Պերճ Պռոշյան | Հացի խնդիր | համառոտ



19-րդ դարի 40—50-ական թթ.: Սյուժեն սկսվում է յասավուլ Մարգարի մենախոսությամբ: Նա շտապում է Աշտարակ խափանելու Խեչանենց Խեչանի աղջկա՝ Հեղնարի և Սմբատի հարսանիքը: Սմբատը սիրում է Հերիքնազին, որը Խեչանի քրոջ աղջիկն է, իսկ Հեղնարը՝ Արշակ անունով մի ստահակի: Հարսանիքն իրոք խափանվում է: Գյուղական կոնֆլիկտի մի կողմում նահապետական մաքուր բարքերի կրողներն են՝ Խեչանանց Խեչանը, Հեղնարը, Սմբատը, Հերիքնազը, մյուս կողմում՝ Միկիտան Սաքոն, մովրովը, յասավուլները: Բախվում են հասարակության այս երկու հակոտնյա ուժերը, ամեն մեկն իր կացութաձևով ու բարոյական սկզբունքներով, գոյության իրավունքի իր փիլիսոփայությամբ։ Դրամի և շահի հոգեբանությունը անկասելի վարակի ուժ է ստացել, նահապետական գյուղն անդառնալիորեն քայքայվում է, ժողովրդի հոգեբանության ու բարոյական նկարագրի մեջ սողոսկում են մինչ այդ անհայտ գծեր, որոնք դրամական հարաբերություների ներթափանցման հետևանք են։ Միկիտան Սաքոն, որն իր բռի մեջ է պահում ողջ գավառը (նրա սկզբունքը հնչում է այսպես. «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս… հացի խնդիր ա»), որոշում է տիրանալ նաև Խեչանի հարստությանը՝ ամուսնանալով նրա աղջկա հետ։ Խափանում է երիտասարդների երջանկությունը, խարդավանքով բանտ նետում Խեչանին։ Երբ քամվում են զոհի վերջին հյութերը, հայտնվում է արդարադատ դատավորը և ազատում Խեչանին: Խեչանը դուրս է գալիս բանտից, բայց արդեն այն ժամանակ, երբ բարոյապես ու տնտեսապես սպառել  է իրեն, այլևս չունի ոչ իրական ուժ և ոչ էլ հավակնություն: Նա դուրս է եկել բանտից ոչ թե ապրելու ու ապրեցնելու համար իր հարազատներին, այլ՝ իր հայտնությամբ ավելի ընդգծելու երբեմնի շեն գերդաստանի կործանման ողբերգությունը: Երբեմնի հարուստ ու երջանիկ ընտանիքից մնում է միայն Հերիքնազը, որն ամուսնանալով Սմբատի հետ՝ ծխացնում է Խեչանանց Խեչանի ավերված օջախը։ Վերջին շնչում Հեղնարը օրհնում է Սմբատի և Հերիքնազի միությունը և ավանդում հոգին: Վշտից մահանում է նաև Խեչանի քույր Մարիամը, իսկ Խեչանին մի քանի օր հետո գտնում են շիրմի վրա անշնչացած: Արդարադատ դատավորի հայտնվելը դրական փոփոխություններ առաջ չի բերում։ Նրա հայտնությունը ոչ թե սոցիալական բարդ հարցեր լուծելու իդեալ է, այլ զուտ գեղարվեստական հնարք՝ վեպը հանգուցալուծելու համար։ Միկիտան Սաքոն, որը դառնում է կործանման ու ողբերգությունների խորհրդանիշ, առաջվա նման իր ձեռքում է պահում հասարակական կյանքում կատարվող բոլոր իրադարձությունների ղեկավարման թելերը։ Վերջին պահին խույս տալով արդարադատությունից, շարունակում է իր հանցավոր ուղին: Նրա մասին հայտնի է, որ հանգրվանում է Պարսկաստանում, հավատափոխ է լինում և դառնում է մոլլա: Յասավուլ Մարգարը հասնում է նրա ետևից՝ վրեժը առնելու, սակայն սրիկան, գրգռելով կրոնախև ամբոխին, քարկոծել է տալիս նրան: 

Տես նաև Ցեցեր և Կռվածաղիկ 

Պերճ Պռոշյան | Հացի խնդիր | համառոտ Պերճ Պռոշյան | Հացի խնդիր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 01, 2015 Rating: 5
Технологии Blogger.