Արա Առաքելյան | Ֆրանց Կաֆկայի «Օրագրերը»



Ստորև ներկայացնում ենք հատված Արա Առաքելյանի «Ֆրանց Կաֆկայի «Օրագրերը»» գրքից (ԵՊՀ հրատարակչություն, 2016):



Կաֆկայի ստեղծագործական անհատականության երկրորդ կարևոր կողմը (գրականությունից և արվեստից հետո) փիլիսոփայությունն է: Սնունդ առնելով և ձևավորվելով գերմանահրեական միջավայրում, նրա մտածողությունը ձեռք է բերում ընդգծված փիլիսոփայական ուղղվածություն: Դա իր արտահայտությունն է գտնում գրողի ստեղծագործության մեջ, գեղարվեստական երկերում (անուղղակի արտահայտություն), «Օրագրերում», նամակներում, և հատկապես «Աֆորիզմներում» (ուղղակի արտահայտություն)՝ պայմանավորելով դրանց հիմնական բովանդակությունը, մարդու և գոյության խնդիրների անընդհատ և բազմակերպ արծարծումը: Բայց այս հանգամանքը հիմք չի կարող հանդիսանալ Կաֆկայի ստեղծագործությանը իբրև փակ և ամբողջական փիլիսոփայական համակարգի մոտենալու համար: «Կաֆկայի գործերի փիլիսոփայական հիմքը,- գրում է Ի. Սվիտակը,- աշխարհի մասին մարդկային փորձառության բաց համակարգ է, այլ ոչ թե մտածողի աշխարհայացք»:[1] Նույն կարծիքին է Բ. Նագելը. «… նրա (Կաֆկայի՝ Ա. Ա.) նպատակը և խնդիրը ոչ թե այն է, որ ապացուցի ինչ-որ տեսություն, այլ մեզ տրամադրի տեսակետ»[2]: Այսինքն՝ Կաֆկայի փիլիսոփայությունը, հիմնված լինելով մարդկային որոշակի ըմբռնողության և կենսափորձի վրա, տեղավորվում է գոյափիլիսոփայություն (կենսափիլիսոփայություն) հասկացության շրջանակներում և հետապնդում որոշակի նպատակներ: Կաֆկայի մտածողության փիլիսոփայական սահմանները որոշակիորեն երևում են հետևյալ գրառումից.
«Խոսքը ահա թե ինչի մասին է: Մի անգամ շատ տարիներ առաջ, ես, իհարկե բավական տխուր նստել էի Լավրենտևյան լեռան լանջին: Ես ստուգում էի, թե ինչ եմ ուզում կյանքից: Ամենակարևորը և ամենագրավիչը, պարզվեց, կյանքի մասին այնպիսի հայացք գտնելու ցանկությունն է… որի դեպքում կյանքը, թեև պահպանում է իր բնական ծանր անկումներն ու վերելքները, բայց  միևնույն ժամանակ ոչ պակաս պարզությամբ ներկայացնում է դատարկությամբ, երազով, անորոշությամբ»[3]:
Երևույթները տարբեր տեսանկյուններից տեսնելու և քննելու Կաֆկայի սկզբունքը նրան որքան մոտեցնում է տարբեր փիլիսոփայական համակարգերին ու դպրոցներին, նույնքան էլ բացառում նրա մտածողությունը և հարցադրումները որևէ մեկ առանձին համակարգի սահմաններում և չափանիշներով դիտարկելու հնարավորությունը:
Կաֆկայի գոյափիլիսոփայությունը հնի ու նորի համադրության արդյունք է: Նրա մտածողության արմատները մի կողմից հասնում են հնադարի խորքերը, մյուս կողմից կանգնած են 20-րդ դարի ամենաազդեցիկ փիլիսոփայական համակարգի՝ էքզիստենցիալիզմի սկզբնավորման ակունքներում: Կաֆկայի անձնական գրադարանում Պլատոնի ստեղծագործությունների կողքին պահպանվում են Կ. Մարքսի, Ֆ. Շլայերմախերի, Ս. Կիերկեգորի, Ֆ. Նիցշեի գրքերը[4]: Սոկրատեսյան «Ճանաչի՛ր ինքդ քեզ» և «Եղի՛ր այն, ինչ ես» կարգախոսները, Զենոնի ապորիաները, Մարկոս Ավրելիոսի իմաստասիրական ինքնաքննությունները Կաֆկայի մտածողության ոչ միայն ազդակները եղան, այլև կայուն դոմինանտները: Այսպես, գրառումներում ինքնաճանաչման մասին կարդում ենք. «Ճանաչի՛ր ինքդ քեզ չի նշանակում զննիր: Զննի՛ր ինքդ քեզ՝ օձի խոսք է: Այն նշանակում է՝ դարձի՛ր քո գործերի տերը: … Այսինքն, այդ խոսքը նշանակում է՝ թերագնահատի՛ր քեզ, քայքայի՛ր քեզ: Այսպիսով, ինչ-որ չար բան անելիս կամ երբ շատ ստորանում ես, լսում ես նաև նրա բարությունը, որ ասում է՝ քեզ այն դարձնելու համար, ինչ որ ես»[5]:
Մեկ այլ գրառում, որ գտնում ենք «Աֆորիզմներում», Զենոնի ապորիաներին հարազատ բնույթ ունի. «Նա ուզում է խմել և աղբյուրից բաժանված է միայն թփերով: Բայց նա բաժանված է երկու մասի, մի մասը հայացքով ընդգրկում է ամեն ինչ, տեսնում է, որ ինքը կանգնած է այստեղ և որ աղբյուրը կողքին է, իսկ երկրորդ մասը ոչինչ չի տեսնում, այլ միայն կռահում է, որ առաջին մասը ամեն ինչ նկատում է: Բայց քանի որ նա ոչինչ չի տեսնում, խմել չի կարող»[6]:




[1] Nagel B., Franz Kafka, Berlin, 1974, 37.
[2] Nagel B., Franz Kafka und die Weltliteratur, München, 1983, 86.
[3] Кафка, Фр., Сочинения в 3-х томах, т. 3, М. 1995, 21.
[4] Nagel B., Franz Kafka und die Weltliteratur, München, 1983, 86.
[5] Кафка, Фр., Замок. Новеллы и …, М. 1991, 170.
[6] Кафка, Фр., Сочинения в 3-х томах, т. 3, М. 1995, 25.

Արա Առաքելյան | Ֆրանց Կաֆկայի «Օրագրերը» Արա Առաքելյան | Ֆրանց Կաֆկայի «Օրագրերը» Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 23, 2017 Rating: 5
Технологии Blogger.