Վիլհելմ Հաուֆ | Հրեա Աբները, որ ոչինչ չէր տեսել

Վիլհելմ Հաուֆ
Այն, ինչ որ մտադիր եմ ձեզ պատմելու՝ պատահել է Մարօկկօյում, հզօր Մուլէյ֊Իզմայիլ սուլթանի թագաւորութեան ժամանակ։
Ինչպէս յայտնի է՝ հրէաները ապրում են աշխարհիս երեսին ամեն տեղ։ Հրէայ ազգը մի խորամանկ եւ չափազանց հնարագէտ ազգ է եւ արծուի հեռատեսութիւն ունի։ Շնորհիւ այն հալածանքներին, որ հրէաները երբեմն կրել են՝ նրանք ձեռք են բերել նաեւ ամեն մի նեղ դրութիւնից անվնաս դուրս գալու ընդունակութիւն, որով նրանք շատ են հպարտանում։ Բայց որ հրէան, շնորհիւ հէնց իւր այդ խորամանկութեան, կարող է նոյնպէս փորձանքի մէջ ընկնել, այդ ապացուցեց Աբնէրը, երբ մի երեկոյ նա գնաց Մարօկկօյից դուրս զբօսնելու։
Երեկոները նա իւր զբօսանքը կատարում էր միշտ մի սրածայր գլխարկ գլխին, մի հասարակ եւ կեղտոտ կապայ հագած։ Ժամանակ առ ժամանակ նա գաղտագողի հանում էր քթախոտի ոսկեայ տուփը, (որովհետեւ չէր ուզում որ ուրիշները տեսնեն), քաշում էր եւ ապա գոհունակութեամբ շփում մօրուքը։ Չնայած որ նրա հայեացքը միշտ երկիւղ եւ մտախոհութիւն էր արտայայտում եւ շարունակ թափառում այս ու այն կողմ՝ բայց եւ այնպէս շարժուն դէմքը փայլում էր բաւականութեամբ։ Երեւի նրա գործը այդ օրը յաջող էր գնացել։ Եւ յիրաւի, Աբնէրը ե՛ւ բժիշկ է, ե՛ւ վաճառական․ նա պարապում է այն ամենով՝ ինչ որ նորան շահ է խոստանում։ Այդպէս այսօր Աբնէրը մի գերի է ծախել, ձեռնտու գնով մի բեռ խունկ գնել եւ վերջին անգամ հարուստ հիւանդին դեղ նշանակել։
Նա հենց նոր էր դուրս եկել արմաւենու փոքրիկ անտառից՝ երբ մէկ էլ յանկարծ լսեց իւր յետեւից վազող մարդկանց բարձրաձայն աղաղակներ։ Մուլէյ֊Իզմայիլ սուլթանի ձիապանների խումբն էր, որ գալիս էր գլխաւոր ախոռապետի ուղեկցությամբ։ Նրանք անհանգիստ կերպով այս ու այն կողմն էին նայում, կարծես թէ բան կորցրած լինէին։
— Է՛յ դու, անհաւա՜տ— շունչը կտրած ձայն տուեց ախոռապետը։
— Քո մօտով չփախա՞ւ սուլթանի ձին, որ թամքած էր եւ սանձն էլ բերանին։
— Ամենից լաւ ձի՞ն աշխարհիս երեսին— հարցրեց Աբնէրը։ Սմբակները փոքրիկ, պայտերը արծաթից, բաշը ոսկեփայլ, հասակը բարձր, հինգ ոտնաչափ, պարանոցը երկար, երեք եւ կէս ոտնաչափ, իսկ ոսկէ սանձը եօթանասուն եւ երկու դահեկանի։
— Այո՛, այո՛, հէնց դա է— բացագանչեց ախոռապետը։
— Հենց դա է, դա— բացագանչեցին միաձայն եւ միւս ձիապանները։
— Հենց մեր ձին է․ անունը Էմիր— ասաց ձիավարժը։
Քանի֊քանի անգամ ասել եմ իշխան Աբդուլային, որ նա երբէք առանց զսպիչ֊սանձի չհեծնէ Էմիրը։ Չէ՞ որ ես ճանաչում եմ նրա ինչ լինելը։ Ես միշտ ասում էի, որ նա երբեւիցէ վայր կգցէ իշխանին։ Թո՛ղ գլուխս կտրեն՝ եթէ այդ բանը վաղուց ասած չլինիմ։ Դէ՛, հրէայ, ասա՛ շուտով, ձին ո՞ր կողմը փախաւ։
— Ես ձի չեմ տեսել,— ժպտալով պատասխանեց Աբնէրը․— ի՞նչպէս կարող եմ ասել, թէ ո՛ր կողմը փախաւ։
Ձիապանները, որ շատ զարմացան նրա այդ հակասութեան վրայ՝ կամեցան Աբնէրից բացատրութիւն պահանջել, սակայն այդ միջոցին մի նոր դէպք էլ պատահեց։
Զարմանալի՜ զուգադիպութիւն․ հէնց միաժամանակ տանից փախել էր եւ թագուհու շունը։ Մի խումբ սեւ ստրուկներ գլուխները կորցրած վազում էին եւ դեռ հեռուից գոչում․
— Է՛յ, լսեցէք, հօ չէ՞ք տեսել թագուհու սիրելի շունը։
— Դուք երեւի փնտռում էք մի այսպիսի փոքրիկ շո՞ւն, հարցրեց Աբնէրը, ցոյց տալով ձեռներով շան մեծութիւնը։
— Այո՛, այո՛,— ուրախացած գոչեց ստրուկների վերակացուն։ Եւ ապա սկսեց կանչել։— Ալի՛նա, Ալի՛նա։
— Շունը փոքրիկ եւ բարակ է,— շարունակեց Աբնէրը,— եւ շատ ժամանակ չէ, ինչ ձագեր է բերել․ ականջները երկար, պոչը բրդոտ։ Նա դեռ մի փոքր էլ կաղում է առաջին աջ թաթից։
— Հէնց դա է, դա, մեր Ալինան է որ կայ,— գոչեցին ստրուկները բոլորը միասին։ Սուլթանուհին, երբ նկատեց, որ կորել է իւր սիրելի շունը՝ ուշաթափուեց։
Ալինա, Ալինա, ա՜խ, ո՜ւր ես։ Ի՞նչ կլինի մեր ճարը՝ երբ առանց քեզ մենք հարեմ վերադառնանք։ Ասա՛, շուտով, նա դէպի ո՞ր կողմը գնաց,— ասաց ստրուկներից մինը։
— Ես ո՛չ մի շուն չեմ տեսել։ Ես մինչեւ անգամ չգիտէի էլ, որ մեր թագուհին— Աստուած երկար կեանք տայ նորան— շուն է պահում։
Այս որ լսեցին ձիապաններն ու ստրուկները՝ սաստիկ բարկացան յանդուգն հրէայի վրայ, որ թագաւորական կենդանիների վերաբերութեամբ թոյլ է տալիս իրան հանաքներ անել։ Նրանք այժմ հաւատացած էին, որ ձին ու շունը գողացել է հէնց Աբնէրը, թէեւ դա մի փոքր անհաւատալի էր թւում։
Այդ պատճառով մինչդեռ ծառաները շարունակում էին փնտռել՝ ախոռապետն ու ստրուկների վերակացուն բռնեցին հրէային եւ քաշ տուին թագաւորի մօտ։
Մուլէյ֊Իզմայիլը, երբ լսեց իւր ծառաների տուած տեղեկութիւնները ձիու եւ շան մասին՝ ինքն էլ սաստիկ բարկացաւ, իսկոյն պալատական ժողով հրաւիրեց եւ այդ արտակարգ ժողովին ինքը նախագահեց։ Սակայն նախ քան քննութիւն սկսելը՝ նախագահը հրամայեց մեղադրեալի ոտներին յիսուն հարուած հասցնել։ Իզուր էր Աբնէրը հաւատացնում, որ ինքը անմեղ է․ ի զուր էր նա աղաչում պազատում, որ թոյլ տան իրան պատմել՝ ինչ որ գիտէ ձիու եւ շան մասին։ Չնայելով նրա գոռում֊գոչումներին, թալմուտից բերած գեղեցիկ վկայութիւններին՝ Մուլլէյ֊Իզմայիլը մնաց անողոք։ Նա նշան արաւ, որ շարունակեն Աբնէրին հարուածել եւ երդուեց մարգարէի եւ իւր սեփական մօրուքով, որ եթէ կորուստները չգտնուին՝ անհաւատ հրէան իւր գլխով պատասխանատու կլինի իշխան Աբդուլլայի վշտի եւ թագուհու ուշագնացութեան համար։
Մարօկկօյի սուլթանի պալատը դեռ թնդում էր խեղճ Աբնէրի գոռում֊գոչումներից՝ որ յանկարծ լուր եկաւ, թէ շունը եւ ձին գտել են։ Ալինային գտել էին մի խումբ շների մէջ, որոնք թէեւ բաւական լաւ շներ էին, սակայն պալատական շան համար չէին կարող յարմար ծանօթ համարուել։ Էմիրն էլ բաւական վազելուց յետոյ հանգստանալիս է եղել մարգագետնում արածելով․ հոտաւէտ խոտերը աւելի մօտ էին նրա ճաշակին՝ քան թագաւորական ախոռի կերակուրը։
Այդպէս է եւ որսորդութեան սիրամոլ ազնուական որսորդը․ նա, երբ որսի ժամանակ կորցնում է իւր ճանապարհը՝ մեծ բաւականութեամբ ուտում է գիւղացու խրճիթում գտնուած մի կտոր սեւ հացն ու պանիրը, եւ տեսնում է որ այս հասարակ կերակուրը աւելի համեղ է, քան իւր ճոխ սեղանի համադամ կերակուրները։
Այժմ Մուլէյ֊Իզմայիլը ինքը Աբնէրից բացատրութիւն պահանջեց, եւ Աբնէրը, թէեւ մի փոքր ուշ՝ կարողացաւ արդարանալ։ Երեք անգամ գլուխը մինչեւ գետին խոնարհելով՝ հրէան ասաց․—
Ամենակարող տէր, թագաւորների թագաւոր, արեւմուտքի հրամայող, արդարադատութեան աստղ, ճշմարտութեան հայելի, իմաստութեան շտեմարան․ դու, որ փայլում ես ինչպէս ոսկի, ճաճանչում ինչպէս ադամանդ, զօրեղ ես ինչպէս երկաթ, լսիր ինձ, քո հպատակին, որին դու բարեհաճեցիր թոյլ տալերեւալ քո պայծառ աչքի առաջ։ Երդւում եմ իմ պապերի Աստուծով, Մովսէս մարգարէի եւ ուրիշների անունով, որ ես երբէք իմ մարմնի աչքերով չեմ տեսել ո՛չ քո ձիու պատկառելի անձը, ո՛չ էլ իմ ամենողորմած թագուհու շունը։ Լսի՛ր, թէ բանը ինչո՛ւմն է։ Յերեկուայ աշխատութիւնից յետոյ ես գնացի զբօսնելու այն անտառը, ուր պատիւ ունեցայ հանդիպելու ձեր գլխաւոր ախոռապետին եւ սեւ ստրուկների գլխաւորին։ Ես ինձ համար կամաց֊կամաց ման էի գալիս եւ ոչ մի բանի մասին չէի մտածում։ Յանկարծ արմաւենիների տակ, մանր աւազի վրայ, նկատեցի մի ինչ֊որ կենդանու հետքեր։ Որովհետեւ բոլոր կենդանիների հետքերը ես լաւ ճանաչում եմ՝ ուստի ինձ համար դժուար չէր ճանաչել եւ փոքրիկ շան ոտների տեղերը։ Շան ոտների հետքերի մէջ տեղում, անհաւասար գետնի երեսին գծուած էին երկար ու բարակ գծեր։— «Շունը էգ է, ասացի ես ինքս ինձ, եւ շատ ժամանակ չէ, որ ձագեր է բերել․ սրանք նրա ծծերի հետքերն են»։ Առաջին թաթերի մօտ աւազը կարծես թէ ցրուած էր։— «Ահա՛ գեղեցիկ, երկար ականջներ», մտածեցի ես։ Եւ որովհետեւ մի քանի տեղերում աւազը աւելի շատ էր ցրիւ եկել, ուստի ես եզրակացրի, որ շան պոչն էլ երկար ու բրդոտ պէտք է լինի։ Բացի դրանից ես կարողացայ նկատել, որ մի ոտի հետքերը այնքան խոր չէին, ինչպէս միւս ոտներինը։ Ցաւելով ես պէտք է դրանից եզրակացնէի, որ իմ ամենողորմած թագուհու շունը, եթէ թոյլ կտաք ինձ ասելու՝ մի փոքր կաղում է։
Իսկ ինչ վերաբերում է քո ձիուն, տէ՛ր, շարունակեց իւր խօսքը հրէան, ես նրան նոյնպէս չեմ տեսել։ Սակայն երբ անցնում էի թփերի միջի ճանապարհով՝ ձիու հետքեր տեսայ։ Երբ նկատեցի, որ նոր սմբակի տեղերը փոքր են եւ խոր՝ իսկոյն եզրակացրի, որ ձին պատկանում է պնդագլուխ ազնիւ ցեղին։ Չէ՞ որ դեռ չորս ամիս էլ չէ անցել այն օրից, ինչ իմ ամենողորմած սուլթանը ցանկացաւ այդ ցեղին պատկանող մի զոյգ նժոյգ ծախել մի ֆրանսիացի իշխանի, եւ իմ եղբայր Իւսվինը այդ վաճառման ժամանակ ներկայ էր։ Երբ ես ուշադրութիւն դարձրի, թէ ի՛նչպէս այդ հետքերը միմեանցից հեռու եւ անհաւասար են՝ ակամայ մտածեցի․ «ո՜հ, ի՜նչ հիանալի ձի է․ միայն իմ թագաւորը կարող է մի այսպիսի հրաշալի կենդանի ունենալ», եւ ես յիշեցի պատերազմական ձին, որի մասին Յովբի գրքում այսպէս է ասուած․ «նա ուրախանալով իւր ոյժի վրայ՝ հողը փորում է սմբակներով եւ համարձակ գնում է դէպի թշնամին, որ կապկապուած է շղթայով․ նա չնայելով իւր զրահի ձայներին եւ չորս կողմում փայլող սուր ու սուսերներին՝ չէ փախչում եւ չգիտէ, ի՛նչ բան է երկիւղը»։ Այդ միջոցին ես կռացայ, որովհետեւ գետնին ինչ֊որ մի բան էր փայլում։ Տեսնում եմ՝ մի կտոր մարմարիոն, որի վերայ փախչող ձիու պայտը գիծ էր թողել․— «նշանակում է, պայտը արծաթից է եւ լաւ յարգի», մտածեցի ես։ Ասացէ՛ք, ո՞վ կարող է ճանաչել մետաղների թողած գծերը՝ եթէ ոչ ես։ Ծառուղին, ուր ես զբօսնում էի՝ եօթ ոտնաչափ լայնութիւն ունէր․ մինչդեռ ես նկատեցի, որ երկու կողմի արմաւենիների բների վրայից փոշին սրբուած է։ «Այս նա պոչովն է սրբել, մտածեցի ես․ նշանակում է՝ պոչը երկար է եւ ո՛չ պակաս երեք ու կէս ոտնաչափից»։ Մի քանի ծառերի տակ, որոնց կատարները գետնից 5 ոտնաչափ բարձր էին՝ ես տեսայ թարմ տերեւներ վայր ընկած․ դրանից եզրակացրի, որ ձիու հասակը հաւասար է հինգ ոտնաչափի՝ քանի որ փախչելու ժամանակ կարողացել է դիպչել տերեւներին։ Ապա տեսնում եմ նոյն ծառերի տակին ոսկեփայլ մազեր վայր ընկած․ այդ նշան էր, թէ ձին դեղին գոյնի է․ վերջապէս երբ ես դուրս եկայ թփերի միջից՝ դիմացի ժայռի վրայ իմ աչքին ընկաւ մի փայլուն գիծ։ Եւ յիրաւի, երբ ես մօտեցայ՝ տեսնում եմ ժայռի կուրծքին փորձաքար, որի վրայ ձիու ոսկէ երասանակը թողել էր այդ գիծը․ գիծը այնչափ բարակ էր, որ միայն ոսկին կարող էր գծել։ Եւ ո՞ւմ կարող է պատկանել ոսկէ երասանակով ձին, եթէ ո՛չ քեզ, թագաւորների թագաւոր։ Չէ՞ որ բոլորին յայտնի է քո հարստութիւնն եւ շքեղ կեանքը։ Ո՞վ չգիտէ, որ մինչեւ անգամ քո ձիերից ամենից վատը բերանին ոսկէ սանձ ունի։ Ահա բոլորը, ի՛նչ որ ես գիտեմ, խօսքը վերջացրեց հրէան։
— Երդւում եմ Մէկկայի եւ Մէդինէի սրբութիւններով, գոչեց Մուլէյ֊Իզմայիլը, որ քո աչքերը, հրէա՛յ, զարմանալի աչքեր են։ Մի այդպիսի աչքեր կարող էին քեզ էլ պէտք գալ, աւագ֊որսորդապետ․ նրանք կփոխարինէին որսորդական շների մի ամբողջ խումբ։ Դու եւս, ոստիկանապետ, այդպիսի աչքեր ունենալով՝ կարող էիր աւելի տեսնել, քան թէ տեսնում ես քո բոլոր օգնականների եւ լրտեսների միջոցով։ Իսկ այժմ, անհաւա՛տ հրէայ, քո անսովոր նրբամիտ խելքի համար, մենք մտադիր ենք ցոյց տալ քեզ մեր ողորմածութիւնը։ Ճիպոտի յիսուն հարուածները, որ դու արդէն լրիւ ստացել ես՝ կհաշուենք յիսուն ոսկի․ ուրեմն դու պէտք է վճարես մեզ յիսուն ոսկի։ Հանիր ոսկիդ եւ այսուհետեւ էլ չհամարձակուիս ծաղրել մեր թագաւորական սեփականութիւնները, ապա թէ ոչ՝ ընդ միշտ կզրկուիս մեր ողորմածութիւնից։
Բոլոր պալատականները մնացել էին զարմացած Աբնէրի սուր մտքի վրայ։ Բայց սա չէր կարող նրան մխիթարել, քանի որ բաւական չէր, ինչ այնքան ծեծ կերաւ․ դեռ յիսուն ոսկի էլ պէտք է կորցնէր։ Ի լրումն ամենի, մինչ դեռ Աբնէրը տնքտնքալով ոսկիները համարում էր՝ սուլթանի ծաղրածուն բարկացնում էր նրան եւ ծաղրելով հարցնում, թէ նրա ոսկիներն էլ կարո՞ղ են քարի վրայ այնչափ բարակ գծեր թողնել՝ ինչպիսին թողեց իշխան Աբդուլլահի դեղին ձիու երասանակը։
— Այսօր քո իմաստութիւնը երեւաց իւր բոլոր փայլով— ասում էր ծաղրածուն։ Բայց ես պատրաստ եմ գրազ գալ, որ քեզ համար աւելի լաւ կլինէր՝ եթէ դու բոլորովին լռէիր։ Խօսքը թէեւ ճնճղուկ չէ, բայց կթռչի, եւ այլ եւս չես կարող բռնել, ասում է առածը։ Այո՛, սիրելի Աբնէր, չես կարող բռնել, մինչեւ անգամ որսի շնով, եւ մինչեւ անգամ չէ կարող ես բռնել եւ այն շունը, որ չէ կաղում։
Շատ ժամանակ չէր անցել Աբնէրին պատահած այս ցաւալի դէպքից յետոյ՝ երբ մի անգամ նա դարձեալ զբօսնում էր քաղաքից դուրս, սակայն այս անգամ նրա զբօսատեղին Ատլաս լեռների մի կանաչազարդ հովիտն էր։ Յանկարծ նորան, ինչպէս անցեալ անգամ՝ մօտեցան մի խումբ զինուորուած մարդիկ, եւ նրանց մեծը գոռաց Աբնէրին։
— Է՛յ դու, սիրելիս, հօ՛ չե՞ս տեսել նեգր Հօրոին, սուլթանի ամենալաւ հրացանաձիգին։ Նա փախել է, եւ հաւանական է, որ ընտրած լինի դէպի լեռները տանող այս ճանապարհը։
— Ո՛չ, չեմ տեսել, ձերդ գերազանցութիւն, պատասխանեց Աբնէրը։
— Էհէ՜, դու չէ՞իր այն խորամանկ հրէան, որը ո՛չ ձին էիր տեսել եւ ոչ շունը։ Դէ՛, ասա, շուտով։ Նա երեւի քո մօտից փախաւ․ դու չե՞ս զգում օդում նրա քրտնքի հոտը, չե՞ս տեսնում բարձր խոտի մէջ նրա արագընթաց ոտների հետքերը։ Ասա՛․ ինչ որ էլ լինի՝ այդ ստրուկը պէտք է գտնուի։ Ոչ ոք այնպէս լաւ չէ կարողանում ճնճղուկներ զարնել, ինչպէս նա․ իսկ սա նորին մեծութեան սիրելի զբաղմունքն է․ դէ՛, ասա՛, ապա թէ ոչ կհրամայեմ ձեռքդ եւ ոտքդ կապոտել։
— Ի՞նչպէս կարող եմ ասել տեսել եմ՝ երբ չեմ տեսել, պատասխանեց հրէան։
— Է՛յ, անհաւատ, վերջին անգամն եմ ասում քեզ, պատասխանի՛ր․ ո՞ւր անյայտացաւ փախստականը։ Կամ գուցէ դու մոռացե՞լ ես պալատում կերածդ ծեծը եւ տուած տուգանքդ։
— Դէ՛, եթէ դուք անպատճառ կամենում էք, որ ես տեսած լինիմ ձեր հրացանաձիգին՝ վազեցէք ա՛յ այնտեղ․ իսկ եթէ այնտեղ չի լինի՝ ուրեմն ուրիշ տեղ պէտք է գնալ։
— Ուրեմն դու տեսե՞լ ես նրան,— աղաղակեց խմբի վերակացուն։
— Այո՛, պ․ զինուորական, եթէ դուք այդպէս էք կամենում։
Զինուորները շարունակեցին որոնել ցոյց տուած ուղղութեամբ․ իսկ Աբնէրը տուն գնաց եւ շատ բաւական էր իւր խորամանկութիւնից։ Բայց մի օր էլ չէր անցել այս դէպքից յետոյ՝ յանկարծ նրա տունը թափուեցին պալատի պահապանները, պղծեցին նրան, որովհետեւ օրը շաբաթ էր, եւ Աբնէրին նորից քաշ տուին Մարօկկօյի սուլթանի մօտ։
— Ա՛խ դու, շո՛ւն, զայրացած գոռաց նրա վրայ սուլթանը։ Դու համարձակւում ես խաբե՞լ իմ ծառաներին, դու նրանց ուղարկում ես լեռները, մինչդեռ փախստականը դէպի ծովն էր վազել եւ քիչ էր մնացել, որ սպանիական նաւ նստի։ Զինուորնե՛ր, դուրս տարէք սրան, հարիւր անգամ խփեցէք ոտներին եւ հարիւր ոսկի էլ տուգանք առէք։ Որքան ոտները կուռչին հարուածներից՝ այնքան քսակը կուչ կգայ կորցրած ոսկիներից։
Ինչպէս յայտնի է՝ Ֆէց եւ Մարօկկօ թագաւորութեան մէջ պատիժը երկար չէ տեւում․ բաւական չէ որ հրէայ Աբնէրին ծեծեցին․ դեռ վզին հարկ էլ դրին, առանց իմանալու, թէ կարող է վճարել։ Իսկ նա անիծում էր իւր չարաբախտ վիճակը, որի շնորհիւ ամեն անգամ որ նորին մեծութիւնը մի բան էր կորցնում՝ պէտք է վճարէր իւր ոտներին տուած հարուածներով եւ քսակի ոսկիներով։
Երբ նա ախ ու վախ քաշելով եւ կաղալով հեռանում էր պալատից, եւ նրա յետեւից լսւում էր պալատականների կոպիտ ծիծաղը՝ սուլթանի ծաղրածուն գոռում էր․
— Գոհ մնա, Աբնէր, ապերախտ Աբնէր։ Մի՞թէ քեզ համար պատիւ չէ, որ մեր ամենողորմած թագաւորի— Աստուծ կեանք տայ նորան— ամեն մի կորցրած բանը քեզ համար էլ բաւական զգալի է լինում։ Սակայն եթէ դու ինձ լաւ վարձատրութիւն խոստանաս՝ ես ամեն անգամ, հէնց որ արեւմուտքի պետը մի բան կորցնէ՝ մի ժամ առաջ կգամ քո խանութը եւ քեզ կասեմ, որ տանը նստիս, եւ դու կիմանաս, թէ ինչո՛ւ համար։ Մինչեւ արգեակի մայր մտնելը կփակուիս սենեակում եւ կպահպանես ոտներդ ու ոսկիներդ։
Ահա՛ այս է այն հրէայ Աբնէրի պատմութիւնը, որ ոչինչ չէր տեսել։

Թարգմանությունը՝ Շ. Տ.-ն

Վիլհելմ Հաուֆ | Հրեա Աբները, որ ոչինչ չէր տեսել Վիլհելմ Հաուֆ | Հրեա Աբները, որ ոչինչ չէր տեսել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 28, 2020 Rating: 5
Технологии Blogger.