Նար-Դոս | Իմ կենսագրությունը | հատված


Գրել սկսել եմ համարյա մանկական հասակից. ամենաառաջին երկս, որ գրել եմ այդ հասակում, եղել է մի պիես՝ Թիֆլիսի բարբառով: Թղթերիս մեջ չի պահպանվել այդ գրվածքս, բայց վերնագիրը հիշում եմ- «Մայինի գանգատը»: Բովանդակությունը մի արբեցողի ընտանեկան կյանքն էր: Թե ինչու Թիֆլիսի բարբառով էի գրել,- պատճառն այն էր, որ այդ միջոցին կարդացել էի Սունդուկյանի «Պեպո»-ն և նրա կենդանի լուսանկարչական հարազատությամբ դուրս բերած տիպերն ու լեզուն շատ էի հավանել: Այս էլ ասեմ, որ այդ միջոցին ես թատրոն, ներկայացում ասած բանը չէի տեսել և ոչ մի գաղափար չունեի թատերական երկերի մասին, այն աստիճան, որ «Պեպո»-ն կարդալիս ամեն մի գործողության վերջը գրված «վարագույր» բառը չէի հասկանում, թե ինչ է նշանակում:
Այնուհետև պատանեկական հասակումս ես գրել եմ մի քանի պիեսներ, որոնցից թղթերիս մեջ պահպանվել են միայն երկուսը- մեկը «Մեղր ու ճանճեր» վերնագրով մի կոմեդիա (գրված 1886 թվին) և մյուսը՝ «Եղբայր» վերնագրով մի դրամա (1887թ.), որը կիսատ է մնացել և գրել եմ ոտանավորով, Լերմոնտովի «Դիմակահանդեսի» տպավորության տակ:
Ծատուրյանի հետ ընկերանալուս եմ վերագրում այն հանգամանքը, որ որոշ տարիներ (1883-1887) ես էլ ոգևորված էի ոտանավորներ գրելով և թարգմանելով: Ամենաառաջին ոտանավորս, «Գարուն» վերնագրով, գրել եմ Պեշիկթաշլյանի հանրածանոթ համանուն բանաստեղծության նմանողությամբ, Արհեստագիտական դպրոցում աշակերտածս ժամանակ Բագրատունու թելադրանքով (նույնպիսի մի ոտանավոր գրել էր և Ծատուրյանը): Այդ ոտանավորներից տպված են մի երկուսը Գուլամիրյանի «Արաքս» հանդեսումՄենաստան» և «Ես սիրում եմ»), կարծեմ 1888 թվին, մեկը՝ Տեր-Գրիգորյան քահանայի «Սոխակում» (չեմ հիշում վերնագիրը և թվականը): 1887 թվից հետո միանգամայն դադարեցի ոտանավորներ գրել, որովհետև համոզվեցի, որ չափածո բանաստեղծությունը իմ բանը չէ:
Ընթերցանությունն իմ մեջ զարթնել է շատ վաղ, «Խենթ»-ը և «Դավիթ Բեկ»-ը կարդացել եմ դեռևս «Մշակ»-ում տպագրվելիս: Անչափ սիրում էի Րաֆֆիի գրվածքները. ընդհակառակը, Ծերենցը և Պռոշյանը միշտ ձանձրույթով եմ կարդացել: Աբովյանի «Վերք»-ը մինչև վերջացրի՝ հոգիս դուրս եկավ: Կարդում էի ամեն բան, ինչ որ ձեռքս ընկներ, միայն թե ձեռքս ընկներ, իսկ հայերեն գիրք շատ քիչ կար: Կարդացել եմ «Հյուսիսափայլ»-ի, «Կռունկ»-ի, «Փորձ»-ի համարյա բոլոր գրքերը և նույնիսկ Ստ. Նազարյանի «Հանդես հայախոսության»-ի երկու ստվար հատորները և Շահազիզի «Հրապարակախոս ձայն»-ը: Պատմական գրքեր չէի սիրում:
Ռուսերեն կարդացած գրքերի թվում այն ժամանակվա  հուշատետրիս մեջ նշանակած ունեմ մի շարք անուններ: Սկզբում կարդացել եմ ֆրանսիական, ինչպես ասում են, բուլվարային ռոմաններ, օրինակ՝ «Ռոկամբոլ» (12 հատոր) և ուրիշ շատ նման հայտնի ու անհայտ արկածային վեպեր, հետո Վիկտոր Հյուգո, Ժորժ Զանդ, Դյումա-Հայր և այլն: Էմիլ Զոլան կարդացել եմ ավելի հասուն հասակում, ինչպես և Գի դը-Մոպասանը: Ռուս հեղինակներից հուշատետրիս մեջ նշանակված են Գոնչարով, Տուրգենև, Դոստոևսկի, Տոլստոյ, Բելինսկի և այլն: Գրականության պատմությունից նշանակված են՝ Гетнер- «Историа англ. и франц. лит. восемнадцатого века», У, Шерр- «Всеобщая историа лит.» և այլն:
Ամենամեծ հաճույքով կարդացել եմ Շիլլերը:
Չնայելով, որ Րաֆֆին կարդացել եմ ագահորեն, բայց և այնպես նա ինձ վրա ոչ մի ազդեցություն չի թողել և առհասարակ հայ հեղինակների մեջ ես ուսանելի ոչինչ չեմ գտել: Ինձ վրա շատ ուժեղ ազդեցություն են գործել ռուս հեղինակները, առանձնապես Գոնչարովը և մանավանդ Տուրգենևը:
Սկզբի շրջանում գրածս երկերից շատ բաներ, իհարկե, տհաս գրչի արդյունք են, տպագրության անարժան, դրանց թվում և այն երկերից շատերը, որոնք արդեն տպագրված են «Նոր-Դար»-ում: Այդ է պատճառը, որ վերջիններից շատերը առանձին գրքերով տպագրության չեն հանձնվել:

Նար-Դոս | Իմ կենսագրությունը | հատված Նար-Դոս | Իմ կենսագրությունը | հատված Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:55:00 Rating: 5
Технологии Blogger.