Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասնյոթերորդ


Չիպոլինոն բարեկամանում է մի շատ սիրունիկ Արջի հետ

Ինչպես գրքերումն են ասում, մի քիչ ետ դառնանք, այլապես մեզ չի հաջողվի իմանալ, թե ինչ է պատահել անձավում։
Քավոր Դդումն ու քավոր Հավամրգին ոչ մի կերպ չէին կարողանում հաշտվել տնակը կորցնելու մտքի հետ։ Նրանք այնպես էին կապվել այդ հարյուր տասնութ աղյուսի հետ, որ կարծես հարյուր տասնութ որդի են կորցրել։ Դժբախտությունը նրանց մտերմացրել էր, և նրանք սրտակից բարեկամներ էին դարձել։
Եթե մեզ հաջողվի տնակն ազատել, այնտեղ միասին կապրենք, ― վերջ ի վերջո խոստացավ քավոր Դդումը։
Քավոր Հավամրգին այդ խոսքերը լսելով նույնիսկ արտասվեց։ Ինչպես տեսնում եք, քավոր Դդումն արդեն ասում էր ոչ թե «իմ տնակը», այլ «մեր տնակը»։ Քավոր Հավամրգին էլ էր այդպես ասում, թեև այդ տնակի պատճառով նա կորցրեց իր թանկագին մկրատի կեսը, իր ապուպապից ժառանգած ժանգոտ ածելին և մյուս գանձերը։
Մի անգամ նրանք սկսեցին վիճել, թե ով է տնակն ավելի շատ սիրում, և քիչ մնաց կռվեին։ Քավոր Դդումը պնդում էր, թե Հավամրգին տնակը չի կարող իր չափ սիրել։
Ես իմ ամբողջ կյանքում աշխատեցի, որ կարողանամ այդ տնակը շինել։ Աղյուսները մեկ֊մեկ հավաքել։
Ճիշտ է, բայց դուք այնքան քիչ ապրեցիք այդ տնակում։ Իսկ ես այնտեղ գրեթե մի շաբաթ ապրեցի։
Բայց նման վեճերը շուտ էին վերջանում։ Վրա էր հասնում երեկոն, իսկ երեկոյան ավելի կարևոր էր անձավը գայլերից պաշտպանել, քան թե կռվել։
Այդ անտառում գայլեր, արջեր և այլ վայրի գազաններ էին ապրում։ Դրա համար էլ ամեն գիշեր անձավի շուրջը պետք է խարույկ վառեին, որպեսզի գազանները չմոտենային։ Իհարկե, վտանգ կար, որ ամրոցից կրակը կնկատեն, բայց ի՞նչ կարող էին անել, հոր չէր կարելի գայլերի կեր դառնալ։
Գայլերը անձավին շատ էին մոտենում և ագահորեն նայում սանամեր Դդումի կլորիկ ու չաղլիկ մարմնին։ Երևի կարծում էին, թե նա առանձնապես համեղ կլինի։
Իզուր եք ինձ այդպես նայում, մատիս կեսն էլ չեք տեսնի, ― գոռում էր սանամեր Դդումը։
Գայլերն այնքան քաղցած էին, որ սկսում էին աղիողորմ ոռնալ։
Սանամե՜ր Դդում, ― ձայն էին տալիս նրանք և աշխատում խարույկից հեռու մնալ, որպեսզի չվառվեին, ― գոնե մեզ ձեր մի մատը տվեք։ Ի՞նչ մեծ բան է ձեզ համար ախր դուք տասը մատ ունեք ձեր ձեռքերին, տասն էլ ոտքերին, այսինքն՝ ընդամենը քսան մատ։
Որպես վայրի գազաններ, դուք կարգին թվաբանություն գիտեք, ― պատասխանում էր սանամեր Դդումը, ― բայց ձեզ այդ էլ չի օգնի։
Գայլերը մի քիչ ոռնացին, հետո հեռացան։ Որպեսզի գոնե մի քիչ մխիթարվեն, նրանք սկսեցին հոշոտել անտառի նապաստակներին։
Հետո հայտնվեց մի Արջ և էլի սկսեց նայել սանամեր Դդումին։
Դուք ինձ շատ եք դուր գալիս, սինյորա Դդում, ― ասաց նա։
Դուք էլ ինձ եք դուր գալիս, սինյոր Արջ, բայց ինձ ավելի շատ դուր կգար ձեր ազդրը։
Ի՜նչ եք ասում, սինյորա Դդում, իսկ ես ձեզ մեծ հաճույքով ամբողջովին կուտեի։
Չիպոլինոն անկոչ հյուրի վրա մի հում կարտոֆիլ նետեց։
Փորձեցեք սրանով բավարարվել, ― ասաց նա։
Ես միշտ էլ ձեր ամբողջ ընտանիքը ատել եմ, Չիպոլինո, ― կատաղած պատասխանեց Արջը, ― ձեր ներկայությունից արցունք է թափվում, ես զարմանում եմ, թե ինչպես են ոմանք սոխ սիրում։
Լսեցեք, սինյոր Արջ, ― շարունակեց Չիպոլինոն, ― իզուր եք ամեն օր դարան մտնում։ Ախր շատ լավ գիտեք, որ դրանից բան դուրս չի գա։
Մենք լուցկի ինչքան ասես ունենք, իսկ անտառում ցախն այնքան շատ է, որ մենք ամեն օր կարող ենք խարույկ վառել և ձեզ հեռու քշել անձավից։ Փոխանակ թշնամիներ լինելու, չփորձե՞նք բարեկամներ դառնալ։
Լսվա՞ծ բան է, ― մռթմռթաց Արջը, ― որ արջը բարեկամանա Չիպոլինոյի, այսինքն սոխի գլխի հետ։
Իսկ ի՞նչ կա որ, ― առարկեց Չիպոլինոն, ― այս աշխարհում միանգամայն հնարավոր է խաղաղ ապրել։ Բոլորի համար էլ աշխարհում տեղ կա՝ թե՛ արջերի համար, թե՛ սոխերի։
Տեղ, իհարկե, բոլորի համար կա, դա ճիշտ է։ Բայց ինչո՞ւ են մարդիկ մեզ բռնում, գցում վանդակնեըը։ Պետք է ձեզ ասեմ, որ իմ հայրն ու մայրը հիմա գերի են իշխանի կենդանաբանական այգում։
Ուրեմն ես ու դու դժբախտության ընկերներ ենք, իմ հայրը նույնպես իշխանի գերին է։
Արջը երբ լսեց, որ Չիպոլինոյի հայրը բանտարկված է, մեղմացավ
Վաղո՞ւց է նստած, ― հարցրեց նա։
Արդեն շատ ամիսներ են անցել։ Նա դատապարտված է ցմահ բանտարկության, բայց մահից հետո էլ չի կարող այնտեղից դուրս գալ, քանի որ իշխանի բանտերում գերեզմանոցներ կան։
Իմ ծնողներին էլ վիճակված է ամբողջ կյանքում նստել վանդակի մեջ։ Եվ, ինչպես երևում է, նրանք էլ կալանքից չեն ազատվի նույնիսկ մահից հետո, որովհետև կթաղվեն իշխանի այգում․․․ Արջը մի խոր հոգոց քաշեց։ Ի՞նչ կա որ, եթե ուզում եք, իսկապես բարեկամներ կլինենք։ Ճիշտն ասած, մենք թշնամիներ լինելու ոչ մի պատճառ չունենք։ Իմ ապուպապը՝ նշանավոր Թուխ Արջը, պատմում էր, որ ծերունիներից լսել է, թե ինչպես մի ժամանակ անտառում բոլորը հաշտ ու խաղաղ են ապրել։ Մարդիկ և արջերը բարեկամներ են եղել, և մեկը մյուսին վատ բան չի արել։
Այդ ժամանակները կարող են վերադառնալ, ― ասաց Չիպոլինոն, ― կգա մի օր, երբ բոլորս բարեկամներ կլինենք։ Մարդիկ և արջերը իրար հետ կսկսեն քաղաքավարի վարվել և իրար հանդիպելիս գլխարկները կհանեն։ Արջը կարծես թե դժվար դրության մեջ ընկավ։
Ուրեմն, ես պիտի գլխա՞րկ գնեմ ինձ համար, ― ասաց նա, ― գլխարկ չունեմ։
Չիպոլինոն ծիծաղեց։
Դե այդ հենց այնպես ասում են։ Դուք կարող եք բարևել ինչպես կարող եք՝ գլուխ կտաք կամ սիրալիր կթափահարեք ձեր թաթը։
Արջը խոնարհվեց և թաթը թափահարեց։
Վարպետ Խաղողն այնքան զարմացավ դրանից, որ բիզն առավ ու ծոծրակը քորեց։
Կյանքումս այսքան բարեկիրթ արջ չեմ տեսել, ― շփոթված ասաց նա։
Սինյոր Սիսեռիկն իր փաստաբանական սովորության համաձայն այդ ամենին շատ կասկածամտությամբ էր վերաբերվում։
Ես այնքան էլ չեմ վստահում արջի բարեկամությանը, ― նախազգուշացրեց նա, ― արջը կարող է նաև այդպես ձևացնել։ Շատ նենգ կենդանի է։
Բայց Չիպոլինոն փաստաբանի հետ չհամաձայնեց։ Նա խարույկի արանքում ճանապարհ բացեց և հնարավորություն տվեց, որ Արջը առանց մորթին խանձելու մտնի անձավ։ Արջը մի անգամ էլ թաթը թափահարեց, իսկ Չիպոլինոն նրան որպես լավ ծանոթի ներկայացրեց իր բոլոր բարեկամներին։
Պրոֆեսոր Տանձը, որ հենց այդ ժամանակ ավարտել էր իր ջութակի վերանորոգումը, Արջի պատվին համերգ տվեց։
Արջը իր նոր բարեկամների համար հաճույքով սկսեց պարել, և այսպիսով անտառից եկած հյուրն ու անձավի բնակիչները հիանալի երեկո անցկացրին։
Երբ Արջը հրաժեշտ տվեց, որ գնա քնելու, Չիպոլինոն ցանկություն հայտնեց նրան մի քիչ ուղեկցելու։
Գիտե՞ք ինչ, Չիպոլինոն չէր սիրում իր ցավերի մասին խոսել, բայց նրա հոգին ճմլվում էր։ Այդ երեկո նորից հիշեց իր ծեր հորը, որ տանջվում էր բանտում, և ուզեց իր վիշտը կիսել Արջի հետ։
Երբ նրանք անձավից դուրս եկան, Չիպոլինոն իր բրդոտ բարեկամին ասաց
Տեսնես ի՞նչ են անում հիմա մեր ծնողները։
Իմ ծնողների մասին ես որոշ բաներ լսել եմ, ― պատասխանեց Արջը ճիշտ է, երբեք քաղաքում չեմ եղել, բայց իմ բարեկամ Սարյակը հաճախ է լուր բերում հորս ու մորս մասին։ Ասում է, նրանք երբեք աչք չեն փակում և գիշեր-ցերեկ ազատություն են երազում։ Իսկ ես կարգին չգիտեմ էլ, թե ինչ բան է ազատությունը։ Ես կգերադասեի, որ նրանք իմ մասին մտածեին չէ՞ որ իրենց տղան եմ։
Ազատ լինել, այդ նշանակում է տիրոջ ստրուկը չլինել, ― պատասխանեց Չիպոլինոն։
Բայց իշխանն այնքան էլ վատ մարդ չէ։ Սարյակը պատմում է, որ իմ հայրիկին ու մայրիկին կուշտ կերակրում են, և նրանք երբեմն նայում են իրենց վանդակների մոտով անցնող մարդկանց ու զվարճանում։ Իշխանը նրանց այնպիսի տեղ է հատկացրել, որ տոն օրերին շատ մարդիկ են այցելում։ Բայց էլի նրանք շատ են ուզում անտառ վերադառնալ։ Միայն թե Սարյակն ասում է, այդ անհնար է, վանդակը շատ ամուր է, երկաթից է պատրաստած։
Այո՛, կալանքից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, ― իր հերթին հառաչեց Չիպոլինոն, ― երբ ես հորս այցելելցի, ուշադիր նայեցի բանտի պատերին։ Այդ պատերը քանդել կամ դրանց մեջ անցք բացելն անհնար է։ Բայց չնայած դրան, հորս խոսք տվեցի, որ իրեն կազատեմ, և երբ էլ լինի, խոսքս կկատարեմ։
Դու, երևում է, քաջ տղա ես, ― ասաց Արջը, ― ես էլ կուզենայի իմ ծնողներին ազատել, բայց քաղաքի ճամփան չգիտեմ և վախենում եմ կորչեմ։
Լսի՛ր, ― հանկարծ ասաց Չիպոլինոն, ― մենք մի ամբողջ գիշեր ունենք մեր տրամադրության տակ։ Նստեցրու ինձ ուսիդ, և կես֊գիշերից առաջ կհասնենք քաղաք։
Ի՞նչ ես ուզում անել, ― դողացող ձայնով ասաց Արջը։
Գնանք ծնողներիդ տեսնելու։ Նրանց տեսնելն ավելի հեշտ է, քան իմ հորը։
Արջը չստիպեց, որ իրեն խնդրեն մի թեթև կռացավ, Չիպոլինոն արագ մագլցեց նրա մեջքի վրա, և նրանք սլացան դեպի քաղաք։ Չիպոլինոն ճանապարհ էր ցույց տալիս։
Դեպի աջ, ― հրահանգ էր տալիս Արջին։ Դեպի ձախ։ Ուղիղ։ Նորից դեպի ձախ․․․ Ահա, մենք արդեն քաղաքի դարբասների մոտ ենք։ Կենդանաբանական այգին, ա՛յ, այն կողմն է։ Արագ գնանք, որ պատահական անցորդները մեզ չտեսնեն, և աշխատիր չմռնչալ։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասնյոթերորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասնյոթերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 23, 2019 Rating: 5
Технологии Blogger.