Րաֆֆի | Խենթը | համառոտ


1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժանում է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս են, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Վեպը սկսվում է Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ: Թվով 1000 հայ և ռուս զինվորների զորախումբը կանգնած է 20000 քրդական և թուրքական բանակի դեմ: Միջնաբերդում չկա ջուր և պարեն: Հիվանդների ու վիրավորների թիվը հետզհետե աճում է, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու փորձերի ընթացքում ամեն անգամ մոտ 20 զինվոր է զոհվում: Միջնաբերդում ամրացած ուժերի ղեկավարը երդվում է չհանձնվել, քանի ողջ են: Զինվորների ոգին ըմկճվում է, երբ ականատես են լինում, թե ինչպես 3 օր թուրքերը կոտորում են շրջակա հայկական բնակչությանը: Վեպի հերոսը՝ Վարդանը, նույն ինքը՝ խենթը ոչ թե ցավով, այլ կատաղությամբ է հետևում սպանդին: Եթե թուրքերը գրավեին Բայազետի բերդը, ապա արագորեն կմտնեին Երևան: Հարկ է լինում օգնություն խնդրող նամակը դուրս բերել շրջափակող մահմեդականների օղակից և հասցնել ռուսական բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության: Մահապարտի պարտականությունը համարձակվում է իր վրա վերցնել Վարդանը: Նա խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա իր նամակն ապահով հասցնում Տեր-Ղուկասովին: Մեկ այլ խենթ է Միքայել Դուդուկջյանը, նույն ինքը Սալմանը, պոլսեցի մի կիրթ երիտասարդ, ով անձնազոհաբար պայքար ու ազգային գիտակցություն է քարոզում: Նա քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Շրջում է թռուցիկներ բաժանելով և բացատրելով, որ ազգերի կրթության և ընդունակության համեմատ փոփոխվում են նրանց ինքնապաշտպանության զենքերը: Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում: Բայազետում Վարդանի հերոսական արարքից հետո, Րաֆֆին ընթերցողին է ծանոթացնում մի քանի տարի դրանից առաջ կատարված դեպքերին: Պատերազմը դեռ չի սկսվել։ Ալաշկերտ գավառը ապրում է իր սովորական առօրյայով։ Խաղաղ է նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։ Նրա հարկի տակ հաճախ հավաքվում են երկրի տարբեր կողմերից եկած հայ գործիչներ, որոնք քննարկում են հայ ժողովրդի վիճակը և այդ կացությունից դուրս գալու ուղիները։ Խաղաղությունը, սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ, կեղեքում է յուրայիններին: Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Պարոն Սալմանը՝ ի դեմս նրա երկու որդիների գտնելով համախոհներ: Ծերունի Խաչոն, արտահայտելով հայ գյուղացիության ընդհանուր կարծիքը, այսպես է ասում. «Հիմա, որդի, հողը պատրաստ չէ, ժողովուրդը պատրաստ չէ»: Սակայն հնչում է նաև հակառակ կարծիքը. «Երջանիկ է այն ժողովուրդը, որ ատել գիտե: Նա, ով ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացումից»: Րաֆֆին չափազանց դեմ է եկեղեցու կողմից քարոզված համբերությանը և հնազանդությանը: Սալմանի բերանով նա ասում է. «Համբերությունը մահ է... գերեզմանի մեջ է միայն մարդ համբերող դառնում: Մեր տանուտերերը, մեր վարդապետները մեզ համբերություն են քարոզում… Ախար նրանք քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակին հասցրին մեզ: Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողոքը, ինչ կերպով և հայտնվելու լիներ նա…»:  Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Նրա աղջիկ լինելը թաքցնում են՝ քրդերի չար նկրտումներից հեռու պահելու համար։ Լալայի աղջիկ լինելը գիտեր և նրա վրա աչք ուներ Ֆաթթահ բեկը և Թովմաս էֆենդին։ Վերջինս էլ դառնում է տանուտեր Խաչոյի բարեկեցիկ ընտանիքի քայքայման պատճառը։ Լալա-Ստեփանիկի աղջիկ լինելը գիտի նաև Վարդանը և սիրում է նրան։ Սերը փոխադարձ է։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվում են Խաչոյի որդիները՝ Սալմանը, և Վարդանը: Լալան ստիպված փախուստի է դիմում, որպեսզի չընկնի քուրդ բեկի ձեռքը: Քանի որ պատերազմն արդեն սկսվել է, և թուրքերի կոտորածներից փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը գաղթի ճամփան է բռնել, Լալան նրանց հետ միասին գաղթում է Արևելյան Հայաստան, Վաղարշապատ, ուր և ծանր հիվանդանում ու մահանում է: Վաղարշապատի հայ հոգևորականության մասին խոսելիս Րաֆֆին արտահայտում իր հետևյալ միտքը «Մի ազգ, որ հույսը դրել է միայն եկեղեցականների վրա, նրա կործանման սկիզբը մոտ է վախճանին»: Վարդանը, որ բանտի փոխարեն հայտնվել է Բայազետի պաշարման թոհուբոհում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային, բայց գտնում է միայն սիրելիի սառը գերեզմանը: Լալայի շիրիմը գրկած, ցավից ցնորված Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը՝ անկախ, ազատ, բարգավաճ, կրթված և ազգային բարձր ինքնագիտակցությամբ: 

Րաֆֆի | Խենթը | համառոտ Րաֆֆի | Խենթը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 27, 2016 Rating: 5
Технологии Blogger.