Մուրացան | Առաքյալը | համառոտ



Պեդանտի անուն հանած Պետրոս Կամսարյանը, ի զարմանս բոլորի, ուսանողական հավաքույթում հայտարարում է, թե ավարտական քննություններից հետո մտադիր է հեռանալ գյուղ և նվիրվել լուսավորական գործունեությանը` հատկացնելով այդ նպատակին նաև հարուստ ծնողներից իրեն հասանելիք ժառանգությունը: Այն կարծիքին է, թե գյուղացու ծանր դրության պատճառը նրա տգիտությունն ու խավարամտությունն է: Գյուղացիները կարող են ազատվել կյանքի դառնություններից և հասնել երջանիկ դրության, եթե «խելոք գլուխները մտածեն նրանց մասին և կարող ձեռքերն աջակցեն նրանց աշխատության»: Ինքը ունի կարող ձեռքեր և խելոք գլուխ, ուրեմն պետք է գնա գյուղ գործելու:
Մոսկվայից հայրենիք վերադառնալու ճանապարհին Կամասարյանը կազմում է իր գործունեության ծրագիրը: Այն բաղկացած է հետևյալ կետերից. գյուղական հասարակության իրավունքների պաշտպանություն, լուսավորության գործի հիմնադրություն և գյուղացու տնտեսական դրության բարվոքում: Հերոսը այնքան է տարվում իր ծրագրով, որ իրեն համեմատում է առաքյալի հետ:
Ծնողներին զարմացնում է, որ իրենց Պետոն դատարաններում «ժամերով ճառեր ասելու» և դրա համար հազարներ ստանալու փոխարեն մտածում է «կոռների» ու նրանց հոտած գյուղերի մասին: Պետրոսի մայրը չի վարանում հիշեցնել որդուն գեղեցկուհի Ադելինայի և նրա 40.000 ռուբլի օժիտի մասին: Կամսարյանը հանում է իր նոթատետրը և իր կազմած ծրագիրը կրկնելուց հետո հաղթահարում է առաջին գայթակղությունը: Գյուղ մեկնելիս վերցնում է հրացան, հունգարական թամբ, հեռադիտակ, կողմնացույց, գյուղացիների համար որսի շների տեսակների և որսորդության ու գինեգործության մասին ռուսալեզու ձեռնարկներ:
Կամսարյանը կարդացել է «Վերք Հայաստանի» վեպը, սակայն դա քիչ էր գյուղի կենցաղը իր խորության մեջ պատկերացնելու համար: Տեսնելով «չխոսկան» կանանց՝ հերոսը նրանց համրի տեղ է դնում: Գյուղում գործել ուխտած այդ երիտասարդը չի կարող տանել իր հետ միասին կառքում նստած տիրացու Մոսի քրտինքի հոտը:
Մեծ դժվարությամբ հասնում է Չիբուխլու խուլ գյուղը: Իսկույն հոգում բույն է դնում կասկածի որդը: Մի՞թե հնարավոր է գործել գյուղ կոչված այդ «ավերանոցում»: Պայքարի մեջ են մտնում գաղափարական և անձնասիրական «ես»-երը: Հաղթում է երկրորդը: Ավելի մոտիկից գյուղական կյանքին ծանոթանալուց հետո, երբ նրա իրավաբան լինելուց չվախեցող լվերը ծծում են նրա արյունը, իսկ «անիծուկ կովը» բառաչով խանգարում է «աղի» երազը Բորժոմի և Ադելինայի մասին, Կամսարյանը փախչում է գյուղից, իսկ ծրագրերով լեցուն նոթատետրը հայտնվում է գետում:
Չիբուխլուում քնած ժամանակ Բորժոմ երազող Կամսարյանը վերջապես Բորժոմումն է և զարմանում է գյուղում գործելու իր «հիմար» ցանկության վրա: Նա փայլուն կավալեր է, պարերի աննման դիրիժոր:
«Իսկ ՉիբուխլունՍևանը… դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության…»:

Տես նաև Մուրացան Գևորգ Մարզպետունի, Նար-Դոս Պայքար և Նար-Դոս Մահը

Մուրացան | Առաքյալը | համառոտ Մուրացան | Առաքյալը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:20:00 Rating: 5
Технологии Blogger.