Բեովուլֆ | համառոտ



Հին գերմանական էպոսի մեծ մասշտաբի միակ նմուշն է անգլոսաքսոնական «Պոեմը Բեովուլֆի մասին»: Այս ստեղծագործության հիմքում հավանաբար ընկած են հին էպիկական երգերը: Համեմատաբար ամբողջական ձեռագիրը (շուրջ 3000 տող) թվագրվում է տասներորդ դարով: Պոեմը բաղկացած է երկու մասից, որոնք միմյանց հետ կապում է գլխավոր հերոսի՝ Բեովուլֆի անձը:
Ներածության փոխարեն պատմվում է դանիական թագավորների առասպելական նախնու՝ Սկիլդ Սկեֆինգի մասին, որը տակավին մանուկ մոտեցել է դանիական ափին մակույկով, որը լի էր գանձերով: Նա մեծանում է, դառնում է թագավոր և երկար ու երջանիկ կառավարում է երկիրը: Բարեհաջող է եղել նաև նրա հետնորդների կառավարումը: Սկիլդի ծոռը՝ Հրոթգար թագավորը, հաջող պատերազմներ է մղում և մեծ հարստություն կուտակում: Նա կառուցում է մեծ ու գեղեցիկ պալատ իր ջոկատի խնջույքների համար, որը կոչում է Հեորոտ, այսինքն՝ եղջերուի պալատ, քանի որ այն հավանաբար զարդարված էր եղջերուի եղջյուրներով: Սակայն ուրախությունն ու խրախճանքն այդ պալատում երկար չի տևում: Շուտով պալատում է սկսում ամեն գիշեր հայտնվել Գրենդելը՝ սոսկալի հրեշը, որն ապրում է հարևանությամբ գտնվող ծովափնյա ճահճում:
Նա տանում է իր հետ և խժռում է Հրոթգարի տասնյակ կտրիճ զինվորների: Ոչ ոք չի կարողանում հեռացնել այս աղետը: Պալատը դատարկվում է, խաղերը դադարում են, դանիացիներին համակում է մեծ վիշտ: Լսելով այդ մասին՝ շվեդական հողերը բնակեցնող ցեղերից մեկի՝ գաուտների թագավոր Հիգելակի ամենաքաջ դյուցազնը՝ Բեովուլֆը, գալիս է օգնելու դանիացիներին: Նրա հետ են տասնչորս լավագույն գաուտ զինվորները: Պալատում նրանց օթևանելու հենց առաջին գիշերը տեղի է ունենում սարսափելի կռիվը Բեովուլֆի և Գրենդելի միջև: Գրենդելը գալիս է Հեորոտ կեսգիշերին, պատռում է գաուտներից մեկի մարմինը և սկսում է խժռել այն ու ծծել արյունը: Երկրորդին խժռել չի կարողանում, քանզի նրան կանգնեցնում է Բեովուլֆի ձեռքը: Զուր է փորձում Գրենդելը փախչել: Նրա ջլերը կտրվում են, մաշկը պայթում է, ոսկորները կոտրվում են: Գրենդելի ձեռքը պոկվում-մնում է Բեովուլֆի ձեռքին: Մահացու վիրավոր հրեշը փախչում է իր ճահիճը մահանալու: Հաջորդ օրը Հրոթգարը մեծ ճաշկերույթ-խրախճանք է կազմակերպում և առատ ընծաներ է տալիս Բեովուլֆին:
Սակայն նույն գիշերը Գրենդելի վրեժը լուծելու է գալիս նրա մայրը: Սա հարձակվում է Հրոթգարի զինվորների վրա և շատերին կոտորում, քանի դեռ Բեովուլֆն ընկերների հետ քնած է հարևան սրահում:
Առավոտյան Բեովուլֆը մեկնում է գործելու հաջորդ սխրանքը: Նա իջնում է ահարկու անդունդը և այնտեղ սպանում է Գրենդելի մորը կախարդական թրով, որը կախ էր տված վհուկի ջրային ապարանքում: Բեովուլֆն այդ թրով կտրում է Գրենդելի գլուխը և ուզում է իր հետ տանել զենքը, սակայն թուրը հալչում է նրա ձեռքում ու անհետանում:
Հրոթգարը նոր խնջույք է կազմակերպում ու ավելի առատաձեռն նվերներ է տալիս Բեովուլֆին: Փառքով պսակված հերոսը վերադառնում է Հիգելակ թագավորի մոտ:
Պոեմի երկրորդ մասում Բեովուլֆն արդեն ծերունի է: Կռվում զոհված Հիգելակի և նրա որդու փոխարեն նա է նստած գահին և հիսուն ձմեռ բարեհաջող կառավարում է գաուտներին: Սակայն հայտնվում է հուր արտաշնչող սարսափելի վիշապը, և Բեովուլֆը որոշում է հաղթել նրան մենամարտում: Բեովուլֆին հաջողվում է խոցել վիշապին, բայց նա էլ մեռնում է թունավոր խայթոցներից: Մահից առաջ նա հրաժեշտ է տալիս իր զինվորներին և կարգադրություններ է անում իր թաղումների վերաբերյալ: Նրա մարմինը հանդիսավոր կիզում են խարույկի վրա, իսկ մոխրի վրա կառուցում են մեծ բլուր, որի շուրջ կանգնած տասներկու դյուցազներ երգում են զոհված քաջի փառքը:

Պոեմի առաջին մասի կենտրոնական դրվագը Բեովուլֆի պայքարն է Գրենդելի, իսկ հետո նրա մոր հետ, որը բազմաթիվ զուգորդություններ ունի իսլանդական սագաներում («Էդդա»), իսկ երկրորդ մասը, որտեղ նա կռվում է վիշապի հետ՝ գերմանական ասքերում («Նիբելունգների երգը»): Էական է, որ Բեովուլֆն անգլոսաքսոնական հերոս չէ: Մեզ հասած ձևով պոեմը վկայում է, որ անցել է մշակման ոչ մեկ փուլ: Պոեմի արդեն քրիստոնյա խմբագիրներից մեկը կոչում է Գրենդելին Կայենի սերունդ, ջրային հրեշներին՝ Դժոխքի վիժվածքներ և տարբեր առնչություններով հիշատակում է Աբելին, Նոյին և Մեծ ջրհեղեղը:     

Տես նաև Նիբելունգների երգըԱսք Իգորի գնդի մասին և Երգ իմ Սիդի մասին

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Բեովուլֆ | համառոտ Բեովուլֆ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.