Սասնա Ծռեր | համառոտ

  «Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։
«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Այնուհետև Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռած ամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զղջալով իր սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մեռնում են։

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

«Փոքր Մհեր» ճյուղը պատմում է, որ Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Սակայն հոր անեծքը կատարվում է և Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռում՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
 Հողն էլ ղալբցեր է,
 Մեջ աշխարքին ես չեմ մնա։
 Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
 Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
 Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
 Էն ժամանակ հրամանք կա,
 որ էլնենք էդտեղեն։

Սասնա Ծռեր | համառոտ Սասնա Ծռեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 10, 2015 Rating: 5
Технологии Blogger.