Գրիգոր Զոհրապ | Այինկա | համառոտ


Գործողության վայրը Յոքարն է՝ Մահալլեի մեջ՝ բլուրի վրա անառիկ և անձուկ փողոցներով շինված թաղը: Հակոբոս և Սահակ եղբայրների մեջ ավագը Հակոբոսն է: Նա այինկաճիներու մեծն է՝ սևաչվի, սևահեր: Շրջապատում բոլորը ճանաչում, սիրում և հարգում են նրան։ Նրա սուրը երբեք անտեղի չի շողացել։ Արդեն 10 տարուց ավել Հակոբոսը այինկաճիներու առաջնորդն ու ղեկավարն է. միշտ պատվով  առաջ է տանում իր գործը։ Երբեք չի կորցրել իրեն վստահված ապրանքը, երբեք չի փչացրել։ Նա տուն է գալիս այն ժամանակ և այնպիսի տեղերով, որ հարազատ եղբայրն անգամ չի կարող գլխի ընկնել։ Իսկ եղբայրը՝ Սահակը, «Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը՝ քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիճ մը»։ Եղբայրների սիրած աղջիկը՝ Պերճուհին, մի ժամանակ սիրել է կրտսեր եղբորը՝ Սահակին։ Բայց քանի որ Սահակը կտրվել է գյուղացիներից և ծառայության անցել ոստիկանությունում, Պերճուհին էլ կտրվել է նրանից: Դա է պահանջում պարտքը, քանի որ ինքն էլ այինկաճիի աղջիկ է։ Պերճուհին դառնում է Հակոբոսի՝ այինկաճիների խիզախ առաջնորդի նշանածը։
 Սակայն առաջին սերը չի մարել աղջկա սրտում: Ոչ միայն չի մարել, այլև նորովի է գրգռվում նախկին զգացմունքը, երբ հանդիպում է Սահակին: «Կեցան, չկրնալով համոզվիլ, որ հարկ էր իրար թողուլ. անցորդները պիտի գայթակղեին տեսնելով այս ժամուն այինկաճիին նշանածը սա քոլճիին քով. վախցան ու զատվեցան իրարմե»: Սահակի և Պերճուհու պատահական հանդիպումն և զրույցը տակնուվրա է անում երկուսի սրտերը։ Սահակը գիտի, որ Պերճուհին եղբոր նշանածն է:
 «Հիմա դեպի լեռը կերթար դեռ հմայված, կրելով հրապույրը իր առջի սիրած աղջկան, որ եղբորը նշանածը եղած էր. այս հինգ վայրկյանի խոսակցությունեն վերածարծված իր սերը կը զարհուրեցներ զինքը»:
Քայլում է Հակոբոսը, որպես առաջնորդ, քայլում քարավանի առաջից, լուսնի լույսի տակ և տագնապում այն մտքից, որ կարող է հանդիպել եղբորը, իր հարազատ և սիրելի եղբորը: Այդ միտքը լցնում է Հակոբոսի սիրտը, շնչահեղձ է անում նրան: Գուցե պետք է թողնել այս կյանքը, այս վտանգի արհեստը։ Սահակն իր հարազատ եղբայրն է, իր արյունակիցը:
 Մի՞թե Սահակը կարող է ապրել սիրած կնոջ, եղբոր նշանածի հետ միևնույն տանը։ Սիրո մեջ նա չի զգում խոսքերը, չի լսում իրեն ուղղված բառերը։ Հանդիպում են երկու եղբայրները իրար: Իրար են բախվում իրենց հետ ունենալով յուրայինների խմբերը՝ Հակոբոսը՝ իր այինկաճիներին, իսկ Սահակը՝ ոստիկաններին։ Կորցրած սերն այս անգամ պատճառ է դառնում նաև եղբոր վերջնական կորստյան։ Սահակը, որ գլխավորում է ոստիկաններին, սպանվում է Հակոբոսի գլխավորած այինկաճիների կողմից:
 Սահակի ընտանիքի թոշակը ստանում է Հակոբոսը, մայրը Սահակի մահվան վշտից մեռնում է, իսկ Պերճուհին էլ նշանը ետ է տալիս։ Նա միշտ սև շորերով է…

Գրիգոր Զոհրապ | Այինկա | համառոտ Գրիգոր  Զոհրապ | Այինկա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:05:00 Rating: 5
Технологии Blogger.