Ուոլթ Ուիթմեն | Բանաստեղծություններ


Մեր նահանգներին
Ինչո՞ւ են բոլորն այսպես թուլացած և շփոթ,
Ինչո՞ւ են ննջում և ես էլ, ավա~ղ, նրանց հետ:
Ինչպիսի~ ճնշող մայրամուտ:
Ի՞նչ փրփուր է հիմա ջրերի վրա:
Ովքե՞ր են թռչող այս չղջիկները,
Այս շնագայլերը, որ ամրացել են իշխանության
                              շենքում՝ Կապիտոլիումում:
Ինչպիսի~ եղկելի պրեզիդենտություն:
(Օ~, հարավ, մոխրացրո´ւ նրանց քո հրկեզ շողերով,
Հյուսիս, սառեցրո´ւ քո սառը շնչով):
Եվ սա պրեզիդե՞նտ է կոչվում:
Դե ի´նչ, չքնեմ քանի դեռ քնած են այս նահանգները:
Երբ մութը իջնի, կճայթի ամպրոպը, և
     կփայլատակեն կայծակները,
Էլ չի հաջողվի մեզ ննջել,
Հարավը, Հյուսիսը, Արևմուտքն ու Արևելքը,
Ծովերն ու ափերը, սիրտը երկնքի,
Բոլո´րս, բոլո´րս կարթնանա´նք:

«Խոտի տերևների» իմաստը
Անհնար է դուրս քշել, սահմանափակել, մաքրել չարիքը
նրա սպառնալի չափերից (և ոչ էլ անգամ քողարկել),
Պետք է կրկնապատկել, համախմբել, ավարտել,
ընդարձակել և փառաբանել անմահն ու բարին:
Այս երգի բառերը, խոսքն ու թռիչքը բարձր են և հպարտ,
Նա ընդգրկում է տարածության և ժամանակի
                    անծայր տարրերը,
Ողջ զգացումը և ամբողջությամբ վերցրած՝
             գալիք և անցյալի ընձյուղները:
Ես երգս երգեցի փոքրուց և տարա մինչև խոր ծերություն,
Թափառեցի, զննեցի, չընդունեցի և ոչ մի հեղինակություն,
Երգիս մեջ դրի պատերազմ և խաղաղություն,
             լույս ու գիշեր,
Չնահանջեցի նրանից և ոչ մի քայլ,
Ես վերջացնում եմ հիմա և այստեղ, հիվանդ,
                             աղքատ և ծեր:
Ես կյանքն եմ երգում, բայց խոսք ասեք դուք
Մահվան մասին նաև:
Այսօր մահը ստվերի պես գալիս է իմ հետքով,
հետապնդում ինձ տարիներով,
ասես կքված երկվորյակ,
Իսկ երբեմն մոտենում, այնժամ հայտնվում ենք դեմ-դիմաց:

ՊԱՐԶ ԿԵՍԳԻՇԵՐ
Սա քո ժամն է, հոգիս, քո ազատ թռիչքը՝
                               դեպի անհայտը,
Հեռու՝ գրքերից, արվեստից, օրվա մասին
           հուշը մոռացված է, դասն՝ ավարտված:
Եվ դու քո ողջ լիությամբ ոտքի ես կանգնում, լուռ, սևեռո՛ւն
Եվ քննում քեզ համար ամենաթանկ թեմաները՝
                     գիշեր, երազ, մահ և աստղեր:

ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԳԸ
(հատված պոեմից)

1.
Քայլելով և թեթև սրտով, դուրս եմ գալիս մեծ
                                           ճանապարհին ընդառաջ,
Առողջ եմ, ազատ, ողջ աշխարհ իմ առաջ,
Այս երկար, խոտածածկ արահետը
                                           տանում է, ուր որ ցանկանամ:
Այլևս չեմ պահանջում երջանկություն, ես ինքնին
                                           երջանկությունն եմ,
Այլևս չեմ փնթփնթում և չեմ թողնում ոչինչ
                                           վաղվա համար,
                                           ոչինչի կարիք ես չունեմ
Հիվանդություններ, հանդիմանանք
                                           և գրքերը՝ բոլորը թողել եմ տանը,
Ուժեղ և ուրախ, ես քայլում եմ մեծ ճանապարհով առաջ:
Հողը՝ մի՞թե դա քիչ է:
Ինձ պետք չէ, որ աստղերը մի քիչ իջնեն ներքև,
Ես գիտեմ, նրանք իրենց լավ են զգում
                                            այնտեղ, ուր գտնվում են,
Գիտեմ, նրանք բավարարում են նրանց,
                                            ովքեր իրենց աստեղային աշխարհներից են...
Դո՛ւ, օ՛դ, առանց քեզ ո՛չ շնչել եմ կարող, ո՛չ խոսել:
Դո՛ւք առարկաներ՝ մտքիս արարիչներ, որ
                                            պարզորոշ տեսք եք տալիս
                                            նրանցից յուրաքնչյուրին
Դո՛ւ, լույս, որ պարուրել ես ինձ և բոլոր
                                            առարկաները՝ մեկ առ մեկ,
Դո՛ւք, տրորված, ծուռ արահետներ, որ
                                           վազում եք ճանապարհի կիպ կողքով,
Ես գիտեմ, ձեր մեջ թաքնված է անտես մի կյանք,
                                           որն այնքան հարազատ է ինձ:

ԵՐԲ ԼՍԵՑԻ ՈՒՍԱՅԼ ԱՍՏՂԱԳԵՏԻՆ...
Երբ լսեցի ուսայլ աստղագետին,
Երբ իմ առջև ապացույց ու փաստարկ, թիվ ու աղյուսակ բերեց,
Ինձ ցույց տվեց քարտեզ ու չափումներ արեց,
Երբ լսեցի նրան՝ աստղագետին, լսարանում,
                                            որտեղ ծափահարում էին,
Այնքան շո՜ւտ հոգնեցի ու ձանձրացա,
Որ դուրս սահեցի թաքուն ու քայլեցի երկար, թափառեցի
Խորհրդավոր, խոնավ գիշերների մեջ,
Եվ ժամանակ առ ժամանակ կատարյալ լռության մեջ
                                     նայում էի վեր՝ աստղերին:

ԵՐԳ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ
(հատվածաբար)

5.
Ես հավատում եմ քեզ, հոգիս, բայց իմ մյուս Եսը չպիտի
                 խոնարհվի քո առաջ,
Թավալվիր ինձ հետ խոտերի վրա, դուրս քաշիր խցանը
                 քո կոկորդից,
Ոչ խոսք, ոչ երաժշտություն, ոչ երգ, ոչ դասախոսություն
                 պետք չեն ինձ, անգամ լավագույնները,
Նանիկ ասա ինձ օրորցքի երգով, կլկլոցով
                 քո բազմահունչ ձայնի:
Ես հիշում եմ ինչպես պառկած էին մենք մի անգամ երկուսով,
                այսպիսի թափանցիկ առավոտ էր ամռան,
Դու դրել էիր գլուխդ ազդրերիս ու քնքուշ շուռ էիր
                եկել դեպի ինձ,
Եվ քանդել էիր շապիկիս կրծքի կոճակները և խրել լեզուդ
                իմ սիրտը մերկ,
Եվ ձգվել-հասել էիր մորքիս և ձգվել-հասել էիր ոտքերիս:
Այսժամ ծագեցին ու ծավալվեցին շուրջս անդորր ու
               իմաստություն,
որ բարձր են քան երկնային ամեն մի առարկություն.
Եվ ես գիտեմ, որ աջը Աստծո խոստումն է իմ,
Եվ ես գիտեմ, որ ոգին Աստծո եղբայրն է իմ,
Եվ բոլոր այրերին ուր էլ ծնված լինեն, եղբայրներս են
                 նույնպես,
                 և բոլոր կանայք-քույրերս են ու սիրուհիներս,
Եվ որ հիմքն ամենայն գոյի- սերն է,
Եվ որ անթիվ են տերևները դաշտում և շիտակ, և խոնարհ,
Եվ մամռապատ քարաքոսները ցանկապատի,
                 և քարերը կուտակ-կուտակ,
                 և միջատները մեզ անտես:

22.
Դու ծով, քեզ եմ տրվում, ես նաև տեսնում եմ, թե ինչու ես դու,
Ես ափից հասկացա, թե ինչպես են ձգտում ինձ քո հրավիրող
                 մատները:
Ես հավատում եմ, որ դու չես ուզենա նահանջել, քանի դեռ
                 չես գրկել ինձ,
Գնա՛նք երկուսով, ես հանվել եմ արդեն, փութով հեռու տար
                 ինձ հողից,
Փափուկ անկողին գցեցիր ինձ համար, ճոճիր ինձ նիրհով
                  թեթև ծփանքներիդ,
Ողողիր սիրո տամկությամբ դու ինձ և ես էլ քեզ նույն կերպ
                 կհատուցեմ:

Ծով, բլուրներից ուռուցիկ են դառձել քո եզերքները երկար ու ձիգ,
Ծով, լայնարձակ ու ջղաձիգ է քո շնչառությունը,
Ծով, դու աղն ես կյանքի, բայց հավերժ բաց են շիրիմները քո,
Դու ոռնում ես կատաղի փոթորիկներից,
                           դու մրրիկներով լեռնացնում
                           ես խորխորատները,
Ծով, միաբան եմ ես քեզ հետ, ես էլ եմ քեզ պես բազմադեմ ու մեկ:
Մակընթացություն, տեղատվություն- իմ մեջ են նրանք,
                           ես երգասացն եմ
                           հաշտեցման ու ցասման,
Ես գովերգում եմ ընկերներին և նրանց, ովքեր քնում են
                           գրկախառնված:

Ես նա եմ, ով հռչակում է սերը:
(Ես, որ կազմում եմ տանը գտնվող իրերի ցանկը,
                      կարո՞ղ եմ հաշվի չառնել հենց տունը):
Ես պոետն եմ ոչ միայն բարության,
                      ես դեմ չեմ լինել պոետը չարի:
Ի՞նչ են այնտեղ շաղակրատում անառակ
                      և առաքինի կյանքի մասին:
Չարն ինձ առաջ է մղում և բարին է մղում ինձ առաջ, նրանց
                     մինչև ես կանգանծ եմ անտարբեր,
Իմ վարմունքն այնպիսին չէ, ինչպես նարանը,
                      ով արատներ է գտնում
և կամ նրանը, ով մերժում է թեկուզ չնչին մի բան աշխարհում,
Ես ջրում եմ արմատներն այն ամենի, ինչ հասակ է առել:
Թե՞ վախենում եք, որ կխենթանաք դու այս
                      անընդմեջ հղիությունից,
Թե՞ ըստ քեզ վատն են տիեզերական օրենքները ողջ
                       և անհրաժեշտ է
                        նրանց տալ շտապ վերանորոգման:
Ես գիտեմ, այս կոմն հավասարակշիռ է և հակառակն է
                      հավասարակշիռ
Կասկածն ինձ համար նույնքան հուսալի հենարան է,
                       որքան հավատն անսասան,
Այժմյան մեր միտքն ու արարքները- առաջին քայլն են
                      լոկ գոյության:
Այս րոպեն ինձ է հասել միլիարդավոր ուրիշներից հետո,
Նրանցիս ավելի լավ չկա ոչինչ:
Ես հրաշք չէ այն, որ այսքան չքնաղ բաներ եղել են
                      ու կան մեր միջև
Այլ շատ ավելի զարմանահրաշ բան է, որ մեր մեջ
                      կարող են լինել և սրիկաներ, և դավաճաններ:


27.
Լինել, գոյություն ունենալ ամեն կերպարանքի մեջ-
            ի՞նչ է արդյոք դա:
(Մենք պտտվում ենք ամբողջ ժամանակ շրջանակի մեջ
           և հավերժ վերադառնում),
Երբ սկսում ենք մեր ճանապարհը վատ չէ լինել և
           կակղամորթ՝ ամուր խեցու մեջ փակված:

Ամրակուռ խեցի ես չունեմ հիմա
Եվ կանգնած եմ, թե շարժման մեջ եմ ես, իմ ողջ մարմինը
           պատված է արդեն արագ ու ճարպիկ շոշափուկներով,
Նրանք կառչում են ամեն առարկայից, անցկացնում են
           դրանք իմ միջով, և դա ինձ բնավ ցավ չի պատճառում:

Ես լոկ շոշափում եմ մատներովս, շարժվում ու սեղմում,
                           և երջանիկ եմ,
Քո մարմնով հպվել մեկ այլ մարմնի-այնպիսի
հրճվանք է անեզրական, որ հազիվ է տեղավորում սիրտս:

Ընդամենը հպվե՞լ, և ահա ես ուրիշ մարդ եմ,
Ջղերիս մեջ է ներխուժում ամբողջ եթերն ու հուրը,
Եվ նենգամիտը, որ թաքնված էր իմ մեջ, սահմանազանցի
                    պես, շատապում է նրանց օգնության,
Եվ կայծակներ են մարմնիս մեջ խաղում մոխրացնելով այն,
                  ինչ գրեթե ես եմ,
Եվ ոտնուձեռս ընդարմանում են հեշտանքի
                  չարկամ հարուցիչներից,
Նրանք ծարավ են քամել իմ միջից, իմ արյունը ողջ,
                  որը չի ուզում նրանց տալ սիրտս,
Նրանք հարձակվում են ինձ վրա, ասես զեխ անասուններ, և ես
                  ի զորու չեմ դիմադրելու նրանց,
Նրանք ասես դիտմամբ խլում են ինձնից իմ լավագույնը,
Քանդում են հագուստիս կոճակները, սեղմում մերկ կրծքիս,
Նրանք խլում են բորբոքվածիցս թե հեզությունը
                        մարգագետինների
                        և թե անդորրն արևի,
Եվ բոլոր ապրումները, որ հարազատ են սրանց, նրանք
                      լպիրշորեն վտարում են ինձնից,
Նրանք կաշառում են հավաստելով, որ իբր կհովվեն
                        միայն հեռավոր արոտներում իմ էության,
Եվ իրե՞նց ինչ, թե ես մահացու հոգնած եմ, վրդովված եմ ու
                     սաստիկ զայրացած,
Նրանք քշում-բերում են ողջ մնացյալ հոտը, որ նա էլ ծաղրի ու
                  ծանակի ինձ,
Եվ խմբվում են ապա բոլորը հեռավոր-նեղլիկ մի հողաշերտում՝
                     ծվատելու ինձ տարտմությամբ ու հուսահատությամբ:
Ժամապահները, որնոք հսկում են էությանս ամեն-ամեն
                  մասնիկն անգամ, ինձ թողել են առանց պաշտպանության,
Նրանք հանձնել են ինձ՝ անպաշտպանիս մի արյունախում
                    դիակողոպտչի,
Նրանք ամբոխվել են շուրջս, որ վկայություն տան իմ դեմ
                  և օգնեն իմ վայրագ-անգութ թշանամիներին:

Ես ամբողջովին հայտնվել էի դավաճանների
                      իշխանության տակ,
Ես սկսեցի խոսել ծալապակասի նման, ողջամտությունն իսպառ
                    լքել էր ինձ, պարզվում է, որ հենց ես եմ որ կամ
                    մեծագույն դավաճանը,
Եվ առաջինը հենց ինքս եմ հասել հողի հեռու շերտին, ինձ իմ
                   ձեռքով տարել եմ այնտեղ:

Դո՛ւ, ստո՜ր հպում: Ի՜նչ ես անում  ինձ հետ: Ես շնչահեղձ եմ
                       լինում ամբողջովին:
Բաց արա փութով քո պատնեշները, այլ կերպ չեմ կարող
                      ես քեզ հանդուրժել:

29.
Կույր, գորովալի, թշվառ հպում ձեռքի, պարուրված փափուկ,
                       կծող հյուսվածքներով,
Մի՞թե քեզ ցավ է պատճառում այն, որ դու լքում ես ինձ:

Բաժանումից հետո նոր հանդիպո՛ւմ է, նոր վճար
                         ու նոր մի փոխառություն,
Շռայլ տեղատարափ և էլ ավելի շռայլ բերք ու բարիք:

Խոտն այնքան փարթամ, կյանքով եռեփուն, թավ տարածվել է
                       ճամփի եզրին,
Եվ ծավալվել են հեռո՜ւ-հեռո՜ւ շուրջս զորավոր, ընդարձակ,
                     ոսկե բնապատկերներ:

ԵՐԲ ԵՍ ԻՆՉՊԵՍ ԱԴԱՄ
Երբ ես ինչպես Ադամ, առավոտ ծեգին
Թարմացած քնով, դուրս եմ գալիս թարմ անտառակի միջից
Նայիր ինձ, լսիր ձայնս, մոտ արի, է՛լ ավելի մոտ,
Հպվի՛ր ինձ, հպվի՛ր մարմնիս ափովդ, երբ անց եմ կենում,
Մի՛ վախեցիր իմ մարմնից դու:

ՍԱ ԳԻՐՔ ՉԷ, ԲԱՐԵԿԱՄՍ
«Մնաս բարով» պոեմից

Սա գիրք չէ, գիր չէ, բարեկա՛մս,
Հպվիր նրան, և կհպվես մարդուն
(Մի՞թե գիշեր է և մենք մեն-մենակ ենք իրարու հետ):
Դու պահպանում ես ինձ, ես էլ՝ քեզ,
Ես դեպի քեզ եմ ցատկում էջերից, մահը անզոր է
                      ինձ կասեցնել,
Ախ, քո մատները փարատում են ցավն ու նիրհ են բերում,
Շունչդ ասես ցող լինի իմ շուրջը, տրոփյունդ արյան
Օրոր է ասում, օրո՜ր ու նանիկ:

ԽՈՀ
Հավատի մասին, հնազանդության, նվիրվածության,
Ես մի կողմ քաշված նայում եմ և շատ է զարմանալի,
Որ հազարավոր, բյուրավոր մարդիկ գնում են հենց այն
մարդկանց հետևից, որ չեն հավատում մարդկանց:

Թարգմանությունը՝ Արտեմ Հարությունյան

Տես նաև Թոմաս Էլիոթ Բանաստեղծություններ, Դիլան Թոմաս Բանաստեղծություններ և Էզրա Փաունդ Բանաստեղծություններ
Ուոլթ Ուիթմեն | Բանաստեղծություններ Ուոլթ Ուիթմեն | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:31:00 Rating: 5
Технологии Blogger.