Մխիթար Գոշ | Առակներ


Մորենին և վազը
Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց.
Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և կգերազանցեմ քեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:
Վազը հակաճառեց նրան.
Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում։
Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ։


Նռնենին և թզենին
Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ, բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց.

Մարդն ու ծառերը
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։

Նշենին և շագանակենին
Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և շագանակենուն դարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նա բարոյակից է իրեն։ Եվ շատերից մեղադրվելով, ասաց.
Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը:
Ոչ ոք չկարողացավ հակաճառել։

Խոհեմ մարդը և ծառերը
Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.
Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։
Եվ նրանք պատասխանում են.
Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

Դեղնուկի պատասխանը
Գնդածաղիկը, կորնգանը, խոլորձը, կապույտ առվույտը, սեզը և սրանց նմանները, ծաղրելով դեղնուկին, ասում էին.
Ինչի՞ց է, որ մենք զվարճադեմ ենք, իսկ նա դեղնությամբ հյուծվել է։
Լսելով, դեղնուկը պատասխանեց.
Որովհետև անմիտ եք ու աներկյուղ։ Չեք մտածում, որ մեզ համար գերանդի են սրում, իսկ ես մտատանջվելով, սարսափահար եղած դեղնում եմ։

Ձկները և նրանց թագավորը
Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.
Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.
Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

Նոխազն ու գայլը
 Նոխազը այծերի հետ մտավ քարանձավ։ Տեսնելով Նրանց, գայլը գալիս, հարցնում է.
  Ի՞նչ եք անում այդտեղ։
 Եվ ասում են.
  Քառասուն օր ճգնելու ենք այստեղ։
 Հավատալով, գայլը գնաց։ Իսկ այծերը իջնելով՝ գնացին խաղաղությամբ:

Առյուծը և կենդանիները
 Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.
  Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։
 Պատասխանում են. 
Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ 
Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

Ծովի գորտերը
Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.
Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։
Ծերերից մեկն ասում է. 
Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։ 
Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

Ոչխարներն ու այծերը 
Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց, ասելով. 
Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։

Տես նաև Վարդան Այգեկցի Աղվեսագիրք, Ժան Լաֆոնտեն Առակներ և Գոտհոլդ Լեսինգ Առակներ
Մխիթար Գոշ | Առակներ Մխիթար Գոշ | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 11, 2015 Rating: 5
Технологии Blogger.