծառուղու ճամփան։
     - Նրան, անշուշտ, հարկավոր է ցմահ բանտարկել։ Տեսեք, թե ինչպիսի կուզ ունի և ծուռտիկ ոտքեր, - ասացին ծաղիկներն ու քրքջացին։
     Սակայն Գաճաճն ամեն ինչից անտեղյակ էր։ Նա անչափ սիրում էր մողեսներին ու թռչուններին, իսկ ծաղիկներին համարում էր աշխարհիս ամենաչքնաղ էակները, բացառությամբ, իհարկե, Արքայադստեր։ Չէ որ հենց նա էր նվիրել գեղեցիկ սպիտակ վարդը, և սիրում էր իրեն, իսկ դա արդեն դրությունը փոխում էր։ Գաճաճը շատ կուզենար նորից նրա հետ լինել։ Արքայադուստրը նրան կնստեցներ իր աջ կողմում, կժպտար, ու Գաճաճն այլևս երբեք չէր հեռանա նրա կողքից, կդառնար նրա խաղընկերն ու ամեն տեսակ զվարճալի հնարքներ կսովորեցներ։ Ճիշտ է, նախկինում, նա երբևէ չէր եղել պալատում, բայց և այնպես բազմաթիվ հրաշալի խաղեր գիտեր։ Նա կարող էր ծղոտից հյուսել փոքրիկ վանդակներ, ուր ծղրիդները կերգեին, կամ էլ երկար եղեգից այնպիսի շվի պատրաստել, որ Պանն էլ հաճույքով ականջ կդներ։ Նա ամեն թռչնի ձայն կարող էր հանել՝ ծառի կատարից կարող էր սարյակին կանչել կամ էլ ճահճից՝ ձկնկուլին։ Նա քաջ գիտեր ամեն մի կենդանու հետք, նապաստակին կարող էր ճանաչել թեթև ոտնահետքերով, իսկ վարազին՝ տրորված տերևներով։ Բոլոր վայրի պարերը ծանոթ էին նրան՝ աշնան կատաղի պարը՝ բոսորագույն հագուստով, կապույտ ոտնամաններով պարը՝ հասուն ցորենի դաշտում, ճերմակ փաթիլներով ձմռան պարը, և ծաղկունքի պարը՝ գարնան այգիներում։
     Գաճաճը գիտեր, թե վայրի աղավնիները որտեղ են հյուսում իրենց բները, ու մի անգամ, երբ հայր ու մայր աղավնիները ընկել էին թռչնորսի թակարդը, նա մեծացրեց ձագուկներին ու բույն սարքեց նրանց համար կոտրված ծփենու փչակում։ Նրանք դարձան միանգամայն ձեռնասուն և ամեն առավոտ կեր էին կտցում նրա ձեռքից։ Արքայադստերը նրանք շատ դուր կգային, ինչպես և բարձր ձարխոտերի մեջ դեսուդեն վազվզող ճագարները, ամուր փետուրներ ու սև կտուցներ ունեցող ճայերը, փշեգունդ դարձող ոզնիները, խոշոր ու խելացի կրիաները, որոնք գլուխներն օրորելով սողում էին ու կանաչ տերևներ կրծում։ Այո, իհարկե, Արքայադուստրը պետք է գա իր հետ անտառում խաղալու։ Նա իր անկողինը կզիջի նրան, իսկ ինքը դրսում կհսկի մինչև արևածագ, որ ոչ խոշոր եղջերավոր վայրի կենդանիները խանգարեն Արքայադստեր քունը, ոչ էլ սովահար գայլերը չափից դուրս մոտ գան հյուղակին։ Երբ լույսը բացվի, նա կթակի պատուհանն ու կարթնացնի նրան, և նրանք ամբողջ օրը կպարեն դրսում։ Անտառում, իսկապես, քեզ բնավ էլ մենակ չես զգում։ Երբեմն եպիսկոպոսն է անցնում իր ճերմակ ջորին հեծած՝ մի պատկերազարդ գիրք կարդալով, երբեմն էլ բազեապանները՝ կանաչ թավշե գլխարկներով ու եղնիկի կաշուց կարված բաճկոնակներով, յուրաքանչյուրի դաստակին՝ մի-մի փոմփոլավոր բազե թառած։ Իսկ այգեկութի ժամանակ խաղողագործներն են անցնում, ձեռքերն ու ոտքերը խաղողի հյութից կաս-կարմիր, գլխներին փայլուն պատուտակներից պսակներ դրած, և տկճորներ են տանում, որոնցից կաթում են ջահել գինու շիթերը։ Երեկոները հսկա խարույկների շուրջ ածխագործներն են նստում ու նայում, թե ինչպես են չոր փայտերը մոխրանում կրակի մեջ, հետո դրանց մեջ կաղիններ են խորովում, իսկ քարանձավներից ավազակներն են դուրս գալիս նրանց հետ միասին զվարճանալու համար։
     Մի անգամ նա նույնիսկ հիանալի շքերթ էր տեսել, որ օձագալար առաջ էր շարժվում Տոլեդո տանող երկար փոշոտ ճանապարհով։ Առջևից հոգևորականներ էին գնում, նրանք քաղցրալուր երգում էին և ոսկե խաչեր ու վառ խաչվառներ տանում, նրանց հետևում էին արծաթե զրահներով զինվորները՝ մուշկետներով ու նիզակներով, իսկ նրանց մեջտեղում քայլում էին երեք ոտաբոբիկ մարդ՝ վառվող մոմերը ձեռքներին ու տարօրինակ դեղին հագուստներով, որ ամբողջովին ծածկված էին զարմանալի պատկերներով։ Անտառում, իհարկե, տեսնելու շատ բան կա, բայց եթե Արքայադուստրն այդ ամենից հոգնի, մամուռե փափուկ անկողին կգտնի նրա համար կամ էլ ձեռքերի վրա կտանի, չէ որ նա շատ ուժեղ է, չնայած ինքն էլ գիտի, որ բարձրահասակ չէ։ Նա Արքայադստեր համար կարմիր ալոճի հատապտուղներից մանյակ կսարքի, որ նույնքան գեղեցիկ է, որքան և նրա զգեստի ասեղնագործերը, ու եթե նա ձանձրանա այդ մանյակից, կարող է դեն նետել, իսկ ինքը մեկ ուրիշը կնվիրի։ Նա կաղինից բաժակներ կբերի ու ցողով ծածկված հողմածաղիկներ, ինչպես նաև պստիկ լուսատտիկներ, որ աստղերի նման կլուսարձակեն նրա բաց ոսկեգույն մազերի մեջ։
     Բայց որտե՞ղ է Արքայադուստրը։ Նա այս հարցը տվեց սպիտակ վարդին, սակայն մնաց անպատասխան։ Ամբողջ պալատը կարծես քուն էր մտել և նույնիսկ այնտեղ, ուր փեղկերը բաց էին, թանձր վարագույրներ էին կախված ընդդեմ արևի ճառագայթների։ Գաճաճը մի պտույտ գործեց պալատի շուրջ որևէ մուտք գտնելու հույսով, և ի վերջո կիսաբաց մի դռնակ նկատեց։ Նա ներս սահեց ու հայտնվեց շքեղ դահլիճում, որը, ցավոք, շատ ավելի շքեղ էր, քան անտառը։ Այնտեղ ամեն ինչ ոսկեջրած էր, և նույնիսկ հատակը խոշոր գունավոր քարերից էր շարված՝ տարբեր երկրաչափական պատկերների ձևով։ Բայց փոքրիկ Արքայադուստրն այնտեղ չէր, կային միայն հրաշալի սպիտակ արձաններ, որոնք հասպիսե պատվանդաններից նրան էին նայում տխուր դատարկ աչքերով ու տարօրինակ ժպիտը շուրթերին։
     Դահլիճի մյուս ծայրում հարուստ ասեղնագործված սև թավշե վարագույր էր կախված՝ բազում արևներով ու աստղերով. Արքայի սիրած նախշերը՝ նրա ամենասիրած գույնի վրա։ Գուցե Արքայադուստրը թաքնված է վարագույրի ետևո՞ւմ։ Համենայն դեպս պետք է նայել։
     Նա գողունի մոտեցավ վարագույրին ու ետ քաշեց։ Ոչ, այնտեղ պարզապես մի ուրիշ սենյակ էր, որը նրան ավելի գեղեցիկ թվաց, քան նախորդը։ Պատերից կախված էին որսի բազմաթիվ դրվագներ պատկերող կանաչ գոբելեններ՝ ֆլամանդացի մի քանի նկարիչների գործեր, որոնց վրա նրանք յոթ տարի աշխատել էին։ Մի ժամանակ դա Յոհան Խելագարի՝ ցնորված արքայի շքասենյակն էր եղել. նա որսի մեծ սիրահար էր, և խենթության պահերին հաճախ փորձել էր հեծնել գոբելենների վրայի ծառս եղած հսկա նժույգներին, ցած իջեցնել մեծ շներով շրջապատված եղջերուին, փչել որսորդական եղջյուրն ու դաշույնով խոցել փախչող եղնիկին։ Այժմ այդ սենյակը ծառայում էր իբրև խորհուրդների դահլիճ, և նրա կենտրոնում դրված սեղանին շարված էին նախարարական կարմիր թղթապանակներ՝ իսպանական ոսկեգույն վարդակակաչներով, ինչպես նաև Հաբսբուրգների տոհմական խորհրդանիշերով ու զինանշաններով դրոշմված։
     Փոքրիկ Գաճաճը զարմանքով իր շուրջը նայեց և վախեցավ առաջ շարժվել։ Արտասովոր անխոս հեծյալները, որ արագ ու անշշուկ սլանում էին երկար ճանապարհներով, թվում էին սարսափելի ուրվականներ՝ կոմպրաչիկոսներ, որոնց մասին նա լսել էր ածխագործներից։ Սրանք որսի են ելնում միայն գիշերը, ու եթե մարդ են տեսնում, եղջերու են դարձնում ու մինչև մահ հետապն­դում։ Բայց նա նորից մտաբերեց Արքայադստերն ու արիացավ։ Գաճաճը ցանկանում էր երես առ երես հանդիպել Արքայադստերն ու ասել, որ ինքն էլ նրան է սիրում։ Գուցե նա հաջո՞րդ սենյակում է։
     Նա վազեց փափուկ մավրիտանական գորգերի վրայով ու դուռը բացեց։ Ոչ, այստեղ էլ չէ։ Սենյակը բոլորովին դատարկ էր։
     Սա ջահադահլիճն էր, որ ծառայում էր օտարերկրյա դեսպանների ընդունելության համար, երբ Արքան, մի բան, որ վերջերս այնքան էլ հաճախ չէր պատահում, անձնական ունկնդրության էր արժանացնում նրանց։ Այս նույն դահլիճում տարիներ առաջ Անգլիայից ժամանած դեսպանորդներին էին ընդունել, որ եկել էին խնամախոսելու իրենց թագուհուն, այն ժամանակվա Եվրոպայի կաթոլիկ տիրակալներից մեկին՝ Կայսեր ավագ որդուն։ Պատերն այստեղ կորդովական ոսկեզօծ կաշուց էին, իսկ սև ու սպիտակ առաստաղից երեք հարյուր մոմանոց ծանր ջահ էր կախված։ Ոսկեդիպակ հսկայական ամպհովանու ներքո, որի վրա մանր Մարգարիտներով ասեղնագործված էին կաստիլական առյուծներ ու աշտարակներ, գտնվում էր գահը՝ պատված հոյակապ սև թավիշով, որ զարդագործված էր արծաթե վարդակակաչներով և մարգարտե ու արծաթե շքեղ ծոպեր ուներ։ Գահի երկրորդ աստիճանին Արքայադստեր ծնկի իջնելու նստարանն էր, որի վրա արծաթե դիպակ բարձ կար դրված։ Իսկ ավելի ցած, արդեն ոչ ամպհովանու ներքո, Հռոմի Պապի նվիրակի բազկաթոռն էր՝ միակը, որ հասարակական արարողությունների ժամանակ իրավունք ուներ նստելու Արքայի ներկայությամբ, և որի այլ զարդափնջերից հյուսված կարդինալական գլխարկը դրվում էր բոսորագույն աթոռակի վրա։ Գահի դիմացի պատից կախված էր հասակով մեկ կանգնած Կառլոս Հինգերորդի նկարը՝ որսորդական հագուստով, մի հսկա շան հետ։ Մյուս պատի ամբողջ միջնամասը զբաղեցնում էր Ֆիլիպ Երկրորդի նկարը՝ նիդեռլանդացիներից երդում ընդունելիս։ Պատուհանների միջև փղոսկրով դրվագազարդ սև փայտե պահարան կար, որի վրա փորագրված էր պատկեր Հոլբայնի Մահվան Պարից և խոսք այն մասին, որ դա հռչակավոր վարպետի ձեռքի գործն էր։
     Սակայն փոքրիկ Գաճաճին այս ամբողջ պերճանքը բոլորովին չէր զբաղեցնում։ Նա իր վարդը չէր փոխի ամպհովանու բոլոր մարգարիտների հետ, և ոչ էլ դրա մի թերթը կտար գահի դիմաց։ Նրա միակ ցանկությունն էր Արքայադստերը տեսնել մինչև նրա տաղավար գնալը ու խնդրել, որպեսզի միասին անտառ փախչեին, երբ ինքը պարեր-վերջացներ։ Այստեղ պալատում օդը ծանր է ու հեղձուցիչ, իսկ անտառում ազատաշունչ քամի է փչում և արևի լույսը թափառող ոսկե ձեռքերով խաղում է թրթռուն տերևների հետ։ Անտառը լիքն է ծաղիկներով. ճիշտ է, նրանք պարտեզի ծաղիկների պես փարթամ չեն, բայց ավելի անուշ բուրմունք ունեն. վաղ գարնանը հակինթները վառ կարմիր ալյակներով են լցնում զովաշունչ հովիտներն ու կանաչ բլուրները, դեղին թավրնջակները ամբողջ ընտանիքներով հավաքվում են ծեր կաղնու հանգուցանման արմատների շուրջ. բուսնում է նաև պայծառ ծիծեռնախոտ, երկնագույն բերենիկե, ոսկեգույն ու մանուշակագույն հատիկներ։ Թափակաղնու վրա բացվում են մոխրագույն փշփշուկներ, իսկ մատնեծաղիկը կռանում է մեղուներով պատված իր երփներանգ ծաղկաբույլերի ծանրությունից։ Շագանակենու տեգերը ծածկվում են սպիտակ աստղերով, իսկ սզնին՝ գեղեցիկ գունատ լուսիններով։ Այո, իհարկե, Արքայադուստրը կգա իր հետ, միայն թե հարկավոր է գտնել նրան։ Նրանք միասին կգնան չքնաղ անտառն ու նա ամբողջ օրը կպարի Արքայադստերը զվարճացնելու համար։ Այդ մասին մտածելիս նրա աչքերում ժպիտ փայլատակեց, ու նա անցավ հաջորդ սենյակը։
     Բոլոր սենյակներից սա ամենապայծառն ու գեղեցիկն էր։ Այստեղ պատերը թռչուններով ու արծաթե գեղեցիկ ծաղիկներով ասեղնագործված էին և վարդագույն դամասկյան կամյակով երեսպատված։ Կահույքը զուտ արծաթից էր, ծաղկաշղթա ժաներիզներով ու ճոճվող կուպիդոններով։ Երկու բուխարիկների դիմաց շիրմաներ էին դրված, որոնց վրա սիրամարգեր ու թութակներ էին ասեղնագործված, իսկ եղեգնաքարե ծովագույն հատակը, թվում էր, գնում է հեռու-հեռու։ Բայց Գաճաճն այդ սենյակում մենակ չէր։ Դահլիճի հակառակ ծայրում, դռների մեջ, մի փոքրիկ կերպարանք էր հետևում նրան՝ ստվերում կանգնած։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել և ուրախության մի ճիչ թռավ շուրթերից, ու Գաճաճը գնաց սենյակի արևի լույսով ողողված անկյունը։ Նրա հետ միաժամանակ շարժվեց նաև կերպարանքը, որ հիմա երևում էր պարզորոշ։
     Արքայադո՜ւստրը։ Բայց ոչ, դա հրեշ է՝ ամենանողկալին երբևէ իր տեսածներից, ոչ թե մյուս բոլոր մարդկանց նման համաչափորեն զարգացած, այլ կուզիկ և ոտքերը ծուռտիկ, հսկայական տարուբերվող գլխով և խռիվ սև մազերի բաշով։ Փոքրիկ Գաճաճը հոնքերը կիտեց, ու հրեշն էլ նույնն արեց։ Նա ծիծաղեց, ու հրեշն էլ ծիծաղեց և ձեռքերը կողքերին կանթեց ճիշտ և ճիշտ Գաճաճի պես։ Նա ծաղրանքով խոնարհվեց հրեշի առաջ ու նույն պատասխանը ստացավ։ Նա մոտեցավ հրեշին, և հրեշն էլ նրան մոտեցավ, կրկնելով նրա բոլոր քայլերն ու կանգ առնելով, երբ նա էր կանգ առնում։ Զարմացական ճիչով նա առաջ նետվեց ու ձեռքը մեկնեց, և սառույցի պես սառը հրեշի ձեռքը դիպավ նրա ձեռքին։ Նա վախեցավ, ձեռքը ետ քաշեց, և հրեշն էլ շտապեց նույնն անել։ Նա փորձեց հրել հրեշին, սակայն ինչ-որ ողորկ ու ամուր բան փակեց նրա ճանապարհը։ Հրեշի դեմքն այժմ, շատ մոտ էր նրա դեմքին և սարսափով լեցուն։ Նա ձեռքով մի կողմ տարավ աչքե­րին թափված մազերը։ Հրեշը՝ նմանապես։ Նա հարվածեց, ու պատասխան հարված ստացավ։ Սկսեց հայհոյել՝ Հրեշը ծամածռվեց։ Նա ետ քաշվեց, ու հրեշն էլ ընկրկեց։
     Սա ի՞նչ բան է։ Գաճաճը մի րոպե մտասուզվեց, հետո չորս կողմը նայեց։ Տարօրինակ էր, բայց ամեն ինչ կարծես իր կրկնօրինակն ունենար այս անտեսանելի պատի լուսավոր ջրերում։ Նկարի առջև նկար էր կախված, բազմոցի դիմաց՝ բազմոց էր։ Դռան մոտ, մահճախորշում պառկած Ֆավնը պատից այն կողմ իր երկվորյակն ուներ, իսկ արևի լույսով ողողված արծաթե Վե­ներան ձեռքերը մեկնել էր նույնքան գեղանի մեկ ուրիշ Վեներայի կողմը։
     Դա ինչ է, արձագա՞նք։ Մի անգամ նա հովտում գոռաց, և արձագանքը ճիշտ նույն բառերով պատասխանեց նրան։ Կարո՞ղ էր։ արդյոք, արձագանքը նույնությամբ վերարտադրել տեսողությունը, ինչպես ձայնը, ու իրական աշխարհի օրինակով թվացյալ աշխարհ ստեղծել։ Կարո՞ղ էին արդյոք իրերի ստվերներն ունենալ նույնպիսի գույն, կյանք, շարժում։ Կարո՞ղ էր այդպես պատահել։
     Գաճաճը ցնցվեց ու, կրծքից վերցնելով գեղեցիկ սպիտակ վարդը, շրջվեց ու համբուրեց ծաղիկը։ Հրեշի ձեռքին նույնպիսի մի վարդ կար, ճիշտ և ճիշտ նույնը՝ թերթ առ թերթ։
     Երբ իրողությունը հանկարծ պարզվեց նրա համար, Գաճաճը հուսահատության վայրի մի ճիչ արձակեց ու հեկեկալով նետվեց հատակին։ Ուրեմն այդ ինքն է այլանդակ ու կուզիկ, ծիծաղելի ու զզվելի։ Ինքն է հրեշը, և իր վրա էին ծիծաղում բոլոր երեխանե­րը, ու Արքայադուստրը՝ նույնպես։ Իսկ նրան թվում էր, թե Արքայադուստրը սիրում է իրեն, այնինչ նա էլ, մյուսների նման, զվարճանում էր իր այլանդակությամբ և ուրախանում՝ նայելով իր ծուռտիկ ոտքերին։ Եվ ինչո՞ւ իրեն չթողին անտառում, ուր հայելի չկար, որ պատմեր իր այլակերպության մասին։ Ինչո՞ւ հայրը չի սպանել իրեն, ծաղրուծանակի վաճառելու փոխարեն։ Տաք արցունքները հոսում էին Գաճաճի այտերն ի վար, ու նա սպիտակ վարդը պատառոտեց։ Գետնատարած հրեշը արեց նույնը, ու ծաղ­կի թերթերը շաղ եկան օդում։ Նա սողում էր հատակին, իսկ երբ Գաճաճին էր նայում՝ դեմքն այլայլվում էր ցավից։ Գաճաճը հե­ռու սողաց, որպեսզի չտեսնի նրան, ու աչքերը ձեռքերով փակեց։ Վիրավոր էակի նման, նա սողաց մինչև ստվերն ու գետնին գալարվելով տնքաց։
     Հենց այդ րոպեին Արքայադուստրն ու նրա ընկերները ներս մտան սանդղափուլից և տեսան փոքրիկ այյակերպ Գաճաճին գետնատարած, բռունցքներով գետնին խփելիս։ Տեսարանն այնքան անհեթեթ էր, որ երեխաներն ուրախ քրքիջով շրջապատեցին նրան՝ տեսնելու, թե ինչ է անում։
     - Նրա պարերը ծիծաղաշարժ էին, - ասաց Արքայադուստ­րը, - բայց ներկայացումն ավելի զվարճալի է։ Կարծես խամաճիկ լինի, միայն թե, իհարկե, ոչ նույնքան բնական։
     Արքայադուստրը մեծաշուք հովհարով զով էր անում իրեն ու ծափահարում։
     Բայց փոքրիկ Գաճաճը չնայեց էլ Արքայադստեր կողմը, նրա հեծեծանքն աստիճանաբար թուլանում էր։ Հանկարծ նա տարօրինակ հոգոց հանեց, բռնեց կողքն ու անշարժ պառկեց։
     - Հրաշալի է, – ասաց Արքայադուստրը, մի փոքր սպասելուց հետո, - իսկ այժմ դու պետք է պարես ինձ համար։
     - Իհարկե, - գոչեցին բոլոր երեխաները, - վեր կաց ու պարիր, չէ որ դու բարբարական կապիկների պես խելացի ես ու նույնիսկ ավելի զվարճալի։
     Սակայն փոքրիկ Գաճաճը ոչինչ չպատասխանեց։
     Արքայադուստրը ոտքը գետնին զարկեց ու կանչեց հորեղբորը, որ այդ ժամանակ ճեմում էր պարտեզում Սենեկապետուհու հետ միասին, կարդալով հենց նոր ստացված դիվանագիտական հաղորդումները Մեքսիկայի մասին, ուր վերջերս էր սուրբ հավատաքննչություն հիմնվել։
     Իմ զվարճալի փոքրիկ Գաճաճը կամակոր է դարձել։ Ստիպիր նրան ոտքի կանգնել ու պարել ինձ համար։
     Հորեղբայրն ու Սենեկապետուհին ժպտացին միմյանց ու ներս մտան, և Դոն Պեդրոն կռացավ ու ասեղնագործ ձեռնոցը թփթփացրեց Գաճաճի այտին։
     - Դու պետք է պարես, petit monstre, (4) – ասաց նա, – դու պետք է պարես։ Իսպանիայի և զույգ Հնդկաստանների Արքայադուստրը ցանկանում է, որ զվարճացնեն իրեն։
     Բայց փոքրիկ Գաճաճը չշարժվեց։
     - Սրան մտրակել է հարկավոր, – հոգնած ասաց Դոն Պեդրոն ու նորից պարտեզ գնաց։
     Սակայն Սենեկապետուհին մտահոգ էր, նա ծնկի իջավ Գաճաճի կողքին ու ձեռքը կրծքին դրեց։ Մի րոպե անց նա թոթվեց ուսերն ու ոտքի կանգնեց և, խոնարհվելով Արքայադստեր առաջ, ասաց.
     - Mi Della Princesa, (5) ձեր զվարճալի փոքրիկ Գաճաճն այլևս երբեք չի պարի։ Ցավում եմ, չէ որ նա այնքան այլանդակ էր, որ նույնիսկ Արքան, հավանաբար, կժպտար։
     - Իսկ ինչո՞ւ նա այլևս երբեք չի պարի, - ծիծաղելով հարցրեց Արքայադուստրը։
     - Նրա սիրտը կոտրվել է, – պատասխանեց Սենեկապետուհին։
     Արքայադուստրը մռայլվեց, ու իր հրաշալի Վարդիթեր շուրթերը գեղեցիկ ծամածռեց։
     - Այսուհետև, բոլոր նրանք, ովքեր կգան ինձ հետ խաղալու, թող անսիրտ լինեն, – գոչեց նա ու վազեց պարտեզ։


1 - Հավատաքննչական խարույկ` մեղսագործներին այրելու համար։
2 - Նշանակում է՝ Ամերիկային։
3 - Իսկական ֆրանսիական ժպիտ (ֆրանս.)։
4 - Փոքրիկ հրեշ (ֆրանս.)
5 - Իմ գեղեցիկ Արքայադուստր (իսպան.):

Տես նաև Օսկար Ուայլդ Հեքիաթներ

Օսկար Ուայլդ | Արքայադստեր ծննդյան օրը Օսկար Ուայլդ | Արքայադստեր ծննդյան օրը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 24, 2022 Rating: 5
Технологии Blogger.