Գրիգոր Նարեկացի | Մատյան ողբերգության | համառոտ


Գրիգոր Նարեկացու «Մատյանը» բաղկացած է 95 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը բնորոշված է որպես «Խոսք ընդ Աստուծո ի խորոց սրտի»: Քնարական հերոսը զղջման մտորումներին հանձնված մի մեղսավոր է, որին հուզում է Աստծուն որևէ կերպ հաղորդակից լինելու հնարավորության հարցը: Զղջման պատասխանատվությունը և գիտակցությունը ունի ինչպես անձնական, այնպես էլ անանձնական չափում: Նա սգում է իր հոգևոր տկարությունը և մարդկության հոգևոր տկարությունը, զգում է, որ իր տկարությամբ կապված է մարդկության մեղսավոր բնության հետ:

Դիմելով Աստծուն և բացելով նրա առաջ իր հոգու գաղտնարանը՝ ուժ է որոնում իր ներշնչանքի մեջ և խնդրում է Աստծուն օգնել իրեն գրելու իր մատյանը, որը համարում է մատուցելիք զոհաբերություն:
Իր բանաստեղծական ձիրքը գործիք է համարում Աստծո և Նախախնամության ձեռքին: Գիտակցելով իր հոգում պայքարող ձգտումները, որոնք հակասականորեն պառակտում են իրեն, տեսնելով իր մեջ կասկածը և անվստահությունը, բանաստեղծը ողջ հույսը դնում է Աստծո Շնորհի վրա:
Թաթախում է իրեն մարդկության մեղքերի գիտակցության մեջ, ասում է, որ վերջավոր էակներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, քանզի ինքը չի կարողացել զսպել մտքի երիվարին բանականության սանձով և, մարդկանց գործած բոլոր նախկին չարիքներին գումարել է նորերը։ Նույնիսկ Արարչի առաջ գտնվել է նենգ, ըմբոստացել է Նրա դեմ, աստվածադրուժ մտքեր է ունեցել ու չի վախեցել պատժից։
Կործանվելու սարսափին հաջորդում է փրկության հույսը՝ որը կապված է մեղքերի խոստովանության հետ։ Մատյանի տրամաբանական ներքին հեռանկարը լավատեսության հաղթանակն է:

Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ամբողջ լրումով։

Եկեղեցին բարձր է առանձին մարդուց, ինչպես որ գավազանը բարձր է Մովսեսից: Եկեղեցին, որը կառուցվում է Աստծո թելադրանքով, կփրկի և կհավաքի մարդկանց: Եկեղեցին նյութական տուն չէ, այլ երկնային մարմին, որ բաղկացած է լույսից:
Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գեղարվեստական արժեքի ապացույցն է հայ գրականության վրա դրա թողած անխամր ազդեցությունը: Նրանից սովորել են ոչ միայն միջնադարի, այլև նոր ժամանակների հայ պոեզիայի մեծագույն դեմքերը՝ ՀովհաննեսԹումանյանը և Ավետիք Իսահակյանը, Միսաք Մեծարենցը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը և ուրիշներ։

Գրիգոր Նարեկացի | Մատյան ողբերգության | համառոտ Գրիգոր Նարեկացի | Մատյան ողբերգության | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 10, 2015 Rating: 5
Технологии Blogger.