Գրիմ եղբայրներ | Գորտ թագավորը կամ Հայնրիխ Երկաթը


Անցած-գնացած հին-հին ժամանակներում, երբ կախարդությունը դեռևս ազդեցություն էր գործում, մի թագավոր է լինում: Նրա աղջիկները բոլորը գեղեցկուհիներ են լինում, բայց ամենափոքրը բոլորից սիրուն է լինում, էնքան սիրուն, որ նույնիսկ աշխարհում շատ բան տեսած արևը նրա երեսին նայելիս զարմանքից քար է կտրում:
Թագավորի պալատի մոտ մի կուսական անտառ է լինում, իսկ անտառում ծեր լորենու տակ՝ մի պաղ ջրհոր: Շոգ օրերին թագավորի փոքր աղջիկը գնում է անտառ, նստում զով ջրհորի մոտ, իսկ երբ ձանձրանում է, վերցնում է իր ոսկե գնդակը, վեր-վեր նետում, բռնում. դա նրա ամենասիրած խաղն է լինում: Բայց մի անգամ էլ էնպես է պատահում, որ երբ գնդակը վեր է նետում, չի կարողանում բռնել, գնդակը գլորվում է ու ընկնում ջրհորը:
Թագավորի աղջիկը աչքը չի կարողանում կտրել ոսկե գնդակից, բայց էլ ո˜ւր: Գնդակը սուզվում է ու չքանում ջրի մեջ, իսկ ջրհորն էնքան խորն է լինում, էնքան խորը, որ հատակը չի երևում: Թագավորի աղջիկը շատ է լաց լինում, շատ արցունք թափում, ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ:
Էսպես նստած լաց է լինում ու իր գնդակի մասին մտածում, մեկ էլ հանկարծ մի ձայն է լսում.
-Ի՞նչ է պատահել, թագավորի՛ աղջիկ: Էնպես ես լաց լինում, որ քարն էլ չի դիմանա:
Թագավորի աղջիկը ետ է նայում՝ իմանա, թե ով է խոսողը, մեկ էլ տեսնում է, որ մի գորտ ջրից դուրս է ցցել իր հաստ, այլանդակ դունչը:
-Ա˜խ, էդ դո՞ւ ես, կռկռա՛ն,- ասում է թագավորի աղջիկը: -Իմ ոսկե գնդակի համար եմ լաց լինում, որ ընկավ ջրհորը:
-Լաց մի՛ լինի,- ասում է գորտը,- ես քեզ կօգնեմ: Բայց ասա՛ տեսնեմ, ի՞նչ կտաս, եթե գնդակդ բերեմ:
-Ինչ որ ուզես, սիրելի՛ գորտիկ,- պատասխանում է աղջիկը: -Իմ զգեստները, մարգարիտները, թանկարժեք քարերը, նույնիսկ գլխիս էս ոսկե թագը կտամ:
Գորտն ասում է.
-Ինչի˜ս են պետք քո զգեստները, մարգարիտները, թանկարժեք քարերը, ոչ էլ քո գլխի ոսկե թագն եմ ուզում: Ա՛յ, եթե  դու էնպես սիրեիր ինձ, որ մտերիմներ լինեինք, միասին խաղայինք, ես նստեի կողքիդ՝ ձեր սեղանի մոտ, ուտեի քո ոսկե ամանից, խմեի քո փոքրիկ գավաթով, միասին քնեինք քո անկողնում, ա՛յ, եթե էդ բոլորը խոստանայիր, հենց հիմա կսուզվեի ջրհորն ու կհանեի քո ոսկե գնդակը:
 -Այո՛, այո՛, խոստանում եմ, ինչ որ ուզես, խոստանում եմ, միայն թե հանի՛ր գնդակս,- ասում է թագավորի աղջիկն ու մտածում. «Ինչե˜ր է դուրս տալիս էս հիմար գորտը, թող նստի գորտերի մեջ ու կռկռա, նա ի՞նչ ընկեր կարող է լինել մարդուն»:
Խոստումն ստանալով՝ գորտն անմիջապես սուզվում է ջրհորի հատակը, ապա արագ վեր բարձրանում՝ բերանի մեջ բռնած ոսկե գնդակը:
Նա գնդակը նետում է խոտերի մեջ: Թագավորի աղջիկը շատ է ուրախանում, վերցնում է ու վազում տուն:
-Սպասի՛ր, սպասի՛ր,- կանչում է գորտը,- էդ ո՞ւր ես գնում մենակ, չէ՞ որ ետևիցդ չեմ կարող հասնել: Դե՛, ինձ էլ հետդ տա՛ր:
Բայց ինչքան ուզում է գոռա և կռկռա, ո˜վ է նրան լսողը: Թագավորի աղջիկը վազում է տուն, հետո բոլորովին մոռանում խեղճ գորտին, որն ստիպված նորից սուզվում է ջրհորը:
Երկրորդ օրը, երբ թագավորի աղջիկը իր հոր ու նրա պալատականների հետ նստած ճաշում է, մեկ էլ՝ թը՛փ, թը՛փ, թը՛փ, ինչ-որ մեկը բարձրանում է մարմարե աստիճաններով, հասնում դռանը, սկսում է ծեծել ու կանչել.
-Թագավորի՛ փոքր աղջիկ, բա՛ց արա դուռը:
Աղջիկը վազում է տեսնի՝ ով է իրեն կանչողը: Բացում է դուռը և ի˜նչ տեսնի՝ գորտն է: Անմիջապես շրխկոցով փակում է ու գնում նստում սեղանի մոտ: Բայց շատ է վախենում թագավորի աղջիկը: Էնքան շատ, որ թագավորը նկատում է, թե ինչպես է տրոփում աղջկա սիրտը, ու ասում է.
-Էդ ինչի՞ց էդպես վախեցար, աղջի՛կս: Չլինի՞ թե դռան ետևը հսկա է կանգնած, ուզում է քեզ փախցնել:
-Չէ՛, ի˜նչ ես ասում, հսկա չէ, մի զզվելի գորտ է:
-Ի՞նչ է ուզում քեզնից:
-Ա˜խ, սիրելի՛ հայրիկ, երեկ ջրհորի մոտ խաղում էի, ոսկե գնդակս ընկավ ջուրը: Շատ լաց եղա, գորտն էլ հանեց գնդակս ու սկսեց պահանջել, որ դառնամ իր ընկերը: Ես խոստացա, բայց մտքովս չէր անցնում, թե նա կարող է ջրից դուրս գալ: Հիմա եկել է, ուզում է ներս մտնել:
Իսկ գորտը էդ միջոցին ծեծում է դուռն ու կանչում.
-Թագավորի՛ փոքր աղջիկ,
Ե՛կ, բացի՛ր դուռը,
Մի՞թե մոռացել ես
Տվածդ խոստումը,
Թագավորի՛ փոքր աղջիկ,
Ե՛կ, բացի՛ր դուռը:
Էդ ժամանակ թագավորն ասում է.
-Որ խոսք ես տվել, պետք է կատարես: Գնա՛, բա՛ց արա դուռը:
Թագավորի աղջիկը գնում է, բաց անում դուռը: Գորտը ներս է մտնում ու՝ թը՛փ-թը՛փ, աղջկա ետևից գալիս հասնում նրա աթոռին, ասում է.
-Դե՛, ինձ կողքիդ նստեցրու:
Աղջիկը չի ուզում, բայց թագավորը պատվիրում է կատարել գորտի ցանկությունը:
Թագավորի աղջիկը նրան նստեցնում է իր աթոռին, գորտն ասում է.
-Իսկ հիմա քո ոսկե ափսեն մոտեցրո՛ւ ինձ, որ միասին ուտենք:
Թագավորի աղջիկը թեև էդ մի պահանջն էլ է կատարում, բայց երևում է, որ տհաճությամբ է անում:
Գորտն սկսում է ուտել, իսկ աղջիկը զզվում է, պատառը կուլ չի գնում:
Վերջապես գորտն ասում է.
-Ես կշտացա ու հոգնեցի: Հիմա ինձ ննջարա՛նդ տար, բա՛ց արա մետաքսե անկողինդ՝ միասին պառկենք, հանգստանանք:
Աղջիկն էլ չի դիմանում, լաց է լինում, զզվում է սառը գորտից, նույնիսկ ձեռք տալ չի ուզում: Իսկ գորտը դեռ պահանջում է, որ աղջիկը շքեղ ու գեղեցիկ անկողնում պառկի իր հետ: Թագավորը բարկացած ասում է.
-Լավությունը չի կարելի մոռանալ:
Աղջիկը երկու մատով բռնում է գորտին, տանում իր ննջարանը, դնում մի անկյունում, իսկ ինքը պառկում է մահճակալին: Գորտը թռչկոտելով առաջ է գալիս ու ասում.
-Ես էլ եմ հոգնել, ես էլ եմ ուզում քնել: Պառկեցրո՛ւ կողքիդ, թե չէ կգնամ հորդ կբողոքեմ:
Թագավորի աղջիկը զայրանում է, վերցնում է նրան և թափով խփում պատին.
-Ո˜ւհ, գարշելի՛ գորտուկ, դե՛, հիմա հանգստացի՛ր:
Բայց հենց որ գորտը հատակին է ընկնում, մաշկը պատռվում է, և պայծառ ու մեղմ հայացքով մի գեղեցիկ տղա է դուրս գալիս: Ու էդ օրվանից հոր համաձայնությամբ դառնում է թագավորի աղջկա ընկերն ու ամուսինը: Նա պատմում է, որ իրեն կախարդել էր չար վհուկը, ու աղջկանից բացի ոչ ոք չէր կարող ազատել նրան կախարդանքից: Որոշում են հաջորդ օրը գնալ տղայի թագավորությունը:
Էդպես պառկում են, քնում: Իսկ հաջորդ օրը, հենց որ արևը ծագում է, պալատին մի կառք է մոտենում՝ ութ ճերմակ ձի լծված, ձիերի գլուխները զարդարված ճերմակ փետրափնջերով, սանձերն ու լծասարքերը ամբողջը ոսկուց, իսկ որպես կառապան՝ կառքի մոտ կանգնած է լինում տղայի հավատարիմ ծառան՝ Հայնրիխը: Երբ չար կախարդը նրա տիրոջը գորտ էր դարձրել, հավատարիմ Հայնրիխը շատ էր տխրել ու հրամայել էր՝ երեք տակ երկաթե օղակ հագցնեն իր սրտին, որ վշտից չպայթի:
Երիտասարդ ամուսինները էդ կառքով պետք է գնային տղայի հոր թագավորությունը:
Հավատարիմ Հայնրիխը օգնում է նրանց տեղավորվել կառքում, իսկ ինքը ետնամասում կանգնած ուրախանում է, որ տերն ազատվել է չար կախարդանքից:
Էդպես նրանք ճանապարհի մի մասն անցած են լինում, երբ մի ուժգին պայթյուն է լսվում. թագավորի տղան շուռ է գալիս ու ասում.
-Հայնրի՛խ, կառքը կոտրվեց:
-Ո՛չ, կառքը չէր դա, տե՛ր իմ:
Վշտի կապանքն էր երկաթ,
Որ սեղմում էր սիրտը իմ,
Քանի դեռ դու ջրհորում
Գորտերի հետ էիր ապրում:
Քիչ հետո նորից ու նորից են պայթյուններ լսվում, թագավորի տղան դարձյալ կարծում է, թե կառքի անիվներն են ջարդվում, մինչդեռ պայթյունով խորտակվում էին հավատարիմ Հայնրիխի սրտի երկաթյա կապանքները, որովհետև նրա տերն ազատվել էր չար կախարդանքից ու երջանիկ էր զգում իրեն:

Թարգմանությունը ռուսերենից՝ Ամալյա Ղուկասյան

Գրիմ եղբայրներ | Գորտ թագավորը կամ Հայնրիխ Երկաթը Գրիմ եղբայրներ | Գորտ թագավորը կամ Հայնրիխ Երկաթը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 13, 2020 Rating: 5
Технологии Blogger.