Ֆրիդրիխ Շիլլեր | Կասսանդրա


Չէր կործանված ամրոցը դեռ,
Ցնծություն էր Տրոյայում.
Քնարի ձայն և օրհներգեր
Հնչում էին, հմայում:
Քաղցր էր պահը կարճ դադարի
Վեճից հետո չարաղետ.
Պսակվում էր Պելիդն արի
Պրիամոսի դստեր հետ:

Ամբոխն ահա դափնիների
Խույրեր դրած տոնական,
Հոսեց դեպի աստվածների
Տաճարները սրբազան:
Բաքոսյան խինդն է հռնդում
Փողոցներում ծայրեծայր,
Միայն մեկի սիրտն է տրտում,
Միայն մեկն է վշտահար:

Նա չի հրճվում հրճվանքի մեջ,
Կսկիծ ունի իր սրտում,
Դեգերում է մենակ, անվերջ
Ապոլոնի թավուտում:
Խուլ անտառն է գուշակուհին
Ահա փախչում լռելյայն,
Վրդովմունքով նետում գետնին
Ապարոշը քրմական:

«Բախտավոր են սրտերն ամեն,
Ուրախությամբ համակված,
Ծնողներս դեռ հույս ունեն,
Մատաղ քույրս է ճոխ զուգված
Քաղցր պատրանք չի տրված ինձ,
Միայն ես եմ դառնանում,
Տեսնում եմ պարզ՝ մահն է հեռվից
Թևատարած մոտենում:

Ես մի հուր եմ տեսնում վառման
Ի մենջ երկրի ու երկնի.
Դա խարույկ չէ զոհաբերման,
Ջահ չէ ձեռքին Հիմենի:
Տոն է, բայց իմ խռով հոգին
Աստծո քայլերն է լսում.
Սպառնում է մեր քաղաքին
Հույժ ողբալի փլուզում:

Անգոսնելով ամեն տրտունջ,
Մարդիկ ցավս են քամահրում,
Տանջված սիրտս լալու է մունջ
Անապատի խորքերում:
Ծաղրում են ինձ բոլորն անհոգ,
Եվ օտար եմ ես նրանց.
Ճակատագիրն այս անամոք
Ինչու՞ տվիր, նե´նգ աստված:

Ինչու՞ դու ինձ դարձրիր գուշակ,
Այս քաղաքը նետեցիր,
Որտեղ մարդկանց միտքն է միշտ փակ,
Ու կուրությունն է անծիր:
Ի՞նչ ձիրք է սա. տեսնել մի բան,
Չունենալ ուժ կանխելու
Բախտի վճիռն է անխափան,
Արհավիրք է լինելու:

Մի՞թե կանցնի մեծ վտանգը,
Երբ գաղտնիքը բացեմ ես,
Անգիտության մեջ է կյանքը,
Գիտությունը մահ է մեզ:
Աչքիս առաջ փայլն է արյան
Ե´տ առ ձիրքն այս ահավոր,
Ծանր է՝ լինել ճշմարտության
Մահկանացու մի սափոր:

Կուրությո~ւնս ինձ տուր նորից,
Տուր խավար մի´տքն իմ ուրախ.
Դեռ չեմ հրճվել ես այն օրից,
Ինչ քո գուշակն եմ, ավա~ղ:
Տվիր գաղտնիքն ապագայի,
Բայց ինձանից խլեցիր
Ողջ բերկրանքը իմ ներկայի:
Ե´տ առ շնորհն այս պատիր:

Հարսանեկան զարդերով դեռ
Չեմ պճնել հերքն իմ բուրյան,
Այն օրից, ինչ ողջանվեր
Ինձ հանձնեցի քեզ միայն:
Լացով անցավ կյանքս արդեն,
Ճաշակեցի միայն ցավ,
Մոտիկներիս վիշտը ամեն
Սրտիս խորքում վերք դարձավ:

Շուրջս ամենքն ու ամեն ինչ
Ապրում, սիրում են իրար,
Միայն ես եմ հեծում վշտից,
Միայն ինձ է խինդն օտար:
Զուր է գարունն այս նորաբաց,
Որ աշխարհն է ճոխ պճնում.
Ո՞վ կարող է հրճվել սրտանց,
Երբ կյանքի խորքն է տեսնում:

Բախտավոր է քույրս հարկավ՝
Տրված սրտի երազին.
Հելլենին է ամենալավ
Ընտրել գալիք ամուսին:
Հպարտ է նա, հրճվում է դեռ
Երանությամբ հարսնության,
Չի նախանձում ձեզ, անմահնե´ր,
Անուրջներում կուսական:

Ես էլ մի օր տեսա նրան՝
Ընտրյալին իմ սրտի,
Իր հայացքում անզուգական
Հուր կար սիրո, կարոտի:
Ամուսնուս հետ ի~նչ խինդով ես
Կմտնեի սուրբ տաճար,
Բայց մի ուրու զատում է մեզ,
Ինչպես գիշերն այս խավար:

Առաքում է Պրոզերպինան
Ոգիներին իր դժգույն.
Ուր դեգերեմ, դեմս կգան
Ուրվականներն այս իսկույն:
Պատանեկան զվարճանքին
Ահ ու սարսափ են խառնում,
Ի~նչ թոհ ու բոհ դժոխային
Տխրում եմ ես, դառնանում:

Ես պողպատի փայլ եմ տեսնում,
Մարդասպանի չար աչքեր,
Եվ փրկության ելք չեմ գտնում
Մղձավանջում կարեվեր:
Երկնի կամքով ես ամեն բան
Պիտի տեսնեմ բաց աչքով,
Օտար երկրում գտնեմ վախճան,
Ընկնեմ օտար, բիրտ ձեռքով»:

Հին տաճարում կույսը տրտում
Խոսում էր դեռ մեկուսի,
Երբ լսվեց բոթ, «Ընկավ մարտում
Մեծն որդին Թետիսի»:
Էրիսն իջավ օձեր բռնած.
Աստվածներն են հեռանում,
Իլիոնի վրա մթնած
Սև ամպերն են ծանրանում:


Ֆրիդրիխ Շիլլեր | Կասսանդրա Ֆրիդրիխ Շիլլեր | Կասսանդրա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:32:00 Rating: 5
Технологии Blogger.