Էսքիլոս | Պրոմեթևսը շղթայված | համառոտ



Պրոմեթևսին՝ Զևսի հորեղբորորդուն, գամում են ժայռին, հեռավոր Սկյութիայում, այն բանի համար, որ սա փորձում է պաշտպանել մարդկանց հակառակ Զևսի կամքի, ով  գրավելով աշխարհը՝ դատապարտել է նրանց գազանային գոյության: Իշխանությունն ու Բռնությունն են ուղեկցում նրան: Շղթաները պատրաստել է Հեփեստոսը: Պրոմեթևսը հպարտ ու անհողդողդ է և իրեն շղթայելիս չի տրտնջումՄիայն դահիճների հեռանալուց հետո գանգատվում է Արեգակին, Ծովին և Երկրին Զևսի անարդարությունից: «Բռնությամբ Զևսը չի կարողանա կորզել ինձնից իրեն այդքան հետաքրքրող գաղտնիքը, միայն քնքշությամբ»:
Նրան նախ այցելում են Օվկիանոսի դստրերը՝ օվկիանուհիները, որոնք խորը կարեկցանք են արտահայտում, իսկ հետո ինքը Օվկիանոսը: Վերջինս առաջարկում է նրան հաշտվել Զևսի հետ: Պրոմեթևսը հպարտորեն հրաժարվում է: Օվկիանուհիները երգում են տխուր երգ, որի մեջ հիշատակում են Պրոմեթևսի եղբորը՝ Ատլասին, ով տառապում է աշխարհի մյուս ծայրում՝ ուսերի վրա կրելով երկնակամարի ծանրությունը: Դրան հետևում է Պրոմեթևսի երկար մենախոսությունը, որի ընթացքում նա  թվարկում է ի շահ մարդկանց գործած բարիքները: Երգչախումբը հարցնում է Պրոմեթևսին. «Ինչո՞ւ չփրկեցիր ինքդ քեզ, եթե տեսնում ես գալիքը»: «Ճակատագիր է: Ճակատագիրը բարձր է ամեն բանից: Նաև Զևսից»: «Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասում Զևսին»,- հարցնում է երգչախումբը: «Մի հարցրու: Դա իմ մեծ գաղտնիքն է»:
Նրա մոտ է գալիս Իոն՝ Զևսի սիրեցյալը, ում Զևսը խանդոտ Հերայից պաշտպանելու համար վերածել է բոռի սուր խայթոցներից տառապող կովի: Խենթացած Իոն վազում է անհայտ ուղղությամբ, բախվում է Պրոմեթևսի ժայռին և իմանում է նրանից իր ապագան, ինչպես նաև այն, որ իր սերնդից ծնվելիք հերոսը՝ Հերակլեսը մի օր փրկելու է նաև Պրոմեթևսին: Հենց Իոյին է Պրոմեթևսը հայտնում, որ Զևսը մի օր կկործանի ինքն իրեն: Պատճառը կլինի անմիտ ամուսնությունը:
Վերջին տեսարանում Պրոմեթևսին այցելում է Հերմեսը և սպառնալով Զևսի նոր պատիժներով պահանջում, որ իմաստուն գուշակը հայտնի Զևսին հետաքրքրող գաղտնիքը: Զևսը գիտեր գաղտնիքի գոյության մասին, սակայն բուն բովանդակությունը նրան անհայտ էր: Պրոմեթևսը մերժում է նաև այս հորդորը և նախատում Հերմեսին: Հետևում է Զևսի նոր պատիժը: Բարձրանում է հողմ, երկրաշարժ ու փոթորիկ և Պրոմեթևսը իր ժայռի հետ միասին գահավիժում է ստորերկրյա աշխարհ: «Օ, Երկինք, մայր Երկիր, տեսեք, անմեղորեն եմ կրում այս տառապանքը»,- ասում է նա
Էսքիլոս | Պրոմեթևսը շղթայված | համառոտ Էսքիլոս | Պրոմեթևսը շղթայված | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:28:00 Rating: 5
Технологии Blogger.