
Թագավորի որդին որոշել էր ամուսնանալ
և այդ առիթով ամենուր խնդություն էր տիրում: Մի ամբողջ տարի արքայազնը սպասել էր իր
հարսնացուին: Նա ժամանել էր վերջապես: Սա ռուս արքայադուստր էր և ամբողջ ճանապարհը
Ֆինլանդիայից սկսած անցել էր հյուսիսային 6 եղջերուներին լծած սահնակով: Այդ սահնակը
կարծես հսկայական կարապ լիներ, որի թևերի արանքում նստել էր ինքը: Ինքը ճերմակ էր,
ինչպես ձյունե պալատը, որում ապրել էր մշտապես: Հարսնացուին դիմավորելու համար դղյակի
առաջ սպասում էր արքայազնը: Արքայադստերը տեսնելուն պես նա ծնկի իջավ և համբուրեց ձեռքը:
- Ձեր նկարն անչափ գեղեցիկ
էր,- շշնջաց նա, բայց դուք ավելի գեղեցիկ եք:
- Առաջ նա նման էր սպիտակ վարդի,-
ասաց մանկլավիկը, իսկ հիմա կարծես ալ վարդ լինի:
Եվ ողջ արքունիկը համակվեց
հրճվանքով: Երեք օր բոլորը կրկնում էին.
- Ճերմակ վարդ, ալ վարդ, ճերմակ
վարդ, ալ վարդ…
Թագավորը հրամայեց, որ մանկլավիկի
աշխատավարձը կրկնապատկեն: Բայց մանկլավիկը ոչինչ չէր ստանում և ոչինչ չշահեց: 3 օր
անց եղավ հարսանիք: Դա մի շքեղ հանդես էր, խրախճանքը տևեց 5 ժամ: Արքայազնը և արքայադուստրը
նստած էին մեծ սրահում ու խմում էին չնաշխարհիկ բյուրեղյա գավաթից: Միայն ճշմարիտ սիրահարները
կարող էին խմել դրանից, որովհետև, երբ գավաթին կեղծ շուրթեր էին դիպչում, գավաթն իսկույն
դառնում էր մուգ և անթափանց:
Թագավորը հրամայել էր արքունի
հրագետին, որ անձամբ ղեկավարի հրավառությունը: Հրթիռները, որ շարվեցին արքունի այգում
սկսեցին զրուցել.
- Աշխարհն իրոք հրաշալի է,-
ասաց զավեշտահրթիռը: - Ապա մի նայեք այս դեղին կակաչներին: Ճամփորդելն ընդլայնում է
մարդուս հորիզոնը:
- Աշխարհը թագավորի այգով չի
վերջանում,- ասաց մեծ հռոմեական մոմը:
- Այն վայրը, որ մարդ սիրում
է, աշխարհն է որ կա,- բացականչեց հրանիվը: - Նա հպարտանում էր իր սիրուց կոտրված սրտով:
- Բանաստեղծներն այնքան գրեցին սիրո մասին, որ սպանեցին այն և նրանց ոչ ոք այլևս չի
հավատում:
- Անհեթեթ միտք,- գոչեց հռոմեական
հռթիռը: - Երազները երբեք չեն ծերանում, երբեք չեն մեռնում: Նորապսակները շատ են սիրում
միմյանց:
Երբ լռություն տիրեց մի գոռոզ
հրթիռ ասաց.
- Որքան բերել է նորապսակների
բախտը, որ նրանց հարսանիքին պիտի արձակեն ինձ:
Զավեշտահրթիռը առակեց.
- Ինչ թվում էր, թե պատիվը
մեզ են անում:
- Ձեր դեպքն այլ է, պատասխանեց
գոռոզ հրթիռը: - Ես առանձնահատուկ երևույթ եմ: Ես երևելի հրթիռ եմ, երևելի ծնողների
զավակ: Արար աշխարհում չկա մեկը, ով ինձնից
ավելի զգայուն լինի:
- Զգայուն անձը,- ասաց հռոմեական
մոմը շշուկով,- այն անձն է, ով կանգնում է ուրիշների ոտքերի վրա, որովհետև վախենում
է կոշտուկներից:
- Եթե ինձ երեկոյան մի բան
պատահի, ի՜նչ դժբախտություն կլինի բոլորի համար,- ասաց գոռոզ հրթիռը: - Նորապսակները
կդժբախտանան և նրանց ամուսնական կյանքը անվերադարձ կթունավորվի, իսկ թագավորը, վստահ
եմ, չի դիմանա այդ հարվածին: Ես ունեմ արտասովոր երևակայություն և պատկերացնում եմ
առարկաները բոլորովին այլ կերպ: Իսկ դուք այնպես եք ծիծաղում, ասես նորապսակներն ամուսնանալու
մտադրություն անգամ չեն ունեցել:
- Իսկ ի՞նչ վատ է ծիծաղը,-
հերաքրքրվեց հրագունդը: - Ես կտանեմ աստղերին նորապսակների ամուսնության լուրը:
- Ուրիշ բան չէի էլ սպասում,-
ասաց գոռոզ հրթիռը: - Շատ տափակ մոտեցում կյանքին: Դուք պարզապես դատարկություն եք,
ուրիշ ոչինչ: Երբ ամբողջ հրաշքը այստեղ է տեղի ունենում, երբ ես վառվում եմ:
- Դու ամենադյուրագրգիռ էակն
եք,- ասաց բենգալյան կրակը:
- Իսկ դուք իմ իմացած ամենագռեհիկը:
Դուք չեք կարող հասկանալ իմ բոլոր մտերմիկ զգացմունքները արքայազնի հանդեպ: Անգամ եթե
ճանաչեի նրան, երբեք ընկերություն չէի անի հետը: Ընկերոջը ճանաչելուց ավելի վտանգավոր
բան չկա:
- Ավելի լավ է զգուշանալ թրջվելուց,-
ասաց հրագունդը:
- Քեզ համար՝ անկասկած: Իսկ
ես լաց եմ լինում, երբ քեֆս տալիս է:
Նա սկսեց աղի արտասուք թափել:
- Ըստ երևույթի նա իսկապես
ռոմանտիկ բնավորություն ունի, եթե հեկեկում է առանց պատճառի,- ասաց հրանիվը:
Սակայն հռոմեական մոմն ու բենգալյան
կրակը շատ էին զայրացել և կրկնում էին.
- Դատարկ բան է, դատարկ բան
է:
Իսկ արքայազնը և արքայադուստրը
պարում էին լուսնի լույսի տակ: Երբ եղավ ժամը 12-ը, բոլորը դուրս եկան պարտեզ և թագավորը
կանչել տվեց արքունի հրագետին:
- Հրավառությունը սկսե՛ք,-
հրամայեց թագավորը:
Հրագետն ուներ 6 օգնական, որոնցից
յուրաքանչյուրը մի-մի ջահ էր տանում:
-Վզզզ, վզզզ,- սուլեց հրանիվը
հենց որ սկսեց պտտվել սեփական առանցքի շուրջը:
- Բում-բում,-նրան հետևեց հռոմեական
մոմը:
Այնուհետև զավեշտահրթիռները
պար բռնեցին այգում, իսկ բենգալյան կրակն ամեն ինչ կարմիր ներկեց: Պայթեց նաև հրագունդը
և երկինք սլացավ: Բոլորն էլ մեծ հաջողություն էին վայելում բացի երևելի հրթիռից: Նա
իր արցունքներից այնպես էր թրջվել, որ ի վիճակի չէր վեր սլանալ: Նրա վառոդը այնքան
էր խոնավացել, որ այլևս պիտանի չէր:
- Հավանաբար ինձ պահում են
ավելի ճոխ մի հանդեսի համար,- մտածեց հրթիռը:
Հաջորդ օրը այգեպանները եկան
պարտեզը կարգի բերելու:
- Սա ըստ երևույթին պատգամավորությունն
է,- մտածեց հրթիռը և որոշեց ըստ արժանվույն դիմավորել նրանց: Եվ նա դեմքը խոժոռեց,
ասես մտածում էր հույժ կարևոր բանի մասին: Բայց ծառաները նույնիսկ չնկատեցին նրան:
Միայն մեկը նկատեց նրան և ասաց.
- Սա ի՞նչ փչացած հրթիռ է,-
բացականչեց նա և հրթիռը նետեց ցանկապատի մյուս կողմը:
- Փչացած հրթի՞ռ, փչացած հրթի՞ռ,-
ասաց նա ցանկապատի վրայով թռչելիս: - Ուզում էր ասել՝ հրաշալի հրթիռ:
Ու ընկավ տիղմի մեջ մտածելով՝
«Սա նորաձև լոգարան է»:
Նրա առաջ հայտնվեց մի կանաչ
գորտ:
- Դուք նորե՞կ եք,- հարցրեց
գորտը: Ի՞նչ եք կարծում այսօր անձրև կգա:
- Ըհը,- ասաց հրթիռը:
- Ի՞նչ ախորժալուր ձայն ունեք:
Նման է կռկռոցի: Դուք այսօր կլսեք մեր համերգը: Ագարակատիրոջ տան առաջ: Բոլորը մեզ
են լսում: Ագարակատիրոջ կինն ասում էր հարևանուհուն, թե ինչպես ողջ գիշեր աչք չի կպցրել
մեր պատճառով:
- Անվերջ խոսում ես,- զայրացած
ասաց հրթիռը:
- Ես սիրում եմ ինքս միշտ խոսել,
որ չլինի վեճ:
- Իսկ ես սիրում եմ վիճել,-
ասաց հրթիռը:
- Վիճելը գռեհիկ բան է:
Եվ գորտը հեռացավ:
- Դու շատ եսասեր ես,- ասաց
հրթիռը: - Պետք է օրինակ վերցնես ինձնից, քանի որ բոլորին է հայտնի իմ համեստությունը:
- Անիմաստ է խոսել գորտի հետ,-
ասաց մի ճպուռ: - Նա արդեն թողել հեռացել է:
- Ավելի վատ իր համար: Ես սիրում
եմ խոսել ինքս ինձ համար: Այնքան խելացի եմ գտնվում երբեմն, որ ոչինչ չեմ հասկանում
իմ ասածներից:
- Ուրեմն պիտի փիլիսոփայություն
դասավանդեք,- ասաց ճպուռը և թռավ:
- Ինչ հիմարն էր,- մտածեց հրթիռը:-
Իր միտքը զարգացնելու այսպիսի առիթ էլ չի ունենա:
Նա ավելի խոր ընկղմվեց ցեխի
մեջ:
Նրան մի բադ մոտեցավ: Գեղեցկուհի
էր համարվում բադերի մեջ:
- Ի՞նչ տարօրինակ տեսք ունեք:
Դա դժբախտության արդյո՞ւնք է,- հարցրեց նա հրթիռին:
- Իսկույն երևում է, որ ամբողջ
կայնքդ գավառում ես անցկացրել: Կապշես, եթե իմանաս, որ ես երկինք եմ սլանում և թափվում
կրակի տեսքով:
- Դա ինձ չի հետաքրքրում, որովհետև
դրանից ոչ մի օգուտ չկա: Եթե կարողանայիր հերկել դաշտերը, հոտը հսկել, դա ուրիշ բան:
- Հարգելիս,- գոչեց հրթիռը
ինքնագոհ: - Իմ դասին պատկանող անձինք, երբեք օգտակար չեն լինում: Մենք կիրթ շարժուձև
ունենք: Դա մեր փառքն է:
- Լավ, լավ,- ասաց բադը: -
Նախասիրությունները կարող են տարբեր լինել: Ուրախ կլինեմ, եթե մեզ մոտ բնակություն
հաստատեք:
- Ոչ, ոչ,- բացականչեց հրթիռը:
- Ես այստեղ լոկ հյուր եմ: Այստեղ հասարակություն չկա: Ես պիտի պալատ վերադառնամ և
ցնցեմ կյանքը:
Բադը հիշեց, որ քաղցած է և
հեռացավ կեր գտնելու:
- Իսկույն երևաց, որ սա քաղքենի
է,- ասաց հրթիռը և սկսեց մտածել հանճարի միայնության մասին:
Մոտեցան երկու փոքրիկ տղաներ:
- Սա պատգամավորությունն է,-
ասաց հրթիռը:
- Տե՛ս այս կեղտոտ փայտը,-
ասաց տղաներից մեկը:
- Ոսկե փայտ,- մտածեց հրթիռը:
- Դա էր ուզում ասել:
Տղաները որոշեցին հրթիռն էլ
որպես փայտ գցել խարույկի մեջ և հրթիռը մտածեց, որ իրեն ուզում են արձակել օրը ցերեկով,
բոլորի համար: Տղաները նրան գցեցին կրակի մեջ, իսկ իրենք գնացին ննջելու: Հրթիռը թաց
էր ու չէր բռնկվում: Բայց հետո չորացավ ու պատրաստվեց թռչել:
- Ես կհասնեմ աստղերին,- մտածեց
նա:
Շշշշ… և նա երկինք սլացավ:
- Հոյակապ է: Պատկերացնում
եմ, թե բոլորը ինչպես են հիանում ինձնով:
Սակայն նրան ոչ ոք չէր նկատում:
Նա սկսեց մտածել պայթելու և ողջ երկիրը կիզելու մասին: Որպեսզի նրան երկար հիշեն: Հռրթիռը
պայթեց և նրանից մի փայտի կտոր մնաց, որն ընկավ սագի մեջքին:
- Աստված իմ, փայտի անձրև է
սկսվում,- բղավեց սագը:
- Ասում էի չէ՞, որ բոլորին
կշշմեցնեմ,- ասաց հրթիռն ու հանգավ:
Տես նաև Օսկար Ուայլդ Հեքիաթներ
Օսկար Ուայլդ | Երևելի հրթիռը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 25, 2017
Rating:
