Գաբրիել Սունդուկյան | Պեպո | համառոտ




Գաբրիել Սունդուկյանի կատակերգությունը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների կոնֆլիկտը։ Արդար հերոսներն ունեն բարձր արժանապատվություն և բարոյական բարձր հատկանիշներ։ Գլխավոր հերոսի՝ Պեպոյի կերպարը արդար ժողովրդի մարմնավորում-խտացումն է։ Պեպոյի դրաման հասարակական մի ամբողջ խավի դրաման է։
Պիեսը բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Արարվածներն իրենց հերթին բաժանվում են տեսիլների կամ տեսարանների։ Գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում 1870-ական թվականներին։ Գործող անձերն են հարուստ վաճառական Արութին Զիմզիմովը, նրա կինը՝ Էփեմիան, ձկնորս Պեպոն, Պեպոյի մայրը՝ Շուշանը և քույրը՝ Կեկելը, Զիմզիմովի ծառաները՝ Գիգոլին և Սամսոնը։

Կատակերգության սյուժեն հետևյալն է. Կեկելին նշանել են՝ փեսացուին խոստանալով հարյուր թուման, այսինքն՝ հազար ռուբլի օժիտ։ Պեպոյի հանգուցյալ հայրը ժամանակին այդ գումարը պահ էր տվել Զիմզիմովին, սակայն բարաթը, այսինքն՝ պարտքը հաստատող մուրհակը, կորել էր։ Զիմզիմովն ուրանում է պարտքը, և օժիտը չստանալու պատճառով փեսացուն հրաժարվում է Կեկելից։ Դա մեծ անպատվություն էր Կեկելի և նրա հարազատների համար։
Ընդհարում է տեղի ունենում Պեպոյի և Զիմզիմովի միջև։ Զիմզիմովը զրպարտության մեղադրանքով սպառնում է բանտարկել տալ Պեպոյին։ Սակայն գտնվում է բարաթը, պարզվում է որ այդ բարաթի վրա թել են փաթաթում, երեխան այդ թելով խաղալիս է լինում և հանկարծ գտնում է բարաթը և Զիմզիմովը խայտառակությունից փրկվելու համար փորձում է հաշտվել Պեպոյի հետ՝ խոստանալով պարտքից մի քանի անգամ ավելի փող։ Սակայն Պեպոն չի ուզում հաշտվել. նա գերադասում է գնալ բանտ և դուրս գալուց հետո Զիմզիմովից լուծել բոլոր նրանց վրեժը, ում խաբել ու գռփել է նա։ Պեպոն հասկանում է, որ ինքը մենակ չէ, որ իր նման հարյուրավորներին է կողոպտել Զիմզիմովը։ Նա ամեն գնով ուզում է բացահայտել խաբեբա վաճառականի իսկական դեմքը։ «Մեկն էլ է չի՞մաց անե աշխրքին սրա արարմունքը, մեկն էլ է հարայի չկամենա տա՞, վուր էս մարթը, վուրին դիփունքը գլուխ են տալի, դիփունքը հարգում ին ու պատվում ին, դիփունքը մինձացնում, փառավուրում ու երգինք բարձրացնում… սա է´ն մարթն է, վուրի համա վունչիչ բան սուրփ չկա աշխրքումը»:
«Պեպոյում» Պեպոն… ես եմ,- գրում է Սունդուկյանը,- հասարակ կինտոյի կերպարով: Այս վերջին հանգամանքը մասամբ երևում է նաև «Պեպոյի» հառաջաբանից: Շատ կծու արտահայտություններ, որ Պեպոն ասում է Զիմզիմովին, հնարովի չեն, այլ ասել եմ ես, իմ հակառակորդին, իրականում վկաների ներկայությամբ, մինչև «Պեպոն» գրելը»:
«Հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել՝ Սայաթ-Նովա և Գաբրիել Սունդուկյան»,- գրում է Հովհաննես Թումանյանը:  

Գաբրիել Սունդուկյան | Պեպո | համառոտ Գաբրիել Սունդուկյան | Պեպո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 26, 2015 Rating: 5
Технологии Blogger.