Հակոբ Մնձուրի | Ըստանպոլ


Եմիշը Մեծ-արմտանցի համետագործ Այլայենց Ավետիս Աղան կամ, ինչպես այդ թվականներուն գավառին հինգ գյուղերուն երիտասարդությունը կսիրեր այրերը լոկ իրենց մականուններովը կանչել, Այլայանը այդ տարի ամեն նամակին հորը գրեց. «Ես հայրենիք չեմ կրնար գալ, սիլա մը ընել, ես հոս Եմիշը խանութ մը բռնեցի, Դշխուին աղբերորդուն՝ Մկրչին ալ արհեստս սորվեցուցի, քովս առի, դուն հարսդ՝ Դշխուն, կուզեմ, որ ղրկես՝ գա։ Զիմառցի Ճորտյանը իր կինը՝ Սիման ու տղան բերել կուտա, Մեծ Խաչին մյուս երկուշաբթին ճամբա պիտի ելլեն, անոնց հետ ճամբորդ ընես»։
Հայրը՝ «Աղեկ կըլլա Ավետիս,— պատասխանեց տղուն,— չորս տարին անցավ քու ղուրպեթությունդ, սիլա մը ընելդ պետք է, քանի որ չես կրնար գալ՝ հարսը կղրկենք քեզի։ Բայց մենք հոս ի՞նչ պիտի ընենք, ինչպե՞ս գլուխ պիտի հանենք մեր գործերը մայրդ, ես՝ ադ կմտածենք։ Պզտիկ հարսը՝ Թառոն, մինակ պիտի մնա։ Երկուք էին ու չէին կրնար հասնիլ, Դշխուն ալ որ ղրկենք՝ ինչպե՞ս պիտի ընենք։ Գրել պետք չէ, դուն գիտես՝ մեր արտերը շատ են, դաշտը թե լեռը, գեղը՝ քանի տեղ, պարտեզ ունինք։ Չայը քանի հատ էգի ունինք. ասոնք մարդով կըլլա։ Հայտի, աղբարդ՝ Թորոսը, արտերը կհերկե, կցանե, կվարե, լեռնեն տունը վառելիք փայտը կբերե։ Բայց այնչափ արտերը մեկ հարսով կքաղվի՞։ Աղջիկները, տղաքը կան, այո, բայց անոնց քաղածը կըլլա՞, մայրերնին ալ որ գլոխնին չըլլա՝ անոնք ինչքա՞ն գործ կհանեն։ Նույն օրը, կպատահի որ՝ թե գյուղին, թե այգիներուն ջուրին կարգը մեզի կուգա. մեկ հարսը ո՞ր կողմը պիտի վազե։ Հերթին չգտնվինք՝ կարգերնիս կկորսնցնենք։ Էգիները գիշերը պիտի պառկվի, պիտի կեցվի, առուն պիտի մտնվի՝ ջրվի, այնքան ծառերուն թութերը պիտի հավաքվի, պիտի փռվի ու չորցվի ո՞ր մեկը թվեմ։ Հապա խոտը՞։ Երկուքն ալ որ չըլլան, մինակ հարս մը որչա՞փ խոտ կքաղե։ Մարագը լեցվիլ կուզե։ Ձմեռը ի՞նչ պիտի ուտեն եզնիքը, կովերը, ոչխարը։ Տղոցմեն սպասենք՝ անոնք քանի՞ մը խոտ կրնան քաղել, դուն ըսե»։
«Գիտեմ,— Այլայանը գրեց հորը,— աչքիս առջևն են քու գրածներդ։ Դշխուն ալ որ գա՝ Թառոն մինակ կմնա, ո՞ր մեկին պիտի վազե։ Տարեկանով կնիկ մը բռնեցեք, կին մշակ մը։ Թառոյին հետ թող աշխատի։ Մեր հինգ գյուղերեն չգտնեք՝ քրդու, ղզլպաշի, թուրքի կնիկ մը թող ըլլա՝ Կախմըխիեն, Չայլուեն, Կոստըկայեն։ Ես անոր փարան բացեն կղրկեմ ձեզի։ Շատ֊շատ երկու տարի մը պետք պիտի ունենաք կնկան մը։ Ես նորեն Դշխուն կղրկեմ, որ գա ձեզի։ Մենք մեր հարյուրներով տարվան պապենական տունը պիտի չավըրենք։ Մենք ըստանպոլցի չենք կրնար ըլլալ։ Մենք գերդաստանով ենք, շատվոր ենք, այսչափ մարդով մենք ըստանպոլցի չենք կրնար ըլլալ։ Մեր ուզելովը չենք կեցեր հոս, բայց ի՞նչ պիտի ընենք, երկիրը փարա չկա, գիշերը կաշխատիք, ցերեկը կաշխատիք, նամակի մը փարա, քառսուն փարա չունիք, ձեռքերնիդ չանցնիր։ Այնչափ ցորեն, գարի, այնչափ խաղող, ընկույզ, թութ, այնչափ օղի, գինի կհանեք, առնող մը կա՞, տասը փարա տվող մը կա՞։ Ո՞վ կառնե։ Մենք մեզի ինտոր ըլլա նը՝ կըլլանք, բայց Երզնկայեն տուրքերու հավալլե մը գա, հարյուրապետ մը ձիավոր զաբթիաներով գան, գեղը պաշարեն, նստին, մարդ, անասուն չթողուն, որ դուրս ելլեն, սալյանը, պետելը, յոլ փարասին, աղնամը որ ուզեն՝ ի՞նչ պիտի տաք»։
Օրերը իրարու ետևեն արագորեն կուգան ու կանցնին, ժամերը, րոպեները կանգ կառնեն։ Դշխուն Ըստանպոլ պիտի երթա։ Աղան, էրիկը ուզեր է։ Գեղով ամենքը գիտեն։ Գեղեզերքին աղբանոցները աղբերուն հետը խաղցող տղաքը, աղջիկները անգամ գիտեն։ Ի՜նչ լեռներե պիտի անցնի, ետքն ալ նավ պիտի նստի ու երթա։ Այն ջորեպաններուն ջորիներուն վրա, ով որ նստեր ու գացեր է, քանի՞ն ետ դարձեր է։ Գնալ կա՝ գալ չկա, գալ կա՝ տեսնել չկա։ Կնիկները Ըստանպոլը չգիտեին, հիմա անոնք ալ կերթան։ Մեծ Խաչին երկուշաբթին չէ, մյուս երկուշաբթին ճամբա պիտի ելլե։
Դշխուն այդ ամառ ալ մինչև ծունկերը բոպիկցավ, առուն մտավ, բահը ձեռքը կավառ դարձուց, կավառ փոխեց, առվին երթին ուղղություն տվավ։ Ծառերը, խաղողներուն թուփերը, բանջարեղեններուն մաշրաները ջրեց։ Թութերուն ծառերուն վրա ելավ, ծառերը թոթվեց, այնչափ թութերը ժողվեց, փռեց արևը, որ չորնային։ Թառոյին հետ լեռները խոտ քաղեցին, երդիքները, կալլերը փռեցին, չորցուցին ու մարագը լեցուցին։ Ամբողջ ամիս մը դաշտին ու լեռան արտերը քաղեցին, գիշերները լեռը մնացին, տուն չեկան, տաք խոզաններուն վրա պառկեցան, աստղերուն նայելով՝ քնացան։ Վարդավառը եկավ ու անցավ, Աստվածածինը եկավ ու անցավ, Խաչն ալ եկավ, այդ շաբթուն խաղողները կթեցին։ Ամիսներուն, շաբաթներուն օրերը համրեց Ըստանպոլ երթալու, աղան տեսնելու համար, սիրտը թռվռաց, ամչցավ, իր մեջը պահեց, մարդու չհայտնեց։ Եվ երբ Խաչեն ետքը երկրորդ երկուշաբթի առտուն եղավ, Զիմառայեն Ճորտյանին կինը՝ Սիման ու տղան ջորինները հեծած եկան, իր ջորին իր ջորեպանը դուռը բերավ, երբ իր ջորիին ու զիմառացիներուն ջորիներուն վիզերեն մեկ՝ մեծ, վեց՝ փոքր, զանգակներուն ձայները փողոցեն հնչեցին, Դշխուն ցնցվեցավ, ոտքերեն մինչև գլուխ տեսակ մը եղավ, ատանկ բնավ չէր եղեր, կրավորական վիճակ մը առավ, ինք չկար, ինք չէր, որ կշարժեր, կշարժեին զինքը։ Ամեն առտու, իբր տան մեծ հարսը, օճախին վրա ինք կեփեր փիլավը. կեսուրը եփեց, սոխրացն ալ ինք չկարմրցուց, կեսուրը կարմրցուց։ Աթոռակին վրա սինին ինք չդրավ, չթողին, որ բերեր, Թառոն բերավ ու դրավ։ Սեղանին ինք չսպասարկեց։ Մեծ ունկվրայով փիլավը, մեծ ուսկուրա թասով թանը Թառոն բերավ, հացը ամենուն առջևը ան բաժնեց, դգալնոցեն դգալները ան ամենուն տվավ։ Չթողին, որ ինք բան մը ըներ։ Ինք հյուր էր, ինք այլևս տունեն չէր։ Ամենքը նստան սինիին բոլորտիքը, ինք չուզեց, նստեցուցին զինքը։ Ամենքը կերան։ Սիման ու տղան ալ հոն էին, անոնք ալ կերան, իր ջորեպանը, զիմառցիներուն ջորեպանը նույնպես կերան։ Ինք հազիվ երեք դգալ առավ փիլավեն, թանին դգալ չդպցուց վար չէր երթար։ Կեսրայրը, կեսուրը պնդեցին՝ «ճամբա պիտի երթաս, կանոթենաս» ըսին, «կեր» ըսին, ոչ, չկրցավ։
Սեղանը ինք չվերցուց, քովի տանը Մարոն վերցուց։ Կիներուն սենյակը տարին զինքը, չետուկները հանել տվին ոտքերեն, ջուխտ մը նոր տրեխ բերին. «չետուկներով ջորին չնստվիր, ճամբա չերթցվիր» ըսին, էնթարին, ճյուպպեն հանեցին. «Պահեններդ, խասերդ ծրարեցինք, բեռանգ մեջը դրինք, Ըստանպոլ ելլես նը՝ խասերդ կհագնիս» ըսին։ Ամենօրյաներեն՝ մանուսա էնթարի մը, տիմիեն ճյուպպե մը կռնակը անցուցին։
«Երթաս բարով» ըսելու եկեր էին՝ էրիկմարդերով, կնիկմարդերով, տունը, դուռը, շվաքը ոտքի վրա մնացին, նստելու տեղ չկար։ Կեսրայրին, կեսրոջը, հորքուրներուն, մորքուրներուն, հորքուրայրներուն, մորքուրայրներուն, թե իր, թե՝ աղային քեռիներուն, քեռկիններուն, ոտքի եղողներուն ամենուն ձեռքերը պագավ։ Իր տղոցը, իր աղջիկներուն, ներոջ տղոցը, աղջիկներուն երեսները պագավ։ Սիման ու տղան իրենց ջորիները հեծան ու առաջ անցան։ Իր ջորեպանը իր ջորին դռանը առջևը կեցուց։ Գիշերները պառկելու համար կապերտ մը, վերմակ մը, ճամբուն պաշարը, ցանը, բերքերեն նվերները, Ըստանպոլ ելլելուն հագնելու համար իր պահենիները բեռցան ջորիին, ջորեպանը օգնեց, իբր թե՝ ինք չէր կրնար հեծնել, ջորիին վրա բարձրացուց։ Ու՝ որքան էրիկմարդ, կնիկմարդ կային, ամեն բերնե՝ «Դշխո, մեզ չմոռնաս», «Դշխո, նորեն գաս, տղոցդ վրա ըլլաս», «Դշխո, Ըստանպոլ չմնաս, ըստանպոլցի չըլլաս»։ Թեև գիտեին, որ Ըստանպոլեն եթե փարա չղրկեին, փարա չգար, ի՞նչ պիտի տային Երզնկայեն հարյուրապետը, զաբիթիաներով, դուռը գար՝ սալյանը, պետելը, աղնամը ուզեր, և Ըստանպոլը անիծեցին, «Ըստանպոլը մի գովեք, երկիրը վար է, լեռները մշուշ են, ճամբտին քար է։ Ըստանպոլը շինողին վարպետը ոռնա, ով որ հոն կերթա՝ մեզի կմոռնա» ըսին։ Ու բարևներ, բարևներ, բարևներ ղրկեցին Դշխուին հետ իրենցիններուն։
Բարևները՝ ինչ որ է, լա՜վ, աս ամենուն ըսածները մտքերնիս պիտի մնա՞,— ըսավ Դշխուն ջորիին վրայեն, երբ բաժնվեցան գյուղեն, իրենք իրենց մնացին։
Ինծի ալ՝ մեր գյուղացիները հարյուրներով բաներ ըսին, իմ հետս ալ ամեն մարդ բարև ղրկեց,— պատասխանեց Սիման, նույնպես՝ ջորիին վրայեն, որ Դշխուին առաջքեն կերթար։Ո՛վ տեսնենք, ով գա քովերնիս՝ կըսենք։
Հռիփսիմե էր անունը, Սիմա կկանչեին, որ ավելի դյուրին ու կարճ էր։
Դաշտեն Դշխուին արտերուն եզերքեն անցան։ Կզնակին արտին աղբյուրները նորեն ավազով լեցուցեր էր գուռը։ Ջուրերր ավազներուն երեսեն կվազեին։ «Ես կերթամ, ո՞վ պիտի մաքրե գուռը, Թառոն մինակը ո՞ր գործին պիտի հասնի» ըսավ յուրովի։ Թառո չէր, Անթառամ էր անունը, գեղով Թառո կկանչեին բուն անունը ըսելը դժվար կուգար ամենուն։ Ճախինին արտին նայեցավ։ Ճախինները նորեն բուսեր էին «Հըմեն ալ կբուսնին, կքաղենք, կնետենք, նորեն ալ երևան կելլեն։ Ծղրիթները, աշուն եկավ, նորեն արթնցեր են, ձայներնին բռներ է աշխարհքը»։ Սարդխին արտին նեղացավ։ Ալոճին ծառին տակը ու արտին երեսը քարերով ծածկեր էին։ «Աս մեկ ալոճին ծառեն ալ չունենայինք։ Աս որչա՞փ քար նետեր են։ Ծառին վրա տերև չեն ձգեր։ Մոլերը անգամ կոտրեր, գետինն են։ Աման աս տղաքը, աս էրիկմարդիկը, աս ամեն տարի է, կտրենք ծառը՝ ըսի կեսրոջս, չթողուց։ Նայե՛, նայե՛,— ըսավ Սիմային, մատովը ցուցունելով,— երկու ալոճ մնացեր է սա մեկ մոլին վրա, չե՞ն տեսեր, թե՞ չեն կրցեր վար ձգել։ Քանի մը եղավ՝ արտերը քաղելը։ Ամիս մը չեղավ։ Ե՞րբ ամիս մը, որ մենք աս արտերը քաղեցինք։ Գիշերները սա խոզաններուն վրա պառկեցանք։ Ան ալ ինչո՞ւ արտերը կպառկեինք։ Գյուղ չերթալ֊գալու, ժամանակ չկորսնցնելու, օր մը առաջ քաղը լմնցնելու համար։ Սա աջ ձեռքիս ափը, ձախին ալ փայտե մատնոցներուն տեղերը՝ հետքերը չեն անցեր»։
Հե՜յ, Սիմա․․․ ավելցուց Դշխուն, ջորին քշելով, ինքնիրեն խոսելով, բայց խոսքերը Սիմային ուղղելով, որ միշտ իր առաջքեն կերթար,— ան ալ գրվեր է մեր ճակատը, որ Ըստանպոլ պիտի երթանք։ Քու մտքեդ կանցնե՞ր․․․ իմինես չէր անցներ։ Շիտակը ըսե՞մ, ջորիները հեծեր ենք, կերթանք յա, ինծի սուտ կուգա, թե՝ գեղեն ելեր ենք։ Օր մըն ալ նորեն պիտի դառնանք՝ գեղ պիտի գա՞նք, կըսես։
Հիմա ելեր ենք մեր էրիկներուն կերթանք, չե՞ս ուրախանար, սիրտդ չի թրվռար,— ըսավ Սիմա։
Ատոր, հարկավ, կուրախանամ,— ըսավ Դշխուն,— չորս տարին անցավ՝ իրար չենք տեսեր։
Երբ տղաս գրեց, թե արմտանցի Այլայանին Դշխուին հետ ճամբա պիտի ելլես,— պատմեց Սիման,— չգիտցա թե՝ դուն ես։ Երբ ըսին, թե տեսած ես, Մարտենց Եզեկին հարսնիքին եկավ, չգիտե՞ս, հարսնևոր էր. Զիմառայի մեջ աղվորությանդ անունը ելավ, ամեն մարդ քու աղվորութենեդ խոսեցան, երեկվան պես՝ միտքս ես, հիշեցի։ Ուրախությունս մեկ մըն էր, երկուք եղավ, թե՝ մեկտեղ Ըստանպոլ կերթանք։
Հե՜յ, Սիմա,— Դշխուն ընդհատեց Սիմային խոսքը,— ետիդ դարձիր ու սա քերվանին նայե, հե՜յ, աս ինչքա՜ն ճամբորդ ու ջորի են, տես, տես չորս հատ ալ կնիկ կերևան ջորիներուն վրա։
Կապույտ Լույսի լեռան Քարսաղբյուրի առաջքը կեցան, մինչև կարավանը միացավ իրենց։ Ակեն, Չմշկածագեն, Ակեն վար՝ Անջրդիեն, Արաբկիրեն կուգային։ Գիշերը Հասան֊Ավանը պառկեր էին։ Սարըչիչեքցի քուրդերեն էին ջորեպանները, հաստավիզ ջորիներ ունեին։ Կիներե երկուքը տարեց էին, սյուննի հավատացյալներ, սև ֆերաճիներու մեջ փակված, մյուս երկուք երիտասարդ էին, բաց երեսներով, կարմիր ու դեղին փայլփլուն էնթարիներով, որոնք, առանց իջնելու իրենց ջորիներեն, շիտակ Դշխուին եկան ու անմիջապես բարեկամացան։
Ձեզ երկուքդ տեսանք, ձեզ հետ պիտի ճամբորդենք,— ըսին,— մենք ան կնիկները չենք սիրեր։ Մենք երեսնիս չենք պահեր, ճամի չենք երթար, չենք ծնրադրեր, նամազ չենք ըներ՝ իրենց պես, չեն ախորժիր մենե։ Թող չախորժին։ Անոնք մեզի ղըզըլպաշ կըսեն, այո, ղըզըլպաշ ենք, մենք ալ անոնց՝ պողազը խարա կըսենք։ «Չըղըրսընլար տուրսունլար, պիզ թութթուղումուզ յոլը էոյլե թութմուշուղ քի» («Թող կանչվռտին կենան, մենք մեր բռնած ճամբան անանկ բռներ ենք որ»)։
Որտեղացի՞ եք,— հարցուց Դշխուն։
Անջրդիեն։ Ես Ակընիկեն եմ, անունս Գոհար է։ Մենք ալ, ձեզի պես, Գոհար անունը ունինք։ Ասոր անունն ալ Նևրուզ է։ Նևրուզին հայրը հարուստ է։ Աբբաս Էֆենտի կըսեն։ Ըստանպոլ է։ Խոսքը անց մարդ է, իմ ու Նևրուզին էրիկները գործի դրեր է Օսմանլը Պանքասրին մեջ, չեն կրնար իրենց գործը ձգել ու սիլա գալ, խատեմե են, մեզ ուզեցին, մենք կերթանք։ Մենք երկուքս ալ Ըստանպոլ չենք եկեր, չգիտենք՝ պանքան ի՞նչ է խատեմեն ի՞նչ է, լսած չենք։ Մեր աղաները նավը պիտի գան, մեզ պիտի առնեն ու տանին։
Մենք ալ ձեզի պես ենք,— ըսավ Դշխուն,— մենք ալ Ըստանպոլ չենք եկեր, չգիտենք։ Մեր էրիկներն ալ սիլա չեն կրնա գալ, մեզ ուզեցին։ Իմ աղաս Եմիշը սեմերճի է, Սիմային աղան ալ՝ Սկյուտարը, Պալապանը հացագործ է։ Մենք երկուքս ալ Եմիշը ո՞ւր է, Սկյուտարը, Պալապանը ո՞ւր է՝ չենք գիտեր։ Մեր աղաներն ալ մեզ նավեն պիտի առնեն ու տանին։
Գոհարին ու Նևրուզին ջորիներն ալ Դշխուին ու Սիմային ջորիներուն հետևեցան։ Մեկ գծի վրա, մեկը մյուսին ետևեն, ջորիներու երկայն շարան կազմվեցավ, կարավանը, հարյուրավոր զանգակներու զանգահարությունով, ճամբա ելավ։ Ջրկորուսի, Կապույտ Կապաններու, Կապույտ Լույսի լեռները ետև մնացին, ալ չերևցան։
Յոթը օր կարավանի ոտքով գացին։ Առուտները երեսը լվացողը կցատկեր ջորիին վրա։ Նախաճաշը ճամբան՝ ջորիի վրա կընեին։
Ծարավցողը աղբյուր մը կիջնար, ջուր կխմեր, նորեն կհեծներ իր ջորին։ Չիջնողներուն թասով ջուր կտրվեր, ու գնացքը կշարունակվեր։ Ցերեկները կարավանը տիվանդորր կըներ։ Աղբյուրի մը, վտակի մը եզերքը կիջնեին, կճաշեին, մրափ մը կառնեին, հետո երթը կվերսկսեր։ Իրիկունները խաները կգիշերեին։
Չիթի լեռնադաշտի քուրդ գյուղերեն անցան։ Զարմացան։ Իրենց տեղերը արտերը քաղեր, կալերը կամներ, մարագները լեցուցեր էին, հոս արտերը նոր քաղել սկսեր էին։ Աղքատ արտեր էին, ցորեններուն հասկերը իրենց ծունկերուն հազիվ կհասնեին։ Հողերը բարեբեր չէին։ Երկանիվ սայլերով քուրդ սայլապաններու հանդիպեցան, որոնք քսանական՝ խումբերով կդառնային լեռներեն։ Փայտ կփոխադրեին։ Սայլերը՝ եզները կքաշեին։ Եզները փոքր, կովերու չափ էին։ Բայց ի՜նչ ճռնչացող ձայներով կանցնեին իրարու ետևե։ Խլացան իրենց ականջները։
Գըզլ Տաղիի հարավի փեշերեն, քուրդ գյուղի մը՝ Բաճիի ստորոտեն անցան։ Գըզըլըրմաքի ակը հող էր, Գըզըլ Տաղըրեն կառներ իր անունը։ Թևի մը չափ կար, չկար՝ լեռնեն բխածը, սկզբնավորությունը։ Կրնայի՞ր ըսել, թե ահավոր գետ մը պիտի դառնար՝ ի վերջո։ Խմեցին ակեն։ Ղարաքյութուկի անտառը մտան։ Անտառ չկար, չէին տեսեր իրենց գյուղերը։ Չալը Յուրտեն, Պուլտուրի Չայեն, Հապեշի լեռներուն նայելով՝ Յուզենկին Տյուզին իջան։ Գացին ու գացին, գացին ու գազին, ի՞նչ կըսես՝ չհատավ Տյուզը։ Հոգնեցան ջորիներուն վրա նստելեն։ Իջան, քալեցին՝ սրունքներուն թմրությունը վանելու համար։ Նորեն հեծան, նորեն գացին։
Առղավիսին աղբյուրը առղավիսցի կիներուն մերկ սրունքներով, մերկ ոտքերով լաթ լվալը տեսան։ Ատանկ լվացք իրենք չէին տեսած։ Ճերմակ սալահատակի մը վրայեն առատորեն հոսող ջուրերուն մեջ շուտ֊շուտ կթնթեին լաթերը, կծռեին, կդարձնեին, նորեն կսկսեին թնթել, տասը֊տասնհինգ մերկ սրունքներուն անդադար ելլելը, իջնալը տեսան։ Աշխարօվան մտան։ Բուրգը, Քրդանոցը, Մշակնոցը, Ալամոնիկը ձգեցին իրենց ետևը, Գըզըլ Տաղիին հյուսիսի փեշերեն, երկու Ածպտերներու վարեն գետը՝ Գելկիթը անցան։ Հարենը, հովվերգությունը հիշեցին. «Գելկիթ օ յանա տյուշեր, Զիլիֆ կերտանա տյուշեր, օ նասը՞լ պաշ պաղլամաք, հեր կյուն պիր յանա տյուշեր»։ Դշխուին, Սիմային ի պատասխան, Գոհարը, Նևրուզը, «Տիարպեքիր օճաղտըր, Մարտին յըղը լաճաղտըր, Մարտինտեն ղըզ ալանլար՝ Ճեննեթի կյորեճըղտըր» ըսին։
Շապին Գարահիսար եկան, խաները իջան՝ դուրս չելան, ներսը մնացին։ Կայպանվեին, ամոթ էր՝ կիներուն քաղաքը, շուկան շրջագայելը։ Կարավաններու եղանակին կարավաններու քաղաքին մեջ ի՞նչ գործ ունեին անոնք՝ փողոցները։
Թամզարայեն անցան, այգիներու ավանեն։ Աշունը կսկսեր։ Ածուները քանդեր էին՝ սոխերուն, սխտորներուն, արևին փռեր էին, որ չորնային։ Սոխ կհոտեր, սխտոր կհոտեր միջոցը։ Ծառերեն պտուղները առեր էին։ Բռունցքի մը չափ ու ավելի խոշոր, մութ կարմիր, գինիի գույնով պահենի խնձորները կային միայն խնձորենիներուն վրա ու դեղին սերկևիլները, որոնք ավելի վերջը պիտի քաղվեին։
Թամզարայի կիները տեսան՝ բաց դռներու սեմին, իրենց գեղեցկությունովը համբավավոր։ Զառա-Զիմառա֊Թամզարա, իլլե՝ Թամզարա։ Թամզարայինները ամենքեն գեղեցիկ էին։ Երեքական հոգիով իրարու դիմաց Թամզարայի պարն ու պարերգը հիշեցին։ «Թամզարանըն թանտըրլարը, պեյազ֊պեյազ պալտըրլարը , լե֊լե, լե֊լե, Թամզարա»։ Սև Ծովուն կմոտենային։ Հույն գյուղե մը՝ Ասարճուխեն, լեռը՝ Էյրիպելը բարձրացան, ցերեկ եղավ, ցերեկը անցավ՝ իրիկուն եղավ, դեռ գագաթը չելան։
Թամտերե եկան, հետո Յուչ Սու, հետո Ղուլախ Ղայա։ Հողերը, բուսականությունը, դեմքերը փոխվեցան։ Թուրքեր, լազեր, հույներ տեսան հոս։ Անտառներե անցան, գացին ու գացին ձորի մը շրթեն, որ չհատավ, ջորիներու վրայեն ահուդողով վար նայեցան։ Գահավեժները տեսան ու պապային պատմությունը հիշեցին։ Պապա մը զառիթափի մը նեղ շերտի մը վրա, արտի մը՝ կորիի չափ կա֊չկա, շիշուրագովը հողը կփորե, եգիպտացորեն կտնկե։ Կին մը, իրմե վեր, բարձունքի մը վրա՝ կայներ է, պարանով մը կապեր է պապային մեջքեն, ամբողջ ուժովը ամուը մը բռներ է, միգուցե՝ թուլցնե, կամ թողու պարանը՝ պապան պիտի չկրնա կեցնել ինքզինքը, անդունդը պիտի գլորի։ Դեմեն, ձորի շրթեն մարդ մը կերթա, սոսկումով կնայի «Պապա, ի՞նչ կընես հոդ»։ «Եգիպտացորեն կտնկեմ, որդի»։ «Պապա, կկեցվի՞ ադ գահավեժին վրա, պիտի սահիս փսոր֊փսոր պիտի ըլլաս անդունդը։ «Ի՞նչ ընեմ, որդի, վաթանս է» կպատասխանե։
«Հե՛յ... յըմ պեոյլե վաթանը տե, իփի թութանը տե, պեոյլե վաթա՞ն մը օլուր»։ Մարդը կը հայհոյե ասանկ հայրենիքին ալ, պարան բռնող կնոջն ալ, կհեռանա։ Այ Թեփեսի հասան։ Կարավանը ճամբորդության վերջին տիվանդորրը ըրավ։ Ճամբորդները հանգչեցան, մրափեցին։ Նևրուզը, որ ոտքի ելավ՝ բլուրե մը շուրջը դիտելու, հանկարծ ծովը տեսավ՝ վարը, շատ վարը, ջուրերու անհուն տարածությունովը։ Պոռաց բոլոր ուժովը «Ղըզ անա՜... ղըզ Դշխու՜... ղըզ Սիմա՜.․․ ղըզ Գոհա՜ր... տենի՜զ...» ։ Երեքն ալ վազեցին, անոնք ալ տեսան ծովը։ Վախցան «Վա՜յ մեզի, ինտո՞ր պիտի երթանք աս ջուրերուն վրայեն» ըսին։ Սև զանգված մը նշմարեցին ծովուն վրա, բացը, մինակը, անշարժ։ «Վափոռը, նավը ըսվածն ալ՝ աս է, ըսել է, ասով պիտի երթանք» ըսին։ Կիրասոն իջան։
Չորս օր նավով ճամբորդեցին։ Ամեն ազգե՝ բոլոր ճամբորդները, իրենց գույքերովը, երկու անպարները իջեցուցին։ Նավը բոլոր նավահանգիստները հանդիպեցավ։ Ամենուն պես՝ իրենք ալ իրենց կապերտները, վերմակները տարածեցին։ Չորս օր պառկեցան, ելան նստան, երկնցան ու ճաշեցին իրենց գրաված տեղերուն վրա։ Ու ուրիշ ի՞նչ պիտի ընեին, խոսեցան։
Էլտե ղըզ օլայիտին, պիզտե՝ կելին (էլին, ուրիշին տանը աղջիկը, մեր տանը հարսը ըլլայիր), ի՜նչ աղվոր աչքեր, հոնքեր ունիս, ղըզ, — կըսեր Գոհարը Դշխուին,— արտ քաղելե՞ն եկար, լեռներուն արևն ալ ի՜նչ աղվոր գույն մը տվեր է մորթիդ։ Մանգաղիդ, էլլիկներուդ՝ մատնոցներուդ, տեղերը չեն անցեր, հայտնի են։ Ես ալ արտերս քաղեցի ու եկա։ Նևրուզը արտ չքաղեց։ Անոր հայրը, էրիկը հարուստ են, փարայով քաղել կուտան։
Ինչու՞ էրկան գացի, ինչու՞ էրիկ առի. պիտի նայի ինծի, — կսեր Նևրուզը։Ինչո՞ւ արևին ճակատը պիտի այրիմ, արտ պիտի քաղեմ։ Թող փարայով քաղել տան։
Թեմպել եմ, ծույլ եմ՝ չես ըսեր, կվախնաս քի՝ միսերդ կհալին,— կպատասխաներ Գոհարը։Ըստանպոլը ճիշտ ու ճիշտ՝ քու տեղդ է, թեմպելներուն տեղը։ Ըստանպոլի կնիկներուն պես՝ մի աշխատիր, շնթռկե, պառկե մինչև ցերեկները, մինչև արևը պորտիդ վրա ցաթե, ելիր պտտե, խանըմություն ըրե, անոնց էրիկներուն պես՝ էրիկդ թող աշխատի ու բերե, որ դուն ճթկիս, ուտես։ Ինչի՞ օգուտ ունիս։ Սաթան սաթմըշ, վա՜յ ալանըն պաշընաԾախողը ծախեր է, վա՜յ առնողին գլուխին»)։
Նևրուզը, որ ելլել ու նստելեն չէր ախորժեր, սրունքները փռելով կպառկեր ու կխոսեր, օր մը առաջ ըսավ՝ անգամ մը Գոհարը չեխեց, նորեն խոսքին մեջ խոսք բերավ ու կրկնեց.
Ղըզլար, աղջիկներ, մեր էրիկները առանց կնիկի մնացեր են, հիմա մեզի անանկ անոթեցեր են, որ մեզ պառկեցնեն ու մեր վրա ելլեն՝ մեզ հում֊հում պիտի ուտեն ու հատցնեն։ Հիմակվնե պատրաստ եղեք՝ արմտանլը Դշխու, զիմառալը Սիմա, մեզ պիտի կճեն, պիտի պոռացնեն, մեր կողերուն ոսկորները իրար պիտի անցընեն։ Ես գիտեմ՝ էրիկմարդ մը, որ մեզի անոթենա, ի՞նչ կդառնա։ Երկաթները կկրծե։ Լավ որ մեջի կրակը չի տևեր, կանցնի, կմարի, կհանդարտի, մեզ կձգե։
Հե՜յ, Ալլահըմ, պու ղըզըն էլինտեն, հե՜յ, աղզըն խուռույա ղըզՀե՜յ, Աստվածս աս աղջկան ձեռքեն քաշածս, հեյ բերանդ չորնա, աղջիկ»), դուն չե՞ս ամըչնար, դուն ուրիշ խոսք չունի՞ս խոսելիք, չգիտե՞ս։ Ադ ըսածներդ ըսվելիք խոսքե՞ր են, որ կըսես,— պոռաց Գոհարը՝ այնչափ բարձր ձայնով, որ անպարին բոլոր ճամբորդները իրար նայեցան, թե՝ ի՞նչ պատահեցավ։Այըբ չէ՞, մինակ ինծի ըսեր նը՝ ինչ որ է, ձեր քովը, ով ըլլա քովը՝ կըսե։ Իր երեսեն իմ վրա ալ պիտի խոսին, զիս ալ պիտի մեղադրեն, ղըզըլպաշ կնիկները ար, նամուս չունին, խիպ, ամոթ չգիտեն, չեն ամչնար՝ պիտի ըսեն։
Ինչո՞ւ կբարկանաս, կըսեմ, պիտի ըսեմ,— պատասխանեց Նեվրուզը,— մեզի ըլլալիքները, մեր գլխուն գալիքները ըսի, սո՞ւտ են, պիտի չըլլա՞ն աս ըսածներս, պիտի չընե՞ն։
Սու՛ս․․․ սաստեց Գոհարը,— մեր ըլլալիքները ըսեր է... Ատանկ է նը, վաղն ալ՝ էրկանդ հետ գիշերը ինչե՞ր ես ըրեր, քանի՞ անգամ ըրեր ես, ատոնք ալ պատմե ամենուն։
Անոնք ալ կպատմեմ,— ըսավ Նևրուզը։
Դուն աղեկ մը կատղեցար,— պոռաց նորեն Գոհարը։Գեշանոցներուն կնիկները անգամ քու ադ ըսածներդ չեն ըսեր։ Երեկ ըսիր՝ չձգեցի, հիմա նորեն կըսես։ Մարդ չկա, կեսուր չկա գլխուդ վերև, ամենուն պատմե՝ ինչ որ մտքեդ կանցընես։ Մայրդ իմանար, որ դուն ասանկ անվայել խոսքեր կընես, բերանդ կպատռեր։
Դշխուն բեռեն պահենիները հանեց, առաջքը բաց, առանց կոճակի, արծաթ խայթաններով եզերված սուրիական էնթարին հագավ, որ մինչև կրունկները իջավ․․․ Կողմերը միացնելով, Թարապուլուս գոտին կապեց։ Վրայեն՝ սալթան, անոր վրայեն՝ ճյուպպեն հագավ, երկուքն ալ՝ Շամու կարմիր չուխայե ու նույնպես՝ արծաթ խայթաններով։ Ճյուպպեին քյոսթեկը կոնքե կոնք ամրացուց։ Սև թաղիքը գլուխը դրավ, վրայեն լաչակը առավ, ոսկեգույն սրմասաչախներով, որոնք շրջանակեցին ճակատը քունքե քունք ու երկու այտերուն կիսաբոլորակները։ Հալեպի դեղին մորթե չետուկները անցուց ոտքերը։ Դշխուն Ըստանպոլ կմտներ, աղային կերթար։
Ամուսինը՝ Այլայանը, եղբորորդին Մկըրչը նավ եկան՝ առնելու համար զինքը։ Ամուսինը նոր ածիլվեր էր, պեխերը վեր ոլորեր էր։ Նույնը գտավ, ճիշտ ինչպես վերջին անգամ գյուղը ղրկած նկարին մեջ կերևար։ Մկըրչը խնդաց, հորաքրոջը ձեռքը պագավ։ Գույքերը առին, երկու պարկ էր արդեն, երեքը միասին քարափ ելան։
Այլայանը մոտակա թեյարան մը տարավ։ Քանի մը հաճախորդ միայն նստեր էին, առտուն այդ ժամուն ո՞վ կըլլա։ Դշխուին նայեցան։ «Դշխու, բան մը կերե՞ր ես, անոթի չե՞ս» հարցուց ամուսինը։ «Կերեր եմ» ըսավ։ Թեյ մը խմեցին։
Ամենքեն առաջ, Վոսփորի առջև, շոգենավով Ենիգյուղեն Թորոս աղան եկավ։ Դշխուին մորքուրայրն էր։ Նավ հանդիպեր էր՝ չէր գտեր, թեյարան եկավ։ Ետևեն Նիկողոս աղան եկավ՝ Պեյքոզեն, փռապան էր, ամուսինին հորքուրայրն էր։ Ետևեն, Գանլըճայեն, Գևորգ աղան եկավ։ Նիկողոս աղային եղբայրն էր, փռապան էր, Դշխուին հորքուրայրն էր։ Անոնց ետևեն Արութն ու Միքայելը եկան՝ Սկյուտարեն, Ղզլար Աղասիեն, Արխանենց փուռեն, խմորը կբանեին, Դշխուին տալերը առած էին, Այլայենց փեսա էին։ Աթպազարեն Նշանը, Ակոբը եկան, սեմերճի էին, ամուսինին մորքուրորդիներն էին։ Ավրատ Պազարըեն, Ալթըմերմերեն՝ Կարապետը, Սարգիսը եկան, կերավաճառ էին, խոտ, գարի, հարդ կծախեին, Այլայանց գերդաստանին մյուս տուներեն էին, ամուսինին հորեղբոր որդիներն էին, Էմիրկյանեն՝ Թորոսը, Կոզիկը, Մաքրիգյուղեն՝ Գասպարը, Գատըգյուղեն՝ Տիգրանը, Սիրքեճիեն՝ Բարսեղը եկա՜ն ու եկա՜ն, սեմերճի կըսես, խմորը բանող կըսես, կերավաճառ կըսես․․․ արդեն արմտանցիները, թեղուտցիները, զիմառցիները ուրիշ ի՞նչ կըլլային։ «Բարի եկար, Դշխու, ապաշխարանք ըլլա» ինչպես երկիրը ճամբորդութենե եկողներուն կըսեին։ «Ավետիս, աչքդ լուս» ըսին տարեցները։ «Այլայան, աչքդ լուս, Դշխու, բարի եկար» ըսին երիտասարդները։ Ցորենին բերքը հարցուցին, խաղող շատ կա՞ր, հարցուցին, թութերը շատ թութ տվի՞ն, հարցուցին, ընկույզ շատ կա՞ր, հարցուցին, անձրև եկա՞վ, հարմունք եղա՞վ, հարցուցին, ամենքն ալ՝ «աղե՞կ ես», հարցուցին։ «Ոտքի վրա այսչափ կըլլա, ետքեն կուգանք կխոսինք» ըսին ու մեկնեցան։
Սըլոն, Մեվլուտը, քարափի խաներեն մեկը բեռնակիր էին։ Սըլոն քուրդ էր, Կախմխցի էր. մշակ եղած էր իրենց տունը, Կախմըխիին արտերը, Արմտանի արտերը խառն էին, իրարու կից էին։ Մեվլուտը արմտանցի էր, թուրք էր, «Դշխու հարսիկ» կկանչեր իրեն։ Ենիչերոնց տղան չէր, կըսես, այլայանց տղան էր, այլայանց հացովը մեծցած էր։ Դշխուի գալը իմանալով, վազելով եկան։ «Աղա, աչքդ լուս, բարի եկար Դշխու քուրու» ըսին, երկուքն ալ ջուրերու պես հայերեն կխոսեին, «մենք պարկերը կտանինք» ըսին, երկու պարկ էր արդեն, շալկեցին։
Սըլոն, Մեվլուտը՝ առջևեն, Դշխուն, ամուսինը, Մկըրչը, երկու փեսաները, Արութն ու Միքայելը խումբով՝ ետևեն, քալեցին։ Ճամբան, կամուրջը չդարձած, Նևրուզին, Գոհարին հանդիպեցան, որոնք իրենց էրիկներուն հետ կերթային։ «Ղըզ Դշխու, նորեն իրար տեսանք, մեր էրիկներուն հետ աղայիդ խանութը կուգանք, կհասկանանք քու տունդ, Գոհարին հետ քեզ տեսնել կուգանք օր մը» ըսին։ «Ասոնք ո՞վ են, աս ղըզըլպաշի կնիկները ուրկե՞ կճանչնաս, աս մեկն ալ հա՞յ է, ի՞նչ է, Գոհար կըսե» հարցուցին ամուսինն ու փեսաները։ «Հայ չէ, ան ալ ղըզըլպաշի կնիկ է, անոնք ալ Գոհար անունը ունին, Անջրդիեն են, մեկը Ակընիկեն է, մյուսը՝ Բազմաշենեն, ճամբան մեկտեղ եկանք, տասնհինգ օր մեկտեղ նստանք, ելանք, պառկեցանք» ըսավ Դշխուն։ «Յաման կերևա Նևրուզ ըսածդ, աչքերը ինտոր կփայլեին» ըսավ Միքայելը։ «Ինտո՞ր ալ հասկցար,— ըսավ Դշխուն,— յաման է, քաշվիլ չունի, ով կուզե ըլլա՝ միտքը ինչ կա, համարձակ կխոսի» ըսավ Դշխուն։
Սըլո,— ըսավ Դշխուն, երբ կամուրջեն սկսան քալել,— Խաճճեթ էնթարի մը կուզե քենե, աղաչեց ինծի, որ ըսեմ քեզի։ Մոշուտցի Բիր Սուլթանին, Խելմըկացի Աղային Տղաքը, Դարգըլոխցի Թեմիրը իրենց կնիկներուն ղրկեր են, անոնց էնթարիեն։
Անոնք Դարգլոխցի Թեմիր, Խելմըկացի Աղային, Մոշուտցի Բիր Սուլթանին տղաքն են, ես ի՞նչ եմ, ես համալ մըն եմ,— ըսավ Սըլոն։
Ի՞նչ կա, ձի մը, ջորի մը չէ՝ քենե ուզածը,— ըսավ Դշխուն,— ճահել մըն է, կփափաքի, դուն ալ էրիկն ես, քու տունդ կդարձնե, արտերդ կքաղե, քու տղաքդ կմեծցնե։ Հելե մեկ տարվանդ, լաճդ, որ արթննա ու մայրը քովը չըլլա՝ մեկ ձայն կպոռա։ Կապույտ Կապանի ձեր արտին քովը մեր արտը քաղեցինք, երկու գիշեր հոն մնացինք։ Մեկ անգամուն մայրը քովը չկար, արթնցավ, լացավ, ես գացի «Ի՞նչ կըլլաս» ըսի, պըռկըները սեղմեց, նայեցավ ինծի, մեկ մըն ալ անանկ ձայն մը ձգեց, պոռաց, որ ես վախցա, փախա, «հիմա պիտի ճաթի» ըսի, մինչև որ մարը հասավ, ծիծը բերանը դրավ, որ ձայնը կտրեց։ «Հիմակվընե հայտնի է, խոշոր քուրդ մը պիտի ըլլա, մեր Ս. Գևորգի, ձեր Կախմխիի քուրդերեն չէ, Տուժիկի քուրդերեն, Ղուռեշանցի, Հայդարանցի քուրդերեն»։ Սըլոն խնդաց։
Մեվլուտին ալ, որ Սըլոյին հետ կքալեին.
Մեվլուտ,— ըսավ Դշխուն,— հարըդ, մարըդ էգիեն վեր չեկան։ Անոնք մինչև ձյուն չգա՝ տուն կուգա՞ն։ Աղվորակ մայրդ քուրդ կարգեց, հարս ըրավ, Քեմախու Վերի Ուխտիկը Էյուպ աղա մը կա, շատ ունևոր է եղեր, անոր տվավ։ Վաթսուն տարեկանեն ալ ավելի է՝ կըսեն, քենե չէ, ինձմե ալ մեծ տղա ունի։
Կարգելը գրեր էին, ըմը ծեր ըլլալը չէին գրեր,— ըսավ Մեվլուտը։Հարս, մարս խելք ունի՞ն։ Տըլլիկին մեկն են երկուքն ալ։ Անշա մորքուրիս մարիֆեթն է։ Ինք քեմախցի էրիկ առավ, քուրս ալ հոն տարավ։ Ես հոն ըլլայի՝ կթողեի՞,— ու ավելցուց,— ես քու Ըստանպոլ գալեդ լուր չունեի, Դշխու հարսիկ, չէ նը կգրեի, որ Ջերմայի էգիներու շամամներեն հատ մը հետդ բերեիր։ Իմ աշխատած խանիս տերը շատ հարուստ է, խան մըն ալ Սիրքեճի ունի, հայ է։ Անցած տարի մեր շամամներեն հատ մը ուներ, ո՞վ էր տվեր՝ չեմ գիտեր, օրը մինչև իրիկուն ձեռքեն չէր ձգեր, կհոտվտար, շատ կսիրեր։ Անոր համար բերել պիտի տայի։
Ես երեք հատ բերի, մորքուրարս ուզեր էր, բեռի մեջն է։ Մեկ հատը քեզի տամ,— ըսավ Դշխուն։ Մեվլուտը ուրախացավ։
Ենի Ճամիին կամարեն անցան, Մըսըր Չարշըսիին դռնեն քալեցին։ Կետիկ փաշա պիտի երթային։ Այլայանը տուն մը վարձած էր, հոն պիտի տանեին Դշխուն։
Ի՞նչ ալ գեշ կնային ինծի աս ըստանպոլցի մարդիկը,— ըսավ Դշխուն։
Թող նային,— ըսավ Միքայելը,— մեր Արմտաններու հագուստները չեն տեսեր, կզարմանան։
Դշխու, դուն ալ,— ըսավ Արութը,— հարսևորի պես հագվեր ես։ Շիվերուդ, ճակտիդ րուպիեներդ, ձեռքերուդ հինան պակաս են։
Էգին թութ ժողվելո՞ւ, ջրելո՞ւ, թե՞ լեռը խոտ քաղելու լաթերովը գար։ Հարկավ, Ըստանպոլ՝ պահենիները պիտի հագվեր ու գար,— ըսավ Միքայելը։

Տես նաև Հակոբ Մնձուրի Պատմվածքներ
Հակոբ Մնձուրի | Ըստանպոլ Հակոբ Մնձուրի | Ըստանպոլ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:46:00 Rating: 5
Технологии Blogger.