Սոփոկլես | Էդիպուս արքա | համառոտ


Թեբեի հրապարակում հավաքված ժողովրդի առաջ դուրս է գալիս Էդիպուս արքան: Ժողովուրդը հուսահատված է. ահեղ համաճարակը ոչնչացնում է թեբեացիներին: Բոլորը հույսով նայում են Էդիպուսին, որ մի ժամանակ փրկել էր Թեբեն Սփինքսից:
Էդիպուսն արհավիրքին անտեղյակ չէ. նա արդեն իր կնոջ եղբորը՝ Կրեոնին ուղարկել է Դելփիք՝ Ապոլլոնից փրկության միջոց հարցնելուԿրեոնը բերում է Ապոլլոնի պատասխանը. համաճարակը կդադարի այն ժամանակ, երբ Թեբեից կարտաքսվի նախկին թագավոր Լայոսին սպանողը: Ժողովրդի առաջ Էդիպուսը հրաման է արձակում. թող մեղսագործը խոստովանի իր հանցանքը: Նրան չեն վնասի. թող միայն հեռանա Թեբեից: Իսկ եթե որևէ մեկը հանցագործի անունն իմանալով թաքցնի այն, խստորեն կպատժվի:
Կանչում են գուշակ Տիրեսիասին, ով ամեն բան գիտե: Ծերունին նախ փորձում է խուսափել պատասխանից, բայց ի վերջո ստիպված է գաղտնիքը հայտնել. Լայոսին սպանողը հենց ինքը՝ Էդիպուսն է
Արքան ցնցված է: Նա կասկածում է, որ Կրեոնն իր դեմ դավադրություն է կազմակերպել, և Տիրեսիասը նրանից կաշառված է: Իր մոտ է կանչում Կրեոնին ու սպառնում մահապատժով:
Ամուսնու և եղբոր վեճի ժամանակ պալատից դուրս է գալիս թագուհի Իոկաստեն: Վերջինս համոզում է Էդիպուսին զուր չմեղադրել Կրեոնին և փորձում է հանգստացնել արքային. չէ՞ որ գուշակությունները սուտ են լինում: Իր նախկին ամուսնուն՝ Լայոսին գուշակել էին, որ նա կսպանվի որդու ձեռքով: Մինչդեռ նրան, երեք ուղիների ճամփաբաժանի մոտ սպանել էին ավազակները: Իսկ իրենց նորածին որդուն, գուշակությունից վախենալով՝ կործանել էին Լայոսն ու Իոկաստեն: Արքան կասկածում է. նա Իոկաստեի ասած տեղում սպանել էր մի ծերունու ու նրա հինգ ուղեկիցներից չորսինԵղելության վրա վերջնականապես լույս սփռել կարող է միայն վերջին ուղեկիցը՝ Լայոսի տարեց ծառան, որը, Էդիպուսի արքա դառնալու օրվանից, հեռացել էր սարերը և հովվություն էր անում: Մարդ է ուղարկում՝ կանչելու նրան:
Հանկարծ Կորնթոսից գալիս է սուրհանդակ. մահացել է արքա Պոլիբոսը (որի խնամքի տակ մեծացել էր Էդիպուսը և որին իր հայրն էր համարում), կորնթացիներն ուզում են նրա փոխարեն նոր արքա դարձնել Էդիպուսին: Բարի նպատակով եկած սուրհանդակը միայն չարիք է բերում: Պարզվում է, որ Էդիպուսը Պոլիբոսի հարազատ զավակը չէ. երբ սուրհանդակը հովվություն էր անում Կիթերոնի լանջերին, նորածին Էդիպուսին նրան էր հանձնել Լայոսի հովիվը, որին հրամայված էր անօգնական մանկանը թողնել Կիթերոնի անտառներում: Այդ նորությունը ցնցում է Իոկաստեին. նրան ամեն ինչ հասկանալի է: Չարագուշակ տրամադրությամբ թագուհին հեռանում է պալատ:
Էդիպուսը սպասում է վերջին վկային, որը և շուտով գալիս է: Դա հենց այն հովիվն է, որը գթացել էր Էդիպուսին և հանձնել կորնթացուն: Արքայի սպառնալիքների տակ նա հայտնում է ողջ ճշմարտությունը: Եղելությունը բացահայտվում է. Էդիպուսը սպանել է իր հորը և ամուսնացել մոր հետ… Վերջին տեսարանը. պալատից ելնում է Էդիպուսի ծառան, հայտնում է զարհուրելի գույժը. ինքնասպան է եղել Իոկաստեն, իսկ արքան իր ձեռքով կուրացրել է իրեն: Քիչ անց դուրս է գալիս կույր Էդիպուսը: Երգչախմբի ձայնակցությամբ նա ողբում է իր ճակատագիրը, ապա ինքն իրեն դատապարտում արտաքսման: Ցուպը ձեռքին նա պետք է հեռանա այն քաղաքից, որտեղ տարիներ շարունակ իշխել էր՝ որպես երջանիկ տիրակալ

Տես նաև Անտիգոնե


Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ

Սոփոկլես | Էդիպուս արքա | համառոտ Սոփոկլես | Էդիպուս արքա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:12:00 Rating: 5
Технологии Blogger.