.jpg)
Փոքրիկ Շվեյցարական քաղաք: Կրթված
և զգայուն տարատոհմիկ Սեն-Պրեն
սիրահարված է իր աշակերտուհուն՝ Յուլյային` բարոն դ’Էտանժի
դստերը: Նա լավ գիտի, որ
բարոնը չի ամուսնացնի դստերը ոչ ազնվական դասի մարդու հետ:
Յուլյան նույնպես սիրում է երիտասարդին: Սակայն դաստիարակությունը թույլ չի տալիս նրան մտածել արտամուսնական սիրո մասին, իսկ
ամուսնությունը՝
առանց ծնողների օրհնության անհնար է: Այդուհանդերձ, նրանք շարունակում են նամակներ փոխանակել, իսկ Յուլյայի ազգականուհու՝ Կլարայի միջնորդությամբ հնարավոր դարձող հանդիպումներից մեկի ժամանակ Սեն-Պրեն
անգամ համբուրում է իր սիրելիին:
Յուլյան իմանում է, որ
հայրը մտադիր է ամուսնացնել իրեն իր հին ընկերոջ՝ պարոն դը Վոլմարի հետ: Հուսահատ
կանչում է Սեն-Պրեին, որը խնդրում է փախչել իր հետ: Աղջիկը
չի կարող ցավ պատճառել մորը և հորը: Կրքի
մեջ նա տրվում է Սեն-Պրեին, ինչի համար ուժեղ զղջում է: Կլարան
ավելի ուշ հանգստացնում է նրան՝ ասելով, որ
զոհաբերությունը
դրված է անբասիր զգացմունքի բագինին:
Սեն-Պրեն
տառապում է Յուլյայի հոգեխռովքից: Նրան վիրավորում է սիրելիի ափսոսանքը: Ի վերջո, սակայն, աղջիկը խոստովանում է, որ
սերն է կյանքի անկյունաքարային ճշմարտությունը, և Սեն-Պրեն
կարողանում է գիշերային ժամադրություն նշանակել նրան:
Հանդիպումները դառնում են պարբերական: Սեն-Պրեն երջանիկ է:
Հասարակության մեջ Յուլյան դուր է գալիս բազում տղամարդկանց,
մասնավորապես՝ նշանավոր անգլիացի ճանապարհորդ Էդուարդ Բոմսթոնին: Մի անգամ բարձրաշխարհիկ
հավաքույթի ժամանակ գինուց ոգևորված Բոմսթոնը բարձրաձայն սկսում է գովաբանել Յուլյայի
արժանիքները, ինչը ավարտվում է նրանով, որ Սեն-Պրեն նրան մենամարտի է կանչում:
Կլարային սիրահարված պարոն դ'Օրբը պատմում է դա իր սիրելիին,
իսկ սա՝ Յուլյային: Աղջիկն աղաչում է Սեն-Պրեին հրաժարվել մենամարտից: Նաև նամակ է
գրում անգլիացուն և նրան էլ խնդրում նույնը:
Ազնիվ սըր Էդուարդը հրապարակավ ներողություն է խնդրում է
Սեն-Պրեից: Նրանք դառնում են ընկերներ: Անգլիացին կարեկցանքով է վերաբերում սիրահարների
տվայտանքներին: Անգամ մի օր փորձում է համոզել Յուլյայի հորը, որ ամուսնությունը անհայտ,
բայց տաղանդավոր ու արժանի Սեն-Պրեի հետ չի նսեմացնի բարոնի արժանապատվությունը: Սակայն
բարոնն այդպես չի կարծում և արգելում է Յուլյային հանդիպել Սեն-Պրեյի հետ: Բոմսթոնը
ճանապարհորդության է տանում ընկերոջը՝ վերջինիս վիշտը ցրելու և սկանդալից խուսափելու համար:
Յուլյան տառապում է: Նախանձում է Կլարային, որի հայրը դեմ
չէ նրա ամուսնությանը պարոն դ'Օրբի հետ: Թողնելով անգլիացուն՝ Սեն-Պրեն հեռանում է
Փարիզ, որտեղից նամակներ է գրում սիրելիին Փարիզի բարքերի մասին: Վայելքների համատարած
ֆետիշացման ալիքին տրվելով՝ դավաճանում է Յուլյային, որից հետո զղջման նամակ է գրում
նրան: Յուլյան ներում է նրան, բայց զգուշացնում է, որ մեղքի ասպարեզ հեշտ է մտնել,
սակայն դժվար է դուրս գալ:
Յուլյայի մայրը հայտնաբերում է դստեր սիրային նամակները:
Մայրն անձամբ դեմ չէ Սեն-Պրեին, սակայն իմանալով, որ հայրը երբեք չի տա իր համաձայնությունը
և սարսափելիորեն զղջալով, որ չի կարողացել պաշտպանել դստերը, վշտից մահանում է: Մոր
մահվան մեջ իրեն մեղավոր զգացող Յուլյան համաձայնում է ամուսնանալ Վոլմարի հետ:
Խոհեմ Կլարան խորհուրդ է տալիս Սեն-Պրեին այլևս չգրել Յուլյային:
Ավելին, ասում է, որ այդ ամուսնությամբ Յուլյան փրկել է ինքն իրեն խայտառակությունից
և երիտասարդին՝ զղջումից:
Յուլյան վերադառնում է առաքինության աշխարհ: Նա տեսնում է
մեղքի ողջ գարշելիությունը և փառաբանում է հորը, որն ամուսնացրել է իրեն արժանի, ազնիվ
և բարոյական մարդու հետ:
Վոլմարը հիսուն տարեկան է: Չափված կյանքի շնորհիվ նա երիտասարդ
տեսք ունի: Նրա սերը Յուլյայի հանդեպ բանական է: Սեն-Պրեն հեռանում է օտար երկրներ
և մի քանի տարի նրանից ոչ մի լուր չկա: Վերադառնալով՝ նա գրում է Կլարային, որ ուզում
է տեսնել նրան և, իհարկե, Յուլյային:
Հանդիպումը կայանում է գյուղակում, որտեղ հիմա ապրում
է Յուլյան: Յուլյան առաքինի ու պարկեշտ կին է և մայր: Սեն-Պրեին է ներկայացնում իր
երկու զավակներին: Վոլմարը նույնպես ընդունում է Սեն-Պրեին և հասկացնում, որ դեմ չէ,
եթե Սեն-Պրեն և իր կինը լինեն ընկերներ: Միայն ընկերներ: Սեն-Պրեն սկսում է ճանաչել
անմեղ ընկերական հարաբերությունների վայելքը:
Որքան ավելի է ապրում Վոլմարների տանը, այնքան ավելի է հարգանքով
լցվում նրանց հանդեպ: Կլարան, որը մի քանի տարի առաջ կորցրել է ամուսնուն, նույնպես
ապրում է Վոլմարների տանը: Դաստիարակում է Յուլյայի դստերը: Պարոն դը Վոլմարն առաջարկում
է Սեն-Պրեին զբաղվել իր որդիների դաստիարակությամբ, քանզի տղաներին պիտի դաստիարակի
տղամարդը: Նախքան իր պարտականություններին անցնելը Սեն-Պրեն մեկնում է Իտալիա սըր Բոմսթոնի
մոտ: Սա սիրահարվել է նախկին կուրտիզանուհու և որոշել է ամուսնանալ նրա հետ: Սեն-Պրեն,
որը հիմա բարոյական խիստ արժեքների կողմնակից է, անգլիացուց գաղտնի համոզում է նրա
ընտրյալին գնալ մենաստան և թողնել իր ընկերոջը:
Վոլմարը գոհ է Սեն-Պրեի արարքից, իսկ Յուլյան անգամ հպարտ
է նրանով:
Բոլոր հերոսներին սպասում է խաղաղ կյանք: Կրքերը մերժված
են. կանչում են իրենց մոտ նաև Բոմսթոնին: Սակայն ճակատագրի ուղիներն անիմանալի են:
Յուլյայի ավագ որդին ընկնում է գետը և սկսում է խեղդվել: Յուլյան նետվում է գետը նրան
փրկելու, իսկ հետո հիվանդանում է և մեռնում: Մահանալուց առաջ նամակ է գրում Սեն-Պրեին,
որ մահը Երկնքի նվերն էր իրեն, քանզի եթե նա չմահանար, ով գիտե, թե ինչպես կպահեին
իրենք իրենց մի կտուրի տակ: Բոլոր սկզբունքները և ինքնատիրապետումները անարդյունք են
սրտի համար: Նա տարիներ շարունակ ապրել է բարեպաշտ, սակայն ինպե՞ս ապրել հիմա: Կյանքի
գնով նա իրավունք է ստանում սիրել Սեն-Պրեին հավետ ու առանց մեղքի: Նրա վերջին բառերն
են. «Ես սիրում եմ քեզ»:
Տես նաև Ռուսո Հասարակական դաշինք
Ռուսո | Յուլյա կամ նոր Էլոիզ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 08, 2015
Rating:
.jpg)