Գրիգոր Զոհրապ | Ճիտին պարտքը | համառոտ


Պատմվածքի հերոսը՝ ծերունի Հուսեփ աղան, միջահասակ, ալեհեր մարդ է: Եղել է վաճառական, ապա՝ խանութպան: Սակայն հիմա այլևս ոչ վաճառական է, ոչ էլ խանութ ունի: Ուրիշների առևտրի միջնորդությամբ է զբացված՝ խանութից խանութ տանելով պասմայի ու ճերմակեղենի մատուցումների ու պահանջումների անհամաձայնելի ու հակառակորդ հավաքածուները: Պարտքերը թույլ չեն տալիս հոգալ հանապազօրյա կարիքները: Նա չի կարողանում ապահովել իր երկու դստրերի ապրուստը։ Ամեն օր ելնում է տանից անհույս՝ ուսին գցելով իր տոկուն պայուսակը: «Սև կաշիե մեծ պայուսակ մըն էր, զոր իրիկուն ձեռքը բռնած կերթար փողոցներեն։ Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշվե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կը տաներ, կամ պտուղը երկու փոքրիկ զավակներու…»։
Պայուսակը միաժամանակ Հուսեփ աղայի հոգսերի ընկերն է, այդ հոգսերի խորհրդանիշը: Այն, ինչպես մի դանայան տակառ, կլանել էր ծերունու երեսուն տարիների հոգնությունը, գործն ու վաստակը: «Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը...»:  
Այդ պայուսակի հատակն իջնող ամեն բան անհետ կորում էր, անվերադարձ չքանում ասես հուշ ու հիշատակի ոչ մի նշույլ չպահող անցյալում: Կարիքն է եղել երեսուն տարիների ընթացքում Հուսեփ աղայի տերն ու տիրակալը։ Տիրակալ, որի հագուրդը նա չի կարողացել բավարարել:
Այժմ ծանր ժամանակ է: Քաղցից տառապող դուստրերը տանը սպասում են իրենց հորը: Սակայն Հուսեփ աղան չունի դրամ, և պայուսակը դատարկ է: Տան ողջ ունեցվածքը վաճառելուց հետո նա գալիս է Պոլիս: Սակայն ոչինչ չի կարողանում գնել, իսկ առանց գնումների չի կարող բռնել տան ճամփան: Նա թափառում է Պոլսի փողոցներով: Կամուրջը հասած, կանգ է առնում: Տասը փարա չունի, որ վճարի կամուրջն անցնելու համար: Նաև նկատում է, որ պայուսակը թողել է ինչ-որ տեղ:

Վերջին տեսարանը ներկայացնում է իրեն ջրում խեղդամահ արած Հուսեփ աղային: Նրա գլխավերևում լուսինն է, որը հիշեցնում է արծաթե մետաղադրամ, իսկ կողքին է պայուսակը, որն այլևս դատարկ չէ, քանի որ ինքնասպանը լցրել է այն ծանր քարերով: 

Տես նաև Գրիգոր Զոհրապ Այինկա, Երվանդ Օտյան Ընկ. Բ. Փանջունի, և Ակսել Բակունց Մթնաձոր 

Գրիգոր Զոհրապ | Ճիտին պարտքը | համառոտ Գրիգոր Զոհրապ | Ճիտին պարտքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:00:00 Rating: 5
Технологии Blogger.