
Հաճի Տյուրիկը՝ սպասուհիների
միջնորդուհին, 15 օր փնտրելուց հետո միայն կարողանում է գտնել կեսարացի Ղազար
էֆենտիի կնոջ՝ Սուրբիկ հանըմի, Քատըգյուղի ամենահարուստ տիկիններից մեկի ուզած սպասուհուն:
Հաճին ինքն էլ ժամանակին եղել է սպասուհի, ստնտու, լվացարար:
Ծառայության բոլոր աստիճաններով
անցել է Պոլսի բոլոր տներում և այժմ հասել է անկախության: Մինչև Երուսաղեմ գնալը և
հաճի դառնալը որպես իսկական աղախին աղաներից մինչև սպասավոր մոտիկից ճանաչել է: Տիկինների
տանը չեղած ժամանակ նրան սեղմոտել են պարոնները, և նա շատ բան է տեսել և լսել՝ ականջ դնելով
դռան անցքերի մոտ: Երուսաղեմ գնացել է ուխտի կամ էլ մեղքերի թողություն ուզելու: Վերադառնալով
սպասավորությունը թողնում է, իրեն անկախ գործ գտնում. ծանոթ տների համար կին ծառաներ
է գտնում: Ահա Սուրբիկ հանըմն էլ նրան լուր է տալիս, որ իր հին օրերի աղախին Մարիամին
օգնող մեկին գտնի և թվարկում հատկությունները, որ կպահանջվեն նոր աղախինից: Պիտի շտկի
իր որդու՝ Օննիկի սենյակը, մաքրի զգեստները: Զգուշացնում է, որ աղջիկ աղախին չի ուզի
և վախենալով, որ Օննիկին սենյակի մասին խոսելով իր դիտավորությունը չափազանց անմիջականորեն
է արտահայտել, ավելացնում է, որ աչքը բաց մեկին չի ուզում: Բայց Հաճի Տյուրիկը Սուրբիկ հանըմի ուզած
աղախնից, որը միամիտ կլիներ, չէր գտնում: Գնում է գյուղ տեղեր և վերջապես գտնում
18 տարեկան աղախին: Տիգրանուհին՝ աղախինը, կորցրել էր հորը և մորը և ամուսնացել: Գյուղում
շատ տղաներ էին ընկած իր ետևից: Հիմա տիրուհու պատվերով ճերմակ մաքուր գոգնոց է կապում:
Իրիկունները աշխատանքն ավարտելուց հետո գնում է իր փոքրիկ սենյակը, նստում պատուհանի
մոտ և նայում շոգենավերին: Տանը վարժվում է, իսկ իր աշխատավարձը գյուղ է ուղարկում,
ամուսնուն: Միայն երբեմն վտանգի խուլ անհանգստություն է ունենում: Պոլսի մարդիկ, իրենց
քաղաքավարի վարքին հակառակ այնպես են նայում կնոջը, որ համբույրի պես դիպչում է նրա
երեսին և նոր հարսի իր ամաչկոտությունը վիրավորում: Ղազար աղայի տղան մարմնեղ ու տարփասեր
երիտասարդ է, հոր պես իր բոլոր իղձերը թաքուն պահելու սովոր: Շուտով սկսում է կատակներ
անել Տիգրանուհու հետ, փորձելով նրան, որպես թե անզգուշությամբ: Նրա մարմնին է դիպչում,
ձեռքը բռնում: Տիգրանուհին հասկանում է նրա միտքը և ետ քաշվում, առանց խուճապի, այն
վախկոտների պես, որոնք ծանր-ծանր քայլերով կնահանջեն, շինծու քաջությամբ և անփութությամբ:
Ի վերջո երիտասարդը բացեիբաց ներկայացնում է իր պահանջը: Տիգրանուհին ամեն բան պատմում
է հանըմին: Սուրբիկ հանըմը զարմանում է, չի հավատում: Հետո ասում է, որ երեկոյան կխոսի
որդու հետ: Հետո Տիգրանուհին ավելի մեծ աշխատավարձ է ստանում՝ հասկանալով, որ սա միայն
իր աշխատանքի դիմաց չէ: Հետապնդումները արդեն ոչ միայն դող, բայց նաև հաճույք են արթնացնում
նրա մեջ: Մի գիշեր էլ Տիգրանուհին իր սենյակի
մեջ գտնում է իր երիտասարդ էֆենտուն: Ուզում է գոռալ, բայց վախենում է:
Երկու տարի տևում է այս կյանքը:
Տիրուհին և էֆենտու որդին գոհ էին նրանից: Բայց մի օր Տիգրանուհին հիվանդանում է: Հղի
է: Երիտասարդ էֆենտին իր մոտ էլ չի գալիս և երեսին չի նայում: Սուրբիկ հանըմը նրան
կոչում է «փոստալ» և մեղադրում, որ իր տունը քանդել է: Կանչել է տալիս Հաճի Տյուրիկին,
որ «այդ շունը» առնի տանի: Հաճին խորամանկ է և հասկանում է, որ Սուրբիկ հանըմը չի ցանկանա,
որ իր որդու պատմությունը տարածվի և որոշում է օգուտ քաղել դրանից: Սուրբիկ հանըմից
քսան ոսկի է կորզում իբրև թե Մարգարիտի համար, որ սա հիվանդ ամուսնուն ուղարկի և իր
ծախսերը հոգա: Գյուղում գայթակղության պատմությունը չեն իմանում: Լուր է տարածվում,
թե Տիգրանուհին ծառաներից մեկին խելքահան է արել և դրա համար վռնդվել: Սուրբիկ հանըմի
համբավը չի պակասում, անգամ ավելանում է: Ղազար աղայի հետ գործ ուեցողներն էլ նույն
կարծիքին են:
4 տարի անց նովելի հեղինակը
իմանում է այս պատմությունը իր բարեկամի տանը, ուր Տիգրանուհին սպասուհի է աշխատում:
Հղիության վերջին ամիսները Հաճի Տյուրիկի տան էր մնացել, մինչ գյուղում նրա ամուսինը
մեռնում էր թոքախտից: Մեծ ցավ չի զգում Տիգրանուհին չճանաչաց ամուսնու մահից: Ինքը
աշխատում է, երեխային էլ թողնում է օտար կնոջ մոտ, և մի օր էլ իմանում է սրա հիվանդ
լինելու մասին: Հասնում է երեխայի վերջին շնչին: Սրանից հետո իր աշխատած ամսեվարձը
երեխային գերեզման պատվիրելու և շինելու վրա է ծախսում:
Գրիգոր Զոհրապ | Փոստալ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 12, 2016
Rating:
