Պարույր Սևակ | Կեղծ անցաթղթով


Հմայիչ, որպես անծանոթուհի,
Քայլում է կրկին գարունն աշխարհով...

Դո՛ւ՝ իմ երեկվա անծանոթուհի՜,
Իմ մտատիպա՜ր ու մտապատկե՛ր,
Հիմա` ստացած մարմին ու անուն,
Անծանոթուհու քո հին հմայքից
Բա՛ն չկորցըրած
Ու դեռ վերցըրած
Հարազատության տաքությունն ամբողջ...
Ու ե՛ս՝ պատրա՜նքը քո մշտադարձիկ,
Ու ե՛ս՝ գիշերվա հաճախա՛նքը քո,
Ու ե՛ս՝ փետուրե ասե՛ղը բարձիդ,-
Քայլում ենք հիմա մեկտեղ-թևանցուկ.
Դու այս գարնա՛ն հետ,
Իսկ ես էլ՝ քե՛զ հետ,
Քայլում ենք հիմա այսպես երեքով,
Եվ չի՜ խանգարում երրորդը բնավ...

Դեռ մեր քաղաքում փողոցներ կան նեղ
Եվ այնպե՛ս ոլոր,
Այնպե՛ս ծուռումուռ,
Ասես չորացած գետի հուն լինեն:
Եվ գարունն այնտեղ,
Այլ փողոցների համեմատությամբ,
Ուշանում է քիչ:
Եվ հիմա այնտեղ
Կիսով չորացած ցեխ է դեռ:
Գնա՛նք.
Ոտնահետքերըդ թող տպված մնան
Նրանց գորշ դեմքին՝
Լուսազդի նման...

Եվ մանուկներ կան մանկական այգում,
Որ համոզված են, թե իրենց մի օր
Հենց այս վարարած գետից են բռնել:
Գնա՛նք ու մտնենք աշխարհը նրանց:
Կընդունե՜ն իսկույն.
Նրանց աշխարհում
Անցաթուղթ հարցնող պահակներ չկա՜ն...

Եվ չմոռանանք և պահակներին:
Գիշերը նրանք՝
Մեծ մասամբ ծերեր
(Լացըդ չի՞ գալիս... կո՛ւլ տուր ինձ նման),
Մրսած մատներով կրակ են վառում,
Որ... ցուրտ խորովե՜ն-եփե՜ն-տապակե՜ն
Ու տան... ո՞ւմ... բախտի՛ն.
Թող բկի՛ն մնա...

Եվ մ՛ի ամաչիր,
Մ՛ի քաշվիր բնավ,
Եթե այդպիսի մի խարույկի շուրջ
Անծանոթ մարդկանց հավաքված տեսնենք:
Դու չե՞ս նկատել, որ կրակը միշտ
Իր շուրջ հավաքված անծանոթ մարդկանց
Ծանոթացնում է - հարազատացնում՝
Երևի նրանց ներանձավի մեջ վերարթնացնելով
Իրենց դարավոր անցյալի հուշը...

Բայց բավական է, սիրելի՛ս, ո՜ւշ է:
Մեծերի աշխարհն անչափ է հեռու
Երեխաների ազատ աշխարհից.
Հենց մերո՛նք մեզնից անցաթուղթ կուզեն՝
«Ու՞ր էիր» հարցով:
Մի սուտ անցաթուղթ կեղծելով՝
Գնա՛նք,
Սիրելի՜ս, ուշ է...

22.III.1964թ.         
Դիլիջան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Կեղծ անցաթղթով Պարույր Սևակ | Կեղծ անցաթղթով Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 28, 2017 Rating: 5
Технологии Blogger.